Լեպա Բրենա
Լեպա Բրենա | |
---|---|
Բնօրինակ անուն | սերբախորվաթ․՝ Лепа Брена / Lepa Brena |
Ի ծնե անուն | բոս․՝ Fahreta Jahić-Živojinović |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1960[1] (64 տարեկան) Տուզլա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ |
Երկիր | Republic of Bosnia and Herzegovina |
Ժանրեր | փոփ, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | PGP-RTB?, Grand Production?, Diskoton? և Payner |
Կրթություն | Faculty of Science, University of Belgrade? |
Ամուսին | Slobodan Živojinović? |
Lepa Brena Վիքիպահեստում |
Լեպա Բրենա (սերբախորվաթ․՝ Лепа Брена / Lepa Brena), իսկական անունը՝ Ֆախրետա Ժիվոինովիչ, օրիորդական ազգանունը՝ Յախիչ (սերբախորվաթ․՝ Фахрета Јахић-Живојиновић / Fahreta Jahić-Živojinović, հոկտեմբերի 20, 1960[1], Տուզլա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), հարավսլավացի և բոսնիացի երգչուհի, դերասանուհի և պրոդյուսեր, ամենահանրահայտ երգչուհին ոչ միայն Բոսնիա և Հերցեգովինայում, այլև նախկին Հարավսլավիայի երկրներում (աշխարհում վաճառվել է նրա ալբոմների ավելի քան 40 միլիոն օրինակ)[2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆախրետա Յախիչը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 20-ին Տուզլա քաղաքում (այն ժամանակ՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն Հարավսլավիայի կազմում)։ Մանկությունն անցել է Բրչկո քաղաքում։
Ֆախրետա Յախիչը եղել է Աբիդ և Իֆետա Յախիչների երրորդ երեխան։ Հայրը մասնագիտությամբ բժիշկ էր, մայրը՝ դերձակուհի։ Ընտանիքն ապրել է երկու սենյականոց բնակարանում, սակայն Լեպա Բրենան նշում է, որ ինքը մանուկ հասակում ոչնչի պակասություն չի զգացել[5]։
Դեռ վաղ տարիքում ծնողները նկատել են իրեց դստեր երաժշտական տաղանդը։ Առաջին երգը Ֆախրետան լսել է գրամոֆոնով, իսկ հետո հաճախ կատարել է այն իր ընտանիքի անդամների համար։ Հինգերորդ դասարանում ելույթ է ունեցել «Երիտասարդ շինարարներ» փառատոնում, որտեղ կատարել է «Նվագիր ևս մեկ անգամ, իմ ընկեր» (սերբ.՝ Sviraj jos prijatelju moj) և զբաղեցրել առաջին տեղը։ Գերազանցությամբ ավարտել է Զաիմ Մուշանովիչի անվան միջնակարգ դպրոցը[6]։ Տարված է եղել նաև բասկետբոլով. խաղացել է Բրչկո քաղաքի «Ինտերպլետ» թիմում (Ֆախրետա Յախիչի հասակն այդ ժամանակ եղել է 176 սմ)։ Այնտեղ էլ ֆիզկուլտուրայի ուսուցիչը տվել է նրան «Բրենա» մականունը, որը հետագայում դարձել է երգչուհու բեմական կեղծանունը[7]։ Ֆախրետա Յախիչի կեղծանվան «Լեպա» բաղադրիչն ավելացել է հարավսլավացի հաղորդավար Միլովան Իլիչի շնորհիվ, ով երգչուհուն կոչել է «Լեպա» (սերբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ»)։
Ավելի ուշ Ֆախրետա Յախիչը որոշել է լրջորեն զբաղվել երգչուհու կարիերայով։ Մրցույթում ունեցած հաջողությունից հետո նա հրավիրվում է մասնակցելու Yudexi խմբի լսումներին։ Նա հաճախում է մշակույթի տուն, զբաղվում պարով, մասնակցում մրցույթների։ Ֆախրետան երազում էր հանդիսատեսի կողմից սիրված երգեր, սակայն տանը կատարում էր միայն սևդալինկաներ, որոնք շատ էր սիրում նրա մայրը։ 1979 թվականին Բրենան մեկնում է Բելգրադ և ընդունվում Բելգրադի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի «Զբոսաշրջություն» բաժին[8]։
«Լիրա շոու»
