Վիքիպեդիա:Օրվա հոդված/Օգոստոս 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Օգոստոս ամսվա հոդվածները
Օգոստոսի 1
Ալեսանդրո լա Մարմորայի հուշարձան
Ալեսանդրո լա Մարմորայի հուշարձան

Ալեսանդրո լա Մարմորա (իտալ.՝ Alessandro La Marmora) կամ Ալեսանդրո Լամարմորա (իտալ.՝ Alessandro Lamarmora), Ալեսանդրո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro della Marmora), ամբողջական անունը՝ Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro Ferrero della Marmora, մարտի 27, 1799, Թուրին, Սարդինիայի թագավորություն - հունիսի 7, 1855, Բալակլավա, Ռուսական կայսրություն), իտալացի ազնվական Ֆեռերո դելլա Մարմորա տոհմից, գեներալ-մայոր, բերսալիերների հիմնադիր։ Ռիսորջիմենտո շարժման աջակից, Ավստրո-Հունգարական և Ղրիմի պատերազմների մասնակից։ Վերջինի ժամանակ գլխավորում էր Երկրորդ սարդինական կորպուսը։ Մահացել է խոլերայից Սևաստոպոլի պաշարման ժամանակ։

Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորան ծնվել է 1799 թվականի մարտի 27-ին Թուրինում։ Մարկիզ Չելեստինո Ֆեռերո դելլա Մարմորայի և կոմսուհի Ռաֆայելլա Արջենտերո դի Բերսեցիոյի 13 երեխաներից 8-րդն էր։ Կոմսուհու հայրը Իվրեական գնդի կապիտան էր։ Նորածինը մկրտվելուց ստացավ Ալեսանդրո Էվազիո Մարիա անունը։ Կնքահայրն ու մայրը ավագ եղբայրն ու քույրն էր։ 1809 թվականին նշանակվել է մանկլավիկ Պիեմոնտի կառավարիչ, իշխան... Ավելին

Օգոստոսի 2
Մեծ եռյակի երկրների առաջնորդները
Մեծ եռյակի երկրների առաջնորդները

Պոտսդամի կոնֆերանս (անգլ.՝ Potsdam Conference), կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։

Սա երրորդ և վերջին հանդիպումն էր «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի միջև։ Առաջին երկուսն տեղի էին ունեցել Թեհրանում (Իրան) և Յալթայում (ԽՍՀՄ)։ Կոնֆերանսի նպատակը պարտված Երրորդ Ռայխի քաղաքական և տնտեսական հետագա ճակատագրի որոշումն էր։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին պարտված քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին, ռազմական հանցագործների պատժին, ինչպես նաև... Ավելին

Օգոստոսի 3
Ալբերտո Ակվիլանի
Ալբերտո Ակվիլանի

Ալբերտո Ակվիլանի (իտալ.՝ Alberto Aquilani; հուլիսի 7, 1984, Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի ազգային հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան:

Ակվիլանին առաջին ֆուտբոլային քայլերը արել է «Սպես Մոնտեսակրո» ֆուտբոլային դպրոցում և հենց այնտեղ է առաջին անգամ նկատվել «Ռոմայի» սկաուտների կողմից։ Սկզբում հանդես է եկել «Ռոմայի» պատանեկան դպրոցում։ 2001 թվականի մարտին հեռանկարային ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը այնքան է աճում, որ նրան ցանկանում են ձեռք բերել անգլիական «Չելսին» և «Արսենալը», սակայն նա, նախընտրելով Իտալիան, մնում է «Ռոմայում»: 2002 թվականի դեկտեմբերի 17-ին Ակվիլանին խաղում է իտալական ակումբի հիմնական կազմում իր առաջին խաղը։ Նրա նորամուտային խաղն է դառնում Իտալիայի գավաթի մրցության շրջանակներում անցկացվող «Տրիեստինայի» դեմ խաղը (1-1, 4-1 11 մետրանոցային՝ «Ռոմայի» համար հաղթական հաշիվ)։ 2003 թվականի մայիսի 10-ին նա կատարում է իր նորամուտը արդեն՝ Սերիա A-ում և առաջին խաղն է դառնում... Ավելին

Օգոստոսի 4
Ֆիլմի պաշտոնական տարբերանշան
Ֆիլմի պաշտոնական տարբերանշան

«Անեծքը» (անգլ.՝ The Conjuring), 2013 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմ, որը նկարահանել է Ջեյմս Վանը՝ Չադ և Քերի Հայեսների սցենարով։ Ֆիլմը «Անեծքը» ֆիլմաշարի առաջին էկրանավորումն է։ Այն իրական փաստերի վրա հիմնված գերբնական սարսափ է, որը պատմում է գերբնական երևույթներ որսացող ամուսիններ Էդ և Լորեյն Ուորեններրի հետ կատարված դեպքի մասին։ Նրանց աշխատանքները նախկինում ոգեշնչել են «Էմիտվիլի սարսափը» և «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմերի ստեղծմանը։ Գլխավոր դերերը մարմնավորել են Պատրիկ Ուիլսոնը և Վերա Ֆարմիգան։ Ուորենները գալիս են Փերոնների ընտանիքին (Ռոն Լիվինգսթոն և Լիլի Թեյլոր) օգնելու, ովքեր 1971 թվականին տեղափոխվում են նոր տուն, որտեղ կատարվում են տարօրինակ իրադարձություններ։

