Լուանդան բարենպաստ դիրք է զբաղեցնում Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Կվանզա գետի թափվելու շրջանում։ Կլիման տվյալ գոտում արևադարձային է, տեղումների տարեկան միջին նորմը՝ 250-500 մմ, ընդ որում դրանց մեծ մասը թափվում է Փետրվար-Մարտ ամիսներին։ Տարվա ամենատաք ամիսը մարտն է՝ +30 °C, հուլիսին ջերմաստիճանը նվազում է մինչև +16 °C, ինչը պայմանավորված է Բենգելական հոսանքի սառեցնող ազդեցությամբ։ Նույն հոսանքի ազդեցությամբ է պայմանավորված նաև քաղաքի անկանոն չոր կլիման (մերձհասարակածային լայնությունների համար)[1]:
Լուանդան Անգոլայի խոշորագույն քաղաքն է, դրա բնակչության թիվը (արվարձաններով) կազմում է մոտ 4,5 միլիոն մարդ։ Մայրաքաղաքի էթնիկ կազմը բավականին բազմազան է։ Այստեղ բնակվում են աֆրիկյան ժողովրրդների ներկայացուցիչներ՝ օրիմբունդու, մբանդա, բակոնգո, լունդա, չոկիե, նգանտուէլա, կուանյամա և այլք, ինչպես նաև եվրոպացիներ և խառը աֆրո-եվրոպական բնակչություն։ Աֆրիկական ծագման մայրաքաղաքի բնակիչները պաշտոնական հաղորդակցության ժամանակ օգտագործում են պորտուգալերենը, իսկ իրար հետ, որպես կանոն, շփվում են բանտու լեզուներով (կիմբունդու, ումբունդու, կիկոնգո), որոնք աստիճանաբար դուրս են մղվում պորտուգալերենի կողմից։ Երիտասարդության 90-98 %-ը խոսում են միայն պորտուգալերենով։ 1983 թվականի տվյալներով հարցման ընթացքում Լուանդայի 2,5 միլիոնանոց բնակչության 75 %-ը պորտուգալերենն անվանել են մայրենի լեզու։ Անգոլացիները, որոնք ունեն եվրոպական և խառը ծագում, խոսում են պետական լեզու համարվող պորտուգալերենով։ Լուանդայի բազմաթիվ բնակիչներ դավանում են տեղական ավանդական կրոններ, հանդիպում են նաև քրիստոնյաներ՝ կաթոլիկներ և բողոքականներ: 1970 թվականին քաղաքում բնակվել է 480 613 մարդ, 2012 թվականի դրությամբ՝ 2 825 311 բնակիչ[3]: