Վիքիպեդիա:Օրվա հոդված/Փետրվար 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Փետրվար ամսվա հոդվածները
Փետրվարի 1
Դիդիե Դեշամ
Դիդիե Դեշամ

Դիդիե Կլոդ Դեշամ (ֆր.՝ Didier Claude Deschamps, ֆրանսերեն արտասանություն [didje deˈʃɑ̃], հոկտեմբերի 15, 1968 , Բայոն, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, մարզիչ, ազգությամբ՝ բասկ: Լինելով Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը` հավաքականին հասցրել է հաղթանակի 1998 թվականի աշխարհի առաջնությունում և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում: 2012 թվականի հուլիսի 8-ից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն է:

Դիդիե Դեշամն իր ֆուտբոլային կարիերան սկսել է դեռևս դպրոցում սովորելու տարիներին: Նրա առաջին ակումբը «Բայոննա» սիրողական ակումբն էր: Նրա տաղանդն ըստ արժանվույն գնահատել են «Նանտ» ակումբի սկաուտները, որոնք 15 տարեկան պատանու հետ պայմանագիր են կնքել 1983 թվականի ապրիլին: Դեշամի նորամուտը առաջնությունում կայանում է 1985 թվականի սեպտեմբերի 27-ին:

Առաջին իսկական հաջողությունները ազգային հավաքականի ապագա առաջնորդի «դուռն են թակում» 1991-1994 թվականներին՝ երկրորդ մարսելական «կամպանիայի» ժամանակ: Ֆրանսիական Լիգայի չեմպիոնի երկու տիտղոսներից հետո (1991, 1992) Դեշամի ձեռքերում հայտնվեց շատերի համար դեռևս անհասանելի շատերի համար դեռևս անհասանելի Չեմպիոնների գավաթը: Այն, ինչ արեցին Օլիմպիկի ֆուտբոլիստները 1993 թվականին, անհավանական թվաց, քանի որ նրանցից առաջ ոչ մի ֆրանսիական ակումբի չէր հաջողվել նվաճել ակումբային եվրոպական ֆուտբոլի անգամ մեկ տիտղոս: Դիդիե Դեշամը դարձավ... Ավելին

Փետրվարի 2
Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս
Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս

Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս (գերմ.՝ Friedrich Carl Andreas, ապրիլի 14, 1846 - հոկտեմբերի 3, 1930 կամ հոկտեմբերի 4, 1930, Գյոթինգեն), արևելագետ, իրանագետ, բանասիրության և արևելյան լեզվագիտության հայազգի գիտնական, հին հայկական արքայական Բագրատունի տոհմի ներկայացուցիչ:

Նախքան Գյոթինգեն տեղափոխվելը նրա կենսագրությունը «բաղկացած է մի շարք դրվագներից» և ոչ բոլոր դեպքերում «հավաստի աղբյուրներից»:

Աղբյուրները միահամուռ են այն տեսակետում, որ Անդրեասը հայազգի էր. դա են պնդում ինչպես գերմանական հանրագիտական հրապարակումները, նրա երբեմնի ուսանողները, այնպես էլ կնոջ՝ ծագումով հրեա, գերմանացի գրող, հոգեվերլուծաբանական դպրոցի ներկայացուցիչ, գերմանացի փիլիսոփա Նիցշեի և ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի գործընկեր Լու Անդրեաս-Սալոմեի (1861–1937) կենսագիրները:

Անդրեասը, ի սկզբանե՝ Բագրատյան, ծնվել է 1846 թվականի ապրիլի 14-ին նիդեռլանդական Հնդկաստանում՝ Բաթավիայում (այժմ՝ Ինդոնեզիա, Ջակարտա)՝ ռազմական բժիշկ Բագրատյանի ընտանիքում: Մայրը՝ տիկին Վայցը, գերմանական և մալազիական ծագում ուներ:

Իր տիկնոջ՝ Սալոմեի կենսագիրները հաղորդում են նաև... Ավելին

Փետրվարի 3
Շաքարային դիաբետի նշան
Շաքարային դիաբետի նշան

1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամբ: Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա): Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը:

1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են: Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով: Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը:

Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում: Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ: Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ... Ավելին

Փետրվարի 4
ՀՀ կառավարության շենքի ժամացույցը
ՀՀ կառավարության շենքի ժամացույցը

Ժամացույց, սարք օրվա ընթացիկ ժամանակը որոշելու և մեկ օրվա ժամանակային ինտերվալներների տևողությունը միավորներով չափելու համար: Ժամացույց անվանումը առաջացել է կելտական clagan և clocca բառերից, որոնք նշանակում են զանգ:

Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են: Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերը օգտագործվել են հազարամյակներ շարունակ: Սովորաբար գործածվող ժամացույց բառը վերաբերում է ժամ ցույց տվող ցանկացած սարքին: Ձեռքի ժամացույցները հաճախ տարբերվում են սովորական ժամացույցներից:

Ժամացույցները դասակարգվում են... Ավելին

Փետրվարի 5
Վարդան Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյան

Աւարայրի ճակատամարտ, Աւարայր գիւղի մօտ, 26 Մայիս 451 թուականին, ապստամբ հայկական ուժերու եւ պարսկական բանակի միջեւ տեղի ունեցած ճակատամարտ: Աւարայրի ճակատամարտը Սասանեան Պարսկաստանի դէմ հայ ժողովուրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակէտն էր:

Վարդան Մամիկոնեանի հրամանով, հայոց զօրքը հաւաքուեցաւ Այրարատի մէջ եւ անմիջապէս յարձակողականի դիմեց: Սպարապետը մտադրած էր ճակատամարտիլ հայ-պարսկական սահմանին վրայ եւ կանխել երկրի աւերումը: Սակայն Մուշկան Նիւսալաւուրտի հրամանատարութեամբ, պարսկական զօրքը արդէն անցած էր Հեր ու Զարեւանդ գաւառները եւ կը շարժէր դէպի երկրի խորքը: Պարսիկներու հսկայական բանակը զինուած էր ընտիր հեծելազօրքով՝ «Մատեան գունդով» ու մարտական փիղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գաւառ եւ բանակեցան Տղմուտ գետի աջ ափին՝ Աւարայրի դաշտին մէջ: 451 թուականի գարնան, պարսկական բանակը Փայտակարանէն շարժելով, սահմանամերձ Հեր եւ Զարեւանդ գաւառներէն կը մտնէ Մարզպանական Հայաստան: Պարսկական զօրքերու նպատակն էր՝ ճնշել հայերու ապստամբութիւնը, գրաւել անոնց ռազմաքաղաքական կեդրոն... Ավելին

Փետրվարի 6
Ճիչ ֆիլմի լոգոն
Ճիչ ֆիլմի լոգոն

«Ճիչ» (անգլ.՝ Scream), ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվենի հայտնի սլեշեր ֆիլմը, որը սկիզբ դրեց համանուն ֆիլմերի շարքին: Այն կենտրոնացած է Սիդնի Փրեսքոթի (Նիվ Քեմփբել) կերպարի վրա, ում բոլոր ֆիլմերի ընթացքում հետապնդում են դիմակով տարբեր մարդասպաններ: Կինոնկարում պարզ ներկայացվում են բռնություններ, որի պատճառով այն մեծ աղմուկ հանեց մի քանի երկրներում: Միացյալ Նահանգներում ֆիլմը հավաքեց 103 046 663 դոլար, իսկ մյուս երկրներն իրար հետ միասին՝ 70 միլիոն դոլար: Լոս Անջելեսյան շնորհանդեսը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ նույն ամսվա 20-ից սկսեցին լայնամասշտաբ ցուցադրություններն ԱՄՆ-ի մյուս քաղաքներում:

Վուդսբորոյի ավագ դպրոցի աշակերտուհի Քեյսի Բեյքերն (Դրյու Բերիմոր) ուշ երեկոյան, տանը միայնակ սպասում է իր ընկեր Սթիվ Օրֆին (Քեվին Պատրիկ Ուոլս): Նա մի տարօրինակ զանգ է ստանում անծանոթից, ով նրան հարցնում է, թե «Ո՞րն է իր ամենասիրելի սարսափ ֆիլմը»: Իրադրությունը միանգամից դուրս է գալիս հսկողությունից, քանի որ անծանոթն իր զրույցի մեջ Քեյսիի հանդեպ մտցնում է անառողջ սադիզմ և սպառնում նրան: Այնուհետև Քեյսին բացահայտում է, որ Սթիվը գերի է ընկել անծանոթի մոտ, ով սպառնում է սպանել նրան, եթե Քեյսին ճիշտ չպատասխանի սարսափ ֆիլմերին վերաբերող բոլոր հարցերին: «Ուրբաթ 13» ֆիլմի մարդասպաններից նա նշում է միայն Ջեյսոն Վուրհիզի անունը, սակայն չի նշում նրա մորը՝ Պամելա Վուրհիզին: Դրանից հետո սպանվում է Սթիվը, ինչից հետո դիմակով մարդասպանը հարձակվում է Քեյսիի վրա և դանակով սպանում նրան: Քեյսիի ծնողները, վերադառնալով տուն, իրենց աղջկա դին գտնում են կտրատված և ծառից կախված:

Սկսվում է հետաքննություն, ինչի արդյունքում... Ավելին

Փետրվարի 7
Պաոլո Դիբալա
Պաոլո Դիբալա

Պաուլո Բրունո Դիբալա (իսպ.՝ Paulo Bruno Dybala, նոյեմբերի 15, 1993, Լագունա-Լարգա, Կորդովա), լեհական ծագմամբ արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող:

Անվանվելով որպես «զարդ» (իսպ.՝ La Joya)` շնորհիվ խաղում դրսևորած իր կրեատիվության, տեխնիկայի ու հստակության` նա համեմատվել է մի շարք ֆուտբոլիստների, մասնավորապես` Սերխիո Ագուերոյի, Խավիեր Պաստորեի, Կառլոս Տևեսի և Լիոնել Մեսսիի, ինչպես նաև նախկին իտալացի մարզիկների` Վինչենցո Մոնտելլայի հետ:

Պաուլո Դիբալան ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 15-ին Արգենտինայում՝ Կորդովայի մարզի Լագունա Լարգա քաղաքում՝ Լեհաստանից ու Իտալիայից ներգաղթածների ընտանիքում:

Մարզիկի պապը՝ Բոլեսլավ Դիբալան, ազգությամբ լեհ էր՝ Լեհաստանի Կրաշնիով քաղաքից, իսկ արյունակից բարեկամներից ոմանք... Ավելին