Սցենարը, մեծավ մասամբ համապատասխանելով իրականությանը, որը պատմել են իրական հերոսները, ամեն դեպքում ունի տարբերություններ։ Հիմնական տարբերություններից է այն, որ Փերրոններն առանձնատանը մնացին ինը տարի, իսկ ֆիլմում այդ դեպքերն ավելի կարճատև և ինտենսիվ դարձնելու համար ներկայացվեցին կարճ տարբերակով։ Բացի այդ, նույնիսկ «տիրելու» ժամանակ ոչ մի էկզորսիզմ տեղի չի ունեցել։ Այն կինը, ով վերջում դատվել է, այնուհետև արդարացվել է նորածին երեխայի մահվան համար, իրականում... Ավելին

Օգոստոսի 5
UWC Dilijan
UWC Dilijan

Դիլիջանի միջազգային դպրոց (անգլ.՝ United World College Dilijan, Dilijan International School), միջազգային համագործակցութեամբ անգլիական միջին դպրոց, Cambridge IGCSE* եւ IB Diploma* ուսումնական ծրագիրներով, Արեւմուտքի եւ Արեւելքի սահմանագիծին՝ Դիլիջանի մէջ, Հայաստան։ Երեւանէն եւ Թիֆլիսէն մէկ ու կէս ժամուան հեռաւորութեան վրայ, տարածութիւնը աւելի քան 88 հեքթար հողատարածք է։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագիծին հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար՝ Ռուբէն Վարդանեանն ու կինը։ Դպրոցի հոգաբարձուներու խորհուրդի անդամներն են՝ կրթութեան ոլորտի եւ առեւտուրի ականաւոր ներկայացուցիչներ, ԱՄՆ-էն, Մեծն Բրիտանիայէն, Ֆրանսայէն, Շուէտէն, եւ... Ավելին

Օգոստոսի 6
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა), անկախ վրացական պետություն Հարավային Կովկասում 1918-1921 թվականներին։ Հիմնադրվել է 1918 թվականի մայիսի 26-ին՝ անջատվելով Անդրկովկասյան Ֆեդերացիայից։ Տարածքը կազմել է առավելագույնը 107 600 քառ. կմ։

Վրաստանի մայրաքաղաքը Հարավային Կովկասի քաղաքական ու մշակութային կենտրոն Թբիլիսին էր։ Սկզբնական շրջանում, երբ ավարտվում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Գերմանական կայսրության հովանավորության ներքո Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Քութայիսի և Թիֆլիսի նահանգներում հռչակում է երկրի անկախությունը։ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո տարածաշրջանում Օսմանյան կայսրության ու Գերմանիայի ազդեցությունը վերանում է, և այն անցնում է Միացյալ Թագավորության հսկողության ներքո։ Բացի Թիֆլիսի ու Քութայիսի նահանգներից, պետության սահմաններում են եղել նաև... Ավելին

Օգոստոսի 7
Լուա-Լուան 2013 թվականին՝ «Կարդեմիր Կարաբյուկսպորի» կազմում
Լուա-Լուան 2013 թվականին՝ «Կարդեմիր Կարաբյուկսպորի» կազմում

Լոմանա Տրեզոր Լուա-Լուա (ֆր.՝ Lomana Trésor LuaLua, դեկտեմբերի 28, 1980 թվական, Կինշասա, Զաիր), ֆուտբոլիստ Կոնգոյից, թուրքական «Ախկիսար Բելեդիեսպոր» ֆուտբոլային ակումբի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Լուա-Լուան ծնվել է Կինշասայում, սակայն 8 տարեկան հասակում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Լոմանայի առաջին ակումբն է եղել «Կոլչեստր Յունայթեդը», որում նա 2 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 68 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ: 2000 թվականին հարձակվողը պայմանագիր է կնքել անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդի» հետ: Լոմանան չի կարողանում դիմանալ հիմնական կազմում խաղալու համար ընթացող մրցակցությանը և 2004 թվականին վարձավճարային պայմանագիր է կնքում «Պորտսմութի» հետ, որն էլ հետագայում ձեռք է բերում ֆուտբոլիստին արդեն վերջնականպես: «Պորտսմութում» նույնպես ֆուտբոլիստը չի կարողանում ցուցադրել իր ներուժը... Ավելին

Օգոստոսի 8
Պղնձե հեծյալ
Պղնձե հեծյալ

Պղնձե հեծյալ (ռուս.՝ Медный всадник), հուշարձան, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի Սենատական հրապարակում, նվիրված է Պետրոս Առաջինին: Բացումը տեղի է ունեցել 1782 թվականի օգոստոսի 7-ին։ Իր անվանումը ստացել է Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմից, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե այն պատրաստված է եղել բրոնզից:

Պետրոսի` նժույգով արձանի մոդելը կերտել է քանդակագործ Էթիեն Մորիս Ֆալկոնեն 1768-1770 թվականներին։ Արձանի գլուխը ծեփագործել է նույն քանդակագործի աշակերտուհի Մարի Անն Կոլլոն: Ֆալկոնեի ծրագրով օձը կերտել է Ֆյոդոր Գորդեևը: Արձանի ձուլվածքը իրականացվել է ձուլման վարպետ Վասիլի Պետրոսովիչ Եկիմովի ղեկավարությամբ՝ ստանալով իր վերջնական տեսքը 1778 թվականին։ 1766 թվականի օգոստոսի 6-ին Փարիզում... Ավելին

