Jump to content

Գոշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոշավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏավուշի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Կազմված էԳավիթ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Մատուռ Սբ. Առաքելոց, Խաչքար, Սեղանատուն, Գրատուն-զանգակատուն, Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գոշ), Եկեղեցի Սբ. Գրիգոր, Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ժամատուն, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակՎերականգնվել է 1950-1960 թթ.
ՃարտարապետՄխիթար Գոշ
ՀիմնադիրԻվանե և Զաքարե Բ Զաքարյաններ
Մխիթար Գոշ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ կամ 13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Goshavank Վիքիպահեստում

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի։

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»։ Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է։ Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը։ 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին։

Եկեղեցի Սբ. Գևորգ եկեղեցի

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն։ Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները։ Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը։

13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն։ 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հազար դուկատով վաճառել են Կարինից Արևելյան Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին։ 1260 թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից։ 1291 թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով։ Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել)։ Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել 14-րդ դարի հայկական երկհարկ եկեղեցիների համար։

Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը։ 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին։

14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում։ 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել։

1890-ական թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին։ 1937 թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը։ 1958 թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972 թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը։

Վանական Համալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրի հատակագիծ
Հատակագիծ
  1. Սուրբ Աստվածածին (1191-1196)
  2. Սուրբ Գրիգոր (1208-1241)
  3. Սուրբ Գրիգոր լուսավորիչ (1237-1241)
  4. Առաքելոց մատուռներ
  5. Փոքր մատուռ
  6. Գավիթ (1197-1203)
  7. Գրատուն-զանգակատուն (1241-1291)
  8. Դպրոցական շինություն
  9. Պատկերասրահ

Եկեղեցին չունի արտաքին պարիսպներ և շրջապատված է գյուղական տներով։ Վանական համալիրի բոլոր կառույցները կցված են միմյանց բացառությամբ Սբ․ Հռիփսեիմե եկեղեցու, որը տեղակայված է վանական համալիրի դիմացը բլրի վրա։

Համալիրի կառույցները մեծ մասամբ կառուցվել են 12-13-րդ դարերում, այդ ժամանակներում այստեղ եկեղեցական կյանքը ծաղկում էր ապրում։ Եկեղեցիները համահունչ են տեղի բնության հետ։ Սա հատուկ էր ժամանակի եկեղեցական ճարտարապետությանը։ Գոշի հիմնադրած Նոր Գետիկի վանքը հետագայում ընդլայնվեց, նմանվելով ժամանակի վանքային համալիրներին։ Այն բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց (1191), հետագայում եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է ժամատունը (1200-1203)։ Վանական համալիրի հաջորդ եկեղեցին, որը կառուցվել է 1241 թվականին Սուրբ Գրիգոր եկեղեցին է։ Գոշավանքի հաջորդ եկեղեցին Սուրբ Լուսավորիչը կառուցվել է 13-րդ դարի կեսին։ Այս կառույցների կողքին իր յուրօրինակությամբ աչքի է ընկնում գրատուն-զանգակատունը։ 13-րդ դարում կառուցվել է ևս երկու շենք, դրանցից Սուրբ Հռիփսիմե փոքր եկեղեցին, իսկ հաջորդ կառույցը Գոշի բնակարանն ու դամբարանն է։ Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Գոշավանքի ենթաճյուղերից է համարվում Խորանաշատի վարդապետարանը։ Խորանաշատի վարդապետարանը հիմնադրվել է Հովհաննես վանականի կողմից, ով ուսանել է Նոր Գետիկի վանքում։ Հովհաննես Վանականը շարունակեց Նոր Գետիկի վանքում ձևավորված ավանդույթները։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է 1191-1196 թվականներին՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին։ Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում։ Արտաքին ճարտարապետությունը պարզ է։ Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին։ 1197 թվականին, Ծռազատկի օրը, Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը Զաքարյան իշխանները Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին։

Գոշավանքի գավիթը ներսից

Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում՝ կից։ Կառուցել է Մխիթար Գոշը՝ գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203 թվականներին, Զաքարե և Իվանե եղբայրների օժանդակությամբ՝ ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն։ Քառակուսի հատակագիծ ունեցող խոշոր կառույց է։ Պատկանում է քառասյուն ժամատների տիպին։ Չորս ամբողջական սյուները և տասը կիսասյուները միանալով կամարներով կազմում եմ թաղակապ ծածկը, կենտրոնում հատուկ լուսանցքով՝ երդիկով։ Սյուների և կիսասյուների բները, խարիսխներն ու խոյակներն ամբողջական մեծ քարերից են՝ երկրաչափական ձևերի ու ստալակտիկ զարդաքանդակներով։ Արևելյան անկյունում կան երկհարկանի խորաններ, որոնք արևելյան կողմից ունեն կիսակլոր փոքրիկ աբսիդներ։ Դեպի վերին հարկի խորանները բարձրանում են Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից քարե սանդուխքներով։

