Սուրբ Անդրեի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Անդրեի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԻջևան[1]
Հասցեքաղաքից 18-19 կմ հվ-ամ, «Աղջկա բերդ» ամրոցից 1.5 կմ ամ[1]
Ներկա վիճակավերված
Կազմված էԵկեղեցի, Եկեղեցի, Կառույցներ օժանդակ և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Կառուցման սկիզբXII դար
Կառուցման ավարտXIII դար

Սուրբ Անդրեի վանք հայկական վանքային համալիր Տավուշի մարզի Իջևան քաղաքից 18-19 կմ հարավ-արևմուք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Անդրեի վանքի և կից գտնվող վարդապետական դպրոցի մասին հայ բանասիրության մեջ առաջին անգամ խոսել է Կիրակոս Գանձակեցին՝ Վարդան վարդապետի, եկեղեցական-հասարակական գործունեության կապակցությամբ։ Գանձակեցին պատմում էր Կիլիկիայի Հռոմկլա քաղաքում գահակալող հայոց Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի մասին, ում գլխավորությամբ գումարվեց եկեղեցական ժողով 1221-1267թթ. և կաթողիկոսի վստահելի անձը հանդիսացել է բեղմնավոր Վարդան վարդապետը։ Դա տեղի է ունեցել 1246 թվականին։ Երկրի հոգևոր և աշխարհիկ տերերը պարտավոր էին, ըստ սահմանված կարգի, փաստաթուղթը արտագրել տալ և իրենց համաձայնություն կաթողիկոսական օրինակի վրա վավերացնել ստորագրությամբ։ «Եւ առեալ զայս գիր,-այնուհետև վկայում է պատմիչը,- հավանութեան իմաստնոյ վարդապետին Վարդանայ, առաք է առ կաթողիկոսն Կոնստանդին ի Կլայն Հռոմայական, և ինքն եկեալ ի ձորն Կայանոյ ի միայնարանն իւր, զոր սուրբ Անդրէն կոչեին, հանդեպ անառիկ բերդին Կայանոյ, և անդ դադարեալ յուսուցանել զբազումս, որք աշակերտէին նման վարդապետական բանին»։

Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու հաղորդման մեզ հայտնի է դառնում որ մինչև Կիլիկիա՝ կաթողիկոսի մոտ մեկնելը, հավանաբար մոնղոլների գլխավոր արշավանքից առաջ[3] վարդապետական կոչում ստացած Վարդան Արևելցին իր մենարանը հիմնեց՝ սուրբ Անդրեի անվամբ, որը գտնվել է Կայան անառիկ բերդի հանդեպ և այնտեղ գործել է վարդապետական դպրոց։

Ճշգրիտ տեղեկություն չկա Մենաստանի տեղադրության մասին, տեղեկություն չկա նաև Իջևանի շրջանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[4]

Սուրբ Անդրեյի մասին «ՎանքՀայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ասված է. «Վանք,որը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ձորափոր գավառում, Կայեն բերդի մոտ, Աթոռիկ գյուղից ոչ հեռու։ Կառուցված է որձաքարերով, առաստաղը՝ կոփածո քարերով։ Պատմիչ, աշխարհագիր Վարդան Արևելցին մինչև 1264 թվականը ապրել է վանքում և նրա գերեզմանը գտնվում է նույն վանքի բակում»[5]։ Մենարանի տեղը հեշտությամբ կարելի է ճշտել հենց Աթոռիկ գյուղի միջոցով։ Իսկ դրա մասին ասված է, որ գտնվում է Կայան բերդի դիմաց (ներկայիս՝ Տավուշի մարզիի Հաղարծին գյուղի հանդամասում) Անդրեի վանքի մոտ և այժմ լքված է։ Դա էլ անորոշ է, որովհետև Հաղարծին գյուղից դեպի հյուսիս-արևելք, Կայան բերդիի մոտակայքւմ կան բազմաթիվ գյուղատեղեր, որոնցից մի քանիսը՝ մատուռով, խաչքարերով և գերեզմանաքարերով, իսկ վանական համալիր հիշեցնողը չունի խաչարձանով գերեզման, որը վերագրել են Վարդան Արևելցուն։

Խնդրո առարկա դարձած տարածքը ուսումնասիրվել է 2000 թվականի ամռանը և հնավայրերից մեկն է ներկայանում որպես վանական համալիր։ Այն գտնվում է Կայան բերդի և ներկայումս Վերին Դանաղռան կոչվող սարամասի բացատում հնագույն ավերված բնակավայրի մոտ, երեք կողմից, խոր ձորերից վեր հառնող թերակղզու՝ Խաչի յալի սարի, կատաչին ու լանջերին։ Տեղավայրի բնական դժվար մատչելիությունը, բնակավայրից հեռու լինելն բացառիկ պայմաններ են ստեղծել ճգնակյացների եղբայրության համար։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենաստանի համալիրը զգալի տարածք է զբաղեցնում։ Սուրբ Անդրեի ճգնարանի զույգ, զարդարանքից զուրկ մատուռները կառուցված են ամենաբարձր կետում՝ ժայռեղեն հիմքի վրա։ Արտաքուստ 530 սմX410 սմ չափերով մեծ մատուռի հարավային պատին կից է արտաքուստ 310 սմX190սմ չափերով երկրորդ մատուռը։ Փոքր սրահի դուռը բացվում է արևմուտքից, մեծինը՝ հարավից։ Ներսից, մեծ մատուռի արևելյան լուսամուտի երկու կողմերում, կան ոչ մեծ չափսի անվիմագիր խաչքարեր, իսկ դրանց ներքևում՝ աբսիդի պատից դեպի սրահ, միակտոր քարի սեղանաձև ելուստ՝ ճգնավորին անհրաժեշտ բացված մատյանները տեղադրելու համար։ Քարե գրակալն լույսը ցերեկն ընկել է արևելյան պատի լուսամուտից, որին օժանդակել է արևմտյան պատի լուսամուտից ներս թափանցող լույսի շողքը։

Շինությունները կերտված են կոփածո բազալտով, իսկ ներսից սվաղված են եղել կիրավազով։ Որպեսզի պատերը լինեն ամուր վարպետը որմերի մեջ տեղադրել է 100-290 սմ երկարությամբ քարե հեծաններ, և դրանք փրկել են ութ դար առաջ կառուցված շինությունը։ Ավերված է մեծ մատուռի արևելյան պատի վերնամասը։ Քայքայված է կտուրի ծածկը, որին աճել են ծառեր։ Մատուռի բակում կան տանիքից ընկած քարեր, նաև՝ անշուք գերեզմանաքարեր, իսկ խաչարձանով գերեզմանը չկա։ Մատուռներից ներքև՝ բլրի հյուսիսային, արևելյան և հարավային կողմերում, խիստ զառիկող լանջերը հատելու շնորհիվ, ստեղծվել են 4-6 մետր լայնությամբ դարավանդներ, որոնց վրա այժմ էլ կարդացվում են մենարանի բնակիչների շուրջ երեք տասնյակ կացարանների, Վարդան վարդապետի դպրոցի լսարանների և կենցաղային շինությունների հատակագծերի չափերը։ Վանական համալիրը ունեցել է բերդապարիսպ, իսկ բերդապարսպից դուրս դարավանդված, ներկայումս անտառածածկ հողակտորները վկայում են, որ եղբայրությունը զբաղվել է հացահատիկի մշակմամբ։ Զբաղվել են նաև անասնապահությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Ռուբեն Սիմոնյան, ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑՈՒ ՄԵՆԱՐԱՆԸ» (PDF). Վերցված է 24.08.2020-ին.(չաշխատող հղում)
  3. Սիմոնյան, Ռուբեն (2012). Տավուշի մարզ. Երևան: Տիգրան Մեծ. էջ 144.
  4. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.