Օգոստոսի 9
Մոխրոտիկն ու կախարդուհին
Մոխրոտիկն ու կախարդուհին

«Մոխրոտիկը» (ֆր.՝ Cendrillon, գերմ.՝ Aschenputtel), արևմտաեվրոպական հեքիաթ: Առավել հայտնի են Շառլ Պերոյի, Գրիմ եղբայրների և Ջամբատիստա Բազիլեի մշակումները։ Սա ամենահայտնի «թափառող սյուժեներից» մեկն է, աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են հեքիաթի հազարից ավելի տարբերակներ:

Հեքիաթի հայտնի ամենավաղ տարբերակը հայտնաբերվել է եգիպտական պապիրուսներում։ Հեքիաթի գլխավոր հերոսուհին՝ Ռոդոպիս անունով աղջիկը, ծնվել է Հունաստանում։ Նրան առևանգել էին ծովահենները, ովքեր աղջկան տարել էին Եգիպտոս և վաճառել ստրկություն։ Տերը նրա համար գնել էր կաշվե ոսկեզօծ գեղեցիկ սանդալներ։ Մինչ Ռոդոպիսը լողում էր գետում, բազեն (այդ բազեն Գոռ աստվածն էր) գողանում է նրա սանդալները և տանում տալիս փարավոնին։ Սանդալներն այնքան փոքրիկ ու գեղեցիկ էին, որ փարավոնն անմիջապես հրամայում է գտնել աղջկան։ Երբ նա գտնում է Ռոդոպիսին՝ Մոխրոտիկին... Ավելին

Օգոստոսի 10
Գաբրիել Բըրն
Գաբրիել Բըրն

Գաբրիել Ջեյմս Բըրն (անգլ.՝ Gabriel James Byrne, մայիսի 12, 1950, Դուբլին), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան։ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի դափնեկիր է:

Մանկության տարիներին նա ցանկացել է դառնալ քահանա, սակայն դարձել է ուսուցիչ և միայն 29 տարեկանում է որոշել դառնալ պրոֆեսիոնալ դերասան։ Կինոյում առավել հայտնի աշխատանքներն են` «Պետության պաշտպանությունը», «Միլլերի խաչմերուկը», «Կասկածելի դեմք»։ Հեռուստատեսությունում հատնի է HBO ամերիկյան մալուխային հեռուստացանցի հեռարձակած «Խնամառու» սերիալում կատարած հոգեբույժի դերով։ Գերադասում է նկարահանվել «արտ հաուս» նախագծերում։

Գաբրիելն ընտանիքի վեց երեխաներից ավագն է։ Հայրը՝ Այլին Բըրնը, Դուբլինում եղել է բանվոր, իսկ մայրը՝ Դենան, մասնագիտությամբ բուժքույր էր: Նա ստացել է խիստ դաստիարակություն Քրիստոնյա եղբայրների կոնգրեգացիայի (անգլ.՝ Congregation of Christian Brothers) կաթոլիկական դպրոցներից մեկում, որի ուսուցման մեթոդների պատճառով... Ավելին

Օգոստոսի 11
Էփլ
Էփլ

Apple Inc. ամերիկյան ընկերություն է, զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, նվագարարկիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ։ Անհատական համակարգիչների և գրաֆիկական միջերեսով ժամանակակից բազմախնդիր օպերացիոն համակարգերի բնագավառի ռահվիրաներից մեկն է։ Գլխավոր գրասենյակը Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում է։

Նորարարական տեխնոլոգիաների և էսթետիկ ձևավորման շնորհիվ Էփլ ընկերությունն էլեկտրոնիկայի սպառողական արդյունաբերության մեջ ստեղծել է պաշտամունքի հավասարվող եզակի համբավ: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում շուկայական կապիտալիզացիայով, որի չափը 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ կազմում է 537 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ընկերության անվանումն առաջացել է անգլ.՝ apple-ից (խնձոր), լոգոտիպում օգտագործել են խնձորի նկար։ Մինչ 2007 թվականի հունվարի 9-ը՝ 30 տարի շարունակ, ընկերության պաշտոնական անվանումը Apple Computer, Inc. էր։ Անվան մեջ Computer բառից հրաժարվելը ցուցադրում է ընկերության հիմնական կիզակետի փոփոխությունը, իր համար ավանդական... Ավելին

Օգոստոսի 12
Գրիգորեան, Կեսարեան, Կոստանդուպոլսեցի, առաւելապէս յայտնի է որպէս Պաղտասար Դպիր (7 Յունիս 1683 - 30 Յունուար 1768, Կ.Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային եւ կրթական լուսաւորման շարժման գործիչ, եղած է նախակենդանացման շրջանի առաջնորդ դէմքերէն։

Պաղտասար Դպիրի կենսագրութիւնը գրի չէ առնուած, հակառակ որ ան եղած է կարեւոր գործիչ մը։ Այդ պատճառաւ իր մասին կենսագրական տեղեկութիւնները քիչ են։ Գ. Լեւոնեան կը հաղորդէ, որ Պաղտասար Դպիրի ծնողները՝ Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայէն կը գաղթեն Կոստանդուպոլիս, ուր ան կը ծնի։ Նախնական ուսումը կը ստանայ տեղական դպրոցներէ ներս, եւ կ'աշակերտէ Էջմիածնայ Կաթողիկիսի նուիրակ՝ Աստուածատուր եպիսկոպոս Ջուղայեցիի։ 1741-ին Պաղտասար Դպիր կը նշանակուի Գումգափույի դպրանոցի տեսուչ։ Իր աշակերտներէն շատեր կ'ըլլան ապագայի երեւելի դէմքեր, գրողներ եւ առաջնորդներ, ինչպէս Էջմիածնայ Կաթողիկոս՝ Սիմէոն Երեւանցին (գհ. 1763 - 1780 թթ.), եւ բանաստեղծ Պետրոս Ղափանցին։