Գլխավոր մուտքը արևելյան կողմից է, ճակատակալ մեծ քարով ու պարակալով։ Մի փոքր մուտք էլ բացվում է հյուսիսային կողմից, որը տանում է դեպի գրատան սրահ։ Արևմտյան պատի մեջ բացվում են երեք, իսկ մյուս պատերի մեջ երկուական լուսամուտներ։ Գավթի ներսում, Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից, դռան երկու կողմերում, պատի ամբողջ երկարությամբ պահպանվել են խաչքարերի պատվանդանները։

Գավթի պատերն ու ծածկը շարված են վարդագույն տուֆի սրբատաշ մեծ քարերով, իսկ սյուներն ու կիսասյուները՝ մուգ մոխրագույնցբազալտի սրբատաշ քարերով։ Երդիկը ներսից զարդարված է երկրաչափական ձևերի ու ստալակտիտ՝ շատ նուրբ ձևով մշակված քանդակներով։

Պատկերասրահը նեղ ու երկարավուն, ձգվում է արևելքից արևմուտք գավիթի և գրատան արանքում, միացնելով այդ երկու կառույցներն իրար հետ։ Նրա կառուցման մասին պատմական աղբյուրներում և ոչ էլ վիմագրություններում հիշատակություն չկա, ուստի նրա կառուցման ճիշտ ժամանակը անորոշ է։ Անկասկած է, որ այն կառուցվել է գրատնից հետո՝ 13-րդ դարի երկրորդ կիսին։

Գավթի և գրատան պատերին կից ձգվող չորսական որմնասյուները միանալով որմնակամարներով, յուրաքանչյուր պատի վրա առաջացնում են երեքական կամարակապ լայն խորշեր։ Թաղակապ ծածկի եզրերը անմիջապես հենվում են որմնակամարների վրա։ Շարված է գորշագույն տուֆի սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Տանիքը պատած է եղել սալաքարերով։ Քանդված է գավթին կից արևելյան որմնասյունը՝ կից ծածկի ու որմնակամարների հետ միասին, թափված են տանիքի սալաքարերը։

Առաքելոց մատուռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորի եկեղեցու արևելյան կողմում, գավթի հարավային պատին կից։ Կառուցել է Մխիթար Գոշը 13-րդ դարի սկզբներին։ Այդ մասին տեղեկացնում են պատմական աղբյուրները։

Սուրբ Հռիփսիմե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հռիփսիմե ժամատունը կառուցվել է 1208 թվականին, տեղակայված է հիմնական կառույցից հարավ-արևելք բլրի վրա։ Գոշավանքը Հաղարծինի հետ միասին մտել է բնական հուշարձանների ցանկը և անցել պետական վերահսկողության տակ Դիլիջանի ազգային պարկում, որը համարվում է ամենակարևոր հատուկ պահպանվող տարածքը Հայաստանի հյուսիս-արևելքում։ Հռիփսիմե եկեղեցին իր բնույթի մեջ եզակի եկեղեցիներից է պարզ և անպաճույճ ճարտարապետությամբ՝ երկսեղան, անհամամասն ծավալով և մուտքով։ Սրանից քիչ վերև է տեղակայված Գոշի դամբարանը։

Սուրբ Գրիգոր եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1231 թվականին Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գոշավանքի համալիրի հարավարևելյան կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով։

Սուրբ Լուսավորիչ եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Լուսավորիչը Գոշավանքի երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241 թվականներին՝ ժամատան հարավային պատին կից՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով (ով սատար է եղել նաև Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցմանը)։ Այս գողտրիկ եկեղեցին իր ժամանակներում քիչ հանդիպող միանավ բազիլիկ տիպի է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով։ Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով։ Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով, պատերի դեկորատիվ կամարների ու անցումային կիսակամարների (ինչպես Դեղձուտի վանքի եկեղեցու) և արևելյան պատի լուսամուտի հարուստ ձևերով։

Գրատուն-զանգակատուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրատուն-զանգակատուն, այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է։ Շինության գրատունը կառուցվել է 1241 թվական, զանգակատունը՝ 1291 թվական։ Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը։ Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը։ Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար։ Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ, և միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, Ամաղու Նորավանքի, Կապուտան) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սրա ծածկի կենտրոնական մասի կառուցվածքը, որտեղ անցումը դեպի բազմանկյունի լայն երդիկը կատարված է շեղակի դրված քարե հեծանների միջոցով, որոնք իրենց միջին մասերում ունեն եռատերև փորվածքներ (ինչպես գեղագիտական, այնպես էլ վերին լույսը ավելի լայն անկյունով սփռելու նպատակով)։

Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս (Պաւղոս) քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում։ Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում։ Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել։

Վանական համալիրին կից գործում է փոքրիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են ազգագրական բնույթի շուրջ 100 նյութեր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 47-50, էջեր 47-50 — 154 էջ։
  • Վալերիա Ալֆեևա, Հիշողություն Գոշավանքի մասին։ «Գարուն», 1979, թիվ 5, էջ 14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 159