Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Ղազվին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Saint Hripsimeh church (Qazvin).jpg
Եկեղեցու խորան
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՂազվինի նահանգ և Ղազվին
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1936
Գմբեթ2 հատ
Կոորդինատներ: 36°16′9.8846001004067″ հս․ լ. 50°0′25.780700101587″ ավ. ե. / 36.269412388916776990° հս․. լ. 50.00716130558377159° ավ. ե. / 36.269412388916776990; 50.00716130558377159
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հռիփսիմե, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ղազվին քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին: Գտնվում է Թալեղանի պողոտայում՝ Խայամ եռուղի, Ռաֆի փակուղի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազվինում առաջին հայերի մասին վկայություններ կան դեռ 16-րդ դարից, երբ այն Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքն էր (1555-1598)[1]: Մի քանի ընտանիքներ այստեղ են հաստատվել շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով: Հայերի հիմնական քանակությունը Ղազվինում հաստատվել են 1880-ական թվականներին՝ տեղափոխվելով Սպահանից, Համադանից, նաև՝ Թավրիզից։ Հայերի առաջին եկեղեցին կոչվել է սուրբ Սարգիս (1897), որը քանդվել է:

20-րդ դարի սկզբում վաճառական Միքայել խան Բարխուդարյանը քաղաքի կենտրոնում 5900 մետր2 հողամաս է տրամադրում, որտեղ կառուցում են դպրոց, թատերասրահ, մարզադաշտ, գրադարան և 12 խանութներ: Սուրբ Հռիփսիմեն կառուցվել է 1936 թվականի դեկտեմբերին՝ ռուսական (1905) և ասորական (1915) եկեղեցիներից հետո[2]: Եկեղեցին Օծվել է 1937 թվականի հունիսի 27-ին[3]: Սուրբ Հռիփսիմեն կառուցվել էր Ղազվինի այն Ժամանակվա հայոց հոգևոր հովիվ տեր Հարություն քահանայի առաջարկով՝ ի հիշատակ Հովհաննես Բարսեղյանի վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմեի, որը վախճանվել էր 1934 թվականին։ 1947 թվականին փոքրիկ Հռիփսիմեի աճյունը փոխադրվեց և ամփոփվեց եկեղեցու գավթում, իսկ եկեղեցու բարերարը ընտանիքով Ղազվինից տեղափոխվեց Խորհրդային Հայաստան[4]:

Հայ բնակչությունը զգալիորեն ավելացել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1970-ական թվականներին հասնելով 450-500 ընտանիքի (մինչև 2000 բնակիչ)։ Իսլամական հեղափոխությունից և Իրան-իրաքյան պատերազմից հետո Ղազվինի հայերի գերակշիռ մեծամասնությունը տեղափոխվել է Թեհրան կամ արտասահման։ 1990 թվականի հունիսի 20-ին Գիլանում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժը զգալի վնաս էր հասցրել զանգակատանը, որը վերանորգվել է: Տարեկան մեկ անգամ՝ սուրբ Հռիփսիմե կույսի տոնին (մայիսի 31), Թեհրանի հայոց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի տնօրինութեամբ այդտեղ ուխտագնացություն է կատարվում: Եկեղեցու ութսունամյակի առիթով սուրբ Հռիփսիմե է այցելել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը[5]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հռիփսիմեն ուղղանկյունաձև կառույց է՝ 18.2x11.8 մետր չափերով: Բարձրությունն ավելի քան 5 մետր է: Շինությունը կառուցված է աղյուսից, ներսից պատերը գաջված են: Արևմուտքում կառուցված է ցածր զանգակատուն: Հիմնական գմբեթի թմբուկն ունի ութ պատուհան:

Խորանի նկարում պատկերված է սուրբ Երրորդությունը: Աջ ու ձախ կողմերում դրված են սուրբ Թադևոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մեծ պատկերներ: Աղոթասրահում՝ չորս սյուներից ներս, դրված են փայտե նստարաններ: Սյուների վրա նույնպես պատկերներ են դրված, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի:

Եկեղեցու տարածքում է «Րաֆֆի» դպրոցը, որի շենքն օգտագործվում է որպես հանրակացարան՝ հայ ուսանողների համար: Դդպրոցն ուներ գրադարան, որտեղ այժմ պահվում են մեծաթիվ գրքեր, արխիվներ[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png