Փետրվարի 8
Պրիանկա Չոպրա
Պրիանկա Չոպրա

Պրիանկա Չոպրան ծնվել է 1982 թվականի հուլիսի 18-ին Ջամշեդպուր, Բիհար (այժմ Ջարհանդ), Աշոկ և Մադհու Չոպրաների ընտանիքում, ովքեր բժիշկներ էին հնդկական բանակում: Նրա հայրը Փենջաբից էր, իսկ մայրը՝ Ջարհանդից: Նա ունի եղբայր՝ Սիդհարտ, ով փոքր է նրանից յոթ տարով: Դերասանուհիներ Պարինիտի Չոպրան, Միրա Չոպրան և Մանարա Չոպրան նրա ազգականուհիներն են: Կապված ծնողների աշխատանքի հետ՝ ընտանիքը տեղափոխվում էր Հնդկաստանի մի քաղաքից մյուսը, այդ թվում՝ Դելի, Չանդիգարխ, Ամբալա, Լադակհ, Լակհնաու, Բարեյլ և Պունա: Նա կրթություն ստացել է Լակհնաուի Լ. Մարտինիերի աղջիկների դպրոցում: «Daily News and Analysis» օրաթերթում հրապարակված հարցազրույցում Չոպրան ասել է, որ ինքը դեմ չէ կանոնավոր ճանապարհորդություններին և դպրոցները փոխելուն, նա դա ընդունում է որպես նոր փորձի ձեռքբերման և Հնդկաստանի բազմամշակույթ հասարակության բացահայտման ուղի: Իր ապրած շատ վայրերից Չոպրան պահպանում է ջերմ հիշողություններ փոքրիկ երեխայի մասին, ով խաղում է Լեխի հովիտներում, հյուսիսարևմտյան Հնդկաստանի Ջամմու և Քաշմիրի... Ավելին

Փետրվարի 9
Ֆրենկ Լեմպարդ
Ֆրենկ Լեմպարդ

Ֆրենկ Լեմպարդ (անգլ.՝ Frank James Lampard, Jr.; հունիսի 20, 1978 , Ռոմֆորդ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Մանչեսթեր Սիթիի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան:

Լեմպարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Նա (ինչպես իր հայրը) իր կարիերան սկսել է Վեսթ Հեմ Յունայթեդում: 2001 թվականին 11 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է Չելսի: Չելսիի պատմության լավագույն ռմբարկուն է 208 խփած գնդակով:

Ֆրենկը ծնվել է ֆուտբոլային ընտանիքում: Նրա հայրը` Ֆրենկ Լեմպարդ ավագը, եղել է անգլիացի պաշտպան և Վեսթ Հեմ Յունայթեդի կազմում 2 անգամ կազմում հաղթել է Անգլիայի գավաթը, իսկ մայրը` Պետը, մահացել է 2008 թվականի ապրիլի 24-ին թոքերի բորբոքումից: Ֆրենկի հորեղբայրը` Գարրի Ռեդնապը, Կուինզ Պարկ Ռեյնջերսի գլխավոր մարզիչն է, իսկ նրա ազգական Ջեյմի Ռեդնապը հայտնի է Լիվերպուլում իր ելույթներով: Լեմպարդը կրթություն է ստացել Բրենտվուդի դպրոցում, որը գտնվում է Էսսեկսեում:

1994 թվականին Լեմպարդը միանում է Վեսթ Հեմ Յունայթեդին, որտեղ իր հայրը մարզչի օգնականն էր: Մեկ տարի անց կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվում է Սուոնսի Սիթի, որտեղ անցկացնում է 9 հանդիպում: Հաջորդ տարի... Ավելին

Փետրվարի 10
Լանիստերների զինանշանը
Լանիստերների զինանշանը

Արքաների պատերազմը (անգլ.՝ A Clash of Kings), Ջորջ Մարտինի գրած էպիկական ֆանտազիայի ժանրի վեպ, «Սառույցի և կրակի երգ» զրուցավեպի 2-րդ մասը: Առաջին անգամ վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում 1998 թվականի նոյեմբերի 16-ին:

Երկրորդ հատորում ցուցադրված են Վեստերոսի քաղաքացիական պատերազմից հատվածներ՝ Գրեյջոների ներխուժումը, Արևմտյան հողերում տեղակայված կազմակերպությունը և Հարավային պատերազմը: Ավարտվում է Չերնովոդնայա գետի մոտ տեղի ունեցող պատերազմը: Պատերազմական այդ իրավիճակում անխուսափելի էր Լաննիստերների տան ձախողումը, ովքեր իշխանություն էին ունեցել «Թագավորական Ծովածոցում» և շրջապատվել թշնամիներով: Սակայն վերջնական պատերազմը փոփոխեց մայրցամաքում ուժերի դասավորվածությունը: Գրքում ներկայացված են նաև Հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները, որ գիշերային պահակախումբը ուղարկվել էր կախարդված անտառ, որպեսզի իմանար, թե ինչու վայրենացածները սկսեցին հավաքվել ցրտի ժանիքներում: Բացի դրանից շարունակվում է Էսսոսում Դեյեներիս Տարգարիենի արկածների նկարագրությունը:

«Արքաների պատերազմը», ինչպես նրան նախորդող «Գահերի խաղը», ստացել է «Լոկուս» մրցանակ և առաջադրվել է «Նեբյուլա» մրցանակի... Ավելին

Փետրվարի 11
Բնության գեղեցկություններից
Բնության գեղեցկություններից

Գեղեցկություն, գեղագիտական կատեգորիա, որ նշանակում է օբյեկտի տարբեր ասպեկտների ներդաշնակ համադրություն ու կատարելություն, ինչը դիտողին գեղագիտական հաճույք է պատճառում: Գեղեցկությունը մշակույթի կարևոր կատեգորիաներից մեկն է: Գեղեցկության հականիշը տգեղությունն է: Գեղեցկությունը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը:

Անտիկ ժամանակաշրջանից ի վեր գեղեցկությունը կարևորագույն հասկացություններից մեկն է կեցության ընկալման փիլիսոփայության մեջ: Գեղեցկությունը հնագույն հունական փիլիսոփաների մոտ ըստ իր բնույթի ընկալվում է որպես օբյեկտիվ և գոյաբանական: Գեղեցկության խնդրի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարափիլիսոփայության և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա:

Փետրվարի 12
Ուրարտուի գերագոյն եւ ռազմի աստուածը Խալդի կենաց ծառին մօտ
Ուրարտուի գերագոյն եւ ռազմի աստուածը Խալդի կենաց ծառին մօտ

Կենաց Ծառ, հայ կեանքի մէջ բնութեան պաշտամունքը, բարօրութիւնը եւ առատութիւնը կը խորհրդանշէ: Առասպելական բոյս՝ դրախտին մէջ (երկինքի) աստուածներուն ու արդարներուն անմահութիւն պարգեւելու համար:

Այս պատկերացման արմատները թաղուած են հին ժամանակներու խորքերը, անոնց դասական մշակումը, սակայն, ունեցած է նստակեցութեան, անասնապահութեան եւ մասնաւորապէս ոռոգուող երկրագործութեան շնորհիւ: Կենաց ծառի գաղափարին մէջ ընդգրկուած են մարդոց կենսափորձի իմաստութիւնները եւ հին պատկերացումները՝ բնութեան օրինաչափութիւններու նկատմամբ:

Կենաց ծառը կը համարուի հնագոյն մարդու կրօնա-ծիսական պատկերացումներու առանցքային բաղադրիչներէն մէկը:Կենաց ծառի պաշտամունքը տարածուած է ամբողջ աշխարհի մէջ եւ իւրաքանչիւրը կը կրէ իր միջավայրին տեղական առանձնայատկութիւնները:  Առանձին վայրերու մէջ սրբացուած են նաեւ ծառերու տարբեր տեսակներ:

Անհրաժեշտ է կատարելապէս ուսումնասիրել այն հասկացութիւնները, որոնք... Ավելին

Փետրվարի 13
Էստրադիոլ
Էստրադիոլ

Էստրոգեններ, իգական սեռական հորմոններ, պատասխանատու են իգական սեռական համակարգի, երկրորդային սեռական հատկանիշների զարգացման, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիաների իրագործման համար: Էստրոգեններին կարող են պատկանել նաև բնական կամ սինթետիկ այն նյութերը, որոնք նմանակում են բնական իգական սեռական հորմոնների ազդեցությունները: 17β-էստրադիոլը ամենաուժեղ և ամենատարածված ներսածին էստրոգենն է, որի նյութափախանակության որոշ արդյունքներ նույնպես օժտված են էստրոգենային ակտիվությամբ: Որոշ սինթետիկ էստրոգեններ բերանային եղանակով օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչներ, հետդաշտանադադարի շրջանում էստրոգենային փոխարինման թերապիայի, տրանսսեքսուալ կանանց հորմոնային փոխարինման թերապիայի ժամանակ:

Էստրոգեն անվանումը ծագել է հունական οἶστρος (oistros բառից) որը բառացի նշանակում է «ներշնչանք», սակայն փոխաբերական իմաստով նշանակում է սեքսուալ կիրք կամ ցանկություն և -gen վերջածանցից, որը նշանակում է «արտադրող»:

Էստրոգենները սինթեզվում են բոլոր ողնաշարավորների, ինչպես նաև որոշ միջատների մոտ: Սա փաստում է, որ էստրոգեններն էվոլյուցիոն առումով... Ավելին

Փետրվարի 14
Girls’ Generation
Girls’ Generation

Girls’ Generation (կորեերեն՝ 소녀시대, ռոմանականացված` So Nyeo Shi Dae, հայերեն` Սո Նյո Շի Դե), հարավկորեական խումբ, որը կազմված է 8 անդամներից ու կազմավորվել է SM Entertainment-ի կողմից 2007 թվականին:

Միջազգային անվանումը` Girls' Generation, երկրպագուներն օգտագործում են նաև SNSD / SoSh, ինչպես նաև կորեական So Nyeo Shi Dae տարբերակները: Մինչ առաջնաելույթը, մասնակիցներն արդեն հայտնի էին շոու-բիզնեսում որպես մոդելներ, դերասաններ կամ դիջեյներ:

Super Junior բոյ-բենդի հաջողությունից հետո S.M. Entertainment-ը որոշել է կազմավորել աղջիկների նոր խումբ: Ամենասկզբից խումբը կազմված էր 11 մասնակիցներից: Շուրջ երկու տարի վեբ-ցանցերում քննարկումներ էին ընթանում, թե S.M. Entertainment-ի որ փորձաշրջան անցնողներից պետք է կազմավորվի խումբը: S.M.-ի բոլոր փորձաշրջան անցնողներն էլ մասնագիտացված ձևով փորձում էին պարերն ու երգերը, իսկ նրանց մի մասն էլ սովորում էր դերասանական արվեստ ու մոդելային բիզնես: Նրանցից շատերն արդեն հայտնի էին դարձել գովազդներում, հեռուստաշոուներում ու ամսագրերում նկարահանվելու շնորհիվ: Որոշ վերանայումներից հետո որոշվեց խումբը ձևավորել 12 մասնակիցներով, միայն թե 2006 թվականի կեսերից՝ այն բանից հետո, երբ մի քանիսին հեռացրեցին, իսկ մի քանիսն էլ իրենց ցանկությամբ գնացին, մասնակիցների թիվը... Ավելին

Փետրվարի 15
Մատանին
Մատանին

«Մատանիների տիրակալը» ֆիլմաշար (անգլ.՝ The Lord of the Rings, 2001-2003) ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի եռագրությունը, որն ունի մեկ ընդհանուր սյուժե և ստեղծված է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա:

Եռագրության ֆիլմերն են.