Հայկական բանաստեղծութիւնը վաղ միջնադարուն կը գրուէր... Ավելին

Օգոստոսի 13
Մարիա Շարապովա
Մարիա Շարապովա

Մարիա Շարապովա (ռուս.՝ Мария Юрьевна Шарапова, ապրիլի 19, 1987, Նյագան), ռուս թենիսիստուհի։ Թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն։ Թենիսի պատմության մեջ տես թենիսիտուհիներից մեկը, ով տիրում է, այսպես կոչված, «կարիերային սաղավարտին» (տարբեր տարիներին հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում), աշխարհի մարզուհիների մեջ առաջատարներից մեկը ըստ գովազդային վաստակած գումարների։ Ռուսաստանի Սպորտի Վաստակավոր Վարպետ։

Օգոստոսի 14
Այրոմ Չանու Շարմիլա (անգլ.՝ Irom Chanu Sharmila, մարտի 14, 1972, հայտնի է նաև Երկաթյա լեդի Մանիպուրից (անգլ.՝ Iron Lady of Manipur) կամ Մենգոուբի (անգլ.՝ Mengoubi) անուններով), հնդիկ քաղաքական գործիչ, իրավապաշտպան և բանաստեղծ։ 2000 թվականի նոյեմբերի 5-ին սկսել է հացադուլ, որն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ 16 տարի անց։ 500 շաբաթից ավելի հրաժարվելով սննդից և ջրից՝ համարվում է աշխարհի ամենաերկար հացադուլ իրականացնողը։ 2014 թվականի Կանանց միջազգային օրը MSN Poll-ի կողմից հայտարարվել է Հնդկաստանի կանանց դեմքը։

2014 թվականի երկու քաղաքական կուսակցություններ նրան առաջարկել են մասնակցել ազգային ընտրություններին, բայց Շարմիլան հրաժարվել է։ Դրանից հետո նրան զրկել են ընտրական իրավունքից, քանի որ ըստ օրենքի բանտարկյալները չեն կարող ընտրել։ 2014 թվականի օգոստոսի 19-ին դատարանը որոշել է Շարմիլային ազատել պայմանով, որ նա ազատազրկման ուրիշ հիմքեր չի տա։ Նա նորից է ձերբակալվել երկու օր անց՝ 2014 թվականի օգոստոսի 22-ին, նմանատիպ մեղադրանքով։ Amnesty International կազմակերպությունը Շամիլային... Ավելին

Օգոստոսի 15
Final Fantasy VIII wordmark
Final Fantasy VIII wordmark

Final Fantasy VIII (ճապ.՝ ファイナルファンタジーVIII ֆանտաձի։ էյտո), ճապոնական դերակատարային խաղ, որը ստեղծել է Square ընկերությունը և հրապարակել 1999 թվականին, Final Fantasy խաղի ութերորդ մասն է։ Ի սկզբանե հրապարակվել է չորս կոմպակտ-սկավառակներով PlayStation համակարգի համար, բայց մեկ տարի անց, արդեն կարող էին ներբեռնել անհատական Microsoft Windows օպերացիոն համակարգի վրա, ևս մեկ լրացուցիչ կոմպակտ սկավառակով։ 2009 թվականին իր տասնամյակի առթիվ PlayStation Network ծառայությունից ներբեռնելու համար:

Սա Final Fantasy խաղի առաջին սերիան է, որտեղ կերպարների մարմինները ավելի իրական տեսք ունեն։ Բացի այդ, այս սերիայում չկան կախարդական ակնոցները, որով  պահանջվում էին կախարդական անեծքների համար։ Սյուժեի գործությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը նման է արդիական աշխարհին և կան գիտաֆանտաստիկ տարրեր։ Գլխավոր հերոսը՝ Սկվոլ Լեոնհարտը, ինքն իր մեջ փակված ռազմական ակադեմիայի ուսանող էր, ով սովորում էր, որպեսզի դառնար «SeeD» ջոկատի անդամ՝ էլիտար ստորաբաժնի զինվոր։ Նրա հետ միասին, փորձում էր հաղթահարել մանկական վախերը և դառնալ գլխավորը, ինչը որոշիչ էր... Ավելին

Օգոստոսի 16
1897 թվականի Ալյասկայի և Բրիտանական Կոլումբիայի քարտեզը, որտեղ ցույց է տրված ոսկու գտնվելու վայրը
1897 թվականի Ալյասկայի և Բրիտանական Կոլումբիայի քարտեզը, որտեղ ցույց է տրված ոսկու գտնվելու վայրը

Կլոնդայքի ոսկե տենդ (անգլ.՝ Klondike Gold Rush), Կանադայի Կլոնդայք շրջանում և Ալյասկա թերակղզում ոսկու զանգվածային արդյունահանությունն է 19-րդ դարի վերջում։

