Կինշասա (նախկինում՝ Լեոպոլդվիլ, նաև՝ Լեոպոլդստադ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, նավահանգիստ Կոնգո գետի ափին։ Ունի շուրջ 10 միլիոն բնակիչ։ Հիմնվել է 1881 թվականին։
Հիմնադրել է Աֆրիկայի հետազոտող Հենրի Ստենլին 1881 թվականին՝ Կինշասա գյուղի տեղում, և ԲելգիայիԼեոպոլդ II թագավորի անունով կոչել Լեոպոլդվիլ (Լեոպոլդ անվանն ավելացնելով ֆրանսերեն ville ― «քաղաք» բառը, այսինքն՝ «Լեոպոլդի քաղաք»)։
Կինշասա անվանումը վերականգնվել է 1966 թվականին[1]։
Կինշասան, որ ժամանակին եղել է ձկնորսների ու առևտրականների գյուղ, ներկայումս մեգաքաղաք է՝ ավելի քան 11 միլիոն բնակչությամբ: Լայնահուն Կոնգո գետի ձախ ափից նա նայում է հարևան Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլին, որ ընկած է իր դիմաց՝ գետի հանդիպակաց ափին՝ կազմելով այսքան մոտ գտնվող մայրաքաղաքների երկրորդ զույգն աշխարհում (Հռոմից ու Վատիկանից հետո): Կինշասան միաժամանակ համարվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 26 պրովինցիաներից մեկը, որի հսկայական տարածքի 90 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, և միայն արևմտյան ոչ մեծ, բայց անվերջ ընդարձակվող հատվածն է զբաղեցնում բուն քաղաքը[2]:
Կահիրեից ու Լագոսից հետո Կինշասան Աֆրիկայի երրորդ խոշոր քաղաքային բնակավայրն է, ինչպես նաև՝ ֆրանկոֆոն երկրներում ամենամեծ քաղաքը՝ բնակչության թվով գերազանցելով մինչև անգամ Փարիզին[3][4]: Ֆրանսերենը, լինելով պետական լեզու, գործածվում է պաշտոնական գրագրություններում, պետական հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում, դպրոցներում, գործարար միջավայրում և այլուր, մինչդեռ փողոցի լեզուն լինգալան է[5]: 2012 թվականիհոկտեմբերին Կինշասան հյուրընկալել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթնաժողովը[6]:
Քաղաքի բնակիչների մեջ զգալի թիվ են կազմում տեղաբնիկ հումբու և թեքե ցեղերի ներկայացուցիչները։