Շուլգան Տաշ (արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուլգան Տաշ
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԲաշկորտոստան
ՏեղագրությունԲաշկորտոստան
Հիմնվել է1958
Մակերես22 531 հեկտար
ԿառավարումMinistry of Natural Resources and Environment
Շուլգան Տաշ (արգելոց)ը գտնվում է Ռուսաստանում
Շուլգան Տաշ (արգելոց)

Շուլգան Տաշ կամ Պետական բնական կենսոլորտային արգելոց «Շուլգան Տաշ» ( ռուս.՝ Государственный природный биосферный заповедник «Шульган-Таш»)[1], ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց, որը գտնվում է Բաշկորտոստանի Հանրապետությունում։ Հիմնադրվել է 1986 թվականի հունվարի 16- ին։ Պահպանվող տարածքի մակերեսը 22 531 հա է։

Սկզբում արգելոցը ստեղծվել է Բուրզյան շրջանի վայրի մեղուների գենոֆոնդը և բնակավայրերը պահպանելու համար. այժմ Շուլգան Տաշն աշխարհում միակ արգելոցն է, որը ստեղծվել է փչակային վայրի մեղուներին պաշտպանելու համար, որոնք հայտնի են Բուրզյան մեղու անունով[2]։ Հետագայում արգելոցի խնդիրն է դարձել նաև Կապովի քարանձավի բնական և մշակութային միջավայրի պաշտպանությունը, որն աշխարհում հայտնի է իր պալեոլիթյան ժայռապատկերներով[3]։

Արգելոցի ֆլորան ներառում է 874 տեսակ անոթավոր բույսեր, 233 տեսակ մամուռներ, 264 տեսակ քարաքոսեր, 206 տեսակ ջրիմուռներ և ցիանոբակտերիաներ, 404 տեսակ սնկեր[4]։ Ֆաունան ներառում է կաթնասունների 61 տեսակ, թռչունների 204 տեսակ, սողունների 6 տեսակ, երկկենցաղների 5 տեսակ, ձկների 29 տեսակ, միջատների 2000 տեսակ[5], սարդերի 160 տեսակ[6]։ Ընդհանուր առմամբ, արգելոցի տարածքում գտնվող բույսերի 118 տեսակը պատկանում է հազվագյուտ, ռելիկտային (մնաորդային) և էնդեմիկ տեսակների, 14 բույսերի տաքսոններ ներառված են Ռուսաստանի Կարմիր գրքում, 32-ը` Բաշկորտոստանի Կարմիր գրքում[4]։ Կենդանիներից 56 տեսակ գրանցված է Բաշկորտոստանի Կարմիր գրքում, 31-ը` Ռուսաստանի Կարմիր գրքում[5] և 22-ը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում[7]։

Շուլգան Տաշ արգելոցը Բաշկորտոստանի ամենահայտնի զբոսաշրջային օբյեկտներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18-րդ դարը ժամանակակից Շուլգան Տաշ արգելոցի տարածքում մշտական բնակչություն չի եղել։ Տեղական անտառները երբեմն ընտրովի հատվոել են փայտածուխ հավաքելու համար, որն օգտագործվում էր Վոզնեսենիվի պղնձաձուլարանի կարիքների համար։ Բացի այդ, այստեղ հաճախ արջի, գայլի, որմզդեղնի, այծյամի, լուսանի, խլահավի որս են արել, մշակել են կուղբի, կզաքիսի և ջրաքիսի մորթի։ 1922 թվականին այստեղ եղել է ընդամենը երկու գյուղ, մի քանի խուտոր և քոչվոր անասնապահների ճամբարներ։ Համակարգված տնտեսական գործունեության ճյուղերից են եղել խոտհունձը (խոտ հնձողների տարածքը 414 հա[8]) և մեղր հավաքելը։ Հենց այս վերջին ճյուղն էլ առաջացրել է այս տարածքի ժառանգությունը։

Բաշկորտոստանում բնակվում է մեղրատու մեղուների հատուկ պոպուլյացիան, որը կոչվում է բուրզյան[Ն 1](Բաշկիրական)։ Ի թիվս այլ մեղուների, այս մեղուներն աչքի է ընկնում աշխատասիրությամբ և բարձրորակ մեղրով, ուստի այս տարածաշրջանը վաղուց եղել է մեղվաբուծության հայտնի կենտրոն։ Բաշկորտոստանում այն ձեռք է բերել օրիգինալ առանձնահատկություններ, մասնավորապես, կար բարձր զարգացած անտառային մեղվաբուծություն։ 18-րդ դարում ռուսների կողմից տարածաշրջանի գաղութացումը, որին հաջորդել է արդյունաբերության և մեղվաբուծության արագ զարգացումը, անապատացման վտանգ է ստեղծել ինչպես Բուրզյան վայրի մեղվի բնական միջավայրի, այնպես էլ բաշկիրների էթնիկ ավանդույթների համար։ Արդեն 20-րդ դարի կեսերին բաշկիրական մեղուն ենթարկվել է ավերիչ խաչասերման այլ ցեղատեսակների հետ, որոնք բուծվել են ոչ թե փչակափեթակներում, այլ սովորական մեղվափեթակներում։ Այս օգտակար միջատների միակ վայրի պոպուլյացիան անհապաղ փրկության կարիք ուներ, ուստի 1958 թվականին բուրզյան մեղուների պաշտպանության համար ստեղծվել է Բաշկիրյան արգելոցի Պրիբելի տեղամասը[10][11][Ն 2]։

Շուլգան Տաշ. Կապովի քարանձավում հայտնաբերված հին քարե դարի ժայռապատկերներ

Բաշկիրյան արգելոցի կազմում Պրիբելի տեղամասը գոյություն է ունեցել մինչև 1986 թվականի հունվարի 16-ը։ Նրա սկզբնական մակերեսը 26 967 հա է եղել, 1962 թվականին այն կրճատվել է մինչև 22 531 հա և այդ ժամանակվանից այն մնացել է անփոփոխ[6]։ 1959 թվականին Պրիբելում նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել. արգելոցի հետազոտող Ալեքսանդր Ռյումինն այս տարածքում գտնվող Կապովի քարանձավում հայտնաբերել է նախկինում անհայտ ժայռապատկերներ, որոնք թվագրվում են պալեոլիթյան դարաշրջանին[8]։ Այս հայտնագործությունը համաշխարհային մասշտաբով հնագիտական սենսացիա էր, ինչի արդյունքում Կապովի քարանձավ սկսել են այցելել բազմաթիվ գիտնականներ և սովորական զբոսաշրջիկներ։ Այսպիսով, վայրի մեղուների հետ միասին քարանձավը վերածվել է մեկ այլ կարևոր պաշտպանության օբյեկտի, և Պրիբելի տարածքի պահպանվող տարածքն է'լ ավելի է արժեվորվել։ Սա հիմք է դարձել այն ներկայացնել որպես շրջակա միջավայրի առանձին պահպանության օբյեկտ։ Որպես նոր արգելոցի անվանում ընտրվել է Շուլգան Տաշ անունը, որը այդ տարածքի սահմանների մեջ գտնվող լեռնազանգվածի անվանումն է, նաև հենց Կապովի քարանձավի բաշկիրական անվանումն է։

Հետագայում բուրզյան մեղվի բնական միջավայրը և նրա կերային բազան արդյունավետ պաշտպանելու համար անհրաժեշտություն է առաջացել արգելոցին հարող տարածքների պահպանության ռեժիմ սահմանել։ 2012 թվականին Շուլգան Տաշ արգելոցը, մոտակա «Ալթին Սոլոկ» (Алтын-Солоҡ - Ոսկե մեղվափչակ) արգելանտառը, «Իկի արգելոցը»[Ն 3], «Մուրադիմի կիրճը»[Ն 4]) և «Բաշկիրիա» ազգային պարկը միավորվել են «Բաշկորտոստանի Ուրալ» կենսոլորտային արգելոցի մեջ։ Արգելոցն աշխատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում որպես Հարավային Ուրալի մակրոշրջանում կենսոլորտային համալիր արգելոց[15]։ «Մարդը և կենսոլորտը» կազմակերպության փորձագետները ճանաչել են տեղանքի համաեվրոպական նշանակությունը, ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Շուլգան-Տաշ արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «Մշակութային լանդշաֆտ» կատեգորիայում ընդգրկելու համար[7]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռը Շուլգան Տաշ արգելոցում

Շուլգան-Տաշ արգելոցը գտնվում է բարեխառն գոտու ատլանտյան-մայրցամաքային կլիմայական գոտում։ Նրա կլիման մասամբ մեղմացել է հարավ-արևմտյան քամիների բաց լինելու պատճառով և բավականին մեծ Բելայա գետի մոտակայքում։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է +1 °C-ից մինչև +2,9 °C, ամենադժվար տարիներին նվազելով մինչև -0,8 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է, որի միջին ջերմաստիճանը -16 °C (փետրվարի միջին ջերմաստիճանը -15 °C): Ամենատաք ամսվա՝ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +16 °C է։ Շուլգան Տաշ արգելոցում դիտումների ողջ պատմության ընթացքում գրանցված նվազագույն ջերմաստիճանը եղել է -46 °C, բացարձակ առավելագույնը` +38 °C[11]։ Տարեկան միջին տեղումները հասնում են 550 մմ, դրանք առվելագույնը տեղի են ունենում սեպտեմբերին, նվազագույնը` մարտին։ Ռելիեֆի առանձնահատկությունները որոշում են ձյան ծածկի անհավասար բարձրությունը, առավելագույնը եղել է 1,5-2 մ[16]։ Արգելոցում ողջ տարվա ընթացքում տիրում է առանց քամի եղանակ[17]։

Աշխարհագրություն և ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլգան Տաշ արգելոցը գտնվում է Բաշկորտոստան հանրապետությունում։ Վարչական առումով պատկանում է Բուրզյան շրջանին։ Մոտակա քաղաքը՝ Մելեուզը (Մելեուզի շրջան), գտնվում է նրա տարածքից արևմուտք։ Արգելոցի սահմանների մոտ կան միայն մի քանի գյուղեր՝ վատ զարգացած ճանապարհային ենթակառուցվածքով։ Հաստատության վարչակազմը գտնվում է Իրգիզլի (Բուրզյանսկի շրջան) գյուղում։ Հյուսիս-արևելքում արգելոցին հարում է «Ալթին Սոլոկ» արգելոցի տարածքը, հարավ-արևմուտքում սահմանակից է «Բաշկիրիա» ազգային պարկի տարածքին[16]։

Ֆիզիկական աշխարհագրության տեսանկյունից Շուլգան Տաշ արգելոցն ընդգրկում է Հարավային Ուրալի Արևմտյան նախալեռները։ Նրա տարածքներն ամբողջությամբ ընկած են ցածրադիր լանդշաֆտային տարածքում, արգելոցի ամենաբարձր կետը Ակկաշկա լեռն է՝ 706 բարձրությամբ[16]։ Պաշտպանված տարածքի ռելիեֆը սրածայր-լեռնաշղթային-դարուփոս է (գերակշռում են դենուդացիոն ձևերը), որը հատվում է խորը և ոլորուն գետերի հովիտներով։ Նրանց վերևում ցածր լեռնաշղթաներ են՝ ժայռոտ գագաթներով և 600-700 մ բարձրությամբ զառիթափ լանջերով։ Այս վայրերին բնորոշ են բարձրությունների կտրուկ տարբերությունները, ժայռոտ դարափերը, որոնք հատկապես լավ են արտահայտված Բելայա, Կուժա, Նուգուշ գետերի հովիտներում, որտեղ դրանց խորությունը հասնում է 100-150 մ-ի[17]։

Նաև Շուլգան Տաշ արգելոցի տարածքին բնորոշ են կարստային երևույթները։ Հետևաբար, ժայռերում հաճախ կարելի է տեսնել քարանձավներ, խորշեր, իսկ գետնին, որոշ տեղերում` կարստային վիհեր։ Իրականում Շուլգան Տաշ զանգվածը անտառազուրկ դենուդացիոն ելուստ է, որը գրեթե զուրկ է հողից և չամրացված էլյուվիալ[Ն 5], հողմահարված ապարակուտակ ծածկույթ է։ Հենց այնտեղ է գտնվում արգելոցի ամենահայտնի` Կապովի քարանձավը։

Այս սպելիոհամակարգը (քարանձային համակարգը) ունի ընդհանուր առմամբ ավելի քան 3000 մ մուտքից-մուտք երկարությամբ և 105 000 մ³ ծավալով երեք մակարդակ[7]։ Դրա մուտքը, որը հսկա չափսերի համար կոչվում է պորտալ, ունի 38-48 մ լայնություն, իսկ բարձրությունը 18-21մ[11][18][19]։ Կապովի քարանձավը հարուստ է հոսանստվածքային (натечные образования) կազմավորումներով, ձմռանը դրա մեջ հայտնվում են սառցային ստալագմիտներ։ Հետաքրքիր է Տաշքելաթի քարանձավը, որը նախկինում եղել է Կապովի վերին յարուսը։ Մեկ այլ քարանձավ՝ գրավիչ հոանստվածքային կազմավորումներով Կուլյուրտ Տամակը (Տիեզերագնացների քարանձավը) գտնվում է Բելայա գետի հոսանքից մեկ կիլոմետր ներքև։

«Բաշկիրիա» ազգային պարկի և Շուլգան Տաշ արգելոցի սահմանը Բելայա գետով. կենտրոնում գտնվող «թերակղզին» պատկանում է Ազգային պարկին, իսկ Բելայա գետի հակառակ ափը Կապովի քարանձավի մոտ գտնվող Շուլգան Տաշ արգելոցի հովիտն է։

Շուլգան Տաշ արգելոցի տարածքն ամբողջությամբ գտնվում է Բելայա գետի ջրհավաք ավազանում։ Նրա տեղանքի հիդրոլոգիական ցանցն առանձնանում է առուների զգալի խտությամբ՝ համեմատած հարևան Բելայա-Նուգուշ գետամիջի հետ։ Արգելոցի հիմնական ջրային զարկերակները Բելայա, Վադրաշ, Կուժա և Նուգուշ գետերն են։ Բելայա գետն ուրվագծում է պահպանվող տարածքի հարավային սահմանը։ Արգելոցում այն գեղատեսիլ ժապավեն է, որը ոլորվում է անտառապատ կիրճերի միջև և ժամանակ առ ժամանակ գահավիժում է 50-70 մ բարձրությամբ սպիտակ ժայռերի վրայով։ Այս հատվածում գետի լայնությունը մոտ 200 մ է։ Նրա հովիտը երբեմն ընդարձակվում է մինչև մի քանի կիլոմետր, այնուհետև նեղանում է մինչև հարյուրավոր մետր[11]։ Արգելոցի տարածքում գտնվող Բելայա գետի ջրերը բացառիկ մաքուր են և խիստ հագեցած թթվածնով, քանի որ այստեղ այն կլանում է միայն լեռնային հոսքերը, որոնք հոսում են անձեռնմխելի մնացած տարածքով։

Բելայա գետի գլխավոր վտակը Նուգուշն է։ Այս գետը ուրվագծում է արգելոցի հյուսիսարևմտյան սահմանը։ Այն մաքուր է, սահանքավոր, հոսում է նեղ, հաճախ մռայլ կիրճերով, որոնք ծածկված են խիտ փշատերև անտառներով։ Նուգուշի մեջ են լցվում Կուժա և Վադրաշ գետերը, խոշոր՝ Զիգաին, Ասիբար, Արիքթայ գետերը և բազմաթիվ ավելի մանր առվակներ[7]։ Այս առվակները հիմնականում սնվում են ձյունից, դրանք բնութագրվում են ձմռանը և ամռանը ջրի ցածր մակարդակով, աշնանը մակարդակի աննշան բարձրացումով և մեծ տեղումների ժամանակ բարձր վարարումով[17]։

Առանձին նկարագրության է արժանի Շուլգան գետը, որը հոսում է կարստային տարածքով։ Այն սկիզբ է առնում Կապովի քարանձավից (այստեղ կոչվում է Ստորգետնյա Շուլգան)։ Ջուրը լճից դուրս է հոսում քարանձավի մուտքի մոտ 3 մ լայնությամբ առվով, հարյուր մետրից հետո դրա մի մասը կարստային խորշերով անցնում է գետնի տակ, իսկ մնացածն գահավիժում է սանդղաձև խորշից։ Գարնանը, երբ խորշերը չեն հասցնում ավելացած ջուրը կլանել, այս վայրում ջրվեժ է գոյանում։ Մեկ այլ, ավելի հզոր ջրվեժ է գտնվում հոսանքով ներքև Կուլյուրտ Տամակ (Տիեզերագնացների քարանձավ) քարանձավի մոտ։ Կապովի քարանձավից 4 կմ հեռավորության վրա Շուլգանն ամբողջությամբ անցնում է գետնի տակ։ Նրա հոսքի ստորգետնյա հատվածից վեր ձևավորվել է չոր հովիտ, որի մեջ կան մի քանի փոքր, բայց խորը կարստային լճեր։ Դրանք բոլորը կապված են Շուլգանի հետ և շատ գեղատեսիլ են[11]։

Երկրաբանություն և հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամոնտ լեռ

Շուլգան-Տաշի արգելոցը լանդշաֆտները ձևավորվել են նույն բնական պատմական գործընթացների ազդեցության տակ, որոնք ձևավորել են Հարավային Ուրալը որպես ամբողջություն։ Պալեոգենի ժամանակ այս տարածքները ցածր լեռնոտ հարթավայր են եղել` շրջապատված սակավաջուր, ծանծաղուտ ծովերով, որոնք ծածկված էին արրադարձային և մերձարևադարձային անտառներով, նոսր անտառներով և անապատներով։ Երրորդային ժամանակաշրջանի երկրորդ կեսին տաք կլիման փոխվել է խոնավ և բարեխառն, իսկ անձրևային անտառները վերածվել են լայնատերև անտառների։ Նրանց մեջ աճում էին բարեխառն գոտու բնորոշ ծառատեսակներ, ներառյալ այն տեսակները, որոնք ժամանակակից Եվրասիայում այլևս չեն հանդիպում. կաղնի, սեքվոյա, հաճարենի, շագանակենի, Սոսի, բոխի, փոքր տերևավոր ծառեր։

Երրորդային ժամանակաշրջանի ավարտին տարածքը ենթարկվել է լեռնաշինության ինտենսիվ ազդեցության, որի հետ միաժամանակ տեղի է ունեցել սառցապատում։ Արդյունքում, ժամանակակից Շուլգան Տաշի տեղում առաջացել են փշատերև անտառները, և լանդշաֆտները վերածվել են կեչու-խեժի անտառատափաստանի։ Միայն առանձին հատվածներում, որոնք պաշտպանված են ցուրտ քամիների ազդեցությունից, պահպանվել են մնացուկային լայնատերև պուրակները։ Սառցադաշտի նահանջից հետո հենց այս ռեֆուգիումից կրկին սկսել են լայնատերև ծառերը տարածվել, բայց դրանք չեն կարողացել հիմնովին փոխարինել անտառատափաստանային բուսականության մնացուկ տեսակներին։ Հոլոցենի չոր և տաք կլիման նպաստել է այստեղ տափաստանների առաջացմանը։ Այսպիսով, ժամանակակից պատմության մեջ Շուլգան Տաշ արգելոցի լանդշաֆտները մնացուկային տեսակի բուսականության խառնուրդ են՝ երրորդային ժամանակաշրջանի լայնատերև անտառների, պլեյստոցենի կեչու և փշատերև պուրակների և հոլոցենին բնորոշ տափաստանների խառնուրդ[11]։

Շուլգան-Տաշ արգելոցում գերակշռում են հեշտությամբ քայքայվող նստվածքային ապարները՝ թերթաքարեր, ավազաքարեր և կրաքարեր։ Նրանք բոլորն ունեն շատ հին, պալեոզոյան տարիք, որը թվագրվում է սիլուրյանից մինչև ածխածնի շրջանը։ Շուլգան Տաշ լեռնազանգվածի կրաքարերը ձևավորվել են տարբեր ժամանակներում. ստորին շերտը կազմված է մուգ մոխրագույն կրաքարերից՝ սև մրոտային կավերի շերտերով, վերին շերտը՝ ածխածնի շրջանի մոխրագույն և սպիտակ զանգվածային կրաքարերից։ Դրանց շերտերը զառիթափ են դասավորված, կնճիռների մեջ ճմրթված ու խզվածքների ճեղքերով բաժանված։ Այս աղավաղումներն ու ճեղքերը պարզ երևում են Բելայա գետահովտի ժայռերի վրա, Կարան գետի կիրճում և Կապովի քարանձավի պատերի վրա[11]։

Պահպանվող տարածքներում հողաստեղծման գործընթացը հիմնականում ընթանում է մոխրահողային (պոդզոլային) տիպի համաձայն, սակայն ռելիեֆի տեղային առանձնահատկությունները թույլ չեն տալիս այն ավարտին հասցնել, հետևաբար արգելոցում քիչ են իրական ճիմային-մոխրանման հողերը։ Դրանց առաջացմանը խոչընդոտում են գերհիմնային և կարբոնիտային ապարները, ինտենսիվ դենուդացիան, ինչի արդյունքում Շուլգան Տաշում գերակշռում են ցածր ամրության, ցածր հումուսային և կոպիտ կմախքային լեռնային հողերը[11]։

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Primula matthioli Շուլգան-Տաշի էնդեմիկ տեսակ

Շուլգան Տաշ արգելոցի բուսական աշխարհը ներառում է անոթավոր բույսերի և մամուռների 874 տեսակ, 233 քարաքոսեր, 264 ջրիմուռներ և 206 ցիանոբակտերիաներ, 404 սունկ։ Ընդհանուր առմամբ արգելոցի 118 տեսակ բույսեր հազվագյուտ են, ռելիկտային և էնդեմիկ։ 14 բույսերի տաքսոններ ներառված են Ռուսաստանի Կարմիր գրքում, 32-ը` Բաշկորտոստանի Կարմիր գրքում[4]։ Կան մոտ 6% ռելիկտային տեսակ։ Նրանց մեջ գերակշռում են պահպանվող բուսականության տեսակային բազմազանության և նախասառցադաշտային պլիոցենի տեսակները ( Knautia tatarica, Lathyrus litvinovii, Melilotoides platycarpos, Zigadenus sibiricus, Ásarum europaéum, Festuca gigantea, Actaea spicata, գիհի), ոչ շատ պերիսառցադաշտային մնացուկային տեսակները ( Artemisia santolinifolia )[11]։ Էնդեմիկ տեսակներից առանձնանում են Astragalus clerceanus, Cicerbita uralensis, Elytrigia reflexiaristata, Koeleria sclerophylla, Primula matthioli և այլն[17]։ Շուլգան Տաշ արգելոցում առանձնանում են գոտիական բուսականության երեք հիմնական տեսակ՝ իրական անտառներ, նոսր անտառներ, մարգագետնային տափաստաններ և մարգագետիններ։

Գետերի ամենացածր տեռասները զբաղեցնում են խոնավ խառը անտառները, որոնք հիմնականում կազմված են կեչու և կաղամախիից ՝ սոճու խառնուրդով, որոնց մասնաբաժինը աստիճանաբար ավելանում է։ Նման վայրերում խոտածածկույթը հարուստ է, այն ձևավորվում է լայնատերև պտերներից, եղնջատերև զանգակածաղկից, Aconitum septentrionale-ից, Cacalia hastata-ից և այլն[4]։ Հատկապես պետք է նշել Նուգուշ գետի ձախ ափին և Կուժա գետի երկայնքով հյուսիսային լանջերի ստորին հատվածում աճող եղևնուտի փոքր տարածքները։ Պահպանվող տարածքում գտնվող եղևնին նույնպես գտնվում է իր արեալի հարավային սահմանին, այստեղ այն հոլոցենյան մուգ փշատերև տայգայի մնացուկային տեսակ է[7]։

Chamaecytisus ruthenicus

Անտառների մեկ այլ տեսակ զարգացած է հարավային և հարավարևելյան լանջերի ստորին լանջերին, որտեղ քամիների և գետերի գոլորշիների ազդեցության տակ խոնավ և տաք օդ է կուտակվում։ Այս տարածքները զբաղեցնում են կաղնուտային անտառները՝ կեչու և հազվադեպ՝ սոճու խառնուրդով։ Անտառաթփուտներում տարածված է Chamaecytisus ruthenicus: Բուսական ծածկույթը հարուստ է, հանդիպում է Pteridium aquilinum պտեր և խոշոր խոտերներ` Calamagrostis arundinacea, Bupleurum longifolium, Digitális grandiflóra, Crepis sibirica[11]:

Լանջերի միջին հատվածը և գագաթի միջին բարձրությունը զբաղեցնում են խառը լայնատերև անտառները. ստվերային գոգավորություններում հյուսիսային և արևմտյան լանջերին զարգացած են թխկի անտառները, լանջերի դելյուվիալ թեքություններ վրա կնձնի լորենու անտառներ են։ Այս ծառատեսակների մեջ ցրված են մի քանի սոճիներ, կաղամախիներ և կեչիներ։ Այս անտառների միջև կան ոչ շատ արոսենի, թխենի և ցախակեռաս։ Քանի որ այս ծածկույթը շատ խիտ է, դրանց ծածկույթի տակ աճում են ստվերադիմացկուն խոտեր՝ Stellaria nemorum, Ásarum europaéum և բուրավետ գետնաստղ[11]։ Հարկ է նշել, որ Շուլգան Տաշ արգելոցով է անցնում այնպիսի սաղարթավոր տեսակների տարածման արևելյան սահմանը, ինչպիսիք են թխկին, կաղնին, կնձին, լորենին[16]։

Արգելոցի լանջերի վերին մասերը և ամենաբարձր գագաթները զբաղեցնում են ցածր աճող կաղնու անտառները, այսպես կոչված թեքանտառները։ Անտառածածկն այստեղ ճնշված է, ծառերի բները չեն գերազանցում 10-12 մ-ը, ստորոտում գերակշռում են ցածր լորենին և արոսենին։ Այս հազվագյուտ անտառների խոտածածկույթում գերակշռում են բուսական աշխարհի ներկայացուցիչները, որոնք բնորոշ են լայնատերև անտառներին։ Նման անտառային տարածքների կողքին սովորաբար հարակից են թխկիները կնձնին, որն ունի ավելի լավ լուսավորության ռեժիմ և ավելի ֆոտոֆիլ բուսածածկույթ[11]։ Հազվագյուտ անտառների մեկ այլ տեսակ են սոճիները, որոնք աճում են զառիթափ լանջերին, ավելի հաճախ` մերկացած կարբոնատային ապարների վրա։ Արգելոցի հյուսիսային մասում տարբեր ցուցադրությունների լանջերի վերին մասերում հանդիպում են հացահատիկային և խոտածածկ սոճուտներ, իսկ հարուստ և խոնավ հողերով տարածքներում` սոճիներ կաղնու, լորենու, թխկի խառնուրդներով և հարթ թեղի[7]։

Քարերի մեջ Asplenium trichomanes պտեր

Բաց բիոտոպները արգելոցում ներկայացված են տափաստանային փոքր տարածքներով, իսկ տեղական տափաստանները պատկանում են մարգագետնային տիպին։ Դրանք զարգացած են միայն ծառերի աճի համար ոչ պիտանի ժայռերի և գետի հովիտների Հարավային կտրուկ լանջերի վրա։ Բացի տափաստաններից, կան նաև բազմաթիվ մարգագետնային բացատներ, որոնք հատվում են բոլոր տեսակի անտառներով։ Նրանք ունեն մարդածին ծագում։ Եվ դրանք տնտեսական գործունեության հետքեր են, որոնք այստեղ իրականացնում էին բաշկիրները հին ժամանակներից մինչև արգելոցի ստեղծումը։ Նախկինում նրանց վրա անասուններ էին արածեցնում և խոտ էին հնձում, ինչի հետևանքով խոտածածկույթը դարձել էր շատ բազմազան ու գունագեղ։

Չնայած այս ֆիտոցենոզի արհեստական ծագմանը, դրանք համարվում են Շուլգան Տաշի տեսակների բազմազանության կարևոր բաղադրիչ, դրանք բուրզյան մեղվի կարևոր կերային բազա են։ Նման բացատների ժամանակակից օպտիմալ վիճակը պահպանելու համար դրանք պարբերաբար հնձվում են։ Անտառային բացատներում զարգացած մարգագետիններն առանձնանում են անտառային հացահատիկի զգալի խառնուրդներով, ինչպիսիք են` մարգագետնային շյուղախոտ, եղեգնաշաքար, սողացող սիզախոտ և այլն։

Տեսանելի հարթ միջլեռնային տեղամասերում գոյացած մարգագետիններում սովորաբար անտառային բույսեր չկան, բայց տափաստանների ներկայացուցիչներն էլ նրանց բնորոշ չեն, այստեղ շատ են ծաղկող բույսերը։ Հարավային լանջերին գերակշռում են երաշտին դիմացող թփերը, օրինակ` վայրի բալենի, դեղին թփուտային ակացիա, աղեղնաեզր ասպիրակ։ Հացահատիկների հետ միասին, ինչպիսին է փետրավոր փետրախոտը, սրանք ծառայում են որպես բազմազանության տափաստանային ֆոն. փեղանման փրփրուկ, սովորական ոզնագլխիկ, տարբեր տեսակի օշինդր և այլն։ Հատուկ բիոտոպ են ժայռերը, որոնց մակերևույթը վեգետացիոն շրջանի սկզբում կարող է սառչել մինչև -16 °C, իսկ ամռանը տաքանալ մինչև +60 °C[4]: Նման վայրերում աճում են բնորոշ պետրոֆիտներ (քարասեր բույսեր). Sedum hybridum, ուրց, Thymus cimicinus, քարաքոսեր[11]։

Քարանձավում հանդիպում են ծաղկող բույսերից միայն Cortúsa matthióli[11]

Շուլգան-Տաշ արգելոցի ներզոնալ բուսականությունը ներկայացված է ուրեմայով (նոսր անտառ, թփուտներ), հրեշտակախոտներով (Archangelica) և ծանծաղ քարանձավների բուսական աշխարհով, որոնց ներկայացուցիչները հանդիպում են նաև նմանատիպ պայմաններով բիոտոպներում (ժայռերի խորշերում, զով կիրճերում)։ Ուրեման ափամերձ թավուտների շերտ է, որը կազմված է հիմնականում ցածր ծառերից և թփերից։ Շուլգան Տաշ արգելոցի սահմաններում առանձնանում են ուրեմայի երկու տեսակ՝ բալենի-լաստենիների մացառուտներ և ուռենիներ։ Որպես հիմնական ժայռերի հավելումներ՝ դրանցում հայտնվում են միայնակ կնձնիներ, սև բարդիներ, ինչպես նաև կոտրված լաստենատերև բեկտենի, հաղարջենի, մասրենի՝ խիտ միահյուսված գայլուկով։ Հրեշտակախոտի տեսակները գետի երկայնքով անծառ թավուտներ են առաջացնում, որոնցում բացառապես գերիշխում է դեղաբույս հրեշտակախոտը (Angelica archangelica L.)[4]։ Քարանձավային բույսերը ներառում են գրեթե բացառապես քարասեր պտերներ, ձարխոտ՝ Asplenium trichomane, Cystopteris fragilis (կտիկավոր աղավնիճ, թուխ ջրիմուռ), Polypodium vulgareL: Այստեղ ծաղկող բույսերից կարելի է հանդիպել միայն Cortúsa matthióli[11]։

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհը ներառում է կաթնասունների 61 տեսակ, թռչունների 204 տեսա, սողունների 6 տեսա, երկկենցաղների 5 տեսակ, ձկների 29 տեսակ, միջատների 2000 տեսակ, սարդերի 160 տեսակ[6], որոնցից 56 տեսակ գրանցված է Բաշկորտոստանի Կարմիր գրքում, 31տեսակ գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում[5] և 22 տեսակ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում[7]։

Այս արջը ծնվել է արգելոցի սահմանների մոտ։

Շուլգան-Տաշի կենդանիներից առավել տարածված են տրանսպալեարկտիկական և պոլիզոյան տեսակները, որոնցից բացի կան նաև եվրոպական կենդանական աշխարհի, Արևմտյան Սիբիրյան կենդանական համալիրի, միջերկրածովյան և չինական որոշ տեսակների ներկայացուցիչներ։ Հարկ է նշել, որ տայգայի կենդանիների մեծ մասը գտնվում է արգելոցում` իրենց տիրույթի հարավ-արևմտյան սահմանին։

Միջատակերներից այստեղ կան եվրոպական ոզնիով և Sorex araneus: Հազվագյուտ չղջիկներ` Myotis daubentonii և Myotis dasycneme են հայտնաբերվել է Կապովի քարանձավում[20]։ Շուլգան Տաշ արգելոցի ցամաքային կրծողներին բնորոշ է տեղաշարժը՝ անտառում կարելի է հանդիպել մարգագետնային տեսակներ, իսկ մարգագետիններում՝ անտառային տեսակներ։ Այսպես, սովորական դաշտամուկը սովորաբար ապրում է անտառների եզրերին, իսկ սովորական համստերները (лат.(Cricetus cricetus)՝ քարքարոտ տափաստանային տարածքներում։ Բաշկորտոստան բերված մշկառնետներն ապրում են ջրամբարներում։ Այնուամենայնիվ, հին սնամեջ ծառերի մեծ քանակի պատճառով ամենից տեսանելի են փայտի կրծողները՝ սովորական սկյուռը (Sciurus vulgaris), թռչող սկյուռը (Glaucomys), և բուռունդուկ/շերտավոր սկյուռը (Tamias): 1970-ականներին և 1990-ականներին 20-րդ դարի սկզբին այստեղ բնաջնջված կուղբն ինքնուրույն տեղափոխվել է արգելոց։ Նրա պոպուլյացիան հաջողությամբ բազմանում է և նույնիսկ սկսում է բացասաբար ազդել բնական լանդշաֆտների վրա։ Պահպանվող տարածքում ևս մեկ տարածված տեսակ է սպիտակ նապաստակը (Lepus timidus): Այս կաթնասունը մկանանման կրծողների հետ միասին սիրում է այրված տարածքներ, որտեղ անտառը սկսում է վերականգնվել[11]։

Արգելոցում գիշատիչ կենդանիները բավականին բազմազան են։ Աղվեսները, աքիսները և ինվազիվ (օտարածին) ամերիկյան ջրաքիսը (Neogale vison) տարածված են, լուսանը և գայլը սովորական երևույթներ են, Շուլգան Տաշի շրջակա տարածքների համեմատ կան շատ անտառային կզաքիսներ, գորշուկ փորսուղներ և գորշ արջեր։ Փորսուղները հաճախ ձմեռում են քարանձավներում և ժայռերի խորշերում, իսկ արջերը նախընտրում են հատապտուղներով հարուստ գետերի թավուտներում[5]։ Սմբակավոր կենդանիներից արգելոցին բնորոշ են վայրի խոզերը և որմզդեները։ 20-րդ դարի սկզբին ոչնչացված վայրի խոզերը արգելոց սկսել են վերադառնալ 1970-ականներին։ Ներկայումս նրանք մնում են ամենահաջողակները բոլոր սմբակավոր պոպուլյացիաներից և ազդում Շուլգան Տաշի կենսացենոզների վրա։

Կրետակեր (Pernis), բազեների ընտանիքի հազվագյուտ գիշատիչ թռչուններից մեկը Շուլգան Տաշից

Շուլգան Տաշ լեռնազանգվածի թռչունների աշխարհը շատ տարասեռ ։ Խիտ հիդրոլոգիական ցանցի շնորհիվ պահպանվող տարածքում բնադրում են այնպիսի ջրային թռչուններ, ինչպիսիք են բադազգի հողամաղիկը (Bucephala clangula), մեծ սղոցակտուցը և փոքր սղոցակտուցը, տուրպան, սև սպիտակաաչք սուզաբադը. թռիչքի վրա նկատվել են սագ մոխրագույն, կարմրախածի սագ, կարմիր բադ, և կարապների երեք տեսակ` փոքր կարապ (Mergellus albellus), ճչան կարապ և թշշան կարապ։

Այստեղ գրանցվել են թռչուններից մեծ ջրցուլ, մոխրագույն կռունկ և կուլիկ-կաչաղակ (Haematopus ostralegus): Բելայա գետի հոսքի մեջ Ստորգետնյա Շուլգանի թափվելու վայրում փոսերի վրա ամեն տարի ձմեռում են կռնչան բադը և օլապկա թռչունները։ Արգելոցային անտառներում սովորաբար անտառային թռչուններից հանդիպում են խոշոր հավազգիներ (խլահավ, ֆազանազգիներից` անտառային ցախաքլոր (Lyrurus tetrix), աքար (Tetrastes bonasia)) և ավելի փոքր տեսակներ, որոնց թվում սովորական են դեղնափորի գեղգեղիկը, թխակապույտ աղավնին, սպիտակ երաշտահավը (Cyanistes cyanus), ոսպնուկը, ինչպես նաև կկուներից խուլ կկուն (Cuculus optatus), որը սովորաբար հովիվների շուրջն է լինում։

Պաշտպանված անտառներում գտնվող բուերից ամենից հաճախ լսելի են եվրասիական բվիկը, մորուքավոր բուն (Strix nebulosa) և բեճը։ Բաց բիոտոպների օրնիտոֆաունան բոլորովին այլ տեսք ունի, որի հիմքը Հարավային ծագման տեսակներն են։ Տափաստանային տարածքներում և սակավանտառներում բույն են դնում հուպպոն, ներկարարը, շամփրուկներից` Lanius collurio և մոխրագույն շամփրուկը, իսկ մարգագետիններում շատ են մարգահավերը։

Հյուսիսային ծագում ունեցողներից բաց վայրերի միակ բնակիչն է սպիտակ կաքավը։ Հատուկ ուշադրության են արժանի թռչունների հազվագյուտ տեսակները, որոնք Շուլգան Տաշ արգելոցում ներկայացված են հիմնականում ցերեկային գիշատիչ թռչուններով։ Այստեղ ֆիքսել են տարվա տարբեր եղանակներին բերկուտ, օձակեր արծիվներ, ճախրուկ բազե, տափաստանային մկնաճուռակ, գերեզմանափոր արծիվ, սապսան։ Ձկներով և ջրային թռչուններով հարուստ գետերի առկայությունը գրավում է այստեղ Սպիտակապոչ արծիվներին և ջրաարծիվներին, իսկ թաղանթաթևավոր միջատների համար բարենպաստ բիոտոպը ծառայում է որպես կրետակերներին հարմար բնակավայր։ Ոչ գիշատիչ հազվագյուտ թռչուններից պահպանվող տարածքում պարբերաբար բնադրում են Սև արագիլներ[11]։

Ի տարբերություն թռչունների, արգելոցի հերպետոֆաունայում հազվագյուտ տեսակներ չկան։ Սովորական լորտու և իժեր կարելի է գտնել մարգագետիններում և գետափնյա թաց վայրերում, բայց դրանք քիչ են։ Մյուս կողմից, բաց բիոտոպերում կան իսկական մողեսներից` բազմաթիվ Zootoca vivipara: Արգելոցի երկկենցաղները նույնպես հազվադեպ չեն, սակայն դրանց տարածումը սահմանափակվում է ջրային մարմինների մոտ գտնվող համեմատաբար փոքր տարածքներով։ Ամենից հաճախ կարելի է հանդիպել անպոչ երկկենցաղ` սուր քթով գորտ (Rana arvalis) և խոտի գորտ (Rana temporaria), սովորական կամ մոխրագույն դոդոշ (Bufo bufo)[11]։

Շագանակագույն իշխան (Salmo trutta) արգելոցի պահպանվող գետերում հազվադեպ է դառնում

Շուլգան Տաշ արգելոցի ջրամբարները հարուստ են ձկներով։ Տեղական իխտիոֆաունայի մոտ ⅔-ը եվրոպական տեսակներ են, իսկ ⅓-ը` սիբիրյան։ Պահպանվող տարածքների ֆոնային ձկները սաղմոնաձկներից` եվրոպական ձամբռիկ (Thymallus thymallus) և ծածանազգի` Phoxinus phoxinus են, որոնք հանդիպում են բոլոր տեսակի ջրային մարմիններում, ներառյալ ամենափոքր գետերը։ Ավելի մեծ գետերում, ինչպիսիք են Բելայան և Նուգուշը, լավ են բազմանում եվրոպական թեփուղը, շերեփաձուկը, սիբիրական գետաձուկ` տայմեն (Hucho), գայլաձկներ։ Այս գետերում, արագ հոսանքով ծանծաղուտներում լողում են հաշամի, Chondrostoma nasus-ի և քառթակի երամներ, իսկ խորը փոսերի վրայով դարանակալում են սովորական կամ գետի պերկեսը (Perca fluviatilis) ու թեփուղը։ Ափերին մոտ գտնվող ջրային բուսականության թավուտներում թաքնվում են բրամը, կարմրակնը և նրանց թշնամիները՝ գայլաձկները։ Գիտնականների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում իշխանի տեղական պոպուլյացիան (Salmo trutta): Նախկինում այս ձուկը շատ բնորոշ էր արգելոցի գետերին, սակայն գետի ջրաքիսի կլիմայականացումից հետո այն սակավացել է[11]։

Շուլգան Տաշի անողնաշարավորների ֆաունան համակողմանի ուսումնասիրված չէ։ Բնապահպանական այս հաստատության առջև դրված հատուկ պաշտպանության խնդիրների պատճառով ամենամեծ ուշադրությունը դարձվել է վայրի մեղուների, ինչպես նաև այլ փոշոտիչների ուսումնասիրությանը` իշամեղուներ, թիթեռներ։ Արգելոցի դերը Բուրզյան մեղվի բնական գենոֆոնդի պահպանման գործում անգերազանցելի է։ Այս տարածքը պահպանման պահին այն մնում էր աշխարհում միակ վայրը, որտեղ բաշկիրյան վայրի մեղուները դեռևս ապրում էին բնական պայմաններում։ Նման պահպանմանը մեծապես նպաստել է բաշկիրյան մեղվաբույծների անցյալ սերունդներից մնացած մեղվաբուծական փեթակների առկայությունը։ Ներկայումս արգելոցում մեղուները նստում են ոչ միայն մեղվփչակներում, այլև բնական փչակներում։ Սովորական «ընտանեկան» մեղուների համեմատ՝ այս միջատներն ավելի դիմացկուն են որոշ հիվանդությունների նկատմամբ, կարողանում են արագ աշխատել լորենու զանգվածային ծաղկման ժամանակ, և նրանք կարողանում են աշխատել նույնիսկ անբարենպաստ եղանակային պայմաններում։ Բացի մեղուներից, ծառերի խոռոչներում են ապրում նաև բոռերից սովորական ձիաբոռը (Vespa crabro) ու կրետները։

Ալպիական ռոզալիա, արգելոցի ռելիկտային կենդանական աշխարհի ներկայացուցիչ

Ցերեկային թիթեռներից մայրցամաքում տարածված տեսակներից բացի հետաքրքրություն են ներկայացնում ինչպես սովորական տեսակները ( Argynnis, Melitaea, ճերմակաթիթեռ` ալոճաթիթեռը, եղնջաթիթեռը (Aglais urticae), կիտրոնաթիթեռից` Gonepteryx rhamni ճերմակաթիթեռը), այնպես էլ Կարմիր գրքի հազվագյուտ մնացուկային տեսակները ( ապոլլոն, մախաոն, մնեմոզիա, պոդալիրիուս, սիրամարգակն

Ցեցերն այնքան էլ ներկայանալի չեն, բայց դրանց թվում կան նաև գիտնականներին հետաքրքրող՝ Phragmatobia fuliginosa, իլիկաթիթեռներից` գինու (Deilephila elpenor), կաղամախու (Бражник осиковий), սրատես (Smerinthus ocellatus) ցեցերը, հեբե վագրացեց (Arctia festiva, անգլ.` hebe tiger moth), Callimorpha dominula, Catocala fraxini և Catocala sponsa ցեցերը։

Անտառային թիթեռների որոշ տեսակներ բազմացման զանգվածային բռնկումների ժամանակ ( Lasiocampa quercus, Lymantria monacha, Lymantria dispar ) վնասում են ծառերին։ Ընդհանուր առմամբ, Շուլգան Տաշ արգելոցում հայտնաբերվել է թիթեռների 378 տեսակ[7] և հոդվածոտանիների 542 տեսակ[5]։ Տեղական բզեզներից նկատվել են այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են կաղնու բզեզը (Cerambyx), եղջերու բզեզը (Lucanus cervus) Calosoma sycophanta-ը[11]։ Ռելիկտային էնտոմոֆաունան ներառում է` փոփոխական իշամեղուն (ուկր.` Джміль мінливий) և ալպիական ռոզալիան[17]։ Անողնաշարավորների մյուս խմբերը համակարգված չեն ուսումնասիրվել՝ նկարագրված է սարդերի 160 տեսակ[6], իսկ Կապովի քարանձավում հայտնաբերվել է կոլեմբոլայի (Collembola) 3 էնդեմիկ տեսակ[20]։

Էկոհամակարգերի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական սոճու տնկարկներ Շուլգան Տաշ արգելոցում

Անվտանգության ռեժիմի ներդրումից առաջ էլ ժամանակակից Շուլգան Տաշ արգելոցի տարածքում անտառների անկանոն հատումներ են իրականացվել, ինչը հանգեցրել է ծառերի նոսրացմանը։ Անձեռնմխելի են մնացել միայն Կուժա գետահովտի անտառները, քանի որ մարդկանց ու տեխնիկայի համար դժվար էր մուտք գործել։ Ներկայումս այս անտառային տարածքները նույնպես մնում են հենանիշ, քանի որ դրանք վայրի մեղուների պաշտպանությանն ուղղված գործողությունների կիզակետում են։ Շուլգան Տաշի որոշ տարածքներ դեռևս դրա կազմակերպումից առաջ տուժել են անտառային հրդեհներից, իսկ անվտանգության ռեժիմի ներդրումից հետո զգալի վնաս է հասցվել 1975 թվականի հրդեհից[11]։ Գիտնականներն ուսումնասիրում են բնական ինքնավերականգնումը այս հրդեհների վրա, որոնք աստիճանաբար գերաճում են ծառերով։ Պահպանվող անտառների ընդհանուր վիճակը լավ է և կայուն։

Բնական գործոններից առավել նկատելի է կուղբերի և վայրի խոզերի ազդեցությունը։ Առաջինները խոռոչներ են ստեղծում լեռնային գետերի վրա՝ դրանով իսկ դանդաղեցնելով դրանց ընթացքը։ Սա վատթարացնում է արժեքավոր ձկների ձվադրման պայմանները։ Վայրի խոզերը սովորություն ունեն փորել անտառը՝ կաղին փնտրելու համար, իսկ տափաստանը՝ պալարների և սոխումների որոնման համար։ Ապագայում դա կարող է վատթարացնել անտառային և տափաստանային էֆեմերոիդների վերականգնումը[5]։ Դրսի համար ավելի քիչ նկատելի, բայց էկոլոգիական հավասարակշռության համար վնասակար է կլիմայացված տեսակների ազդեցությունը. կարմիր ազնվացեղ եղջերուները, որոնք բնորոշ չեն բաշկիրական կենդանական աշխարհին, մրցում են եղջերուների հետ, իսկ գետի ջրաքիսը տեղահանել է բնիկ եվրոպական ջրաքիսին և այն նաև նվազեցնում է ձկան պաշարները լեռնային գետերում[11]։

Սակայն ամենամեծ վտանգը էկոհամակարգի համար մեղուների ոչ բնիկ տեսակներն են, որոնց հետ բուրզյան մեղուները կարողանում են հիբրիդներ ձևավորել։ Վայրի մեղուները դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ, սակայն այլ ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում կորցնում են իրենց բնորոշ բարձր իմունիտետը, ինչը կարող է հանգեցնել նրանց զանգվածային մահվան։ Սա չափազանց վտանգավոր է, քանի որ վայրի մեղուները նույնպես ունենում են թվի բնական տատանումներ, որոնք հիմնականում պայմանավորված են սաստիկ սառնամանիքներով։ Այսպիսով, 1921-1922 թվականների ձմռանը ապագա Շուլգան Տաշի արգելոցի տարածքում մահացել է վայրի մեղուների պոպուլյացիայի գրեթե 95 %-ը[21]։ Խառնաշփոթության հետ մեկտեղ այս տատանումները սպառնում էին Բուրզյան մեղուների ոչնչացմանը 20-րդ դարում, և միայն տեղի բնակչության շրջանում համառ աշխատանքն է կանխում այդ վտանգը։ Դրան մեծապես նպաստել է մեվափեթակային մեղրի մեծ պահանջարկը, որը սկսել է ձևավորվել 21-րդ դարում։

Քանի որ Շուլգան-Տաշ արգելոցը գտնվում է բնակչության ցածր խտությամբ և վատ ենթակառուցվածքներով տարածքում, չարտոնված այցելությունները և որսագողությունը հազվադեպ են լինում (չնայած վերջինս տարածված է արգելոցներին հարող հողատարածքներում և գետերում)։ Այս իրավիճակից բացառություն է կազմում Կապովի քարանձավը։ 1959 թվականին նրանում ժայռապատկերների հայտնաբերումից ի վեր այն դարձել է գիտական և զբոսաշրջային «ուխտագնացության» վայր, որը, սակայն, առանձնանում էր բնական ստեղծագործության նկատմամբ հարգանքով։ Զանգվածային այցելությունները շատ արագ խախտել են քարանձավային էկոհամակարգի փխրուն միկրոկլիման և էկոլոգիական հավասարակշռությունը, քայքայվել են ոչ միայն բիոտան, այլև հանքային գոյացությունները (դեկորատիվ զարդանախշերը պարզապես կտրվել-հանվել են հուշանվերների մեջ օգտագործելու համար, իսկ պատերին մնացել են վանդալական գրություններ)։ Կապովայի քարանձավը փրկելու համար նրա հիմնական մասը փակվել է զբոսաշրջիկների համար, իսկ իսկական ժայռապատկերները տեղափոխվել (պատճենվել) ավելի փոքր հատված։ Ներկայումս քարանձավը մնում է արգելոցի հիմնական զբոսաշրջային գրավչությունը, սակայն շահագործման այս ռեժիմում այն չի ոչնչացվի։

Փոխարենը, պահպանվող տարածքներն անուղղակի և էականորեն ենթարկվում են շրջակա հողերի տնտեսական ակտիվության ազդեցությանը։ Արգելոցի սահմանների մոտ անտառահատումները խախտում են Շուլգան Տաշա փոքր գետերի ծավալային և ջրահավաք ռեժիմը, բացի այդ, դրանց մեջ են թափվում գյուղացիական տնտեսությունների և բնակավայրերի կեղտաջրերը։ Այդ պատճառով պահպանվող ջրամբարներում՝ նկատվում է թայմեն և մոխրագույն իշխան արժեքավոր ձկների պաշարների նվազման կայուն միտում։ Բելայա գետը շատ է տուժում Բելորեցկի մետալուրգիական գործարանի կեղտաջրերի արտահոսքից և փայտեղենի լաստառաքումից[11]։

Արգելոցի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանեք մեղուների պատկերակ

Ժամանակակից Շուլգան Տաշ արգելոցի տարածքի առաջին ուսումնասիրություններն իրականացվել են դրա կազմակերպումից շատ առաջ։ 1928 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գիտական արշավախումբն ուսումնասիրել է Բաշկորտոստանի լեռնային շրջանների վայրի մեղուները։ Ականավոր կենդանաբան Գրիգորի Կոժևնիկովը նրանց անվանել է նախապատմական։ Երկու տարվա դաշտային հետազոտությունները հնարավորություն են տվել ստեղծել բուրզյան վայրի մեղվի տիրույթի քարտեզ և որոշել, որ դրա կենտրոնը գտնվում է Գադելգարեևո և Գալիակբերովո գյուղերի մոտ։ Նրանց շրջակայքում ուրվագծվել է Պրիբելի պահպանվող տարածքը։

Վայրի մեղուների պահպանության ռեժիմի հաստատումից անմիջապես հետո մեղուներին շարունակել է ուսումնասիրել Գ. Ի. Չիգլինցևը։ 1959-1962 թվականներին փորձարարական մեղվանոցում շրջանակային փեթակներ տեղադրելով՝ նա կարողացել է իմանալ բուրզյան մեղուների կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունների մասին։ Հետագայում Չիգլինցևից հետո ուսումնասիրությունը շարունակել է Ե. Մ. Պետրովը, որը հետագայում դարձավ արգելոցի տնօրեն։ Այս ուսումնասիրությունների հիման վրա նա գրել է «Բաշկիրական փչակային մեղու» (1980) մենագրություն։ Երկու գիտնականներն էլ չեն սահմանափակվել միայն դիտարկումներով, նրանք լայնածավալ աշխատանք են կատարել դատարկ բորտերի բնակեցման ուղղությամբ, ինչի արդյունքում մեղուների պոպուլյացիան հինգ տարվա ընթացքում աճել է 2,6 անգամ։ 1970-ականներին, երբ ոչ բնիկ մեղուների հետ խառնուրդը մեծ թափ էր հավաքում, ուսումնասիրության անհրաժեշտություն առաջացավ վայրի մեղուների էքստերյերն ուսումնասիրելու։ Շնորհիվ Ի. Գ. Շաֆիկովի կատարած այս աշխատանքի, հաջողվել է առանձնացնել վայրի և խաչասերված մեղուները՝ հիբրիդների աստիճանական փոխարինմամբ մաքուր ցեղերով[11]։

