Կորդովայի ամիրայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորդովայի ամիրայություն
إمارة قرطبة
 Օմայան խալիֆայություն 756 - 929 Կորդովայի խալիֆայություն 
Umayyad Flag.svg
Քարտեզ

Coras del Emirato de Córdoba.png
(9-րդ դար)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կորդովա
Լեզու արաբերեն
Կրոն իսլամ, քրիստոնեություն
Իշխանություն
Դինաստիա Օմայաններ
Պետության գլուխ ամիրա

Կորդովայի ամիրայություն (արաբ․՝ إمارة قرطبة‎‎՝ իմարաթ կուրտուբա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 756-929 թվականներին[Ն 1]։ Հիմնադրել է Օմայան վերջին արքայազն Աբդ ալ-Ռահման I-ը՝ Արաբական խալիֆայությունում դինաստիական փոփոխությունից հետո։ Երկիրը կառավարել է Մուհամմադ մարգարեի տոհմին ազգակից Օմայան դինաստիան։ Տարածքը կազմել է առավելագույնը 500 000 քառ. կմ։

Պետության մայրաքաղաքն էր Կորդովան։ Այն ավելի քան երեք դար մնում է արաբական Իսպանիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Աբբասյան խալիֆայությունը, այն կարողացել է հասնել լիակատար ինքնուրույնության։ Ամիրայությունն իր մեջ ներառում էր Կաստիլիան, Գալիցիան, Նավարրան, Արագոնը, Պորտուգալիան և այլն։

9-10-րդ դարում Կորդովայի ամիրայությունը մի քանի անգամ ենթարկվել է Ֆրանկական կայսրության, ինչպես նաև Պիրենեյան թերակղզու միակ քրիստոնեադավան պետության՝ Աստուրիայի թագավորության ասպատակումներին, որի արդյունքում կորցրել է տարածքի մի մասը։ 929 թվականին իշխող արքայատոհմը կարողանում է երկիրը վերջնականապես դարձնել ինքնիշխան խալիֆայություն։

Կորդովայի ամիրայությունը արաբական Իսպանիայի առաջին ինքնուրույն պետությունն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո (711)։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Իսպանիայի մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ, նպաստել իսպանացիների՝ որպես մեկ միասնական ազգի կազմավորմանը, որը տեղի ունեցավ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարի ընթացքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստգոթերի տեղաշարժը վաղ միջնադարում

Մուհամմադ մարգարեի կողմից իսլամի հիմնադրումից հետո Արաբական թերակղզում անկանոն և իրարից անկախ ապրող ցեղերը միավորվեցին մեկ դրոշի ներքո և ստեղծեցին համաարաբական առաջին պետությունը՝ Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում այն նվաճեց հարևան ու հեռավոր մի քանի երկրներ և սպառնալիք դարձավ ժամանակի խոշոր տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի համար։ Կռվելով երկու ճակատներով՝ երեք տասնամյակի ընթացքում արաբները կարողացան գրավել բյուզանդահպատակ բոլոր երկրները՝ կայսրությանը թողնելով միայն Փոքր Ասիա և Բալկանյան թերակղզիները, և ամբողջությամբ նվաճել Իրանական բարձրավանդակն ու Միջին Ասիան։ Արաբները կարողանում են հպատակեցնել նաև Հնդկաստանի արևմտյան նահանգները՝ հասնելով Գանգես գետի հովիտ ու Հիմալայներ, Մեծ Հայքը և Կովկասը, Հյուսիսային Աֆրիկան ու Միջերկրական ծովի մի քանի կղզիներ։ Հյուսիսային Աֆրիկան գրավելուց հետո արաբա-բերբերական զորքերը Տարիկ իբն Զիադի ղեկավարությամբ 711 թվականին անցնում են Եվրոպական աշխարհամաս։

Պիրենեյան թերակղզին այդ ժամանակ գտնվում էր վեստգոթերի տիրապետության տակ։ Միջերկրական ծովի ամբողջ ավազանը ժամանակին գտնվում էր Հռոմեական կայսրության հսկողության տակ, որը 395 թվականին բաժանվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքը արագորեն գրավվում է գոթերի, վանդալների, ալանների, հոների, լանգոբարդների և այլ ցեղերի կողմից, որոնք 476 թվականին կործանեցին կայսրությունը։ Գոթերը մինչ այդ ապրում էին արևելաեվրոպական հարթավայրի կենտրոնական հատվածում։ Հարթավայրի արևելյան մասում՝ Դոնից Դնեպր գետերի տարածքում ապրող գոթերը հայտնի էին «արևելյան գոթեր» (օստգոթեր) անունով, իսկ արևմտյան մասում՝ Դնեպրից Դնեստր գետերի միջև ապրող ցեղերը՝ «արևմտյան գոթեր» (վեստգոթեր) անունով։ Հետագայում օստգոթերը հաստատվում են ժամանակակից Իտալիայի, իսկ վեստգոթերը՝ Իսպանիայի տարածքում։

414 թվականից Իսպանիայի տարածքում հաստատված հեթանոս վեստգոթերը որոշ ժամանակ անց՝ 589 թվականին, ընդունում են կաթոլիկություն։ Աստիճանաբար տեղաբնիկ հռոմեական իսպանացիներից ու վեստգոթերից ձևավորվեց տեղի արիստոկրատիան, որը կապ հաստատեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ։ Կրոնաքաղաքական վերնախավը իսպանաբնակ հրեաներին 693 թվականին պաշտոնապես արգելեց զբաղվել վաճառականությամբ։ Հաջորդ տարի բոլոր ոչ քրիստոնյաները հայտարարվեցին ստրուկներ՝ մեկ քայլ ցածր հասարակության բոլոր շերտերից։ Տեղացի քրիստոնյա բնակչությունը, սակայն, նույնպես գոհ չէր օտարածին վետսգոթերի կառավարումից։ Այսպիսի պայմաններում արաբաբերբերական զորքերը հայտնվեցին Իսպանիայում։

Եմենական ծագում ունեցող զորավար Մուսա իբն Նուայրը անցավ Ջիբրալթարը (արաբ․՝ جبل طارق‎‎` Ջաբալ Տարիկ՝ զորավար Տարիկի անունով) և 5 տարում նվաճեց ողջ Պիրենեյան թերակղզին։ Բերբերները կրոնափոխվել էին իսլամի գրեթե մեկ դար դրանից առաջ և համարվում էին «երկրորդ կարգի» արաբներ։ Իսպանիայի նվաճման գործում մեծ դերակատարում ունեցան նաև սիրիացի վարձկան ձիավորները, ովքեր նույնպես արաբներին հավասար չէին դասվում։ 714 թվականին Նազիր իբն Մուսան նվաճեց թերակղու վեջին հենակետը՝ Աստուրիայի լեռները[1]։ Աստուրիացիների առաջնորդ Պելագիուսը Կովադոնգայում հաղթում է արաբներին ու ազատագրում լեռնային երկիրը՝ դառնալով Աստուրիայի արքա։ Այդպես սկսում է Իսպանիայի ազատագրումը (իսպ.՝ Reconquista` «վերանվաճում»), որը տևում է 8 դարից ավելի։

711-718 թվականներին Իբերիական թերակղզու նվաճումից հետո իր իշխանությունն այնտեղ հաստատում է Օմայյան խալիֆայությունը (661-750)։ Ստեղծվում է վարչաքաղաքական միավոր՝ ալ-Անդալուսի նահանգ-ամիրայություն, որի ղեկավարի նստավայրն է դառնում Կորդովա քաղաքը։ Սկզբում նրան նշանակում էր Աֆրիկայի կուսակալը, որը ենթարկվում էր խալիֆին։ Շարունակելով հարձակումը՝ արաբները հասնում են ժամանակակից Ֆրանսիայի կենտրոնական հատվածում գտնվող Պուատիե քաղաքը, որտեղ Շառլ Մարտել (718-741) արքայի զորքերը նրանց պարտության են մատնում։ Արաբների առաջխաղացումը դեպի Եվրոպա կասեցվում է, և նրանք հետ են վերադառնում Պիրենեյան թերակղզի։ Իբերիայի մուսուլմանները բաժանվում էին քաղաքաբնակ արաբների, գյուղաբնակ բերբերների և զինվորական սիրիացիների։

8-րդ դարի կեսին Արաբական խալիֆայության կենտրոնական նահանգներում՝ Սիրիայում, Միջագետքում ու Արաբական թերակղզում, ուժեղանում է պայքարը կենտրոնական իշխանության հաամար։ Օմայանները, ովքեր իշխում էին 661 թվականից, թուլացել էին։ Օգտվելով դրանից՝ արաբական վերնախավը որոշում է օժանդակել Աբբասյաններին, ովքեր Մուհամմադ մարգարեի առավել մերձավոր ազգականներն էին։ Նրանց անունը ծագել է տոհմի հիմնադիր մարգարեի հորեղբայր Աբբասից։ Գահակալական կռիվների գլուխ կանգնեց Աբու ալ-Աբբասը, ով հետագայում խալիֆ դարձավ։

Խալիֆայության թուլացումից օգտվելով՝ ապստամբել էին հպատակ ժողովուրդները, այդ թվում՝ հայերը։ Արմինիա կուսակալության տարածքում հակաարաբական ապստամբության ղեկավարներն էին հայոց իշխաններ Աշոտ Բագրատունին (732-748) և Գրիգոր (745-746) ու Մուշեղ Մամիկոնյանները (748-753)։

750 թվականին Օմայանները գահընկեց են արվում, և Արաբական խալիֆայության ղեկավարումը անցնում է Աբբասյաններին (750-1258)։ Սիրիայում Օմայանների բոլոր ներկայացուցիչները՝ բացի Աբդ ալ-Ռահմանից, սպանվում են։ Նրան հաջողվում է փախչել Եգիպտոս, ապա՝ Հյուսիսային Աֆրիկա (Մաղրիբ)։ Այս տարածքներում, սակայն, նա չի կարողանում հաստատվել, և 755 թվականին հեռանում է ալ-Անդալուս։ Իշխանը գրավում է Կորդովան և իրեն ամիրա հռչակում։ Սկզբնական շրջանում նա ձևականորեն ընդունում էր Աբբասյանների գերիշխանությունը, սակայն Աբու ալ-Աբբասին (750-754) հաջորդած երկրորդ խալիֆի՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի (754-775) ժամանակ՝ 765 թվականին, ալ-Անդալուսն ապստամբում է կենտրոնական իշխանության դեմ և դառնում ինքնուրույն։

768 թվականին Ֆրանկական թագավորությունում գահ էր բարձրացել Կառլոս Մեծը։ Ընդհանուր առմամբ նա կազմակերպել էր 50 արշավանք, որոնցից 30-ը անձամբ էր գլխավորել։ Արշավանքների արդյունքում նա կարողացել էր գրավել մեծ տարածքներ ժամանակակից Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Իտալիայի տարածքում։ Ֆրանկները արշավում են նաև Կորդովայի ամիրայություն՝ մեծ հաջողություններ ունենալով Արագոնի և Բասկոնիայի տարածքում։ 777 թվականին Կառլոս Մեծին օգնության խնդրանքով դիմել էր Սարագոսայի արաբ իշխանը՝ Աբդ ալ-Ռահմանի դեմ պատերազմի նպատակով։ 778 թվականին նա մեծաքանակ բանակով անցնում է Պիրենեյան լեռնաշղթան։ Մի քանի տարի տևած արշավանքի ընթացքում կրելով անհաջողություններ՝ Կառլոսը 793 թվականին հետ է վերադառնում Փարիզ։ Այս իրադարձությունները տեղ են գտել եվրոպական միջնադարյան բանահյուսության մեջ (Երգ Ռոլանդի մասին

Կորդովայի մզկիթից մի հատված

Կորդովայի ամիրայությունը լիակատար ինքնիշխան պետություն դարձավ Աբդ ալ-Ռահման II-ի իշխանության տարիներին (822-852)։ Նա կարողանում է իր գերիշխանությունը հաստատել ամբողջ Պիրենեյան թերակղզու տարածքում։ Ամիրայի գերիշխանությունն ընդունում են տեղական մուսուլման կառավարիչները, ովքեր նպաստում են ժողովրդի շրջանում իսլամի տարածմանը և քրիստոնեադավան Աստուրիայի թագավորության ազդեցության նվազմանը։ Երկրում կառուցվում են բերդեր ու ամրություններ, ստեղծվում է կայուն բանակ։ Ավելի կանոնակարգվում է վարչաքաղաքական ապարատը, զորավարները և իշխանները հաստատվում են պետության տարբեր գավառներում։

Աբդ ալ-Ռահման II-ի մահից հետո՝ հատկապես Աբդալլահ ամիրայի կառավարման տարիներին (888-912), արաբների ու բերբերների միջև բախումները նոր թափ են ստանում։ Դա առիթ է հանդիսանում քրիստոնյաների համար, ովքեր ստեղծում են նոր պետություններ (Գալիսիայի անկախության վերականգնում, Բարսելոնի կոմսություն, Նավարրայի թագավորություն)։ Դրան զուգահեռ ուժեղանում են մուսուլման իշխանների կենտրոնախույս ձգտումերը և ժողովրդական ապստամբությունները, որոնք երբեմն կրում են տարերային բնույթ։ Ամիրայության վրա ուժեղանում են հարձակումները ոչ միայն հարևան քրիստոնեադավան երկրների, այլև Հյուսիսային Աֆրիկայի արաբական պետությունների կողմից։

912 թվականին Կորդովայում գահ է բարձրանում քսանմեկամյա Աբդ ալ-Ռահման III-ը։ Նա ոչ միայն ճնշում է ապստամբությունները, այլև հարձակումներ գործում քրիստոնեադավան երկրների վրա։ Մեկ տասնամյակի ընթացքում նա կարողանում է վերականգնել ամիրայության նախկին հզորությունը։ Այդ ժամանակաշրջանում Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական հատվածներում իրեն խալիֆ էր հռչակել շիադավան Ուբեյդալլահը, ով սերում էր Ալի իբն Աբի Տալիբ խալիֆից (656-661) և Մուհամմադ մարգարեի դստեր Ֆատիմայից։ Նորաստեղծ պետությունը կարճ ժամանակում միավորում է ողջ Հյուսիսային Աֆրիկան՝ մեկը մյուսի հետևից նվաճելով Իդրիսիների (Մարոկկո), Ռուստամիների (Ալժիր) և Աղլաբիների (Թունիս և Սիցիլիա) ամիրայությունները, ավելի ուշ՝ Թուլունիների պետությունը (Եգիպտոս) և հիմնադրում Կահիրե մայրաքաղաքը։ Փաստորեն՝ կենտրոնական Աբբասյան խալիֆայությունից բացի, որի մայրաքաղաքը Բաղդադն էր, ստեղծվում է մեկ այլ կրոնաքաղաքական միավոր՝ Ֆաթիմյան խալիֆայությունը, որը, ի տարբերություն մյուսի, շիադավան էր։ Օգտվելով քաղաքական այս խառնաշփոթից՝ Պիրենեյան թերակղզու մեծ մասը միավորած Աբդ ալ-Ռահմանը 929 թվականին իրեն խալիֆ է հռչակում[2]։ Կորդովայի ամիրայությունը վերածվում է խալիֆայության։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալուսի (Կորդովայի) ամիրայությունը իրենից ներկայացնում էր ավտոկրատիա։ Իշխանությունը գտնվում էր ամիրայի (ավելի ուշ՝ խալիֆի) ձեռքում։ Նա զորքերի գերագույն հրամանատարն էր, պետության առաջին դեմքը՝ ներքին և արտաքին բոլոր հարցերում։ Ղեկավարն անսահմանափակ իրավունքներ ուներ երկրի բնակչության հանդեպ՝ ընդհուպ մինչև տեղացիների կյանքի ու մահվան հարցի տնօրինում։ Նրան էին ենթարկվում պետական գանձարանը, բոլոր դատարանները ու մզկիթները։ Մինչև 929 թվականը (խալիֆայության հռչակումը), ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տրվում էր Բաղդադի խալիֆի անունը։

Ամիրային երկրի կառավարման հարցում օգնում էր հաջիբը, ով ուներ նույն դերակատարումը, ինչ արևելքում՝ վեզիրը։ Նրա պաշտոնը նշանակովի էր, ամիրան հաջիբ էր ընտրում ազդեցիկ ու հզոր իշխաններից։ Անդալուսը բաղկացած էր 21 նահանգներից, որոնցից յուրաքանչյուրում գործում էր կենտրոնական վարչական համակարգի տեղական տարբերակը՝ բաղկացած իշխանից, նրա օգնականներից ու զորքից։ Երկիրն ուներ մշտական բանակ, որից բացի, ռազմական արտակարգ դրության պայմաններում, հավաքվում էր նաև աշխարհազոր։

Օրենսդրության գլխավոր օրգանը շարիաթն էր։ Այն գործում էր միայն հասարակ բնակչության համար. շարիաթով սահմանված օրենքներն ու պարտականությունները չէին վերաբերում իշխող վերնախավին։

Մուսուլմանական Իսպանիայում հողը պատկանում էր պետությանը։ Հողի հիմնական մասը (մեծ մասամբ՝ 4/б) տրվում էր զինվորներին, իսկ մնացածը, որ կոչվում էր «խումս», գտնվում էր պետության անմիջական տնօրինության տակ։ Արաբները գլխավորապես ապրում էին քաղաքներում ու զբաղվում էին արհեստագործությամբ ու առևտրով, իսկ բերբերները` անասնապահությամբ ու երկրագործությամբ։

Բերդերում ու մայրաքաղաքում զարգացած էր զինագործությունը։ Քաղաքային տնտեսության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում արհեստագործությունը` մետաղի մշակումը, թղթի, կավե ու ապակյա իրերի արտադրությունը, մետաքսագործությունը, ոսկերչությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գյուղի և քաղաքի միջև գոյություն ուներ աշխույժ առևտուր, որը կատարվում էր ոսկե դինարի ու արծաթե դիրհամի միջոցով։ Գլխավոր շուկաները սովորաբար գտնվում էին խոշոր մզկիթների մոտ։ Տնտեսական զարգացմանը զուգընթաց աճում է հարկահավաքությունը. ամիրայության հիմնադրման ժամանակ 300 հազար դիրհամից երկու դար անց հասնելով 5,4 միլիոնի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ դարի կեսերից սկսած իսպանաբնակ հռոմեացիների ու գոթերի մի մասը իսլամ է ընդունում, ինչի արդյունքում Պիրենեյան թերակղզու մուսուլման բնակչության թվաքանակը մեծանում է։ Քրիստոնյաների մեծ խմբեր տեղափոխվում են Աստուրիայի և Նավարրայի թագավորություններ։ Իսլամացած քրիստոնյաները կոչվում էին մուվալադներ։ Ձևականորեն նրանք ունեին նույն իրավունքները, ինչ մուսուլման արաբները և բերբերները։ Ղուրանի և Շարիաթի օրենքների համաձայն՝ նրանք ազատվում էին գլխահարկից (ջիզիա)։ Զորքում նրանք ծառայում էին արաբներից առանձին ջոկատներում։ Աղոթքի համար նրանք կառուցում էին առանձին մզկիթներ։

Իսպանաբնակ քրիստոնյաները, ովքեր երկարադարյա շփման արդյունքում ընդունում են արաբների սովորույթներն ու կենցաղը, կոչվում էին «մոսարաբներ» (արաբ․՝ مستعرب‎‎` մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ արաբ)։ Նրանք վճարում էին խարաջ և ջիզիա, ապրում առանձին համայնքներով` գյուղերում ու քաղաքներում։ Հատկապես հայտնի էին Տոլեդո, Կորդովա, Սևիլյա և Մերիդա քաղաքների քրիստոնեական թաղամասերը։ Նրանք պահպանում են իրենց եկեղեցին։ Կորդովայի ամիրայությունում աշխույժ դերակատարում ունեին հրեաները։ Վեստոգոթական իշխանություններից բազմիցս հալածվելով՝ նրանք բարեկամաբար են տրամադրվում արաբների հանդեպ։ Նրանք նույնպես ստեղծում են իրենց համայնքները, զբաղվում քաղաքային տնտեսությամբ, մասնակցում երկրի մշակութային ու վարչաքաղաքական կյանքին։

Իսպանիայի բնակչությունը շարունակում էր մնալ եռաշերտ՝ արիստոկրատիա, միջին խավ և ստրուկներ։ Վերջինիս շարքերը համալրում էին մի քանի սլավոնական ցեղեր, որոնք Իսպանիա էին տեղափոխվել դեռևս վաղ միջնադարում՝ գոթերի հետ միասին։ Նրանց անվանումը՝ սլավոն (անգլ.՝ slave), ինքնին «ստրուկ» էր նշանակում։ Անդալուսում նրանք հայտնի էին որպես սակալիբա (գերմաներեն Sklave բառից՝ արաբ․՝ سقالبة‎‎)։ Նրանց էին դասվում նաև ֆրանկները և Աֆրիկայից տեղափոխված սևամորթերը։ Այլ կերպ ասած՝ այդ խմբում էին ոչ տեղաբնիկ, ոչ էլ իշխող վերնախավի ներկայացուցիչ նորաբնակները։

Տնտեսության զարգացումը խթանում է քաղաքների մարդաշատ դառնալը և բարգավաճումը։ Եթե ժամանակի եվրոպական խոշորագույն կենտրններն ունեին 8-10 հազար բնակիչ, ապա միայն Կորդովան ուներ 250 000-ից ոչ պակաս (որոշ տվյալներով՝ 500 000 կամ 1 միլիոն), Տոլեդոն՝ 37 000, իսկ Ալմերիան՝ 27 000 բնակիչ։

Մշակույթ և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան թերակղզին դարեր շարունակ եղել է հռոմեացիներին ենթակա տարածք։ Այն մասնակիորեն նվաճվել էր Պունիկյան II պատերազմի ընթացքում (մ.թ.ա. 218-201)՝ Հռոմեական Հանրապետության կողմից, ապա՝ ժառանգվել Հռոմեական կայսրությանը։ 7 դար անց, երբ կործանվում է Արևմտյան Հռոմեական կայսրությունը (476), թերակղզին նվաճվում է Հարավային Եվրոպա ներխուժած վեստգոթերի կողմից, ովքեր ստեղծում են իրենց թագավորությունը։ Այն ընդունում է կաթոլիկություն։ Կարճ ժամանակում թագավորությունն իր մեջ միավորում է ողջ թերակղզին՝ ժամանակակից Իսպանիան և Պորտուգալիան, ինչպես նաև Ֆրանսիայի հարավային որոշ գավառներ։ Երկու դար անց թերակղզում հայտնվում են իսլամադավան արաբներն ու բերբերները։

Քրիստոնեության և իսլամի զուգադրմամբ ալ-Անդալուսում ստեղծվում է հարուստ մշակույթ, որը պայմանավորվում է նաև գիտության զարգացմամբ։ Թերակղզում դեռևս մեր թվարկության առաջին դարերին բնակություն էին հաստատել նաև մեծաքանակ հրեաներ։ 8-րդ դարի կեսերից Կորդովայի ամիրաները սատարում էին արաբական գրականության ծաղկմանը։ Արաբ նվաճողների համար գրվել են ոչ մեծ ձոն-կասիդաներ, որոնցով սկզբնավորվում է Անդալուսյան պոեզիան։ Բանաստեղծություններ է գրել նաև ամիրա Աբդ ալ-Ռահման I-ը։ Անդալուսյան գրականության արվեստի զարգացման մեջ մեծ ավանդ ունի Բաղդադից Կորդովա տեղափոխված երաժիշտ, երգիչ, դերասան պարսիկ Զիրյաբը, որի միջոցով Իսպանիայում տարածվեց բանաստեղծությունները երաժշտության ուղեկցությամբ կատարելու արվեստը։ 9-րդ դարի վերջին Անդալուսում առաջանում է տնային պոեզիան՝ մուվաշշահը։

Կորդովայի բերդի «Սևիլյայի դարպասը»

Աբդ առ-Ռահման III-ը հովանավորում էր գիտությունն ու մշակույթը, կառուցում բազմաթիվ դպրոցներ։ Սկիզբ է դրվում անդալուսյան ճարտարապետությանը։ Կառուցվում են բազմաթիվ մզկիթներ ու մեդրեսեներ, բերդեր ու ամրություններ։ Հիմնադրվող քաղաքներում և բերդերի շուրջ ընդլայնվող բնակավայրերում ապրելու էին գալիս ոչ միայն արաբներ ու բերբերներ, այլև քրիստոնեադավան և հուդայադավան իսպանացիներ, ովքեր հայտնի էին «մոսարաբ» անվանումով։ Նշանավոր քաղաքներից էին Մալագան (արաբ․՝ مالقة‎‎), Խաենը (արաբ․՝ خاين‎‎), Տոլեդոն (արաբ․՝ طليطلة‎‎), Սևիլյան (արաբ․՝ إشبيلية‎‎) և այլն։

Գրականության մեջ հայտնի դարձան Կորդովայի համալսարանն ու խալիֆի գրադարանը։ Այս շրջանի գրականության ամենանշանավոր դեմքն է համարվում Իբն աբդ-Ռաբբիհին, նաև ալ-Մութանաբբիի հետ համեմատվող Իբն Խանին։ Հնարավորություններ ստեղծվում մաթեմատիկայի, քիմիայի, աստղագիտության, ինչպես նաև պատմագրության և մուսուլմանական իրավագիտության զարգացման համար։ Անդալուսցի արաբների շնորհիվ Եվրոպայում ծանոթանում են թվաբանության համար առավել հեշտ արաբական թվերին, որոնք կիրառությունից դուրս են մղում հռոմեական թվերը։ Միջերկրական ծովի երկրների միջև աշխուժանում է առևտուրը, որի գլխավոր վաճառականներն են դառնում արաբները։

Կորդովայի ամիրաների ցանկ (756-929)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ ալ-Ռահման I

Ստորև ներկայացվում է Կորդովայի Օմայան ամիրաների ցանկը՝ հիմնադրումից մինչև խալիֆայության հռչակում։

  • Աբդ ալ-Ռահման I ծ.731, (756-788)
  • Հիշամ I (Աբու ալ-Վալիդ Հիշամ իբն Աբդ ալ-Ռահման) ծ.756, (788-796)
  • ալ-Հաքամ I (ալ-Մուզաֆֆար Աբու ալ-Աս Հաքամ իբն Հիշամ) ծ.771, (796-822)
  • Աբդ ալ-Ռահման II (ալ-Նասիր Աբու Մուտարրիֆ Աբդ ալ-Ռահման իբն Հաքամ) ծ.792, (822-852)
  • Մուհամմադ I (Աբու Աբդալլահ Մուհամմադ իբն Աբդ ալ-Ռահման) (852-886)
  • ալ-Մունզիր (Աբու ալ-Հաքամ Մունզիր իբն Մուհամմադ) (886-888)
  • Աբդալլահ (Աբու Մուհամմադ Աբդալլահ իբն Մուհամմադ) ծ.843, (888-912)
  • Աբդ ալ-Ռահման III (ալ-Նասիր Աբու Մուտարրիֆ Աբդ ալ-Ռահման իբն Մուհամմադ իբն Աբդալլահ) ծ.891, (912-929)

929 թվականին Աբդ ալ-Ռահման III-ն ընդունում է խալիֆի տիտղոս և իշխում մինչև 961 թվականը։



Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուսուլմանական Իսպանիան՝ որպես Արաբական խալիֆայության մաս (718-756), ինքնուրույն ամիրայություն (756-929), ավելի ուշ՝ ինքնիշխան խալիֆայություն (929-1031) հայտնի է նաև «ալ-Անդալուս» անվամբ։ Անդալուսիա բառը «վանդալիսիա» բառի աղավաղված տարբերակն էր, որով արաբները անվանում էին Պիրենեյան թերակղզին՝ այն համարելով վանդալների (բարբարոսների) տարածք։ 11-15-րդ դարերում մուսուլմանները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել միայն թերակղզու հարավային մասում, ապա՝ 1492 թվականից վերջնակապես արտաքսվում են։ Իսպանիայի հարավը այժմ միավորված է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը նույնպես կոչվում է ալ-Անդալուս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Collins, Roger (1983). Early Medieval Spain. New York: St. Martin's Press. էջ 229. ISBN 0-312-22464-8. 
  2. Reilly, Bernard F. (1993). The Medieval Spains. Cambridge: Cambridge University Press. էջ 84. ISBN 0521394368. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айдын Ариф оглы Али-заде. Хроника мусульманских государств I-VII вв. Хиджры. — 2-е, испр. и доп. — М.։ Умма, 2004. — 445 с. — 5000 экз. — ISBN 5-94824-111-4.
  • Альтамира-и-Кревеа Р. История Испании. Т. I. Сокр. перевод с исп. Е. А. Вадковской и О. М. Гармсен. Под ред. С. Д. Сказкина и Я. М. Света. Предисл. Я. М. Света. М., изд. Иностранной литературы, 1951.
  • Крачковский И. Ю. Арабская культура в Испании. М.-Л., АН СССР, 1937.
  • Куделин А. Б. Классическая арабо-испанская поэзия (конец X — середина XII веков). М., «Наука», 1973.
  • Ланда Р. Г. В стране аль-Андалус через тысячу лет. М., «Наука», изд. фирма «Восточная литература», 1993.
  • Леви-Провансаль Э. Арабская культура в Испании. Общий обзор Пер. с фр. Предисл. Н. А. Иванова. М., «Наука», 1967.
  • Рыжов К. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв. — М.։ Вече, 2004. — 544 с. — 3000 экз. — ISBN 5-94538-301-5.
  • Уотт У.М., Какиа П. Мусульманская Испания — М.։ Наука, 1976. — 199 с

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png