Սուրբ Խաչ եկեղեցի (Ապարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱպարան[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը4-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Կազմված էԵկեղեցի Սբ. Խաչ, Սյունասրահ, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ1693 թվական
Հիմնադրված4-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Basilica of the Holy Cross Վիքիպահեստում

Սուրբ Խաչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին[2]։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։ Եկեղեցու քահանաններն են Տեր Մուշե քահանա Վահանյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

Օծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մայիսի 5-ը նշանակալից օր է ինչպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության պատմության համար, այնպես էլ Ապարանի պատմության մեջ։ Ապարանի հավատավոր ժողովուրդը ստացավ իր պապերի աղոթատունը՝ Քասախի բազիլիկ տաճարը, ավարտուն և բարեզարդված։ Մայիսի 4-ի երեկոյան Տեր Սիոն եպիսկոպոսի մուրճի հարվածներով տաճարի դռանը, դռնբացեքի արարողության սկզբից ևեթ դադարեց ամբողջ օրը տեղացած անձրևը, և Արագածի լեռան վերևում ամպերի պատռվածքից արևի ճառագայթների մի փունջ լուսավորեց ու ջերմացրեց տաճարի խոնավ պատերը։

1996 թվականի նոյեմբերից աղոթքների, շարականների, օրհներգների հնչյուններից արթնացած հնամենի քարերը երգում են բազմության հետ նեդաշնակ։

12 անգամ ջրով ու գինով լվացված որմերը սրթսրթացին կարոտի դողով՝ իրենց մեջ ներծծելով սրբագույն մյուռոնը, աղոթքի մրմունջները, ալելուիաների թնդյունը, դպիրների, սարկավագների, քահանաների, վարդապետի, եպիսկոպոսների ակնհայտ հուզմունքը։

Նույն սարսուռը ապրեցին նաև չորս ավետարանիչների որմերը և Սուրբ սեղանը հաջորդ օրը՝ մայիսի 5-ին՝ իրենց մեջ ներծծելով այս ամենը, սրբագործվելով Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական Աջով։

Վերաշինված, վերաօծված տաճարում Տեր Մամբրե քահանա Պատուրյանին էր շնորհ արվել մատուցելու առաջին Սուրբ Պատարագը։ Նրան սպասավորում էին տաճարի վերակառուցմանը համահունչ աճած, նորոգված երիտասարդ սարկավագներ ու դպիրներ։

Տաճարը և ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խաչ եկեղեցի
Եկեղեցական համալիր Քասախի Բազիլիկ (Սբ․ Խաչ եկեղեցի)

Պատմական Այրարատ նահանգի պատմական Նիգ գավառում Գնթունյաց իշխանները կառուցել են վաղ քրիստոնեական դարաշրջանի երկու բարձրարժեք կոթողներ՝ ի վկայություն իրենց բարեպաշտության և շինարարական մեծագործության։ Մեկը՝

  • Զովունու սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին է (5-րդ դար, ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում),

մյուսը՝

  • գրականության մեջ հայտնի «Քասախի բազիլիկ» տաճարը։

Արագած լեռան փեշերին, Քասախ գետի ակունքներում, նույնանուն ավանը 10-րդ դարից կոչվել է Ապարան, հետո առել է Բաշ հավելվածը և հաղթական մի ճակատամարտով մի կողմ է շպրտել այն՝ հասնելով 21-րդ դար իբրև քաղաք Ապարան։

Դարերի անցուդարձին անհաղորդ, ամեն տեսակ «իզմ»-երի բերած ձևափոխություններին անտարբեր, նախնական կերպարին հարազատ՝ 21-րդ դար հասավ միայն այս տաճարը՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին։

Միջնադարում կորցնելով իր նախնական թաղակապ ծածկերը՝ այն կրկին ծածկի տակ առնվեց 1877 թվականին։

Գնթունիները այն հիմնովին վերաշինել են 4-րդ դարի սկզբին՝ հարիր նոր՝ քրիստոնեական աշխարհընկալման, և այն հետագա դարերին, կրելով մասնակի աննշան փոփոխություններ, մեզ է հասել անաղարտ՝ իր նախնական հորինվածքով։

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին իր անունը առել է այդտեղ պահվող Տերունական Խաչափայտի մասունքից։ Ականատեսների վկայությամբ այն գոյություն է ունեցել մինչև մեծ անաստվածության տարիները, և այժմ անհայտ է գտնվելու վայրը։ Այս աղոթատունը գործել է մինչև 20-րդ դարի 40-ական թվականները՝ չդադարելով նաև գործել բոլշևիկյան տարիներին՝ շնորհիվ Տեր Ռաֆայել քահանայի։

40-ականների վերջին այն պղծվել է, քանի որ այն օգտագործել են որպես կոլտնտեսության պահեստ, բայց 1959 թվականին վերադարձվել է բնակավայրի ծխական համայնքին՝ շնորհիվ ծխական համայնքի խորհրդի և նրա նախագահի՝ դարբին Սենո Մայիլյանի։

Պատմական Այրարատ աշխարհի պատմական Նիգ գավառի պատմական Քասախ ավանի կենտրոնից բխել է «40 աղբյուր» կոչված սառնորակ գետը։ Նույն գետի ակունքների մոտ կառուցված Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց 1700 տարիներ շարունակ հորդել է Սուրբ Հոգու կենարար ջուրը՝ ոռոգելով Տիրոջ անդաստանները Ավետարանի կենարար լույսով։

Տաճար և պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1700-ամյա տաճարը անցել է բազմաթիվ փորձությունների միջով, տեսել է երկրաշարժեր, սովեր, համաճարակներ, պատերազմներ, սակայն մնացել է կանգուն։ Թե՛ խաղաղ օրերին, թե՛ արհավիրքի տարիներին նրա սուրբ Սեղանից դարեր շարունակ բաշխվել է Կենաց հացը։

1918 թվականի մայիսին Ալեքսանդրապոլում առկա ամենալուրջ ռազմական զորությունը՝ Հայոց բանակը, Էրզրումի, Սարիղամիշի, Կարսի անսպասելի հարձակումից հետո նահանջում էր։

Մայիսի 15-ին ընկավ Ալեքսանդրապոլը։ Անդրանիկը Դսեղ էր բարձրացել, գեներալ Նազարբեկովը Ղարաքիլիսայում տված ճակատամարտից «հոգնած», զորքը քաշում է Դիլիջան…

Վեհիբ փաշան գալիս է Արարատյան դաշտով Երևանի վրա։ Էսադ փաշան կարճ կտրում էր Սպիտակի լեռնանցքով՝ Ապարան-Երևան։ Պետք էր ճակատ տալ։ Արամ Մանուկյանի ձայնը մենակ չմնաց։ Վանի պաշտպանության հերոս, ազգային-պետական գործիչն իր ռազմական կարողություններով զորավիգ եղավ գնդապետ Մելիք-Բեկ Փիրումյանը և Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը։

Ճանապարհը Ապարանով Երևան բաց էր։ Էսադ փաշան յոթ հազարանոց բանակով գալիս էր Ապարանի վրա, ոտնատակ տալու-անցնելու Երևան՝ միանալու Վեհիբին՝ վերջնականապես ջնջելու աշխարհի երեսից հայ-Հայաստան։ Իսկ գյուղ լցված տղեքը չէին շտապում դիրք բռնել… Գյուղամիջում քահանան բացօթյա Ս. Պատարագ էր մատուցում։ Տղեքը, հաղորդություն առնելուց առաջ, պիտի ծնկած հրապարակավ խոստովանեին կամա թե ակամա գործած մեղքերը…

Անհնար է մեղքերի բեռան տակ կռվել և, առավել ևս, հաղթել։ Այստեղ, Քասախի ակունքներում 15-րդ դարերի խորքից արձագանքվում է Ավարայրում հնչած կոչը, և … տղերքը գյուղամիջում ծնկած լվացվում էին Փրկչական Արյունով՝ հեռացնելով իրենցից ամեն կեղտ կոչված բան՝ ականջալուր Ս. Զորավարի հորդորին.

«Եւ արդ եկել, հասել է ժամանակը…»:

Տաճարի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ներսից

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին գլխավոր կենտրոնական կառույցն է ճարտարապետական մի համալիրի, որից պահպանվել են 5-րդ դարում կառուցված եկեղեցու հիմնապատերը, ինչպես և 2 եկեղեցիների միջանկյալ տարածքում կառուցված սրահի։ Այս սրահը, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես ճեմարան՝ նախօրինակը լինելով Սանահինի վանքի հանրահայտ «Մագիստրոսի ճեմարանի»։

Պեղումներից հայտնաբերված ճարտարապետական բեկորները վկայում են համալիրում այլ բնույթի շինությունների երբեմնի առկայությունը, որոնցից, ցավոք, ոչ մի հետք չի պահպանվել։ Համալիրը զարդարել են նաև վաղ քրիստոնեական շրջանին բնորոշ քառակող հուշասյուներ և արխաիկ խաչքարեր, որոնցից մեկը գտնվեց և վերատեղադրվեց բարեկարգման աշխատանքների ավարտական փուլում։

Տաճարի հորիզոնական առանցքի շուրջ զարգացող ծավալատարածական հորինվածքը, որ արևելքում ավարտվում է խորանի աբսիդով, եռավան բազիլիկ է, սակայն խիստ տարբեր նախորդ շրջանից հայտնի նույնատիպ շինություններից։ Քասախի բազիլիկ տաճարը իր էքստերիերի ճարտարապետությունում զուսպ է և առնական։ Հիմնական արտահայտչամիջոցը այստեղ պատերի լոկալ հարթության և բացվածքների ու առաջ եկած պորտալների համաչափական համակարգն է և լուսարվեստային խաղը։

Մկրտության ավազան

Ողջ ճարտարապետական մտածողությունը ի սպաս է դրված աղոթքի և փառաբանության հարիր տարածության կազմակերպմանը, որը և Քասախի բազիլիկ տաճարի ճարտարապետության մեծագույն գեղագիտական արժեքն է հանդիսանում։ Այս մտածողությանը ձգտել է հարազատ մնալ վերականգնող ճարտարապետը՝ նորաստեղծ տարրերի (բեմը, սուրբ Սեղանը, Մկրտության Ավազանը) մշակման մեջ՝ ենթարկելով դրանք տաճարի գեղագիտական արտահայտչականությանը։

Ուենալով փաստացի նյութ կառույցի կղմինդրածածկ լինելու վերաբերյալ՝ տաճարը կրկին ծածկվեց կղմինդրով, որի ձևը կրկնում են 5-րդ դարից պահպանված կղմինդրի ձևերը։ Այս ամենով հանդերձ, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին Քասախի (բազիլիկ տաճարը) ոչ միայն վաղ քրիստոնեական շրջանի առաջնեկն է, այլև բարձրարժեք ճարտարապետական մի հորինվածք է՝ քարեղեն մարմնացումը Ավետարանի լույսի, սիրո ու ճշմարտության՝ զուսպ, առնական, միաժամանակ ջերմ ու մարդամոտ։ Այն իրավամբ հայ քրիստոնեական ճարտարապետության եզակի գոհարներից է և բարձրարվեստ մի հուշարձան միանավ բազիլիկների շարքում։

Տաճար և քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1796 թվականին Էրզրումի վիլայեթի Դութաղ բնակավայրի քահանա Տեր Հարությունը գերդաստանով տեղափոխվում է Արևելյան Հայաստան և հանգրվանում է այդ տարիներին գրեթե ավերակ Ապարան գյուղում։ Նրա մահից հետո նրա որդիները իրենց միացած գաղթականների հետ 1816 թվականի մայիսին հիմնվում են Ապարանում՝ նորոգելով Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող մի քանի տներ։

Սուրբ Խաչ եկեղեցին կրկին վերազարթնում է 19-րդ դարի իր առաջին քահանա Տեր Մարտիրոսի և նրա շուրջը համախմբվող ծխական համայնքի աղոթքներից։ 1860 թվականին վախճանված Տեր Մարտիրոսին փոխարինում է նրա որդին՝ Տեր Սահակը՝ քահանայագործելով եկեղեցում մինչև 1918 թվականը իրեն լծակից ունենալով կրտսեր եղբորը՝ Տեր Ռաֆայելին։ Վերջինս ձեռնադրվել է 1902 թվականին՝ ձեռամբ Խրիմյան Հայրիկի (Մկրտիչ Ա)։

Տեր Ռաֆայելի աղոթքներով բժշկվում էին հիվանդներ, դարձի ու ապաշխարության ճանապարհը բռնում հանցագործներ, ավազակներ։ Նրա աղոթքներով ցրվում էին կարկտաբեր ամպերը, բացվում էին երկնքի գոց դռները, և երկինք հառած շինականի աչքերը անձրևում էին՝ խառնվելով որպես օրհնություն տեղացող հորդառատ անձրևի շիթերին։ Նրան ձերբակալելու, աքսորելու ՉԿ-ի փորձերը միշտ ձախողվում էին երկնային միջամտությամբ։ 1946 թվականի հունվարի 17-ին 92-ամյա քահանան կնքում է իր մահկանացուն՝ մահվանից առաջ հասցնելով մկրտել Ապարանի նորածիններին։ Նրանից հետո աթեիզմը ամրապնդվում է նաև Ապարանում։ Բայց ծնվողները պիտի մկրտվեին և ննջողներն էլ պետք ունեին հոգեհանգստի, որ ի պաշտոնե կատարում է Տեր Հովհաննես քահանան մինչև իր մահը՝ 1959 թվականը։ Այնուհետև ապարանցիները ստիպված էին հասնել Էջմիածին կամ Երևան՝ հոգևոր կարիքների բավարարման համար։

1974 թվականին Ապարանի տարածքի հոգևոր կարիքների բավարարումը հանձնվում է Տեր Հարություն քահանա Եսայանին։ Նրա մահվանից հետո Ապարանի ծխական համայնքը և՛ կար, և՛ չկար։

Հոգևոր կյանքը վերազարթոնք է ապրում և աշխույժանում է 1989 թվականին Ապարանում հոգևոր հովիվ նշանակված Տեր Մկրտիչ քահանայի գործունեությամբ։ 1993 թվականի աշնանը Տեր Մկրտիչ քահանայի Շվեդիա վերաբնակվելու հանգամանքով համայնքը կրկին մնում է անհովիվ։

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի հոգածության շնորհիվ տարածքի հոգևոր սպասավորությունը ստանձնում է Տեր Աթանաս վարդապետ Մովսիսյանը։ 1996 թվականին վերաբացված Սուրբ Խաչ եկեղեցում հոգևոր հովիվ է նշանակվում Տեր Հարություն քահանա Եսայան կրտսերը՝ Տեր Հարությունի որդին։ 1997 թվականին Սբ.Խաչ եկեղեցում կատարվեց սարկավագական ձեռնադրություն ձեռամբ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Ձեռնադրվեցին Հովհհանես սարկավագ Վահանյանը, ով հիմա եկեղեցու հոգևոր հովիվն է և Հայկ սարկավագ Պետրոսյանը, ով հետո վերանվանվեց Տեր Ղազար և քահանայության կոչվեց Բյուրավանի եկեղեցում։

2001 թվականին Տեր Հարություն քահանան տեղափոխվում է պաշտոնավարելու Աշտարակի Սուրբ Կարմրավոր, Սուրբ Սարգիս և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։ Սուրբ Խաչ եկեղեցու և նրա ծխական համայնքի կյանքում նշանակալից էր 2001 թվականի փետրվարի 22-ը, երբ սուրբ Վարդանանց հիշատակին նվիրված իր անդրանիկ Պատարագով հովվական պարտականություններ ստանձնեց նորընծա Տեր Վիրապ քահանա Ղազարյանը։ Կարճ ժամանակում նա արժանացավ համայնքի սիրուն ու վստահությանը՝ շնորհիվ իր նվիրված ծառայության և ողջախոհ, հավասարակշիռ ընթացքի։

Շուրջ 13 տարի իր բարեսեր ծառայությունը բերեց Սուրբ Խաչ եկեղեցուն Տեր Վիրապ քահանա Ղազարյանը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ տեղափոխվեց Ոuկրաինա, ում էլ փոխարինեց Տեր Օշին քահանա Հայրապետյանը և Տեր Մուշե քահանա Վահանյանը։

Տաճար և համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ապարանի պիոներների տան դահլիճում հիմք դրվեց Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Ապարանի մասնաճյուղին՝ օրհնությամբ տեղի հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանայի։

1992 թվականի հուլիսին ժողովրդական պատգամավորների Ապարանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ մասնաճյուղը գրանցվում է Ապարանի «Սահակ-Մեսրոպ» հոգևոր-մշակութային-կրթական-բարեգործական համայնք-միություն։ «Սահակ-Մեսրոպ» համայնք-միությունը, գերխնդիր ունենալով Ապարանում և հարակից տարածքներում Մայր Եկեղեցու ծխական համայնքների ձևավորումը, միաժամանակ ստանձնեց Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման, վերաբացման ծանր ու պատասխանատու գործը։

1992 թվականի աշնանից, ամիսը մեկ անգամ և, մանավանդ տաղավար տոներին, Սուրբ Պատարագ էր մատուցվում կառուցվող եկեղեցու հարավային պատի տակ՝ բացելով տասնամյակներ փակ շնորհաբաշխ Սեղանը՝ հավիտենական կյանքի կերակուր բաշխելով Ապարանի ժողովրդին։

1996 թվականին Մայր Եկեղեցու վարչական նոր կառուցվածքի հետևանք Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին հանձնվեց նորաստեղծ Արագածոտն թեմին։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին հայոց առաջին լուսավորիչներ սբ. Թադեոսի և սբ. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը, Սուրբ Խաչ եկեղեցին բացեց իր դռները հավատավոր ժողովրդի առաջ։

Ֆինանսական դժվարությունների հետևանքով ամբողջովին չավարտված աղոթատան աշխատանքները սպասեցին ևս 5 տարի, բայց նորաշեն և նորաօծ մկրտության սուրբ Ավազանից վերստին ծնունդ էին առնում Մայր Եկեղեցու զավակներ, սուրբ Խորանի առաջ հավատարմության ու խոնարհության ուխտ էին կնքում երիտասարդ զույգեր, և ամեն կիրակի բաշխվում էր Տերունական կենարար Մարմինն ու Արյունը։ Եկեղեցու բացումից մեկ տարի անց ձեռամբ թեմակալ Առաջնորդ գերաշնորհ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի սարկավագության աստիճանի են արժանանում «Սահակ-Մեսրոպ» ՀՄԿԲ համայնք-միության անդամներ Հովհաննես Վահանյանը և Հայկ Պետրոսյանը, որոնք Սուրբ Խաչ եկեղեցում ծառայությանը զուգահեռ Ավետարանի կենարար խոսքն էին տանում Ապարանի գյուղեր և այլուր։

1998 թվականին համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքի համայնք-միությունը գրանցվում է որպես հասարակական կազմակերպություն։ 2000 թվականին Առաջնորդական տեղապահ նշանակված Վազգեն վարդապետ Միրզախանյանը, իր գործունեության կարևոր կետերից մեկը նկատելով Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման աշխատանքների ավարտումը և եկեղեցու վերաօծությունը, ամեն ջանք գործ դրեց այդ ուղղությամբ, և 2001 թվականի աշնանը սկսվեց վերակառուցման աշխատանքների ավարտական փուլը։

Ի հեճուկս 2001-2002 թվականների խստաշունչ ձմռան մատուցած անակնկալների, շինարարների խումբը հաջողությամբ ավարտին հասցրեց կղմինդրածածկի աշխատանքները, իսկ բարեկարգման աշխատանքները ընթանում էին անմիջական ջանքերով՝ հավատավոր ժողովրդի և, մասնավորապես, կազմակերպության երիտասարդաց միության՝ գլխավորությամբ հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանայի և անխոնջ և հաստատակամ Սպարտակ Ղարիբյանի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի. Պատերագիրք.- Էջմիածին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003.- 44 էջ։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.2/2