«Մատանիների տիրակալը» հանդիսանում է համաշխարհային կինոյի ամենամեծ նախագծերից մեկը: Նրա իրականացումը տևել է 8 տարի, բոլոր երեք ֆիլմերը միաժամանակ նկարահանվել են Նոր Զելանդիայում` Ջեքսոնի հայրենիքում: Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ընդլայնված տարբերակը, որը դուրս է եկել DVD տարբերակով՝ օրիգինալ ֆիլմից մեկ տարի հետո: Ֆիլմերը հետևում են գրքի սյուժեին, բայց... Ավելին

Փետրվարի 16
Սիբիլ Անժուրացի
Սիբիլ Անժուրացի

Սիբիլ Անժուացի (Սիբիլ Երուսաղեմցի, (անգլ.՝ Sibylle de Jérusalem), մոտ 1160-1190), Երուսաղեմի թագուհի 1186 թվականից: Ամորի I-ի դուստրը Ագնես դը Կուրտենեի հետ առաջին ամուսնությունից, Բալդուին IV-ի և Իզաբել Անժուացու ավագ քույրը: Ամուսնացած է եղել Գիլյոմ դը Մոնֆերացի Երկարաթուրի հետ, որից ունեցել է որդի, ապագա արքա Բալդուին V-ին: Գիլյոմի մահից հետո երկրորդ անգամ են ամուսնացրել՝ Գի դը Լուզինյանի հետ, քանի որ նա գահի ժառանգ էր և իր դիրքն անհրաժեշտ էր ամրապնդել ամուսնությամբ:

Սիբիլը Ամորի դուստրն էր, ով Ֆուլկի և Ագնես դը Կուրտենեի որդին էր: Երբ Ամորին բարձրանում է Երուսաղեմի գահին, Ագնեսայի հետ նրա ամուսնությունը անօրինական է համարվում՝ արյունակցական կապի պատճառով, սակայն այդ ամուսնությունից ծնված երկու երեխաներն էլ՝ Սիբիլը և նրա կրտսեր եղբայր Բալդուինը, համարվում են օրինական զավակներ:

Սիբիլը մեծանում է Բեթղեհեմի մենաստանում, Յովետա տատի՝ թագուհի Մելիսենդաի կրտսեր քրոջ, հսկողության տակ: 1169 թվականին Ամորի I-ը... Ավելին

Փետրվարի 17
Տալկովին նվիրված նամականիշը
Տալկովին նվիրված նամականիշը

Իգոր Վլադիմիրովիչ Տալկով (ռուս.՝ И́горь Влади́мирович Талько́в, նոյեմբերի 4, 1956 - հոկտեմբերի 6, 1991, Սանկտ Պետերբուրգ), խորհրդային ռոք-երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, բանաստեղծ, կինոդերասան:

Ստեղծագործական ճանապարհի սկզբում համագործակցել է «Ապրիլ», «Կալեյդոսկոպ» և «Էլեկտրոկլուբ» խմբերի հետ: Այդ ժամանակ Իգորի կողմից գրվել էին բազմաթիվ երգեր, սակայն նա հնարավորություն չուներ կատարելու նրանք:

Առաջին անգամ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1987 թվականի «Տարվա երգ» փառատոնում «Մաքուր լճակներ» («Чистые пруды») ստեղծագործության կատարումից հետո: Դրանից հետո, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվի սեփական երգերով, որոնցից շատերը երաժշտական ոճով և տեքստով տարբերվում էին այն ստեղծագործություններից, որոնք կատարում էր նախկինում, Տալկովը ստեղծում է «Փրկարար օղակ» («Спасательный круг») խումբը և շուտով նրա հետ մեկնում է հյուրախաղերի ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմաներով և լիրիկա: 1989 թվականին մոտ Տալկովի կողմից գրվել էին ավելի քան երկու հարյուր երգեր: Տալկովի ստեղծագործությունները դժվար է վերագրել որևէ որոշակի ոճի, այն գտնվում է մոտավորապես փոփ-երաժշտության, ռոքի և... Ավելին

Փետրվարի 18
Զիմբարդոն Վարշավայում
Զիմբարդոն Վարշավայում

Սթենֆորդի բանտային գիտափորձ (անգլ.՝ Stanford prison experiment (SPE), 1971 թվականի օգոստոսի 14–20), հոգեբանական գիտափորձ, սահմանափակ ազատությունների, բանտային պայմանների և պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեբանական, հոգեվերլուծական ուսումնասիրություն. իրականացվել է ամերիկյան հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի կողմից: Այս գիտափորձը սովորական մարդկանց վրա իրավիճակային «դերակատարման» ազդեցության ուժգնությունը ցուցադրող դասական օրինակ է, «չարության առաջացման» դասական օրինակ, որը ներառված է սոցիալական հոգեբանության գրեթե բոլոր դասագրքերում և որը Ֆիլիպ Զիմբարդոյին համաշխարհային ճանաչում է բերել: Այս գիտափորձը ընդհատվեց, քանի որ չափազանց արագ զարգացում ունեցավ՝ «գերազանցելով բոլոր սպասելիքները»:

Կամավորության սկզբունքով ընտրված, վիճակահանությամբ «բանտարկյալի» և «բանտապանի» դերեր ստանձնած ուսանողները երկու շաբաթ պետք է մնային քոլեջի հոգեբանության ֆակուլտետի նկուղում նախատեսված պայմանական «բանտում»: Ուսանողներն արագ յուրացրեցին իրենց դերերը և անսպասելիորեն... Ավելին

Փետրվարի 19
Անահիտ աստվածուհին
Անահիտ աստվածուհին

Հայկական Դիցաբանութիւն, հին հայերու հեթանոսական կրօն, որ պաշտօնական կը համարուէր Հայաստանի մէջ, մինչեւ Քրիստոնէութեան ընդունման թուականը՝ 301:

Հայոց հեթանոս աստուածներու առաջին դիցարանը ձեւաւորուած է հայ ժողովուրդի կազմաւորման զուգընթաց՝ կրօնապաշտամունքային հաւատալիքներու (թոթեմականութիւն, ոգեպաշտութիւն, բնապաշտութիւն, հմայական մոգութիւն) ազդեցութեամբ:

Հնագոյն գրաւոր աղբիւրներուն մէջ պահպանուած են տեղեկութիւններ՝ հայոց առաջին պետական կազմաւորումներու մէջ, գոյութիւն ունեցած պաշտամունքային երեւոյթներու մասին: Հայկական լեռնաշխարհին մէջ վկայուած առաջին պետական կազմաւորման` Արատտայի (Ք.Ա. 28–27 -րդ դարեր) հովանաւորը արարչագործ Հայա աստուծոյ որդի՝ Տումուզին էր (շումերերէն է. կը նշանակէ՝ հարազատ որդի), որու անունը Աստուածաշունչի թարգմանութիւններու մէջ փոխարինուած է Օրիոն-Հայկով:

Հայասա երկրի (Ք.Ա. 15–13-րդ դարեր) աստուածները յիշատակուած են... Ավելին

Փետրվարի 20
Հատեմ Բեն Արֆա
Հատեմ Բեն Արֆա

Հատեմ Բեն Արֆա (ֆր.՝ Hatem Ben Arfa, մարտի 7, 1987, Կլամար, Օ-դը-Սեն), թունիսյան ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Նիցցա» ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան և հարձակվող: 2008 թվականին ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

Ֆրանսիայի հնգակի չեմպիոն է, եռակի սուպերգավաթակիր: Մեկական անգամ նվաճել է ֆուտբոլի և լիգայի գավաթները:

Բեն Արֆան ծնվել է Կլամարում, Փարիզի հարավարևմտյան արվարձանում: Հայրը՝ Կամել Բեն Արֆան, Թունիսի քաղաքացի է և Թունիսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ մայրը ֆրանսուհի է: Երբ Հատեմը հինգ տարեկան էր, հայրը նկատեց, որ նա ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում: Սպորտային լրագրող և գործակալ Մայքլ Օզինի ղեկավարությամբ Բեն Արֆան սկսեց ֆուտբոլային կարիերան:

Բեն Արֆան կարիերան սկսել է Իլ դը Ֆրանսի տարբեր ակումբներում, մարզվել է նաև «Բուլոն Բիյանկուր» ակումբում: 1999 թվականին ընդուվել է «Կլերֆոնտենի» ակադեմիա: Գտնվելով այնտեղ, Բեն Արֆան նկարահանվեց... Ավելին

Փետրվարի 21
Հասան-Ջալալյանների զինանշանը
Հասան-Ջալալյանների զինանշանը

Հասան-Ջալալյաններ, հայկական իշխանական տոհմ պատմական Հայաստանի Արցախ նահանգում: Տոհմի գլխավոր կալվածքը եղել է Խաչեն գավառը, որի անունով էլ կոչվել է իշխանությունը:

Զարգացած միջնադարում՝ 10-14-րդ դարերում, Խաչենի իշխանությունն ընդգրկում էր ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ), մասամբ նաև՝ Սյունիքի մարզը: 13-րդ դարի հայ ավատական իշխան Հասան-Ջալալի տիրապետությունից հետո Խաչենի իշխանական տան ներկայացուցիչերը սկսել են կրել «Հասան-Ջալալյան» ազգանունը:

Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև Գանձասարի կաթողիկոսությանը:

Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում: 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է Գյուլիստանում և Ջրաբերդում: Սրանք, Խաչենի, Վարանդայի և Դիզակի հետ ճանաչվել են իբրև Խամսայի իշխանություն:

Հասան-Ջալալյանների տոհմը ծագում է հին հայկական ազնվական Առանշահիկ (կամ Եռանշահիկ տոհմից), ովքեր իշխում էին «Հայոց արևելից կողմանց»՝ Կուր գետից արևելք ընկած տարածքներում (Արցախ և Ուտիք): Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունների համաձայն... Ավելին

Փետրվարի 22
Միհրան Մեսրոպյան
Միհրան Մեսրոպյան

Միհրան Մեսրոպյան (անգլ.՝ Mihran Mesrobian, մայիսի 10, 1889, Թուրքիա - սեպտեմբերի 21, 1975, Չևի Չեյզ, ԱՄՆ), ամերիկահայ ճարտարապետ, Հենրի Ուարդմանի` 1920-ականներին Վաշինգտոնի հայտնի կառուցապատողի, առաջատար ճարտարապետներից:

Սովորել է Կոստանդնուպոլսի Գեղարվեստի ակադեմիայում: Որպես ճարտարապետ աշխատել է Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում: Կոստանդնուպոլսում բնակվելու տարիներին եղել է սուլթան Մեհմեդ V-ի պալատական ճարտարապետը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ, մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին, Արևելյան ճակատում Կովկասյան արշավանքների ժամանակ հանդես է եկել ռուսների դեմ, Արաբական ապստամբության ժամանակ՝ արաբների դեմ: Հայոց ցեղասպանության տարիներին Մեսրոպյանի ընտանիքը տեղահանվել է Աֆիոն-Կարահիսարից, Մեսրոպյանը կորցրել է ընտանիքի 15 անդամներին և գերեվարվել է արաբների կողմից, ազատ է արձակվել Թոմաս Էդվարդ Լոուրենսի օգնությամբ:

1921 թվականին Մեսրոպյանը գաղթել է Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնում դարձել է հայտնի ճարտարապետ, ում ստեղծագործություններում... Ավելին

Փետրվարի 23
Շաքարային դիաբետի խորհրդանշան
Շաքարային դիաբետի խորհրդանշան

2-րդ տիպի շաքարային դիաբետ, (նախկինում՝ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, մեծահասակների շաքարախտ), նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդություն, որը բնութագրվում է գերշաքարարյունությամբ, ինսուլինի նկատմամբ զգայնության թուլացմամբ: Այս հիվանդության և 1-ին տիպի շաքարային դիաբետի միջև եղած ամենահիմնական տարբերությունն այն է, որ վերջինի դեպքում գերշաքարարյունությունն առաջանում է ինսուլինի բացարձակ քանակի նվազման հետաևանքով:

Հիվանդության հիմնական ախտանշաններն են` անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա): 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի ընդհանուր դեպքերի շուրջ 90%-ը: Մարմնի ավելորդ քաշը (գիրություն) 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառն է այն մարդկանց մոտ (բացառությամբ` արևելյան ասիացիների), որոնք գենետիկորեն հակում ունեն այս հիվանդության առաջացման նկատմամբ:

2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը հիմնականում ներառում է ֆիզիկական վարժություններ և... Ավելին

Փետրվարի 24
Զլատան Իբրահիմովիչ
Զլատան Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչ (բոս․՝ Zlatan Ibrahimović, հոկտեմբերի 3, 1981, Մալմյո, Շվեդիա), բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի և Շվեդիայի հավաքականի հարձակվող, որտեղ հանդիսանում է թիմի ավագ: Համարվում է իր սերնդի ամենաանկանխատեսելի և արհեստավարժ հարձակվողներից մեկը: The Guardian թերթի վարկածով՝ Զլատանը 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Շվեդական Dagens Nyheter ամսագրի վարկածով՝ Իբրահիմովիչը պետության բոլոր ժամանակների լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում: Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո 2001 թվականի ամռանը 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց հոլանդական «Այաքս»: Ամստերդամում անցկացրած 3 տարվա ընթացքում Զլատանը նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս և մեկ երկրի գավաթ: 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»: Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի չեմպիոն: 2005-06 մրցաշրջանում պաշտպանեց տիտղոսը, սակայն... Ավելին

Փետրվարի 25
Mafia II լոգոտիպ
Mafia II լոգոտիպ

Mafia II (կամ Mafia 2), բաց խաղային աշխարհով արկածային մարտախաղ ժանրի համակարգչային խաղ, որն իր մեջ համախմբում է նաև ավտոմոբիլային սիմուլյատոր և կրակոց երրորդ դեմքի «աչքերով» ժանրերը: Մշակված է «2K Czech» ընկերության կողմից (նախկինում՝ «Illusion Softworks»): Համարվում է Mafia: The City of Lost Heaven համակարգչային խաղի շարունակությունը: Խաղը թողարկվել է 2010 թվականի օգոստոսի 24-ին անհատական համակարգչի (Windows) և Xbox 360 ու PlayStation 3 խաղային բարձակների համար: 2011 թվականին խաղը թողարկվել է Mac համակարգիչների համար: Խաղի արտասահմանյան համակարգողը «2K Games» ընկերությունն է:

Խաղի մշակմամբ զբաղվել է «2K Czech» ընկերությունը, որը նախկինում հայտնի էր «Illusion Softworks» անունով: Խաղի նախորդ մասը Mafia: The City of Lost Heaven համակարգչային խաղն է, որն ստեղծված է հենց նույն ընկերության կողմից և հայտնվել է վաճառասեղաններին 2002 թվականին (նկատելի է, որ այս խաղերում նկարագրվում են տարբեր պատմություններ, սակայն կան սյուժետային մի քանի նմանություններ):

Առաջին լուրերն այն մասին, որ մշակվում է Mafia 2 համակարգչային խաղը, տարածվել են 2003 թվականին: Այդ մասին հայտարարել է «Illusion Softworks» ընկերությունը (այսինքն՝ խաղը մշակման է ենթարկվել շուրջ 7 տարի, քանի որ այն թողարկվել է 2010 թվականին):

