Հաղպատ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաղպատ, Լոռու մարզից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղպատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Հաղպատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Ալավերդի համայնք
ԲԾՄ1000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն668[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հաղպատ (գյուղ) (Հայաստան)##
Հաղպատ (գյուղ) (Հայաստան)
Հաղպատ (գյուղ) (Լոռու մարզ)##
Հաղպատ (գյուղ) (Լոռու մարզ)

Հաղպատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Ունի հազարամյակների պատմություն[3][4] և իր բնության և պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների առկայության շնորհիվ հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այստեղ է գտնվում է հայկական առաքելական հռչակավոր վանական համալիրներից մեկը՝ Հաղպատի վանքը[5], որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատը տեղակայված է Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։ Արևելյան կողմից բնակավայրը շրջապատված է Սուրբ Լույս ու Տերունական անտառապատ լեռներով, իսկ արևմտյան կողմից՝ անդնդախոր ձորերով և Դեբեդ գետով[7]։

Բնակավայրը Ալավերդի քաղաքից հեռու է 2 կմ դեպի արևելք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 61 կմ հեռավորության վրա։

Գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի ավտոմայրուղին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ գյուղն ունի հազարամյակների պատմություն։ Որպես բնակավայր՝ այն թվագրվում է մ․թ․ա․ 8-ից 7-րդ դարերով[3][8]։ Այդ մասին են վկայում հայտնաբերված հարուստ հնագիտական նյութերը[4]։

Հաղպատի գյուղացիների ապստամբություն, 1903[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ գյուղը հարուստ է տարբեր դարերով թվագրվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով[5], այդ թվում նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված վանական համալիրով[6]։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի, որը հաստատվել է 2004 թվականին, Հաղպատ գյուղի տարածքում հաշվառված են 40 միավոր հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 269 պատմական հուշարձան[5]։

Այստեղ է գտնվում մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող հնագույն ամրոցը, բնակատեղին, դամբարանադաշտը, 10-ից 13-րդ դարերով թվագրվող հռչակավոր Հաղպատի վանքն իր հուշարձանախմբով, 1233 թվականին կառուցված Կայանբերդ ամրոցը Դսևանք եկեղեցիով, 13-րդ դարի Կուսանաց անապատ եկեղեցին և շուրջը տարածվող միջնադարյան գերեզմանոցը, 1279 թվականին կառուցված Զորավանք Սուրբ Գևորգ եկեղեցին և շուրջը տարածվող գերեզմանոցը, 1268 թվականին կառուցված Սուրբ Սիոն եկեղեցին, 13-րդ դարով թվագրվող կամուրջը, մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներից մինչև 20-րդ դարով թվագրվող բազմաթիվ գյուղատեղիներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող մի շարք քարայր-կացարաններ, 10-ից 20-րդ դարերով թվագրվող բազմաթիվ գերեզմանատներ, որոնց տարածքում առկա են հարյուրավոր խաչքարեր ու տապանաքարեր, կան սրբատեղիներ, աղբյուր-հուշարձաններ և միջնադարյան մատուռներ, ինչպես նաև այլ նշանակության հուշարձաններ[5]։

Հաղպատի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ գյուղում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոններից մեկը՝ Հաղպատի վանական համալիրը, որը կառուցված է գյուղի կենտրոնում՝ բարձրադիր վայրում[9]։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[6][9]։ Վանքը համարվում է Հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից[9]։

Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի[10][11] թագավորը և նրա կին Խոսրովանույշը 976 թվականին[12]։ Այնուհետև Հիմնադիր վանահայր Սիմեոնը հիմնել է վանքի հոգևոր դպրոցը, որտեղ ուսուցանել են տարբեր վայրերից ժամանած գիտնականներ և ուսուցիչ վանականներ։ Այդ ժամանակ Կյուրիկյան թագավորության երկու վանքերում՝ Հաղպատում և Սանահինում, միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։ 1005-ից 1020 թվականներին Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ, 1005 թվականին՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին և վանքի նախնական պարիսպը։ 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը։

Հետագա դարերում Հաղպատի վանքին տիրել են տարբեր օտար նվաճողներ՝ չնայած այն հիմնականում պահպանել է իր կիսանկախությունն ու հոգևոր նշանակությունը։

Տարբեր դարերում Հաղպատում են ապրել և հոգևոր, գիտակրթական գործունեություն իրականացրել ժամանակի հայ նշանավոր հոգևորական-գիտնականներ ինչպիսիք են Հովհաննես Իմաստասերը, պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկաոդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին և այլք։

Զորավանք եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորավանք եկեղեցին, որը կոչվում է նաև Սուրբ Գևորգ, գտնվում է Հաղպատի հարավային կողմում։ Կառուցվել է 1279 թվականին անդեզիտե կոպտատաշ խոշոր քարերով, պատերն ունեն 1,2 մ հաստություն։ Կազմված է փոքր աղոթասրահից և կից գավիթ-սրահից։ Ներկայում կիսավեր վիճակում է։ Շրջապատված է փոքր գերեզմանոցով, որտեղ պահպանվել են մի քանի խաչքարեր և տապանաքարեր[13][14][15]։

Կայանբերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ գյուղի արևմտյան կողմում՝ չորս կողմից մեկուսացված ժայռի գագաթին է գտնվում Կայանբերդ ամրոցը։ Այն կառուցվել է 1233 թվականին Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին՝ Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը։ Որոշ ուսումնասիրողներ այն կարծիքին են, որ Հովհաննես եպիսկոպոսը ոչ թե կառուցել է ամրոցը, այլ վերակառուցել է ավելի վաղ հիմնված բերդը։ Համարվում է միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության ուշագրավ կառույցներից։ Կազմված է 120 մ հարավ-հյուսիս ձգվածությամբ ամուր պարսպապատերով և ունի ավելի քան մեկուկես տասնյակ բուրգ-աշտարակներ։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան։ Գլխավոր մուտքը հարավային կողմում է, որով հրվանդանը Շերեք գետակի վրա 13-րդ դարով թվագրվող կամրջով կապվում է Հաղպատ գյուղին[16][17][18][19]։

Ամրոցի ներսում է գտնվում Դսևանք եկեղեցին։ Այն գտնվում է ամրոցի հարավային հատվածի արևելյան կողմում՝ բարձունքի վրա։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթակիր եկեղեցի է։ Ունի մեկ մուտք, որը գտնվում է արևմտյան կողմում է[16][17][18][19]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատը բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, որի հետևանքով երբեմն ամբողջովին ամայացել է։ Գյուղի ներկայիս բնակիչների մի մասի նախնիներն այստեղ են եկել Արցախից (Խաչենի մելիքությունից)[7]։

Ստորև ներկայացված է Հաղպատ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1988
Բնակիչ 750[8][20] 864[8][20] 857[8][20] 801[8] /891[20] 699[8][20] 871[8][20] 727[8][20] 568[8]
Տարի 1989 1999 2001 2004 2008 2011 2012
Բնակիչ 629[21] 746[8] 787[20] 700[20] 767[8] 668[1] 765[8]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, զբոսաշրջությամբ[22]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական ոլորտից զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ, կերաբույսերի մշակմամբ, ինչպես նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ[8]։

2018 թվականի դրությամբ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերից 201 հա է, որից վարելահողերը 149, արոտավայրերը՝ 39 և խոտհարքերը 13 հա են[8]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատ գյուղը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ամենաայցելվող և հռչակավոր կենտրոններից է[22]։ Այստեղ այցելում է և՛ Հայաստանի բնակչությունը, և՛ օտարերկրյա քաղաքացիները։ Տարածված են զբոսաշրջության տարբեր ուղղություններ՝ այդ թվում՝ դասական զբոսաշրջություն, քայլարշավներ, էքսկուրսիաներ։

Հաղպատում գործում են բազմաթիվ հյուրանոցներ և հյուրատներ[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. 3,0 3,1 Հաղպատ գյուղի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում (արխիվացված 08․03․2023 թվականին)։
  4. 4,0 4,1 «Սանահին - Հաղբատ», Կ․Լ․Հովհաննիսյան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1978 թվական, (էլեկտրոնային տարբերակ)։
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ստորագրված 04.02.2004 (էլեկտրոնային տարբերակ)։
  6. 6,0 6,1 6,2 Centre, UNESCO World Heritage. «Monasteries of Haghpat and Sanahin». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  7. 7,0 7,1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ համայնքի 2017-2021 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պլան (թվային տարբերակ արխիվացված 30․07․2023 թվականին)։
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 Սամվել Ավետիսյան, Վահագն Գրիգորյան, «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տեղեկատու», Երևան, «Մեկնարկ», 2018 թվական, էջ 526-527, ISBN 978-9939-878-29-4:
  9. 9,0 9,1 9,2 Հաղպատի վանքի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, (արիվացված 18․02․2023 թվականին)։
  10. Հաղպատի վանքի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում։
  11. А. Ю. Казарян. Ахпат // Православная энциклопедия. —М., 2002. — Т. 4. — С. 213-214.
  12. Вардан Великий. Всеобщая история: «Благочестивая супруга его, Хосровануйш, выстроила великолепные монастыри Санахин и Хахпат…»
  13. Զորավանք եկեղեցու մասին տեղեկություններ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության hushardzan.am կայքում], (արխիվացված 01․01․2023թ․)։
  14. Շախկյան Գ., «Լոռի Պատմության քարակերտ էջերը», Երևան, 1986
  15. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ընդունված 29.01.2004 թվականին, ստորագրված 04.02.2004 թվականին, (թվային տարբերակը arlis.am կայքում)։
  16. 16,0 16,1 Դիվան հայ վիմագրության (Լոռու մարզ), պրակ IX, Երևան, 2012 թվական։
  17. 17,0 17,1 Մաթևոսյան Ռ., Կայան բերդի և գավառի տեղադրությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», N 2, Երևան, 1972 թվական։
  18. 18,0 18,1 Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986 թվական։
  19. 19,0 19,1 Կայանբերդ ամրոցի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, արխիվացված 03․02․2023 թվականին։
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
  21. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 748 — 916 էջ։
  22. 22,0 22,1 22,2 «Զբոսաշրջությունը Հաղպատում աշխատատեղեր բացելու հնարավորություն է ստեղծել, մինչդեռ …», (արխիվացված 30․07․2023 թվականին)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղպատ (գյուղ)» հոդվածին։