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով Ֆախրետայի եղբայրն սկսում է սովորել միջնակարգ դպրոցում, իսկ քույրը չէր կարողանում աշխատանք գտնել։ Հոր աշխատավարձի կեսը նրանք ստիպված էին լինում ուղարկել Բելգրադ՝ Ֆախրետային, իսկ ընտանիքին մնում էր աշխատավարձի մնացած մասը։ Մեկ տարի համալսարանում սովորելուց հետո Ֆախրետա Յախիչը թողնում է համալսարանն ու վերադառնում Բրչկո, որտեղ սկսում է հանդես գալ երգչուհի ու մեծ ճանաչում է ձեռք բերում քաղաքում։ Բրչկոյում 1980-ական թվականների սկզբին գործում էր Սաշա Պոպովիչի «Լիրա շոու» կոլեկտիվը։ Երբ խմբի մենակատարուհի Սպասան հեռանում է խմբից ամուսնության պատճառով, հայտարարություն է տրվում նոր մենակատարուհու ընտրության մասին[9]։
Բրչկոյում խմբի անդամներն իմանում են ռոք երգչուհի Ֆախրետա Յախիչի մասին, որ ելույթ էր ունենում մշակույթի տանը։ Երաժիշտներին աղջիկը թվում է շատ տարօրինակ, հատկապես երբ ասում է. «Ընդհանրապես ես չեմ երգում ժողովրդական երգեր, բայց կսովորեմ»։ Ֆախրետան ընդունվում է խումբ, սակայն սկզբում նրա ծնողները դեմ էին իրենց դստեր այդ որոշմանը. հայրը չէր ուզում, որ իր դուստրը դառնա կաֆանայի երգիչ։ Սակայն Ֆախրետան հայտարարում է, որ կերգի խմբում, անգամ եթե ստիպված լինի դեմ գնալ ծնողների կամքին։ Դրանից հետո ծնողները տալիս են իրենց համաձայնությունը։ Ապրիլի 5-ին Յախիչը գնացքով մեկնում է Բաչկա-Պալանկա, իսկ հաջորդ օրը մասնակցում է համերգի[10]։
1980 թվականի մայիսի 6-ին Բրենան խմբի հետ համերգ է տվել «Տուրիստ» հյուրանոցում։ Սերգիայում կատարած համերգային բազմաթիվ շրջագայություններից ու «Լիրա շոուի» կազմում երկու տարի աշխատելուց հետո՝ 1982 թվականին, նա սկսել է աշխատել Նովի Սադում՝ «Պարկ» հյուրանոցում։ Ընդհանուր առմամբ խումբը մեծ ժովովրդականություն էր վայելում իր երգերի շնորհիվ, սակայն Բրենան հաճախ էր քննադատության ենթարկվում իր արտաքին տեսքի ու հագուստների պատճառով. նա օրինակ էր վերցնում փոփ աստղերից ու նրանցից, ովքեր իրականացնում էին սեքսուալ հեղափոխություն։ Արդյունքում երգչուհին որոշում է ինքն իր համար հագուստ ստեղծել։ Նա նկարում էր բեմական հագուստի էսքիզներն ու ուղարկում դրանք իր մորը։ Թեև Իֆետան չէր հավանում նրա արտաքին տեսքը, սակայն չէր կարող դեմ գնալ դստեր կամքին[5]։ Բրենան քննադատության էր ենթարկվում նաև ավելորդ քաշի պատճառով, սակայն 1982 թվականին նա հայտարարել է, որ չի պատրաստվում լսել ուրիշների կարծիքն ու հագնվելու է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Բրենայի խոսքերով՝ «Կաբարե» ֆիլմում Լայզա Մինելլին նկարահանվել է շորտով ու շալվարակալով, երբ նա արդեն 45 տարեկան էր, իսկ կեղծ բարոյականությանը հետևել ինքը չի պատրաստվում[11]։
«Slatki greh»
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի աշնանը Լեպա Բրենան համերգ է տալիս Բելգրադի «Տաշ» հյուրանոցում, ինչից էլ սկսվում է նրա ուղին դեպի մեծ ճանաչում։ Հյուրանոցի տնօրենը՝ նախկին բասկետբոլիստ Վլադիմիր Ցվետկովիչը, դառնում է երգչուհու առաջին պրոդյուսերը, ով ծանոթացել էր կոմպոզիտոր Միլուտին Պոպովիչ-Զախարի հետ և կարողացել էր ձայնապնակի վրա ձայնագրել տասը երգ (PGP-RTB լեյբլով)։ Նույն թվականին «Լիրա շոուն» վերանվանվում է «Slatki greh»: «Čačak, Čačak» խորագիրը կրող ալբոմում ընդգրկված մի քանի երգերի շնորհիվ Լեպա Բրենան ընդգրկվում է հիթ-շքերթում[10]։ Սակայն անպատշաճ արտաքին տեսքի պատճառով Յովան Ռիստիչը հանում է Լեպա Բրենայի ելույթը համերգից՝ նրա տեղը տալով Միլովան «Մինիմաքս» Իլիչին, ով իր «Pretežno vedro» շոուում Ֆախրետայի բեմական կեղծանվանն ավելացրեց «Լեպա» բաղադրիչը։ 1982 թվականին Լեպա Բրենան նկարահանվում է «Կոշտ կաշի» (սերբ.՝ Tesna koža) ֆիլմում[10]։
1983 թվականին Լեպա Բրենան Միլուտին Պոպովիչ-Զախար համագործակցությամբ թողարկում է իր երկրորդ ալբոմը։ «Mile voli disko», «Duge noge» և «Dama iz Londona» երգերը դառնում են մեգա-հիթեր։ Նույն թվականին Լեպա Բրենան «Sitnije, Cile, sitnije» երգով մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին։ «Sitnije, Cile, sitnije»-ը դառնում է այդ տարվա ամենահայտնի երգը, սակայն Լեպա Բրենային չի հաջողվում հաղթել մրցույթում։ Նույն թվականին նա հանդիպում է Ռակա Ջոկիչին՝ «Estrada Kikinda»-ի տնօրենին, ով շուտով դառնում է երգչուհու պրոդյուսերը[12]։ Նա իր վրա է վերցնում Լեպա Բրենայի կարիերային վերաբերող բոլոր հարցերի կարգավորումը, իսկ դրանից կարճ ժամանակ անց Լեպա Բրենան համերգային շրջագայություն է ունենում Հարավսլավիայում, որի ընթացքում նրա խումբը տալիս է 17 համերգ է տալիս Բելգրադի Սավա կենտրոնում։ Մոստարի «Վելեժա» մարզադաշտում կայացած համերգին ներկա էր շուրջ 30 հազար մարդ։ 1984 թվականին թողարկվում է «Bato, bato» ալբոմը, իսկ խումբը ձեռք է բերում նոր իմիջ, որ տարբերվում էր Պոպովիչի ոճից։ Ժողովրդի շրջանում Լեպա Բրենային կոչում էին «կաֆանաների աղջիկ», ով սկսել է կատարել ավելի բաց ու պրովոկացիոն տեքստերով փոփ երգեր՝ դրանով իսկ ձեռք բերելով մեծ ժողովրդականություն[12]։
Նույն թվականին Ռակա Ջոկիչը հավաքում է կինեմատոգրաֆիտների խումբ ռեժիսոր Միչա Միլոշևիչի ու գրող Սինիշա Պավիչի գլխավորությամբ։ Միասին նրանք նկարահանում են «Խնդիր չկա» (սերբ.՝ Nema problema) կատակերգությունը, որի նպատակն էր աջակցել Լեպա Բրենայի ու «Slatki greh» խմբի՝ ավելի մեծ ճանաչում ձեռք բերելուն։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ երկրում և արժանացավ հարավսլավական ինքնատիպ «Ժողովրդականության Օսկարի»։ Դրանից բացի Լեպա Բրենան շարունակեց համագործակցությունը Միրոսլավ Իլիչի հետ՝ ձայնագրելով «Jedan dan života» ձայնապնակը՝ «Živela Jugoslavija» երգով[13]։ Նույն թվականին նա Սարաևոյի «Սկենդերիա» մարզահամերգային համալիրում մեծ համերգ տվեց, իսկ 1984 թվականին Սարաևոյում ելույթ ունեցավ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, ինչպես նաև առաջին անգամ համերգային շրջագայության մեկնեց Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում ու Ավստրալիայում․ Սիդնեյում Լեպա Բրենայի համերգին ներկա էր 12 հազար մարդ։
1985 թվականին Բրենան թողարկեց իր չորրորդ ալբոմը՝ «Pile moje», ինչպես նաև Հարավսլավիայում կազմակերպեց համերգային մեծ շրջագայություն, որ տևեց մի քանի ամիս։ Ռումինիայում նա համերգ տվեց Դան Պելտինիշանուի մարզադաշտում, որին ներկա էր 60 հազար հանդիսատես (ռեկորդը կրկնվել է 2012 հունիսի 15-ին[14])։ Նույն թվականին Լեպա Բրենան երկրորդ անգամ մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, սակայն այս անգամ ևս նրան չի հաջողվում հաղթել։ Գարնանը նա թողարկում է իր հինգերորդ՝ «Voli me, voli» ալբոմը։ Նույն թվականին «Alisa» փոփ-ռոք խումբը նրա հետ ձայնագրում է «Posle devet godina» երգը, որ հայտնի է «Hej hej dečače» վերնագրով[15]։
«Արի սիրահարվենք»
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի վերջին Լեպա Բրենան արդեն դարձել էր երկրի ամենաճանաչված երգչուհին ու սեքս-սիմվոլը[11][16]։ Ռակա Բոկիչը ծրագրել էր նկարահանել ֆիլմ, որի գլխավոր դերում հանդես կգար Լեպա Բրենան։ 1987 թվականին թողարկվեց «Արի սիրահարվենք» (սերբ.՝ Hajde da se volimo) ֆիլմն ու համանուն ալբոմը։ Հաջողությունն անհավանական էր․ ֆիլմում նկարահանվել էին կինոաստղեր Դրագոմիր Բոյանիչը, Միլուտին Կարաջիչը, Վելիմիր Ժիվոինովիչը, Միլան Շտրլիչը և այլք[17]։ Հետագայում նկարահանվեցին նաև «Արի սիրահարվենք 2»[18] և «Արի սիրահարվենք 3»[19] ֆիլմերը, ինչպես նաև Četiri godine և Boli me uvo za sve ալբոմները։ Hajde da se volimo, Golube, On ne voli me, Udri Mujo, Biseru beli, Ja pripadam samo tebi, Poželi sreću drugima, Jablane ու Čik pogodi երգերը դարձան հիթեր[20]։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին Լեպա Բրենան տարեկան տվել է ավելի քան 350 համերգ[21] (այդ թվում՝ երկու համերգ նույն օրը)։ 1990 թվականին Բելգրադի Սավա կենտրոնում տվել է 17 օր տևողությամբ համերգ[22][23], իսկ Բուլղարիայում՝ «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, նրա համերգին ներկա էր 90 հազար մարդ։ Այդ ժամանակ բեմում հայտնվել է ուղղաթիռ․ նմանատիպ ներկայացում կրկնեց նաև 2011 թվականի վերջին[24]։
Մենակատարի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Լեպա Բրենան ձայնագրել է «Slatki greh» խմբի հետ իր երկրորդ և վերջին ալբոմը՝ «Zaljubiška»: Մամուլում անդրադարձ չեղավ ալբոմին, որովհետև 1992 թվականի նոյեմբերին երգչուհին դահուկով սահելիս ջարդել էր ոտքը (բուժումը շարունակվել է մոտ կես տարի)[25]։ Շուտով նա սկսում է զբաղվել մենակատարի կարիերայով, որը սկզբում շատ ծանր էր։ 1993 թվականի հոկտեմբերի 30-ին մահանում է Լեպա Բրենայի պրոդյուսերը՝ Ռակա Ջոկիչը, ինչը ծանր փորձություն էր նրա Բրենայի համար[25][26]։ 1994 թվականին՝ եռամյա դադարից հետո, Լեպա Բրենան թողարկում է իր առաջին սոլո ալբոմը՝ «Ja nemam drugi dom», և համերգ է տալիս Տաշմայդան մարզադաշտում. այդ համերգը, որին ներկա էր 35 հազար հանդիսատես, հայտնի է որպես «Համերգ անձրևի տակ»[27]։ 1995 թվականին երգչուհին ձայնագրել է իր «Kazna božija» ալբոմը և համերգային շրջագայության մեկնել Մակեդոնիայում։ 1996 թվականին թողարկվում է ևս մեկ ալբոմ՝ «Luda za tobom», իսկ 2000 լույս է տեսնում «Slatki greh» խմբի 12-րդ ալբոմը՝ «Pomračenje sunca», ինչից հետո Լեպա Բրենան դադարեցնում է համագործակցությունը խմբի հետ[28]։
2004 թվականին Լեպա Բրենան թողարկում է «The Best Of Lepa Brena» հավաքածուն, որում ընդգրկված էին նրա 42 լավագույն երգերը, իսկ 4 տարի անց թողարկում է նոր ալբոմ՝ «Uđi slobodno»[29], որ ներառում էր 10 նոր երգեր (հիթ-շքերթներում տեղ գտան «Pazi kome zavidiš» և «Kuća laži» երգերը)։ 2009 թվականին նա կազմակերպեց բալկանյան համերգային շրջագայություն, իսկ 2011 թողարկեց ևս մեկ ալբոմ՝ «Začarani krug»: 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ իր ծննդյան օրը, Լեպա Բրենան համերգ տվեց Բելգրադում՝ այնտեղ գնալով ուղղաթիռով և ելույթ ունենալով «Operacija Trijumf» շոուում[30]։
2012 թվականին Լեպա Բրենան սկսում է ձայնագրել իր հերթական ալբոմը՝ Izvorne i novokomponovane narodne pesme, որում հավաքված էին բալկանյան սլավոնների հին երգեր (այդ թվում՝ բոսնիական, սերբական ու մակեդոնական), ինչպես նաև 1970-ականներին մեծ ժողովրդականություն վայելած մի քանի երգեր։ Ալբոմը վաճառքում հայտնվեց 2013 թվականի դեկտեմբերին[31]։ Լեպա Բրենան ալբոմը նվիրել է իր մորը՝ Իֆետային, ով հաճախ էր երգում ժողովրդական երգեր, երբ երգչուհին դեռ փոքր էր։ Ալբոմի թողարկումից մեկ ամիս անց Լեպա Բրենան հանրության դատին հանձնեց ևս երկու երգ՝ «Ljubav čuvam za kraj»[32][33][34] (28 դեկտեմբերի, 2013) և «Zaljubljeni veruju u sve» (12 հունվարի, 2014)։ Երգերի տեքստերի հեղինակը Խարի Վարեշանովիչն էր։
2013 թվականի դեկտեմբերի 19-ին Լեպա Բրենան բալկանյան էստրադայի մի շարք աստղերի հետ, որոնց թվում էին Դրագանա Միրկովիչը, Սևերինա Վուչկովիչը, Խարիս Ջինովիչը, Ացա Լուկասը և Ելենա Կարլեուշան, ելույթ է ունենում Գորան Բրեգովիչի բարեգործական համերգում, որ անցկացվում էր Սարաևոյի՝ Խուան Անտոնիո Սամարանչի անվան օլիմպիական պալատում։ Համերգից ստացված միջոցներով օգնություն է ցուցաբերվել Բոսնիա և Հերցեգովինայի գնչուական համայնքին[35]։ Լեպան քաղաք էր ժամանել համերգից երկու օր առաջ և հասցրել էր իր ընկերների զբոսնել քաղաքում[36]։ Հարցազրույցի ժամանակ Լեպա Բրենան ասել է. «Սարաևոն երկար տառապել է և շատ բան է վերապրել, և ես ուրախ եմ, որ վերջապես այս քաղաքում տեսնում են ուրախ մարդիկ ու երջանկություն»[37]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի դեկտեմբերի 7-ին Լեպա Բրենան ամուսնանում է թենիսիստ Սլոբոդան Ժիվոինովիչի հետ, և այդ իրադարձությունը լայնորեն քննարկվում է այն ժամանակ դեռ գոյություն ունեցող Հարավսլավիայի մամուլում։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում։ Հարսանիքն այնքան մեծ ուշադրություն էր գրավել, որ Ռակա Ջոկիչը նկարահանում է այն տեսաերիզի վրա, և տեսանյութը տարածվում է երկրում։ Սլոբոդան Ժիվոինովիչի հետ Լեպա Բրենայի հարաբերությունները ակտիվորեն քննարկվել են դեղին մամուլում։
Լեպա Բրենան ունի երեք երեխա՝ Ֆիլիպը (որդին առաջին ամուսնությունից), Ստեֆանը (ծնվել է 1992 թվականին) ու Վիկտորը (ծնվել է 1998 թվականին)[38][39]։ Որոշ տվյալների համաձայն՝ Լեպա Բրենան, որ դաստիարակվել է որպես սունի մուսուլման, մկրտվել է՝ դառնալով ուղղափառ քրիստոնյա (Ելենա անվամբ), ինչի համար նրան հաճախ քննադատել են դեղին մամուլում[40]։
2000 թվականի նոյեմբերի 23-ին Լեպա Բրենայի որդին՝ Ստեֆանը, առևանգվել է անհայտ անձանց կողմից (ինչպես պարզվել է հետագայում, դա եղել է Զեմունի հանցագործ խումբը). նրանք պահանջել են երկուսուկես միլիոն գերմանական մարկ փրկագին։ Հինգ օր անց տղան ազատվել է[41], և Ժիվոինովիչները տեղափոխվել են ԱՄՆ՝ դադարեցնելով բոլոր հարաբերությունները «Slatki greh» խմբի հետ։ Դրա պատճառով Լեպա Բրենան ժամանակավորապես դադարեցրել է իր կարիերան[38]՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքին։ 2014 թվականին նա հայտարարել է, որ պատահածն իր համար մեծ ցնցում էր, որն ինքը դեռևս չի կարողանում մոռանալ[42]։
Ժիվոինովիչները բնակվում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ Կոկոնատ Կրիկում 1999 թվականից հետո։ Լեպա Բրենան տուն ունի Մոնտե Կառլոյում և ևս մի առանձնատուն՝ Ֆիշեր կղզում։ 2010 թվականին նա իր ամուսնու հետ Մայամի կղզում գնել են հինգ ննջարան ունեցող առանձնատուն, որի արժեքը կազմել է 1,6 միլիոն դոլար։ 1998 թվականին Լեպա Բրենան դարձել է Grand Slam Group and Grand Production ընկերության համահիմնադիրներից մեկը։
2010 թվականի հոկտեմբերի 22-ին զոհվել է Լեպա Բրենայի 82-ամյա հայրը՝ Աբիդ Յախիչը. նա հայրենի Բրչկոյում ընկել էր ավտոբուսի տակ։ Թաղումը, որին ներկա էր Լեպա Բրենան իր ընտանիքի հետ[43], կատարվել է մուսուլմանական ավանդույթի համաձայն։ Լեպա Բրենան հետագայում ասել է, որ հոր մահվանը հաջորդող առաջին ամիսներն ամենածանրն էին իր կյանքում։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին մահացել է Լեպա Բրենայի մայրը՝ Իֆետա Յախիչը։ Նրան թաղել են մուսուլմանական կարգով ամուսնու կողքին։
Քաղաքական սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Լեպա Բրենան հայտնվել է սկանդալի կենտրոնում. մայիսի 30-ին և հունիսի 13-ին Սարաևոյում ու Զագրեբում համապատասխանաբար բոսնիացի ու խորվաթ բնակիչների մեծ մասը բոյկոտել են նրա համերգները։ Այդ օրերին մամուլում հայտնվել էին Լեպա Բրենայի՝ 1993 թվականի լուսանկարները, որոնցում նա Բրչկո քաղաքում նկարվել է Սերբիայի Հանրապետության բանակի համազգեստով[44]։ Բողոքավորները Ֆախրետային կոչել են դավաճան, որովհետև նա ամուսնացել է սերբի հետ և իր երկու երեխաներին տվել է սերբական անուներ։ Սակայն համերգներ անցել են առանց պատահարների։ Լեպա Բրենան պնդում է, որ ինքն այդ համազգեստը կրել է 1990 թվականին՝ Աֆրիկայում «Tamba Lamba» տեսահոլովակի նկարահանման ժամանակ, իսկ 1993 թվականին ինքը պարզապես փրկել է իր ծնողներին այդ քաղաքից[45][46][47][48][49]։ Լեպա Բրենան իրեն համարում ոչ թե սերբ կամ խորվաթ, այլ հարավսլավացի։
Առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 27-ին հիվանդանոց է տարվել «արյունաբեր երակի թրոմբ» ախտորոշմամբ, ինչի պատճառով չեղյալ է հայտարարել օգոստոսին նախատեսված համերգներն ու երեք ամսով դադարեցրել իր երաժշտական գործունեությունը[50]։ 2004 թվականին արդեն հեռացրել էին նրա ձեռքին եղած թրոմբը[51][52]։
2014 թվականի հուլիսի 25-ին Լեպա Բրենան նորից հայտնվում է հիվանդանոցում. Նովի Վինոդոլսկիում հանգստանալիս նա նույն օրն ընկել էր աստիճաններից ու ջարդել երկու ձեռքերը[53]։ Հինգ օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից և մեկ ամիս անցկացրել հյուրանոցում[54]։ 2015 թվականի հունվարի 2-ին Զլատիբորում Լեպա Բրենան կրկին ընկել է աստիճաններից՝ ջարդելով դաստակը[55][56], սակայն այս անգամ վիրահատական միջամտության կարիք չի զգացվել[57]։ Այնուամենայնիվ, նա չեղյալ է հայտարարել Ժիվինիցե ու Տրավնիկ քաղաքներում կայանալիք համերգները[58]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Նովի Պազար[59], Կրագուևաց, Վրանյե, Նիշ, Ուժիցե (Սերբիա), Տիմիշոարա (Ռումինիա) և Տոկիո (Ճապոնիա)[60] կան Լեպա Բրենայի անունը կրող փողոցներ ու հուշատախտակներ։ Նա Կիկինդա քաղաքի պատվավոր քաղաքացի է[61]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Čačak, Čačak (1981)
- Mile voli disko (1982)
- Sitnije, Cile, sitnije (1983)
- Bato, Bato (1984)
- Pile moje (1985)
- Jedan dan života (1985)
- Voli me, voli (1986)
- Uske pantalone (1986)
- Hajde da se volimo (1987)
- Četiri godine (1989)
- Lepa Brena & Slatki Greh (1990)
- Boli me uvo za sve (1990)
- Zaljubiška (1991)
- Ja nemam drugi dom (1994)
- Kazna Božija (1995)
- Luda za tobom (1996)
- Pomračenje sunca (2000)
- Lepa Brena (The Best of – Dupli CD) (2004)
- Uđi slobodno... (2008)
- Začarani krug (2011)
- Izvorne i novokomponovane narodne pesme (2013)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինո
- Կոշտ կաշի (1982)
- Խնդիր չկա (1984)
- Վարորդները նորից ճանապարհին են (1984)
- Արի սիրահարվենք (1987)
- Արի սիրահարվենք 2 (1989)
- Արի սիրահարվենք 3 (1990)
- Հեռուստատեսություն
- Ուշ ժամի (1982)
- Jugovizija (1983)
- Վարորդներ 2 (1983)
- Jugovizija (1986)
- Obraz uz obraz: Novogodišnji special (1991)
Համերգային շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mile voli disko Tour (1983)
- Bato, Bato Tour (1984)
- Uđi slobodno Tour (2008–10)
- Začarani krug Tour (2011–15)
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համերգ Սինդիկատների տանը (1987)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Brena, bre». Vreme. 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Lepa Brena biografija». Story. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Vlasnici muzike i stranih priznanja». Blic. 2007 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 5,0 5,1 Biografija Lepe Brene Արխիվացված 2013-01-26 archive.today, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Press: „Heroji naše i vaše mladosti“ Արխիվացված 2013-06-30 archive.today, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Tračarenje: „Kako je Lepa Brena dobila nadimak?“ Արխիվացված 2013-04-09 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Folkoteka: „Lepa Brena - biografija“ Արխիվացված 2016-06-23 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Poznati INFO: „Lepa Brena - Biografija“ Արխիվացված 2013-10-29 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ 10,0 10,1 10,2 Balknmedia: „Mile voli disko, a ja kolo šumadijsko“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ 11,0 11,1 Story: „Kako je Lepa Brena postala jugoslovenski simbol“ Արխիվացված 2013-10-29 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ 12,0 12,1 Vreme 911: „Povratak Lepe Brene - Poslednja Jugoslovenka“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Puls: „Saša Popović: Miroslav Ilić je tražio da uništimo Zoricu i Kemiša“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Telegraf: „Lepa Brena posle 28 godina peva u Rumuniji!“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ ESC Serbia: „Kako ja kažem: Lepa Brena – Usitnjene kritike“ Արխիվացված 2013-10-29 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Blic: „Pomirila sam se sa tim da više nisam seks simbol“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ IMDB
- ↑ IMDB
- ↑ IMDB
- ↑ Политика: „Цео свет је моја кућа“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ «Hajde da se volimo 1 (1987) - domaći film». Dodirnime. 2011 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Džetleg: „Poznati :: Fahreta Jahić“ Արխիվացված 2013-07-01 archive.today, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ «Lepa Brena: Ja sam obična žena koja oko sebe ne stvara nikakvu medijsku pompu». Svet. 2011 թ․ հուլիսի 14. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Svet: „Ponovo sleće helikopterom: Lepa Brena večeras u Sofiji!“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ 25,0 25,1 «Lepa Brena u Centralnom Dnevniku 2 dio». YouTube. May 2009. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «DEŠAVALO SE DA PUKNEM I KAŽEM OVO JE KRAJ, NE MOGU VIŠE, ALI IZBROJIM DO DESET I NIŠTA OD RAZVODA!». Svet. 2010 թ․ փետրվարի 16. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Lepa Brena official website». JednaJeBrena. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Vesti Online: „Lepa Brena za rođendan u Areni“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ M. Majstorović (2010 թ․ դեկտեմբերի 22). «Press Daily». Pressonline.rs. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Crveni tepih: „Lepa Brena helikopterom stigla u Beogradsku arenu“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ «Lepa Brena objavila novi album! Poslušajte sve pesme!». Alo. 2013 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Lepa Brena najavila novu pesmu i odala tajne!». Kurir-info. 2013 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014-02-06-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Pogledajte Breninu novu frizuru!». Alo. 2013 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «NOVOGODIŠNJI HIT: Poslušajte novu pesmu Lepe Brene». Kurir-info. 2013 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014-02-09-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Lepa Brena gost na koncertu Gorana Bregovića: Zajedno pevaju za Rome». Svetplus. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Lepa Brena u duhu Orijenta: Oduševila sarajevsku publiku!». Svetplus. 2013 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Drago mi je kada vidim sreću u Sarajevu». Blic. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 38,0 38,1 Puls: „Fahreta Živojinović - Lepa Brena“ Արխիվացված 2013-07-01 archive.today, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Press Online: „Životna ispovest Lepe Brene“ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ «Lepa Brena u Centralnom Dnevniku 1 dio». YouTube. May 2009. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Prokletstvo uspeha». Vreme. 2000 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Otmica djeteta trajno ju je razboljela!». Dnevnik. 2014 թ․ հունվարի 2. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Lepa Brena sahranila oca u Brčkom». Kurir. 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ Jutarnji: „Branitelji dijele slike Lepe Brene u srpskoj uniformi“ Արխիվացված 2015-12-23 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ «Lepa Brena u uniformi Vojske Republike Srpske u Brčkom». 24sata. 2009 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Branitelji dijele slike Lepe Brene u srpskoj uniformi». Jutarnji. 2009 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Ne želimo Brenu, pjevala je za četnike!». Dubrovacki. 2009 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Zbog ovoga Lepu Brenu ne žele u BiH». Dalje. 2009 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Lepa Brena nije četnikuša». ReginalExpress. 2010 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Lepa Brena tri meseca ne sme da nastupa». SvetPlus. 2012 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Lepa Brena završila u bolnici zbog tromba». SvetPlus. 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «LEPA BRENA ZAVRŠILA U BOLNICI!». Smedia. 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Lepa Brena slomila obe ruke». Radio Televizija Srbije. 2014 թ․ հուլիսի 25. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «LEPA BRENA IZAŠLA IZ BOLNICE 'Isplakala sam se kao nikad u životu. Izašla je sva bol iz mene'». Jutarnji. 2014 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Lepa Brena: Pala sam jer nisam htela da ispustim šoljicu za kafu». Blic. 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Lepa Brena opet slomila ruku na Zlatiboru!». Telegraf. 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Baš je neće... Lepa Brena pala niz stepenice, slomila je lakat». 24 sata. 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Lepa Brena opet polomila ruku». Vesti. 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ B92: „Novi Pazar - lokalni nazivi grada“, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Alo: „Gde stanuješ? U Lepoj Breni!“ Արխիվացված 2012-03-22 Wayback Machine, Pristupljeno 3. 8. 2013.
- ↑ Ko je ko u Srbiji 1991, Beograd 1991. strane 167-168, tekst „Jahić A. Fahreta“
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (սերբախորվ.)
- Լեպա Բրենա Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեպա Բրենա» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |