Ալեսանդրո լա Մարմորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո լա Մարմորա
Alessandro La Marmora
Անհայտ նկարչի աշխատանք (1845)
մարտի 27, 1799(1799-03-27)[1] - հունիսի 7, 1855(1855-06-07) (56 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Սարդինական թագավորություն
Մահվան վայրԲալակլավա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանItalian war cemetery in Sevastopol
ՔաղաքացիությունՍարդինական թագավորություն
Զորատեսակբերսալիերներ
Ծառայության տարիներ1814-1855
Կոչումգեներալ և գեներալ-մայոր
Հրամանատարն էրՍարդինիայի 2-րդ կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-ավստրիական պատերազմ
Ղրիմի պատերազմ
Պարգևներ

Ալեսանդրո լա Մարմորա (իտալ.՝ Alessandro La Marmora) կամ Ալեսանդրո Լամարմորա (իտալ.՝ Alessandro Lamarmora), Ալեսանդրո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro della Marmora), ամբողջական անունը՝ Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro Ferrero della Marmora, մարտի 27, 1799(1799-03-27)[1], Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա - հունիսի 7, 1855(1855-06-07), Բալակլավա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), իտալացի ազնվական Ֆեռերո դելլա Մարմորա տոհմից, գեներալ-մայոր, բերսալիերների հիմնադիր։ Ռիսորջիմենտո շարժման աջակից, Ավստրո-Հունգարական և Ղրիմի պատերազմների մասնակից։ Վերջինի ժամանակ գլխավորում էր Երկրորդ սարդինական կորպուսը։ Մահացել է խոլերայից Սևաստոպոլի պաշարման ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորան ծնվել է 1799 թվականի մարտի 27-ին Թուրինում։ Մարկիզ Չելեստինո Ֆեռերո դելլա Մարմորայի և կոմսուհի Ռաֆայելլա Արջենտերո դի Բերսեցիոյի 13 երեխաներից 8-րդն էր։ Կոմսուհու հայրը Իվրեական գնդի կապիտան էր։ Նորածինը մկրտվելուց ստացավ Ալեսանդրո Էվազիո Մարիա անունը։ Կնքահայրն ու մայրը ավագ եղբայրն ու քույրն էր։ 1809 թվականին նշանակվել է մանկլավիկ Պիեմոնտի կառավարիչ, իշխան Կամիլլո Բորգեզեի կառավարման ժամանակ[2][3][4]։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան ավանդությամբ՝ տոհմի բոլոր տղամարդիկ պետք է զինվորական դառնային։ 1814 թվականի հուլիսին, երբ Նապոլեոնի զորքին դուրս վռնդեցին Պիեմոնտից, իշխանությունը կրկին անցավ Սավոյական հարստությանը։ 1815 թվականի հունվարին Սարդինիայի արքա Վիկտոր Էմանուիլ I-ը Ալեսանդրոյին նշանակեց պաշտպանության գնդում։ Նույն թվականի մայիսին Ալեսանդրո լա Մարմորան կրտսեր լեյտենանտի կոչումով տեղափոխվում է գվարդիական գրենադերական գունդ։ Ցանկանալով մասնակցել Գրենոբլի հարձակմանը, որին նախատեսված չէր իր գումարտակի մասնակցությունը, լա Մարմորան տեղերով փոխվեց ինչ-որ դրոշակակրի հետ։ Այս արշավանքի ժամանակ, ձեռքերում վառոդով փորձանոթի պայթյունի հետևանքով, այրեց աչքերը և զրկվեց մատի ֆալանգից։ 1817 թվականի օգոստոսին նրան շնորհվեց նույն գվարդիական գրենադերական գնդի լեյտենանտի կոչում[2][3][4]։

1821 թվականի խռովությունների ժամանակ կռվում էր միապետության կողմից ընդդեմ սահմանադրական բանակի։ Ապստամբության ճնշումից հետո՝ 1821 թվականի նոյեմբերին, Սարդինիայի արքա Կարլ Ֆելիքսը նրան պարգևատրեց Սուրբ Մավրիկիոսի և Լազարի միաբանության ասպետական խաչով։ 1823 թվականի փետրվարին նա ստացավ կապիտանի կոչում և գլխավորեց գվարդիական գրենադերական բրիգադան[2][3][4]։

Բերսալիերների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ական թվականներին լա Մարմորան ակտիվորեն զբաղվում էր ռազմական հետազոտություններով՝ հետևակի վերակազմավորման նպատակով, ուսումնասիրում էր հետևակի փորձն ու սպառազինությունը[5]։ Իր խնդիրն էր ստեղծել թեթև սպառազինված հրաձիգների գունդ, որը մեծացնում էր նրանց շարժունակությունը և թույլ էր տալիս կատարել ռազմական խնդիրները դժվար հասանելի լեռնային և անտառային տեղանքում։ Նմանատիպ գնդի ստեղծման նախապատրաստական ամբողջ աշխատանքները կատարվում էին Ալեսանդրոյի հաշվին[2][3][4]։

Սարդինիայի թագավորության բանակում նոր գնդի կազմավորման ծրագիրը պատրաստ էր 1828 թվականին։ Սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով միայն 1831 թվականի հունվարին նրա հետ ծանոթացավ Բանակի և նավատորմի նախարար Մատեո Անիե դե Ժենեյը։ Եվ միայն 1836 թվականի հունիսի 18-ին Սարդինիայի արքա Կարլ Ալբերտի հրամանով կազմավորվեց հրաձիգների նոր կորպուսը՝ բերսալիերները, իսկ Ալեսանդրո լա Մարմորան նշանակվեց այդ կորպուսի հրամանատար[6]։ Նա անձամբ էր զբաղվում իր ենթակաների պատրաստմամբ։ 1839 և 1843 թվականներին կորպուսը ընդարձակվեց։ 1840 թվականի հունվարին լա Մարմորան ստացավ փոխգնդապետի կոչում։ 1844 թվականի ապրիլին նրան շնորհվեց բերսալիերների գնդապետի կոչում, իսկ 1845 թվականի փետրվարին պարգևատրվեց Սուրբ Յոհան Երուսաղեմացու շքանշանով[2][3][4]։

Մասնակցությունը Ռիսորջիմենտոյին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո լա Մարմորայի հուշարձանը Թուրինում

1848 թվականին Իտալա-ավստրիական պատերազմից կամ Իտալիայի միավորման համար մղված Առաջին պատերազմից առաջ բերսալիերների գունդն ընդարձակվեց և բաժանվեց 3 գումարտակի։ Չնայած լա Մարմորայի կողմից բողոքներին առ այն, որ բերսալիերներ կարող են լինել միայն պրոֆեսիոնալ զինվորականները, գունդը համալրվեց կամավորականներով, որը զգալիորեն թուլացրեց դրանց արդյունավետությունը[2][3][4]։

Բերսալիերների մասնակցությամբ առաջին ռազմական գործողությունը Գոյտոյի ճակատամարտն էր 1848 թվականի ապրիլի 8-ին։ Հակառակորդը փախուստի դիմեց[7]։ Հարձակման ժամանակ Ալեսանդրո լա Մարմորան ստացավ ծնոտի ծանր վնասվածք։ Բուժվելիս գրեց «Ժամանակավոր ցուցումներ բերսալիերների համար» և «Ծանուցում զորակոչիկներին» ձեռնարկները։ Վնասվածքը դանդաղ էր լավանում, այդ պատճառով լա Մարմորան երկաթե հենք նախագծեց, որը պահում էր ծնոտը, ինչպես նաև նախագծեց սնունդը մանրացնող գործիք, քանի որ չէր կարողանում ծամել։ Նույն թվականի հուլիսին ղեկավարում էր բերսալիերներին Գովերնոլոյի ճակատամարտում։ Հաշտության ժամանակ նա ուժեղացրեց զորակոչիկների նախապատրաստությունը և 1848 թվականի վերջին գունդն արդեն կազմված էր 5 գումարտակներից։ Բերսալիերների հիմնադիրը հատուկ ուշադրություն դարձրեց հրաձիգային սպառազինության կատարելագործմանը։ Դեռևս 1848 թվականի հուլիսին Ալեսանդրո լա Մարմորան ստացավ գեներալ-մայորի կոչում, իսկ 1849 թվականի փետրվարին նշանակվեց բանակի շտաբի պետ՝ պահպանելով բերսալիերների տեսուչի իր պաշտոնը[2][3][4]։

Հաշտության ավարտին՝ 1849 թվականի մարտին, Ալեսանդրոն մասնակցեց Մորտարայի և Նովարայի ծանր ճակատամարտերին, որտեղ ստացավ ոտքի վնասվածք։ Շնորհիվ իր խիզախության՝ Սարդինական թագավորության բանակին հաջողվեց խուսափել լրիվ ջախջախումից[8]։ Նույն թվականի նոյեմբերին լա Մարմորան զինվորական սխրագործության համար արժանացավ արծաթե մեդալի։ 1849 թվականի ապրիլին որպես դիվիզիայի հրամանատար ուղարկվեց Ջենովա՝ արքայական կոմիսարի ենթակայության տակ ծառայելու[9]։ Նրան այնտեղ ուղարկեցին ժողովրդական ապստամբությունը ճնշելու համար, որն սկսվել էր Նովարայի ճակատամարտում Սարդինական թագավորության պարտությունից հետո[2][3][4]։

1852 թվականին Ջենովայի հոսպիտալում բուժվելիս, որտեղ հայտնվել էր ձիուց անհաջող ընկնելու արդյունքում, ծանոթացավ Օպիցոնիի այրու՝ Ռոզայի հետ (օրիորդական ազգանունը Ռոկոտալիատա), ում հետ ամուսնացավ 1854 թվականի հուլիսի 1-ին։ Երեխաներ չծնվեցին։ Երբ նույն թվականի ամռանը և աշնանը Ջենովայում խոլերայի համաճարակ բռնկվեց, նա հոսպիտալներում և լազարեթներում ամեն օր այցելում էր հիվանդներին։ Իրենց տանը նա կնոջ հետ նրանք օգնություն էին ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Իրազեկման նպատակներով Ալեսանդրոն գրեց և հրատարակեց խոլերայի, դրա պրոֆիլակտիկայի և բուժման մասին բրոշյուր[2][3][4]։

Մահ և հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականի մարտին Ղրիմի պատերազմի ժամանակ Ալեսանդրո լա Մարմորան նշանակվեց Սարդինական թագավորության արշավային ուժերի երկրորդ կորպուսի հրամանատար[5]։ Նույն թվականի մայիսին նրան ուղարկեցին ռազմաճակատ[10]։ Ղրիմ հասնելուց մի քանի օր անց հիվանդացավ խոլերայով[11] և մահացավ 1855 թվականի հունիսի 7-ի առավոտյան[2][3][4]։ Մահվան հաջորդ օրը նրա մարմինը՝ փաթաթած բրդյա ծածկոցով, թաղեցին Բալակլավայում՝ Ռուսական կայսրության տարածքում։ Գեներալի գերեզմանին հուշարձան տեղադրեցին[12]։

1911 թվականի հունիսի 14-ին 46 սպաների և Թուրինի բերսալիերների 4-րդ գնդի ուղեկցությամբ՝ Ալեսանդրո լա Մարմորայի աճյունը պատվով տեղափոխվեց Իտալիայի թագավորություն։ Ամբողջ գիշեր աճյունի առջև պատվո պահակախումբ էր կանգնած։ Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հաջորդ օրը։ Նրա հիշատակին սալյուտ տրվեց, որից հետո աճյունը թաղվեց Բիելի Սուրբ Սեբաստիան բազիլիկի ընտանեկան դամբարանում, որը կառուցվել էր 1504 թվականին Սեբաստիան Ֆեռերոյի նախագծով։ Նրա կողքին թաղված է եղբայրը՝ Ալֆոնսո Ֆեռերո դելլա Մարմորան[2][3][4]։

1867 թվականին Թուրինում կանգնեցվեց Ալեսանդրո լա Մարմորայի հուշարձանը։ Քանդակագործ Ջուզեպե Կասանոյի նախագիծը հաստատվեց 1862 թվականին։ Քանդակագործը հուշարձանի մեջ պատկերեց բերսալիերների հիմնադրի՝ Գոյտոյում 1848 թվականի ապրիլին տեղի ունեցած առաջին ճակատամարտի և 1855 թվականին Ղրիմ կատարած վերջին արշավանքի մասին հիշողությունները[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Testore P. C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1997. — Vol. 47.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Casana Testore, Paola. «Ferrero della Marmora, Alessandro». Dizionario Biografico degli Italiani — Volume 47 (1997) (իտալերեն). www.treccani.it.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Alessandro Ferrero della Marmora» (իտալերեն). www.biellaclub.it.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Soldavini, Dino. «Alessandro Lamarmora» (PDF) (իտալերեն). www.fanfaralonate.it.
  5. 5,0 5,1 Alessandro Ferrero della Marmora
  6. Bradford, 2004, էջ 175
  7. Frediani, Andrea Il ponte di Goito, 8 aprile 1848 // 101 battaglie che hanno fatto l'Italia unita. — Roma, 2011.
  8. Frediani, Andrea La rotta di Mortara, 21 marzo 1849 // 101 battaglie che hanno fatto l'Italia unita. — Roma, 2011.
  9. Frediani, Andrea Genova non ci sta, 31 marzo — 11 aprile 1849 // 101 battaglie che hanno fatto l'Italia unita. — Roma, 2011.
  10. Frediani, Andrea Sangue sulla Cernaia, 16 aggosto 1855 // 101 battaglie che hanno fatto l'Italia unita. — Roma, 2011.
  11. Paoletti, 2008, էջ 105
  12. «The Illustrated London News» (անգլերեն). Illustrated London News & Sketch Limited. 1856.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո լա Մարմորա» հոդվածին։