Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ)
Եկեղեցի

Սուրբ Հովհաննես եկեղեցին դիմացից

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ,
Մելիքգյուղ
ԱշխարհԱյրարատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)ավդիբեգցի Ավագ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էԱյո
Ժառանգության կարգավիճակումՏեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան
Ճարտարապ. տիպԲազիլիկ եկեղեցի
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դարի վերջ
Կառուցման ավարտ1891 թվական
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ) (Հայաստան)##
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ) (Հայաստան)
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ) (Արագածոտնի մարզ)##
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ) (Արագածոտնի մարզ)
40°40′10″ հս․ լ. 44°21′27″ ավ. ե.HGЯO

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում[1]։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ 1891 թվականին։ Սկզբում եղել է փոքրիկ մատուռ, սակայն վերաշինվել է և վերածվել եկեղեցու։ Եկեղեցին գործել է մինչև 1935 թվական, որից հետո խորհրդային կարգերի հրամանով փակվել է։ Եկեղեցին վերաբացվել է միայն 1995 թվականին՝ Գարեգին Ա-ի կողմից․ դա նրա կողմից առաջին եկեղեցու օծումն էր որպես կաթողիկոս։ Եկեղեցին գործում է մինչև այսօր և ծառայում է Մելիքգյուղի և շրջակա գյուղերի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնադրվել է 1891 թվականին։ Այն ժամանակին եղել է փոքրիկ մատուռ, սակայն հետագայում վերաշինվել է և դարձել ոչ մեծ եկեղեցի։ Այն գործել է մինչև 1935 թվականը՝ ծառայելով Մելիքգյուղի և հարևան գյուղերի հոգևոր կյանքին։ 1935 թվականին եկեղեցու գործունեությունը դադարեցվել է[2]․ այն շարունակվում էր օգտագործվել տեղի բնակիչների կողմից որպես պահոց, որտեղ պահվում էին մի շարք հացատեսակներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տեսքը արևմտյան ճակատից

Եկեղեցին եռանավ բազիլիկ հորինվածք ունի[3]։ Զանգակատունը գտնվում է եկեղեցու ճակատային հատվածում։ Ունի եռաթռիչք սյունասրահ, որտեղ սյունների պարտականությունները կատարում են փայտե գլանները։ Եկեղեցու կառուցման ժամանակ վեց փայտե գլանները բերվել են Արևմտյան Հայաստանից՝ Սարիղամիշից, որոնք մինչև օրս էլ ծառայում են իրենց նպատակին։ Եկեղեցու կառուցման համար օգտագործվել է սև տուֆ։

Գլխավոր մուտքը արևմտյան մասից է, որտեղ լուսավորման համար բացված է կիսաշրջանաձև լուսամուտ։ Արևմտյան պատի ճակատային մասում կարմիր քարից ավելացված է խաչաքանդակ, իսկ եկեղեցու ընդհանուր լուսավորման համար հարավային և հյուսիսային յուրաքանչյուր պատերին բացված է երկու կիսաշրջանաձև լուսամուտ։ Խորանի բարձրությունը կազմում է 1 մետր։

Բակում է գտնվում գերեզմանոց, որի տապանաքարերը թվագրվում են 17-20-րդ դարերին։ Տապանաքարերից մեկը, որը դրվել է 1680 թվականին, պատկանել է գյուղի հիմնադիր Մելիքին։ Նրա տապանաքարը հետագայում ագուցվել է եկեղեցու հյուսիսային պատին։

Վերաբացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունիսի 25-ին՝ եկեղեցու փակումից ուղիղ 60 տարի անց, նորից վերաբացվեց եկեղեցին։ Եկեղեցու վերաբացումը ավելի հանդիսավոր դարձավ, քանի որ օծման արարողությունը կատարվում էր Գարեգին Ա-ի կողմից։ Չմերժելով Շիրակի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունբաթյանի հրավերը՝ հայոց կաթողիկոսը համաձայնեց իր կաթողիկոսական գործունեության մեջ առաջին անգամ եկեղեցի օծել։ Այս իրադարձության ժամանակ հայոց կաթողիկոսին ուղեկցում էին Տ. Միքայել վարդապետ Աջապահյանը և Մայր Աթոռում գտնվող Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան վարդապետ Հովհաննիսյանը[2]։

Վեհափառը «Հրաշափառ»-ը արտասանելով ներս է մտել եկեղեցի, որից հետո տեղի ունեցավ եկեղեցու բարեզարդված և վերանորոգված բեմի և խորանի օծման արարաողությունը։ Եկեղեցու վերաբացումից անմիջապես հետո տեղի է ունեցել պատարագ։ Ապա եկեղեցու բակում հավաքված հոծ բազմության առջև ելույթ ունեցող գյուղի ղեկավարության խոսքից հետո ելույթ ունեցավ նաև հայոց կաթողիկոսը։ Իր խոսքում նա նշել է, որ այս եկեղեցու օծումը իր բնույթով հատկանշանկան է, քանի որ ինքը մի շարք եկեղեցիներ է օծել Լիբանանում, Սիրիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, «սակայն սա առաջին անգամն է, որ իր բութ մատը թաթախում է Նրբալույս Մյուռոնի մեջ՝ նրանով դրոշմելու համար հայրենիքի տուֆ քարերը»։

Հատկանշական է նաև այն, նշեց Վեհափաոը, որ իր այս անդրանիկ օծման արարողությունը տեղի է ունենամ մի փոքրիկ գյուղում, ուր տեղի բնակչությունը իր սեփական ուժերով ու հնարավորություններով կարողացել է վերականգնել ավերված մատուռը և հույսը չի դրել դրսից եկող օգնության ու օժանդակության վրա։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ սա է ճշմարիտ եկեղեցակերտումի ճանապարհը, քանզի ժողովուրդն է, որ կառուցելու է իր եկեղեցին' իր ճակատի քրտինքով ու արդար վաստակով։ «Երբ դուք կատարեք ձեր պարտքը, վստահ եղեք, որ արտասահմանի ձեր եղբայրներն ու քույրերը իրենց ձեոքերը կմիացնեն ձեր ձեռքերին», ասաց Վեհափառը։ Խոսքի ավարտին Վեհափառը կոչ ուղղեց ժողովրդին, որ չսահմանափակվեն եղածով, այլ մշտապես լցնեն եկեղեցին աղոթքով ու խնկով, որպեսզի տաճարը չմնա սոսկ քարեղեն շինություն, այլ խոսի Աստծուց, Ավետարանից, մեր հայրերից և խոսեցնի հայորդիներին։
- Միքայել վարդապետ Աջապահյան

Ապա հայոց կաթղիկոսը շնորհակալություն հայտնեց եկեղեցու վերականգման գործում իրենց լուման ներդրած գյուղացիներին և օրհնելով ժողովրդին՝ հեռացավ[4]։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ավետիք Քոչարյանի և այլ գյուղացիների ջանքերով եկեղեցին վերանորոգվել է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 135» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 «ՄԵԼԻՔԳՑՈԻՂԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈԻ ՎԵՐԱԿԱՌԱՑՈԻՄԸ, էջ 1» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  3. Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, էջ 258
  4. «ՄԵԼԻՔԳՑՈԻՂԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈԻ ՎԵՐԱԿԱՌԱՑՈԻՄԸ, էջ 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.