Խաղի պրոդյուսերի՝ Լուկաս Կյուրեի (չեխ.՝ Lukas Kure) հետ հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ սկզբում... Ավելին

Փետրվարի 26
Նաւասարդ, Հայկական տոմարի առաջին ամիսը: Կազմուած է «նաւ» (նոր) եւ «սարդ» (տարի) բառերէն եւ կը նշանակէ «Նոր Տարի»: Նաւասարդ ամիսը ունեցած է 30 օր, սկսած է 11 Օգոստոսին եւ վերջացած՝ 9 Սեպտեմբերին: Հին հայերուն համար 1 Նաւասարդը (11 Օգոստոսը) եղած է ժողովրդական խրախճանքներու տօն:

Տարին ժամանակի սահմանն է, զոր առած է բնութենէն: Ատիկա այն ժամանակաշրջանն է, որու ընթացքին Երկիր մոլորակը կը կատարէ ամբողջական պտոյտ մը Արեւուն շուրջ: Երկրին կատարած շրջապտոյտը հաւասար է 934 միլիոն քմ.-ի, որ կ'անցնի մեծ արագութեամբ, եթէ յիշենք, որ մէկ երկվայրկեանի ընթացքին կ'անցնի 30 քմ:

Տարուան գաղափարը առաջին անգամ ծագած է Հին Արեւելքի մշակութային կենդրոններէն մէկուն` Եգիպտոսի մէջ: Անիկա կապուած է Նեղոս գետի վարարման հետ: Անով պայմանաւորուած էր եգիպտացիներու կեանքը, երկրագործական աշխատանքները: Նեղոսի վարարման սկիզբը կը համընկնէր Սիրիուս աստղի երեւնալուն հետ:Այդ պատճառով ալ աստղին եւ Նեղոսի վարարման միջեւ ինկած ժամանակաշրջանը կը կոչեն տարի:

Հակառակ այն իրողութեան որ «տարի» հասկացողութիւնը ծնած է... Ավելին

Փետրվարի 27
ԼՂԻՄ
ԼՂԻՄ

Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, քաղաքական գործընթաց, որը տեղի ունեցավ 1921 թվականի հուլիսին: Դրա արդյունքում Մեծ Հայքի պատմական նահանգներից Արցախը անջատվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանից և բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Այդ ժամանակաշրջանում Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը` 95 % կամ ավելի քան 200 000 մարդ, հայեր էին:

Արցախը մինչ այդ մշտապես եղել էր հայկական պետությունների կազմում. Երվանդունիների թագավորության (մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201) ժամանակաշրջանում երբեմն նվաճվել է հարևան աղվանական ցեղերի կողմից, սակայն կրկին միավորվել հայոց պետությանը և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) ու Արշակունիների թագավորության (54-428) մաս կազմել և եղել Ծավդեաց իշխանների ոստանը:

Հայաստանի առաջին բաժանումից (387) որոշ ժամանակ անց միացվել է Աղվանից մարզպանությանը, սակայն ղեկավարվել է հայկական ծագում ունեցող Եռանշահիկների կողմից: 7-րդ դարում` Աղվանից պետության վերացումից հետո... Ավելին

Փետրվարի 28
Մաջիդ Բուգերա
Մաջիդ Բուգերա

Մաջիդ Բուգերա (արաբ․՝ مجيد بوغرة‎‎‎‎, ֆր.՝ Madjid Bougherrá, հոկտեմբերի 7, 1982, Լոնվիկ, Բուրգունդիա, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ: ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրա» ակումբի խաղացող: Ալժիրի ազգային հավաքականի նախկին ավագ: Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Մինչև 2014 թվականի օգոստոսին «Ալ Ֆուջայրա» տեղափոխվելը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են` ֆրանսիական «Գենոնը», անգլիական «Կրու Ալեքսանդրան», «Շեֆիլդ Ուենսդեյը», «Չարլթոն Ատլետիկը», շոտլանդական «Ռեյնջերսը» և կատարյան «Լեխվիան»:

Ալժիրի ազգային հավաքականում խաղացել է 70 խաղ, խփել 4 գոլ: Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի և 2015-ի, նաև աշխարհի առաջնություն 2010-ի և 2014-ի մասնակից: 

Բուգերան ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին ֆրանսիական Լոնվիկ կոմունայում, ալժիրցի էմիգրանտներ Աբդելուհաբայի և Ռահիի ընտանիքում: Հայրը, ով մասնագիտությամբ ներկարար-ծեփող էր, առողջության հետ կապված խնդրի պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը, ուստի ապագա ֆուտբոլիստի մանկությունը շատ դժվար է անցել. Բուգերաները ապրել են կիսաքաղց, երբեմն... Ավելին

Փետրվարի 29
Սուրբ Մարկոսի տաճար
Սուրբ Մարկոսի տաճար

Սուրբ Մարկոսի տաճար (իտալ.՝ Basilica di San Marco) Վենետիկի մայր տաճար, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ Արևմտյան Եվրոպայում: Տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակում՝ Դոժերի պալատի հարևանությամբ:

Տաճարը զարդարված է բազմաթիվ խճանկարներով, որոնք կատարված են բյուզանդական ոճով: Այստեղ են պահվում սուրբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլիսից խաչակրաց արշավանքների ժամանակ: 1987 թվականին Վենետիկի այլ հուշարձանների հետ ճանաչվել է... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր