Ձորաեզրի վանք
Ձորաեզրի վանք | |
---|---|
Ձորաեզրի վանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ, Օձուն |
Թեմ | Գուգարաց թեմ |
Օծման թվական | վերաօծվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Վերականգնված |
Ճարտարապետ | Գրիգոր քարգործ, 2017 թվականի վերականգնող ճարտարապետը Սուրեն Աբովյան է։ |
Ճարտարապետական տիպ | վանական համալիր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 13-րդ դար |
Շինանյութ | Բազալտե սրբատաշ քար և դեղնաշագանակագույն ֆելզիտ |
Horomayr verin Վիքիպահեստում |
Ձորաեզրի վանք, հայ առաքելական միջնադարյան վանական համալիր Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում[1]՝ բնակավայրից 1.5 կմ հարավ-արևելք, Օձուն - Այգեհատ ճանապարհից ձախ՝ ձորաեզրին[2][3]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն վիմագրական աղբյուրների՝ շինությունների վերին հուշարձանախումբը կառուցվել է Հոռոմայրի միաբանների նախաձեռնությամբ և թեև կանգնած է մասնակիորեն մեկուսի, այնուհանդերձ համարվել է Հոռոմայրի վանքի բաղկացուցիչ մասը։
2017 թվականին վանքն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերականգնող ճարտարապետ` Սուրեն Աբովյան։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաեզրի վանքը կազմված է եկեղեցիներից և գավթից։ Շենքերի սիմետրիկ դասավորությունը նախագծային որոշակի մտահաղացման արդյունք է[4]։ Կենտրոնում գտնվում է հավասարակողմ փոքրիկ գավիթը, որը հարավային և հյուսիսային կողմերից հաղորդակից է երկու նույնածավալ միանավ թաղածածկ եկեղեցիներին։ Վանքի արևմտյան մասում գտնվում է միջնադարյան գերեզմանոցը, որում կան նաև ուշ ժամանակաշրջանի տապանաքարեր։
Գլխավոր մուտքը բացված է գավթի արևմտյան պատին և միայն գավթի ներսից կարելի է մտնել եկեղեցիներ, ընդ որում հարավային եկեղեցու մուտքը կողմնորոշված է դեպի գավիթ, իսկ հյուսիսայինինը՝ գավթից դեպի եկեղեցի։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հարավային եկեղեցու հետ գավթի[5]։
Հյուսիսային եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]3.1 մ x 2.45 մ չափերով, կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է՝ առնված երկլանջ կտուրի տակ։ Ծածկը չի պահպանվել։ Արևմտյանճակատը ամբողջությամբ ծածկված է խաչի պատկերներով։ Այդ խակատում պատույանի բարավորը ուղղանկյուն կտրտվածքներով իրար հագած կրկնակի քարերից է։ Եկեղեցին կառուցված է դեղնաշագանակագույն ֆելզիտով[6]։
Հարավային եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]3.2 մ x 2.15 մ չափերով, կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է՝ առնված երկլանջ կտուրի տակ։ Կիսաշրջանաձև խորանը գմբեթարդի սահմանագծով եզերված է պարզ տրամատի գոտիով, որը շարունակվում է նաև երկայնական պատերում։ Պատերն իրականացված են սրբատաշ բազալտե քարերով։ Մուտքի որմնակամարի արձանագրության համաձայնեկեղեցին կառուցվել է 1206 թվականին՝ վանքի առաջնորդ Սամուելի կողմից։ Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ։
Գավիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 13-րդ դարում՝ դեղնաշագանակագույն ֆելզիտե սրբատաշ քարերով։
Գավիթն առավելապես ուշագրավ է իր կառուցվածքային առանձնահատկություններով։ Գրեթե քառակուսի (4.35 մ x 4.1 մ) հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով։ Ներսից չորս անկյունները հատված են որմնամույթերով, որի շնորհիվ ներքին տարածությունը հատակագծում դարձել է ութանկյունի։ Որմնամույթերից դեպի վեր անկյունագծով ձգվում են երկու կամարներ և խաչվում առաստաղի ուղիղ կենտրոնում։
Վանքի գավիթը ավելի պարզ շինություն է, քան 13-րդ դարի խաչվող կամարներ ունեցող այլ ճարտարապետական հուշարձաններ (Դեղձնուտի վանք, Մշկավանք, Նոր Վարագավանք, Խորակերտի վանք, Հաղպատի վանք և այլն)։ Երկու զույգ կամարների փոխարեն, շենքի փոքրության պատճառով ունի միայն մեկը, որը ինքնատիպ լուծում է՝ կամարների անկյունագծային տեղագրությամբ։
Գավթի արևմտյան մուտքը բավականին մեծ է։ Պատուհանների բացակայության պայմաններում կատարել է նաև ներսի լուսավորումը։ Եկեղեցիները գավթից ավելի բարձր են եղել։
Գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի գերեզմանոցը գտնվում է համալիրի արևմտյան հատվածում։ Պահպանվել են մոտ տասնյակին հասնող խաչքարեր։
Դեկորատիվ հարդարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական ձևերի պարզությանը համապատասխան շինությունների դեկորատիվ հարդարանքը ևս բավական զուսպ է։ Հարդարման ձևերը ավանդականորեն երեք տիպի են՝ զարդաքանդակներ, ճարտարապետական դեկորատիվ տարբեր և պատկերաքանդակներ։
Միակ պատկերաքանդակը գտնվում է հարավային եկեղեցու արևելյան պատուհանի վրա, արտաքուստ։ Պսակի երկշարք կամարի երկու կողմերում տեղադրված են դեմ-հանդիման կանգնած երկու աղավնիների հարթաքանդակներ։
Գավթի տանիքը պահով կամարները մասնակիորեն հարդարված են զարդաքանդակի տարրերով։ Երկու զարդեր են քանդակված կամարների ներսի կողմի վերնամասում։ Ոճական ընդհանրությունից պարզ է դառնում, որ այս զարդաքանդակները արվել է միևնույն քանդակագործի կողմից։
- Մեկը պատկերում է հավերժության նշան, կազմված գնդաձև ուռուցիկ մակերեսին սփռվածելունդավոր գծերով[7]։ Ոլորաձև տարածվող այդ գծերի ուղղությունը շեշտված է կլոր շրջանակից թեքությամբ դեպի դուրս շեղվող խաղողի և ոճավորված տերևների քանդակներով, որոնք կլորավուն զարդապատկերին շարժում են հաղորդում։
- Մյուսը պարզ վարդյակ է, կենտրոնից տարածվող միատեսակ ծաղկատերևներով։ Փոքրիկ կլորավուն կենտրոնի վրա կրկնված է հավերժության նշանի գծապատկերը։
Ճարտարապետական տարրերով հարդարվել է նաև գավթի արևմտյան և հարավային եկեղեցու մուտքերը, երկուսն էլ շրջանակվել ենդեկորատիվ որմնասյուներով և կամարներով։
Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձորամիջի վանք
- ՀՀ վանական համալիրների ցանկ
- Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկ
- Արցախի վանական համալիրների ցանկ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կառույցի տեսքը արևմուտքից
-
Կիսավեր հատվածն ու վանդալիզմի դրսևորումները
-
Եկեղեցու գլխավոր մուտքը
-
Ընդհանուր տեսքը դեպի շինություն տանող գրունտային ճանապարհից
-
Կառույցի հարավային հատվածը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brothers, Baghdasaryan. «Հոռոմայր վանքային հալալիր». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Ի. Հարությունյան, Աշակերտի հուշատետր, Լումա հրատարակչություն, գիրք Ա, Թփղիս, 1897 թվական, էջ 275
- ↑ Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1952 թվական, էջ 35-36։
- ↑ Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1952 թվական, էջ 36։
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 267։
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 270
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 268
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձորաեզրի վանք կատեգորիայում։ |