Տենդը սկսվեց այն բանից հետո, երբ 1896 թվականի օգոստոսի 16-ին ոսկեխույզներ Ջորջ Քարմակը, Ջիմ Սկուկումը և Չառլի Դոուսոնը ոսկի հայտնաբերեցին Կլոնդայք գետը թափվող Բոնազա-Քրիք առվակի ափին։ Այս լուրը շատ արագ հասավ Յուկոն գետի շրջակայքի բնակչությանը։ Սակայն պահանջվեց ևս մեկ տարի, որպեսզի լուրը տարածվեր ողջ աշխարհով մեկ։ Ոսկին չէր արտահանվում մինչև 1897 թվականը, երբ սկսվեց նավագնացությունն ու «Էքսկելսիոր» և «Պորտլենդ» օվկիանոսային լայներների` Կլոդայքից բեռ ընդունելը: 1897 թվականի հուլիսի 17-ին «Էքսկելսիորը» հասավ Սան Ֆրանցիսկո կես միլիոն դոլլարին համարժեք բեռով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության մեջ։ Երբ 3 օր հետո «Պորտլենդը» հասավ Սիեթլ, նրան դիմավորեց ժողովրդի մեծ բազմություն։ Թերթերում նշվում էր կես տոննա ոսկու մասին, սակայն... Ավելին

Օգոստոսի 17
Մակակի կողմից արված «վիճելի» սելֆիներից մեկը
Մակակի կողմից արված «վիճելի» սելֆիներից մեկը

Կապիկի սելֆի, փուփուլավոր պավիանի կողմից արված լուսանկարների շարք, որը լուսանկարվել է բրիտանացի լուսանկարիչ Դևիդ Սլեյթերի լուսանկարչական ապարատով։

Վիքիպահեստում այս լուսանկարների բեռնումը 2014 թվականի կեսերին վեճերի տեղիք տվեց․ արդյոք տվյալ լուսանկարները, որպես ոչ մարդու կողմից ստեղծված արվեստի գործեր, հեղինակային իրավունքի օբյեկտներ են հանդիսանում։ Պատկերների հեղինակային իրավունքը խախտելու կապակցությամբ ներկայացրած Սլեյթերի պահանջը որոշ գիտնականներ և կազմակերպություններ վիճելի համարեցին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ կապիկը մարդ չէ, հետևաբար այն չի կարող հեղինակային իրավունքի տեր լինել։ 2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ հեղինակային իրավունքի գործակալությունը հայտարարեց, որ ոչ մարդու կողմից ստեղծված գործերը հեղինակային իրավունքի օբյեկտ չեն և հետևաբար հանրային սեփականություն են։ 2016 թվականին ԱՄՆ դաշնային դատավորը որոշեց, որ պատկերների հեղինակային իրավունքները... Ավելին

Օգոստոսի 18
Նեմանյա Վիդիչ
Նեմանյա Վիդիչ

Նեմա՛նյա Վի՛դիչ (սերբ.՝ Немања Видић, սերբական արտասանությամբ՝ ně̞maɲa v̞ǐːditɕ, հոկտեմբերի 21, 1981, Ուժիցե), սերբ նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, եղել է անգլիական Մանչեսթեր Յունայթեդ թիմի ավագ, Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Նեմանյա Վիդիչը ծնվել է պղնձաձուլական գործարանի նախկին աշխատող Դրագոլյուբի և բանկի ծառայող Զորայի ընտանիքում։ Սկսել է զբաղվել ֆուտբոլով 7 տարեկանից։ Ավագ եղբայր Դուշանի հետ Նեմանյան մարզվում էր տեղական «Եդինստվո Ուժիցե» ակումբում։ Վիդիչն արագ առաջադիմում էր և արդեն 12 տարեկանում տեղափոխվեց մեկ այլ՝ «Սլոբոդա» (Ուժիցե) ակումբ: Նրա վաղ պատանեկության տարիներին բռնկվեց Հարավսլավական պատերազմը, որի ընթացքում նրա ընտանիքը մշտական ռմբակոծությունների պայմաններում ապրում էր... Ավելին

Օգոստոսի 19
Գլխավոր մասնաշենքի ճակատային հատվածը
Գլխավոր մասնաշենքի ճակատային հատվածը

Միլանի պոլիտեխնիկական համալսարան (իտալ.՝ Politecnico di Milano), Իտալիայի ամենամեծ տեխնիկական համալսարանը: Ունի շուրջ 40,000 ուսանող: Առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և բարձրագույն ուսումնական կրթության ճարտարագիտական, ճարտարապետական և դիզայնի դասընթացներ: Հիմնադրվել է 1863 թվականին: Միլանի հնագույն համալսարանն է: Համալսարանը Միլանում ունի երկու մասնաշենք, որտեղ տեղակայված են հետազոտական և ուսուցման գործընթացների մեծ մասը, ինչպես նաև այլ մասնաշենքեր Լոմբարդիայի և Էմիլիա Ռոմանիայի 5 քաղաքներում: Գլխամասն ու կենտրոնական գրասենյակները գտնվում են Միլանի Città Studi պատմական մասնաշենքում:

2014-2015 թվականներին Իտալական համալսարանների CENSIS-Repubblica վարկանիշային ցանկում այն համարվել է Իտալիայի լավագույն խոշոր համալսարաններից մեկը և լավագույնը ճարտարագիտության բնագավառում և ըստ «QS World University Rankings»՝ դասվել է աշխարհի տեխնիկական համալսարանների շարքում 20-րդը, 11-րդը դիզայնի բնագավառում... Ավելին

Օգոստոսի 20
Խաղողօրհնէք
Խաղողօրհնէք

Սուրբ Աստուածածնայ Վերափոխման տօնը (յայտնի է նաեւ որպէս Խաղողօրհնէքի տօն) Հայ Առաքելական Ս. Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներէն չորրորդն է։

Կը Նշուի Օգոստոսի 15-ի ամէնէն մօտիկ Կիրակի օրը (Օգոստոս 12-էն 18)։ Տօնը ունի շաբաթապահք, նաւակատիք եւ մեռելոց։ Ս. Աստուածածնայ Վերափոխման տօնի աւարտին, բոլոր եկեղեցիներուն մէջ Պատարագ կը մատուցուի։ Հայ Առաքելական եկեղեցւոյ տօնը առանձնայատուկ է անով, որ Օգոստոսի այս շրջանը Հայաստանի հեթանոսական օրերէն եկող՝ հասունցող խաղողի օրհնութեան ծէսով պայմանաւորուած է։ Այսինքն՝ տօնին օրը, Պատարագէն ետք, կը կատարուի խաղողօրհնէք, որմէ ետք միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով կ'օրհնուի տարուան ամբողջ բերքն ու բարիքը։ Նոյն օրհնուած խաղողէն օրհնուած գինի կը պատրաստեն, զոր մարդիկ կը պահեն մինչեւ յաջորդ տարուան խաղողօրհնէքը՝ որպէս լիառատութեան ապահովման նշան:

Մինչեւ քրիս­տո­նէու­թեան մուտքը Հա­յաս­տան, հայ ժողովուրդը շատ կը սի­րէր Նա­ւասար­դի տօ­նը. նոյ­նիսկ այդ ամի­սը... Ավելին

Օգոստոսի 21
Եզրափակչի անցկացման վայրը՝ Սան Սիրո մարզադաշտը
Եզրափակչի անցկացման վայրը՝ Սան Սիրո մարզադաշտը

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 61-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 24-րդը Չեմպիոնների լիգավերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Միլանի Սան Սիրո մարզադաշտում 2016 թվականի Մայիսի 28-ին Իսպանական Ռեալ Մադրիդի և Ատլետիկո Մադրիդի միջև, որը 2014 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Սա մրցաշարի պատմության մեջ երկրորդ անգամն էր, որ երկու ակումբներ ներկայացնում են միևնույն քաղաքը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին ոչ ոքի 1-1 հաշվով և Ռեալ Մադրիդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով 5-3 հաշվով և հաղթեց գավաթը ռեկորդային 11-րդ անգամ։

Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող Սևիլյայի հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2016 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2016 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ:

Սան Սիրոն, որը պաշտոնապես հայտնի է որպես Ջուզեպպե Մեացա մարզադաշտ, հայտարարվել է եզրափակիչ ընդունող... Ավելին

Օգոստոսի 22
Արևմտյան Պատի համայնապատկերը
Արևմտյան Պատի համայնապատկերը

Արևմտյան պատ, Լացի պատ կամ Ա-Կոտել (եբրայերեն՝ ‏הַכֹּתֶל הַמַעֲרָבִי‏‎‎‎, հա-Կոտել հա-Մաարավի, Աշկենազական արտասանությունը` Կոսել ‎), Երուսաղեմի հին քաղաքի պատի մաս (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ.ա 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր։ Բազում դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշ, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը։ Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարին։ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ պատը դարձավ հրեական համայնքի և մահմեդական արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։

Հրեական վաղ աղբյուրներում հիշատակվում է «Տաճարի արևմտյան պատի մասին», սակայն պարզ չէ, այդ տեքստերում խոսվում է տաճարի բուն պատի, թե այն շրջապատող պատի հատվածի մասին։ «Արևմտյան պատ» եզրույթի մասին վկայող հրեական ամենավաղ հիշատակումն... Ավելին

Օգոստոսի 23
Վատ արվեստի թանգարան
Վատ արվեստի թանգարան

Վատ արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Bad Art, MOBA), ամերիկյան մասնավոր թանգարան, որի նպատակն է «ցույց տալ այն նկարիչների աշխատանքները, որոնց աշխատանքները չեն գնահատվել որևէ այլ թանգարանում»։ Ունի 3 մասնաճյուղ․ մեկը գտնվում է Մասսաչուսեթսի Դեդհեմ քաղաքում (անգլ.՝ Dedham, արվարձան Բոստոնի հյուսիս-արևմուտքում), մյուսը՝ հարևան Սոմերվիլում (անգլ.՝ Somerville, արվարձան Բոստոնի հյուսիսում), իսկ երրորդ մասնաճյուղը՝ Մասաչուսեթսի Բրուքլին քաղաքում (անգլ.՝ Brookline)։ Նրա մշտական հավաքածուն ներառում է արվեստի մոտ 500 ստեղծագործություն, որոնք «չափազանց վատն են, որպեսզի անտեսվեն», բայց սահմանափակ տարածքի պատճառով 2 տաղավարներից մեկում միանգամից ցուցադրվում է 30-40 օրինակ։ Նաև անցկացվում է արտագնա ցուցադրություն։

