Ձորամիջի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձորամիջի վանք
03 Հոռոմայրի վանք Emma YSU.jpg
Ձորամիջի վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ, Օձուն
ԹեմԳուգարքի թեմ
Հոգևոր կարգավիճակխոնարհված
Ներկա վիճակկիսավեր
ՃարտարապետԳրիգոր քարգործ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ14-րդ դար
Առաջին հիշատակում7-րդ դար
Գմբեթ1
ՇինանյութԲազալտե սրբատաշ քար

Ձորամիջի վանք[1][2] հայ առաքելական միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում[3]՝ բնակավայրից 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ։ Օձուն - Այգեհատ ճանապարհից ձախ, Դեբեդի ձախափնյա ձորալանջին։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի վանքի գոյության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են ավելի վաղ ժամանակներին։ Կա մի քանի ավանդություններ վանքի հետ կապված[4]։

1. Հիմնվել է Վասիդ անունով մի հույն իշխանի կողմից 13-րդ դարի սկզբներին Վասիդը Հայաստան է եկել որպես դեսպան, սակայն ծանր հիվանդությամբ տառապելով, ամոքվել է Հովհան Օձնեցու աղոթքների շնորհիվ։ Տեսնելով այս հրաշքը, նա հրաժարվում է աշխարհիկ կյանքից, կառուցում է վանքը, ուր և ճգնում է մինչև կյանքի վերջ։ Քանի որ վանքի հիմնադիրը հոռոմ էր, վանքը կոչվում է Հոռոմայր[5][6][7]։

2. Վանքի առաջին եկեղեցին կառուցել է Հերակլ կայսրը՝ 7-րդ դարում։ 11-րդ դարում այս վանքը ձեռք է բերում Պետրոս Գետադարձ կաթողիկոսի մասունքները, որի պատճառով էլ կոչվել է Սուրբ Նշան[8]։

Ստորին հուշարձանախումբն աչքի է ընկնում միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով։ Անմատչելի դիրքով, մերձակա քարայրերի գոյությամբ միաժամանակ հանդիսացել է ապաստարան թշնամու հարձակումների ժամանակ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է իրար կից մի շարքում տեղակայված ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, առանձին գտնվող ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։

Եկեղեցի զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի ստորին հուշարձանախումբ

Վիմական արձանագրությունում անվանվում է անվանվում է Սուրբ Նշան, որը տարածվել է ողջ հուշարձանախմբի վրա։ Թաղակապ դահլիճ է՝ պայտաձև խորանով։ Աղոթասրահի լայնական չափը (3.4 մ) մեծ է երկայնականից (2.6 մ)։ Խորանի անկյունային մասերի և արևմտյան պատի պահունակների վրա հենվում են չորս որմնակամարները, որոնք պահում են թաղածածկը և հետագայում հավելված զանգաշտարակը (1290 թվական)։ Արևմտյան պատը անմիջականորեն հարում է ժայռին, որի ստորին մասում շարված են նրբին զարդաքանդակներով խաչքարեր։ Արևմտյան պատի միջին մասից բացվում է դուռ դեպի ժայռափոր կլորավուն հատակագծով անձավը։ Հատակը պատած է տապանաքարերով։ Պատերը կառուցված են սրբատաշ բազալտե քարերով, որոնց չափերը ստորին մասում հասնում են մինչև 1.5 մ։

Հոռոմայրի ստորին հուշարձանախումբ, Հիսուս Քրիստոսի քանդակը եկեղեցի-զանգակատան մուտքի բարավորին

Միակ հյուսիսային մուտքն ունի սլաքաձև վերջավորությամբ ոչ խոր փորված եզրակալ, որի երկու կողմում՝ կից քարերի վրա պատկերված են ողջ հասակով մեկ կանգնած հրեշտակներ՝ խաչը ձեռքերին։ Բարավորի հարթության վրա Քրիստոսի դիմաքանդակն է՝ ներքևից սահմանափակված զույգ դափնետերևներով։ Աջ ձեռքը բարձրացած է, իսկ ձախ ձեռքին ավետարան է՝ երկու կողմում Յ[ԻՍՈՒՍ] Ք[ՐԻՍՏՈՍ] մակագրությամբ։

Եկեղեցի-զանգակատան հետագայում կցված լինելն ակնհայտորեն երևում է նաև ներսից. հարավային կողմից առանձին պատ չունենալով, նրա թաղի և կամարի համար որպես հենարան ծառայում է միջին եկեղեցու քիվը։

Զանգաշտարակն ունի ութ սյուն՝ մեկընդմեջ ութանկյուն և քառակուսի կտրվածքներով, որոնց հենվում են դեղնավուն ֆելզիտից սլաքաձև կամարները։

Շինարարական արձանագրության համաձայնկառուցվել է 1187 թվականին Զաքարե և Իվանե սպասալարների կողմից։

Արևմտյան կողմի ժայռի հյուսիսային շարունակության վրա քանդակված են տասնյակի հասնող 13-րդ և 14-րդ դարերի թվագրված խաչաքանդակներ։ Մուտքի առջև եղել փայտաշեն սրահ, որից պահպանվում են կաղնի փայտից պատրաստված պարզ խոյակներով հենարանները և մարդակների մի մասը։ Սրահի երբեմնի գրաված տարածքում գտնվում է բարձրարվեստ զարդաքանդակներով Տերունական խաչքարը՝ կերտված 1201 թվականին։ Հյուսիսային կողմում կան կացարանների պատերի մնացորդներ։

Միջին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի ստորին հուշարձանախումբ

Ձորամիջի վանքի համեմատաբար վաղ կառուցված շինությունն է։ Ենթադրվում է որ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարի կեսերին։

Հյուսիսից կից է եկեղեցի զանգակատանը, իսկ հարավից՝ մյուս ավելի փոքր եկեղեցուն։

Արևելք-արևմուտք փոքր-ինչ ձգված երկթեք կտուրով թաղածածկ դահլիճ է։ Ունի կիսածրջանաձև խորան։

Միակ մուտքը հյուսիսից է, որը բացվում է դեպի եկեղեցի-զանգակատունը։

Կառուցված է կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալ քարերով։

Արտաքին ծավալային լուծմամբ, կցման ուղղաձիգ կարերով, քարատեսակով և մշակմամբ որոշակիորեն զատվում ՝ կից կառույցներից։

Եկեղեցու կտուրը հենարան է ծառայում եկեղեցի-զանգակատան արևելյան պատի վերին մասի համար։

Փոքր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի ստորին հուշարձանախումբ, հարավային եկեղեցի

Հարավային եկեղեցին է, որը ավելի շուտ մատուռ։ Հորինվածքով նման է թաղակապ դահլիճի՝ քառակուսուն մոտ համաչափություններով։

Արևելյան ճակատը շարքի մյուս կառույցների հետ գտնվում է նույն գծի վրա, ապա արևմտյանը միջին եկեղեցուց ետ է ընկած մոտ 2.5 մ։ Ծածկը կրելու համար միջին եկեղեցու հարավային պատին կից դրված է նոր պատ։

Միակ մուտքը արևմտյան կողմից էր, որի բարավորի արձանագրության համաձայն կառուցել են Հակոբի և Խալիի որդիներ Սարգիսը և Զաքարեն՝ 1201 թվականին։

Ունի երկլանջ կտուր՝ միջին եկեղեցու համեմատավելի ցածր դիրքով։ Կառուցված է սրբատաշ բազալտեոչ խոշոր քարերով։

Սուրբ Աստվածածին ժամատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի ստորին հուշարձանախումբ

Սուրբ Աստվածածին ժամատունը գտնվում է Սուրբ Նշան եկեղեցի-զանգակատնից 25 մ հյուսիսային ուղղությամբ։ Ընդարձակ սրահ է՝ հյուսիս-հարավ ձգվածությամբ։ Արևելյան պատի միջին մասում ունի ներքուստ կիսաշրջանաձև, արտաքուստ ուղղանկյուն եզրագծով խորան՝ նեղ պատուհանով։ Մեկական լայն պատուհաններ (կաղնե բարավորներով) կան խորանի եզրային պատերում։

Մուտքերը երկուսն են՝ հյուսիսային և հարավային կողմերից, հանդիպակած դասավորությամբ։ Արևմտյանկողմից որպես պատը ծառայում է ժայռը։ Արևելյան պատը սրբատաշ, իսկ մյուսները կոպտատաշ բազալտ քարերով։ Ներսից եղել է սվաղված։ Խորանի մասում տեղ-տեղ նկատելի են որմնանկարների հետքեր։

Ծածկը չի պահպանվել։ Թաղերի և հենարանների հետքերի բացակայությունը, պատերի ոչ մեծ թանձրությունըհիմք են տալիս ենթադրելու, որ ժամատունըունեցել է փայտե ծածկ։ Արևելյան պատի մնացորդից երևում է, որ տանիքը եղել է երկլանջ։

Խորանի ճակատի արձանագրության համաձայն կառուցվել է 1301 թվականին՝ Իգնատիոս վարդապետի կողմից։

Օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախմբին արևմուտքից հարող ուղղաձիգ ժայռի տարբեր մակարդակներում գտնվում են անձավներ՝ մի մասը ամրացված պատերով։ Հարավարևմտյան կողմի ժայռի միջին մասում գտնվում է մատուռ՝ բազալտե մաքարատաշ խոշոր քարերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ի. Հարությունյան, Աշակերտի հուշատետր, Լումա հրատարակչություն, գիրք Ա, Թփղիս, 1897 թվական, էջ 275
  2. Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1952 թվական, էջ 35-36
  3. Brothers Baghdasaryan։ «Հոռոմայր վանքային հալալիր»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-10-13 
  4. Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 269-270
  5. Բարձրբերդցի, «Պատմութիւն տիեզերական», Մոսկվա, 1861 թվական, էջ 101-102
  6. «Ազգագրական հանդես» 7, 8, Թիֆլիս, 1901 թվական, էջ 77
  7. Ղ. Ինճիճյան, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822 թվական, էջ 362
  8. Ս. Ջալալյան, Ճանապարհորդութիւն հ Ա, 1877 թվական, էջ 92