Բագրատունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատունիներ
Բագրատունիներ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էOrigin of the Bagratid dynasties? և Հայ ազնվականություն
ԵրկիրԲագրատունյաց Հայաստան
ԾագումԲագադատ կամ Բագարատ, ըստ "հրեական" ծագման կողմնակիցների՝ Շամբատ
ՏիտղոսներՀայոց Թագավոր
ՀիմնադիրԱշոտ Ա
Մեծագույն ներկայացուցիչԳագիկ Ա
Հիմնում885
Ավարտ1045
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Բագրատունիներ վրաց

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։

Ծագումնաբանություն

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։

Բագրատունյաց նախարարական ապա արքայական տոհմի անունը կապված է նաև Մեծ Հայքի Բագրևանդ կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ Մովսես Խորենացու "Հայոց պատմության", Բագրատունիները, սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։

Պատմություն

Մեծ Հայք

Բագրատունիների ընտանիքը վաղ ավատատիրական շրջանում՝ Արշակունիների թագավորության (66-428) ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո)։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։ Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էրԹագավորության վերացումից և Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո (428) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ՝ միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։

Օտար տիրապետություն

5-րդ դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ 7-8-րդ դարերում Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ 7-րդ դարի վերջին Հայոց իշխան է դառնում Աշոտ Բագրատունին (685-689)։ Քաղաքական պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Այրարատի (Ոստան Հայոց) տարածքին տիրել են 9-րդ դարի կեսերին։ 8-րդ դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ Նրանց գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։

Հզորացում

8-րդ դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայք նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարք9-րդ դարի վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն, որը հայտնի է որպես Բագրատիոնի: Նրա ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089–1125), Գեորգի III-ը (1156–1184), Թամար թագուհին (1184–1213)։ ։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել 9-րդ դարի սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ 9-րդ դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885–ից՝ Հայոց թագավոր։

Թագավորության շրջան

Աշոտ Ա և Սմբատ Ա

Աշոտ Ա Բագրատունի

Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է։ Նա 855 թվականից եղել է Հայոց սպարապետ, 862 թվականին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը։ Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ։ Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 000-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր։ Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։

869 թվականին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին։ Վերջինս 885 թվականին արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա։ Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը, ով հայկական դինաստիայի հիմնադիրն էր, նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ։ Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թվականին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը։

Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբական ամիրությունները։ Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան)։ Նա չեզոք դիրք է գրավել խալիֆայության և Բյուզանդիայի միջև՝ նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը։ 893 թվականին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ՝ Ալանաց դուռը։

908 թվականին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը։ 909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն։ Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուֆին, որը, դրժելով խոստումը, Դվինում գլխատել է հայոց արքային։

Աշոտ Երկաթ

Աշոտ Բ Երկաթ

Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։ Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մուսուլմանական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով։ Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.)։ Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը։ Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը։ Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ. հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային։ Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին։ Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին։ Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին։ 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում։ Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան)։ X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ։ Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա։ 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի։ Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.)։ Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ։ Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից։

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկ

  1. Աշոտ Ա 885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած 953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7. Գագիկ Ա 990-1020
  8. Հովհաննես–Սմբատ 1020-1041
  9. Գագիկ Բ 1042-1045