Թանգարանը հիմնադրվել է 1993 թվականին՝ այն բանից հետո, երբ հնահավաք Սքոթ Ուիլսոնն իր մի քանի ընկերներին ցույց տվեց հնոտիների կույտի մեջից գտնված նկարներ։ Ընկերները նրան առաջարկեցին հավաքածու ստեղծել։ Շուտով թանգարանը մեծացավ և... Ավելին

Օգոստոսի 24
Ամառային Օլիմպիական խաղեր 2016 (պորտ.՝ Jogos Olímpicos de Verão de 2016, Բրազիլական պորտուգալերենով արտասանությունը՝ ˈʒɔgos ɔlimˈpikus dʒi vɛˈɾɐ̃w dʒi ˈdojz ˈmiw i dʒezeˈsejz>) պաշտոնապես նաև անվանում են XXXI ամառային օլիմպիական խաղեր, երեսունմեկերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2016 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Ռիո 2016, քանի որ այն կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։

Ռիո դե Ժանեյրոն հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք 2009 թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Եզրափակիչ դուրս եկած քաղաքներն էին Մադրիդը, Չիկագոն և Տոկիոն։ Ռիոն դարձավ առաջին հարավամերիկյան քաղաքը, որտեղ անցկացվեցին ամառային օլիմպիական խաղեր և երկրորդ քաղաքը... Ավելին

Օգոստոսի 25
Կոստանդնուպոլիսը բյուզանդական ժամանակաշրջանում
Կոստանդնուպոլիսը բյուզանդական ժամանակաշրջանում

Ստամբուլի պատմություն (թուրքերեն՝ İstanbul tarihi), Ստամբուլ քաղաքի պատմական զարգացման ժամանակաշրջանը, որտեղ բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Բնակավայրը հիմնվել է թրակիացիների կողմից՝ մ․թ․ա․ 13-րդ դարում։ Լիկիոսը դարձել է հունական գաղութ մ․թ․ա 7-րդ դարում։ 196 թվականին այն անցել է Հռոմեական Հանրապետության կազմը, մինչ 330 թվականը՝ դառնալով Բյուզանդական կայսրության մայրաքաղաք։ Մինչ Ուշ անտիկ ժամանակաշրջանի ավարտը եղել է աշխարհի ամենամեծ քաղաքը, որն ունեցել է ավելի քան կես միլիոն բնակչություն։ 1453 թվականի մայիսի 29-ին գրավվել է օսմանների կողմից և մինչ 1922 թվականը եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Ներկայում այն Թուրքիայի Հանրապետության ամենամեծ քաղաքն է՝ ավելի քան 15 միլիոն բնակչությամբ։

Ժամանակից Ստամբուլի տարածքում մարդիկ ապրել են դեռևս նեոլիթի շրջանից։ Ամենահին բնակավայրերը թվագրվում են... Ավելին

Օգոստոսի 26
Ռուբէն Սեւակ
Ռուբէն Սեւակ

Ռուբէն Սեւակ (15 Փետրուար 1885 - 26 Օգոստոս 1915), բանաստեղծ եւ արձակագիր։

Բուն անունով Ռուբէն Չիլինկիրեան։ Ծնած է Սիլիվրի (Պոլսոյ մօտ)։ Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրի ագգային վարժարանին մէջ, ապա հետեւած՝ Պարտիզակի Ամերիկեան երկրորդական վարժարանի դասընթացքներուն, երկու տարի։ Անցած է Պոլիս, ուր փայլուն նիշերով աւարտած է Պոլսոյ Պէրպէրեան վարժարան (Թուրքիա)|Պէրպէրեան վարժարանը։ Համալսարանական ուսումը ստացած է Զուիցերիոյ մէջ՝ Լոզան (1905)-ին, վկայուելով որպէս բժիշկ։

1911-ին, բժիշկ, շրջան մը կը պաշտօնավարէ զուիցերիական հիւանդանոցներու մէջ եւ կ'ամուսնանայ գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Եաննի Ապել) հետ։ Եաննիի հետ Ռուբէնի ծանօթացումը տեղի ունեցած է վերջինիս ընկերոջ՝ եգիպտահայ Լեւոն Ազնաւուրեանի ճամբով։ 1910-ին, Փարիզի մէջ / Լոզան, ամուսնացած է Եաննիի հետ։ 1911-1914 թուականներուն Լոզանի հիւանդանոցներէն մէկուն եւ... Ավելին

Օգոստոսի 27
Սերբիայի ազգային թանգարան
Սերբիայի ազգային թանգարան

Սերբիայի ազգային թանգարան (սերբ.՝ Народни музеј, Narodni Muzej), Սերբիայի և նախկին Հարավսլավիայի ամենամեծ և ամենահին թանգարանն է։ Գտնվում է Բելգրադի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից։ Հիմնադրվել է 1844 թվականի մայիսի 10-ին։ Հավաքածուն ներառում է 400,000 նմուշ, ներառյալ օտարերկրյա ձեռագրերը։ Թանգարանը գտնվում է վերանորոգման գործընթացում, որի ավարտից հետո կունենա նոր արտաքին և ներքին տեսք, տանիքին կտեղադրվի ապակե գմբեթ:

1979 թվականից թանգարանի շենքն ընդգրկված է Սերբիայի ազգային մշակութային ժառանգությունների ցանկում։

Թանգարանի շենքի վայրում նախկինում եղել է «Դարդանելի նեղուց» կոչվող պանդոկը, որը եղել է մշակութային և արտիստիկ էլիտայի հավաքատեղի։ Բելգրադի հանրապետության հրապարակի վերափոխումների հետ կապված պանդոկը... Ավելին

Օգոստոսի 28
Քաղաքացիական անհնազանդություն
Քաղաքացիական անհնազանդություն

Քաղաքացիական անհնազանդություն (լատին․՝ civili inobedientiae), ազնիվ և բացահայտ, առանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողություն, քաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների, հարկերի, վարկերի, հրամանների նկատմամբ կարգազանց վարք, քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց: Քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և իշխանության աքիլլեսյան գարշապարի վրա անընդմեջ սեղմելով օրենսդիր մարմիններին համոզել օրենքում փոփոխություններ կատարել կամ հասնել իշխանության պաշտոնանկության: Ամենահզոր ձևերից է շրջափակումը:

Քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիական հասարակության առկայության դեպքում է հնարավոր. չեն կարող իրականացնել առանձին քաղաքացիներ, պետք է լինեն... Ավելին

Օգոստոսի 29
Ադեբայո Ակինֆենվա
Ադեբայո Ակինֆենվա

Սահիդ Ադեբայո Ակինֆենվա (անգլ.՝ Saheed Adebayo Akinfenwa), առավել հայտնի որպես Ադեբայո Ակինֆենվա (անգլ.՝ Adebayo Akinfenwa, մայիսի 10, 1982, Իսլինգտոն, Անգլիա), նիգերական ծագմամբ անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Անգլիայի ուժով չորրորդ դիվիզիոնի «Ուիմբլդոն» ֆուտբոլային ակումբում: Մեծ մասամբ հայտնի է որպես աշխարհի ամենագաբարիտային գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Իր ահռելի չափերի և մեծ քաշի շնորհիվ ստացել է «Գազան» (անգլ.՝ Beast) մականունը։

Սկսել է իր կարիերան Լիտվայի և Ուելսի բարձրագույն լիգաներում, իսկ հետո սկսել է ելույթները Անգլիայի ցածր մակարդակի լիգաներում։ Անցկացնելով փոքր, սակայն իրադարձություններով հարուստ մի ժամանակահատված «Դոնկաստեր Ռովերսում», Ակինֆենվան տեղափոխվել է իր կարիերայի թվով յոթերորդ ակումբը՝ «Տորկի Յունայթեդը»: Այնտեղ նա դառնում է թիմի հարվածային ուժը, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»: Ուելսցիների շարքերում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո նա տեղափոխվում է Առաջին լիգայի «Միլուոլ» ակումբը, իսկ հետո համալրում է «Նորտգեմպտոն Թաունի» կազմը։ Վեց տարիների ընթացքում նա հանդես է գալիս... Ավելին

Օգոստոսի 30
Լեյթոն Հյուիթ
Լեյթոն Հյուիթ

Լեյթոն Գլին Հյուիթ (անգլ.՝ Lleyton Glynn Hewitt, փետրվարի 24, 1981, Ադելաիդա), ավստրալիացի պրոֆեսիոնալ թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում։

2001 թվականի նոյեմբերին Հեյթոն Հյուիթը դառնում է թենիսի պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիտը, ով 20 տարեկան հասակում համաշխարհային դասակարգման մենախաղի աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նա հաղթել է 2001 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2002 թվականի Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարերում, 2000 թվականին հաղթել է ԱՄՆ բաց առաջնության զուգախաղի մրցաշարում, 2001 և 2002 թվականներին տիտղոսի է արժանացել Tennis Masters Cup-ում (Տարվա ամփոփիչ մրցաշար), ինչպես նաև Ավստրալիայի հավաքականի կազմում 1999 և 2003 թվականներին արժանացել է Դևիսի գավաթին։ 2004 թվականին Հյուիթը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտություն է կրել Ռոջեր Ֆեդերերից։ 1997-2016 թվականների ընթացքում նա 20 անգամ մասնակցություն է ունեցել և հավակնել Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղին՝ եզրափակիչ հասնելով 2005 թվականին, որտեղ նա չորս սեթում... Ավելին

Օգոստոսի 31
Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)
Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)

Ֆրիդրիխ II կամ Ֆրիդրիխ Մեծ, հայտնի նաև Ծեր Ֆրից մականունով (գերմ.՝ Friedrich II., Friedrich der Große, Alte Fritz, հունվարի 24, 1712, Բեռլին - օգոստոսի 17, 1786, Սանսուսի), Պրուսիայի թագավոր 1740 թվականից։ Լուսավորյալ աբսոլյուտիզմի (բացարձակապետություն) վառ ներկայացուցիչ, պրուս-գերմանական պետականության հիմնադիր։

Ֆրիդրիխը ծնվել է Բեռլինում, 1712 թվականի հունվարի 24-ին, մկրտության ժամանակ ստացել է Կարլ Ֆրիդրիխ անունը։ Նրա հայրը՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը, Հոգենցոլերների դինաստիայից էր, իսկ մայրը՝ Սոֆիա Դորոտեյա Հաննորվերցին, Անգլիայի թագավոր Գեորգ I-ի դուստրը։ Ֆրիդրիխը երրորդ և ամենաավագ որդին էր (նրա մյուս երկու որդիները մահացել են մանուկ հասակում) բազմազավակ թագավորական ընտանիքում, որտեղ ծնվել է... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր