Jump to content

Գնդեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդեվանք
Գնդեվանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց ձորի մարզ, Ջերմուկի մոտ
Հասցե1 կմ ամ, Արփա գետի կիրճում, գետի ձախ ափին, Վայք - Ջերմուկ հին ճանապարհի աջ կողմում
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Խաչքար հայր Սուփանի, Խաչքար Փաշի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Խանի, Տապանաքար, Տապանաքար, Գավիթ, Սեղանատուն, Տնտեսական շինություններ, Պարիսպ, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար Սարգս և Գրիգոր քահանաների
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Gndevank Վիքիպահեստում

Գնդեվանք, միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին։ Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Նա Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունու դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը։ Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ։ Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը։ Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։

Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը՝ մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում։ Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը։

Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք։ Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք։

Հատակագիծ

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936 թվականին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով։ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված։ Ներսում՝ գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները։

999 թվականին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը։ Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ։ Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն։

1008 թվականին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել։

1604 թվականին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել։ 1691 թվականին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ։ Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը՝ եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին։ Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է։

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ։ Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով։

Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով։

Ավանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի վանքի անվանման ծագման մի քանի ավանդություն․

  1. Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը։ Սա ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, երբ իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցակցությանը և կարողանա հաղթել իրեն։ Պայմանը հետևյալն էր։ Իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք։ Իշխանազնը համաձայնվում է, և երկուսով գործի են անցնում։ 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը։ Նա շտապում է հոր մոտ խորհրդի։ Հայրը առաջարկում է վերցնել երկար սպիտակ կտավ և կախել զառիթափից, որպեսզի՝ երբ քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է և ջուրը տեղ է հասել։ Իշխանազնը կատարում է հոր խորհուրդը։ Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա ամբողջ կարողությունն արդեն սպառված էր և վանքի գմբեթի վերջին քարերը դնելու համար այլևս փող չէր մնացել։ Նա վաճառքի է հանում իր ականջի գինդերը և փող է տալիս շինարարարությանը։ Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, թե իշխանազն արդեն ավարտել է ջրանցքը։ Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում։ Հուսահատությունից նա բարձրանում է վանքի գմբեթը և այնտեղից իրեն նետում անդունդը։ Եվ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք՝ Սոֆիայի ականջի գինդերի դրամով շինված լինելու համար։
  2. Սմբատ թագավորի կին Սոփիա տիկինը կամեցել է այստեղ մի վանք շինել։ Գիշերը երազում տեսել է մի մարդու, որը նրան ասել է՝ «Սոփիա տիկին, կատարիր մտածածդ»։ Եվ նա առավոտյան սկսել է վանքի շինարարությանը։ Երբ վանքն ավարտվել է, տիկինը մոտակա ձորի այրերում վանականներին հրավիրել է նոր վանքը։ Վանականների մեջ եղել է նաև Օվանես անունով մեկը, որը ծերության պատճառով չէր կարողանում կանգնել և նստած էր աղոթում, որի համար և նրան Գունտ Օվանես էին ասում։ Օվանեսը դառնում է վանքի առաջին վանահայրը և վանքը նրա անունով կոչվում է Գունտ Օվանեսի վանք, Գնդեվազ, հետո էլ Գնդեվանք[2][3]։

Հնագիտական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտագրություն. Ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքը կառուցել է 936 թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատի կին Սոփիան՝ անվանելով Գնդեվանք. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»։ Նա հիմնադրում է Գնդեվազ գյուղն ու Ատչար գյուղի հետ նվիրում վանքին, ինչպես նաև պատվիրում ողջ ձորում այգիներ տնկել։ Վանահայր է նշանակում ձորում ճգնող մենակյացներից Սուփան Գնդունուն։ X դ. վերջում վանքի առաջնորդ Քրիստափորը կառուցում է գավիթը, որն այդ տիպի թվագրված վաղ կառույցն է։ 1008 թ. վանահայր Սարգիսը մեծ ջանքերով ու ծախսով մերձակա այգիները ոռոգելու համար Ձկնարած գետից ջրանցք է բերում, որը գործում է առ այսօր։ Ըստ պահպանված վիմագրերի՝ եկեղեցին ու գավիթը նորոգվել են 1309 թ. Գրիգորի և 1691 թ.՝ Պետրոս վարդապետի կողմից։ Հավանաբար XIII-XIV դդ. վանքը շրջապատվում է պարսպով։ XVII դ. միաբանությունն ընդարձակվում է, կառուցվում են բնակելի ու տնտեսական շենքերը։ Վանքը լքվում և ամայանում է XVIII-XIX դդ. ընթացքում։ 1875 թ. վանքի միակ բնակիչ Հովհաննես վարդապետ Տեր-Հարությունյանցը այգեգործական աշխատանքների ժամանակ տնտեսական հորից հայտնաբերում է 1691 թ. եկեղեցական սպասքի հավաքածու, որի ճակատագիրն անհայտ է և, բարեբախտաբար, մեզ է հասել Քաջբերունու նկարագրությունների շնորհիվ։ 1968-1971 թթ. իրականացվել են վանական կառույցների նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ 1981 թ. տարածքի մաքրման ընթացքում թաքստոց-հորից հայտնաբերվել է Գնդեվանքի երկրորդ «գանձը»՝ բաղկացած եկեղեցական մետաղե սպասքից ու ճենապակե գավաթներից, որոնք այժմ պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահոցում[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է պարսպափակ բակի կենտրոնում X դ. կառուցված Ստեփանոս Նախավկա եկեղեցուց և նրան արևմուտքից կից գավթից, ինչպես նաև պարսպին կից բնակելի և տնտեսական շենքերից, սեղանատնից։ Բակում կան XIII-XVII դդ. խաչքարեր և քանդակազարդ տապանաքարեր։

Ստեփանոս Նախավկա եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված քառաբսիդ, խաչաձև գմբեթավոր հատակագծով շենք է՝ արևելյան կողմում երկու ավանդատներով։ Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան խաչաթևերում։ Արտաքուստ բոլոր ճակատներն ունեն եռանկյունաձև զույգ խորշեր, որոնց գմբեթարդներում տեղավորված են մարդկու գլխաքանդակներ։ Գմբեթատակ հիմքից անցումը դեպի 16-անիստ թմբուկն իրականացված է չորս առագաստների միջոցով, որոնց վրա քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։ Ներքուստ Ավագ խորանն ու որմնամույթերը ծածկված են եղել Եղիշա երեցի ձեռքով նկարված որմնապատկերներով, որոնցից պատառիկներ են պահպանվել։ Գավիթը կառուցվել է 999 թ. Քրիստափոր վանահոր կողմից։ Այն արևմուտք-արևելք առանցքով ուղղանկյուն թաղակապ կառույց է՝ ծածկված երկթեք տանիքով։ Հյուսիսային պատի երկայնքով մեկ T-աձև մույթով առանձին նավ է ստեղծվել, ուր հաջորդաբար տեղավորված են երկու ավանդատները։ Մուտքն արևմտյան կողմից է։ Շրջապարիսպը հավանաբար կառուցվել է XIII-XIV դդ. և վերանորոգվել XVII դ.: Այն անկանոն քառանկյուն հատակագծով, հարավային կողմում կիսակլոր աշտարակներով կառույց է։ Գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան կողմում է։ Այն ներքուստ սրահաձև է, որի երկրորդ հարկում կառուցվել է պահակատուն։ Վանական միաբանության բնակելի ու տնտեսական շենքերը կցակառուցված են պարսպի հարավային և արևմտյան կողմերում։ Դրանք միահարկ, երբեմն երկհարկ թաղակապ շենքեր են[4]։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդեվանքը Վայոց ձորում պահպանված հնագույն վանքերից մեկն է, որը տեղադրված է գեղատեսիլ խորը ձորում՝ ներդաշնակելով բնության հետ[4]։

Ավանդազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը։ Սա ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, եթե իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցությանը և կարողանա հաղթել իրեն։ Պայմանը հետևյալն էր։ Իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք։ 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը։ Հոր խորհրդով իշխանը սպիտակ կտավ է կախում զառիթափից, որպեսզի քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է և ջուրը տեղ է հասել։ Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա կարողությունն արդեն սպառված էր և վանքի գմբեթի քարերը դնելու համար նա վաճառում է իր ականջի գինդերը։ Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, որ ջրանցքն արդեն պատրաստ է։ Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում։ Հուսահատությունից նա ցած է նետվում անդունդը։ Եւ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք»։ «Սմբատ թագավորի կին Սոփիան կամեցել է այստեղ մի վանք շինել։ Երբ վանքն ավարտել է, մոտակա ձորերի այրերում ճգնող վանականներին հրավիրել է նոր վանքը։ Օվանես անունով վանականը ծերության պատճառով չէր կարողանում կանգնել և նստած էր աղոթում, որի համար նրան Գունտ Օվանես էին ասում։ Օվանեսը դառնում է վանքի առաջին վանահայրը, և վանքը նրա անունով կոչվում է Գունտ Օվանեսի վանք, Գնտավազ, հետո էլ՝ Գնդեվանք»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «ama100.am | Հուշարձաններ». ama100.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 139