Jump to content

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ուրմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ18-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Քաղաքի հիմնական եկեղեցին է։

Հայերն Ուրմիայում և նրա շրջակայքում բնակվել են դեռ վաղ միջնադարից՝ ասորիների հետ միասին։ Շրջակա գավառների հայությունը 20-րդ դարի սկզբին կազմել է մինչև 6000 բնակիչ, այդ թվում գավառի կենտրոն Ուրմիա քաղաքում՝ 350 հոգի (1905)։ Հայկական և հայաբնակ գյուղերի թիվը հասնում էր երեք տասնյակի, որոնցից մինչև այժմ իր ինքնությունը մասամբ պահել է Գարդաբադը։ Թեև հայկական գյուղերից որոշներն ունեցել են փոքր եկեղեցիներ կամ մատուռներ, հիմնական եկեղեցին եղել է սուրբ Ստեփանոսը՝ կառուցված 18-րդ դարում[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական բանակը մտնում է Ուրմիա, կոտորածի ենթարկում հայ և ասորի բնակչությանը։ Հայերի մոտ կեսը տեղափոխվում է Հայաստան։ 1948 թվականին Ուրմիայի 29 գյուղերում ապրել է շուրջ 3 հազար հայ (մեծ մասը 1946 թվականին ներգաղթել է հայրենիք)։ 21-րդ դարի սկզբին Ուրմիայում շարունակում են ապրել սակավաթիվ հայկական ընտանիքներ։ Տեղացի Էդիկ Մեջլումյանի միջոցներով 2002 թվականին վերաբացվում է հարյուրամյա հայկական եկեղեցին, նոր շունչ առան տեղի հայկական դպրոցն ու մանկապարտեզը[2]։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ բարերարը պարգևատրվել է կաթողիկոսության Ասպետի շքանշանով[3]։ Դրանից հետո եկեղեցի են այցելում ոչ միայն հայ ուխտավորներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ[4][5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոսը բազիլիկ կառույց է, երեսպատված ծիրանագույն քարով։ Ունի մեկ զանգակատուն, որը հիմնական շենքի ձախ կողմում է։ Եկեղեցու կենտրոնական հատվածում բարձրանում է ութանիստ թմբուկով գմբեթը։ Ներսից եկեղեցին ամբողջությամբ գիպսապատ է, ունի եռակամար խորան։ Կենտրոնական հատվածում է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը ձեռքին[6]։

Եկեղեցուն կից կառուցված է մարզադահլիճ, մշակութային հանդիսությունների սրահ[7], որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ[8], ինչպես նաև՝ հարգանքի հիշատակի տուրքեր[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ատրպատականի հայոց թեմ, «Արտազ» ամսագիր, Հայերն Ուրմիայում
  2. «Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը ընտրեց իր ծնողական խորհուրդը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  3. Ուրմիայում օծվել է Ս.Ստեփանոս վերակառուցված եկեղեցին
  4. ԻԻՀ Մշակոյթի փոխնախարարի այցը՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցի(չաշխատող հղում)
  5. Քաղդէացիների պատրիարքը այցելեց Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցի(չաշխատող հղում)
  6. ««Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  7. «Միջինքի հաւաքոյթ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կազմակերպութեամբ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  8. Հայ Մշակոյթի տօնի առթիւ կազմակերպւած շքեղ միջոցառում՝ Ուրմիայում(չաշխատող հղում)
  9. «Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։