Աշխատանքի մեկ այլ կարևոր ոլորտ է «Բնության տարեգրությունը»[22], գիտական դիտարկումների օրագիր, որը Շուլգան Տաշի գիտնականները պահում են բնության պահպանության ինստիտուտի ստեղծումից ի վեր։ Այս փաստաթուղթը թույլ է տալիս կուտակել երկարաժամկետ դիտարկումներ, որոնց հաջորդում է դրանց վերլուծությունը, որի շնորհիվ բացահայտվում են կենսացենոզների զարգացման թաքնված միտումները[23][24]։

Հետազոտության մեկ այլ համակարգված տեսակ է ֆենոլոգիականը։ Դրանց իրականացման համար արգելոցում հատուկ երթուղի է անցկացվել։ Արգելոցի հիմքի վրա կատարված այլ գիտական աշխատանքների շարքում պետք է նշել կենսաերկրյացենոլոգիական, ցենոտիկ, էկոլոգիական (կենդանիների և բույսերի մասով), միկրոկլիմայական (Կապովի քարանձավում) ուսումնասիրությունները։ Հաստատության գիտական անձնակազմում ընդգրկված է 8 գիտնական, այդ թվում՝ մեկ դոկտոր և երկու գիտությունների թեկնածու[25]։

Կրթական և պաշտպանիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվաբուծության թանգարան.
Մեղրով ու մեղրաճանճով լի ղուղաներ` փչակների ցուցադրություն մեղվաբուծության թանգարանում

Քանի որ ժամանակակից Շուլգան Տաշ բնական արգելոցի տարածքում անվտանգության ռեժիմի ներդրումը համընկել է Կապովի քարանձավի ժայռապատկերների հայտնաբերման հետ, զբոսաշրջիկների հետ համագործակցության անհրաժեշտությունը ծագել է այս հաստատության գոյության սկզբից։ Խորհրդային տարիներին այս տարածքը թույլ էր զարգացած, պետությունը խրախուսում էր այսպես կոչված վայրի զբոսաշրջությունը, երբ այցելուներն ինքնուրույն կազմակերպում էին իրենց հանգիստը հետաքրքիր օբյեկտների մոտ։ Սրա հետևանքը տեղական ենթակառուցվածքների թերզարգացումն էր և վանդալիզմը, քանի որ դժվար էր վերահսկել նման այցելուներին։ Կապովի քարանձավ մուտքը նույնիսկ որոշ ժամանակ փակ էր զբոսաշրջիկների համար։

Շուկայական տնտեսության զարգացման հետ մեկտեղ նրանց պահանջներն անտեսելը անշահավետ էր, ուստի սկսվել է համակարգված աշխատանք այս ուղղությամբ։ 1995 թվականին Կապովի քարանձավի մոտ կառուցվել է թանգարան-էքսկուրսիոն համալիր[8]։ Այժմ այն իր կազմի մեջ ունի Մեղվաբուծության թանգարան, խմբային մեղվափեթակային մեղվանոց, հանգստի գոտի՝ հյուրատներով և համապատասխան ենթակառուցվածքներով (բաղնիք, տաղավար, խարույկի տեղ, ավտոկայանատեղի, հուշանվերների կրպակ, տեղեկատու-տեղեկատվական կենտրոն)։

Զբոսաշրջիկների ծառայությունների համար մշակվել է տուրիստական երթուղիների ցանց[1]։ Նրանց մեծ մասը արշավային է, որը նախատեսված է մի քանի ժամ անպատրաստ խմբերի (օրինակ ՝ երեխաների համար) համար, բայց կան նաև մի քանի օրով երթեր, որոնք ներառում են գետի վրա ռաֆթինգ (ջրային զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը), կանոե երթեր, ամենագնացներով կամ ձիերով արշավներ։ Երթուղիների մեծ մասը դրված է պահպանվող սահմաններին հարող տարածքով, այլ ոչ թե բուն արգելոցում։

Հատուկ տեղ է գրավում մեղրի արշավը, որից օգտվում են իսկական վայրի մեղրի գիտակները։ Շրջագայությունը ներառում է այցելություն պահպանվող անտառ՝ զուգակցված պրոֆեսիոնալ բորտնիկի հետ, ով հյուրերի ներկայությամբ ցուցադրում է բորտերից մեղր արդյունահանելու արվեստը, որից հետո այցելուները համտեսում և գնում են արդյունահանված արտադրանքը։ Այս շրջագայությունը հաճախ գրավում է արտասահմանցիներին, ովքեր մեղվափչակների մեղրի սիրահարներ են, ուստի նրանց վերապատրաստումը նույնպես իրականացվում է արգելոցում[21]։ Պահպանվող մեղվանոցների փչակային մեղրը կարելի է ձեռք բերել նաև առանձին թանգարանային և էքսկուրսիոն համալիրում։ Ամեն տարի Շուլգան Տաշում սպասարկում են 33 000-41 000 Էքսկուրսանտներ։

Քանի որ Շուլգան Տաշ արգելոցը պատկանում է խիստ անվտանգության ռեժիմ ունեցող հաստատություններին, կազմակերպված շրջագայություններից դուրս այն անհնար է այցելել։ Տարածքը հսկվում է ամենագնացների և ձիերի տեսուչների կողմից, հսկիչ անցակետեր գործում են զբոսաշրջիկների հնարավոր չարտոնված մուտքի վայրերում։ Բնության պահպանության մեջ տեղի բնակչությանն ակտիվորեն ներգրավելու համար Շուլգան Տաշ արգելոցի աշխատակիցներն անցկացնում են տարբեր մրցույթներ, զվարճանքի միջոցառումներ երեխաների համար և դաշտային պրակտիկաներ մասնագիտացված դպրոցների ուսանողների համար։ Արգելոցն ակտիվ է նաև հրատարակչական գործում. պարբերաբար տպագրում են բրոշյուրներ, բուկլետներ, օրացույցներ։ Խորհրդային տարիներին նրա աշխատակիցները համագործակցում էին շրջանային և հանրապետական մամուլի հետ[11], իսկ 2000-ական թվականներից արգելոցը «Բաշկորտոստանի Ուրալ» արգելոցի մաս կազմող այլ բնապահպանական հաստատությունների հետ միասին հրատարակում է «Բաշկիրական Ուրալի ավետաբեր» եռամսյա թերթը։

Տնտեսական կարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվափչակը վայրի մեղուների համար սոճու մեջ, վրան տարբերակիչ կնիք` տամղա[Ն 6]
Եվրոպական մուգ մեղու (Apis mellifera mellifera)

Շուլգան Տաշ արգելոցի անվտանգության ռեժիմը չի նախատեսում իր ռեսուրսների ակտիվ և լայն օգտագործում տնտեսական կարիքների համար։ Այնուամենայնիվ, պատմականորեն հաստատված բիոցենոզների բնական վիճակը պահպանելու համար թույլատրվում է խոտ հավաքել մարգագետիններում, արածեցնել անասուններ և աշխատող ձիեր։ Հատուկ թույլտվությամբ գետով նավարկվող զբոսաշրջիկներին թույլատրվում է ձուկ որսալ։

Տնտեսական աշխատանքի առանձին ճյուղ, որը գրեթե հասնում է քարոզչության, ցեղային և արտադրական մեղվաբուծությունն է։ Այն ուղղված է բացառապես բուրզյան վայրի մեղուների պոպուլյացիաներին աջակցելուն։

  1. անտառում մեղվափչակների խնամքը, որին հաջորդում է դրանցից մեղրի հավաքումը (տարին մեկ անգամ)
  2. սելեկցիոն աշխատանքներ, որոնք ուղղված են բուրզյան մեղվի գենետիկական մաքրության պահպանմանը և դրա տնտեսական որակների բարելավմանը
  3. բուրզյան վայրի մեղրի արտադրություն (պաշտպանված ապրանքանիշ)։

Առաջին ուղղությամբ աշխատանքներն իրականացնում են միայն տեղական բորտնիկները` բաշկիրները, ովքեր իրենց գիտելիքներն ու համապատասխան փչակային գիտելիքները փոխանցում են ժառանգաբար։ Նրանց աշխատանքը ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի, այլև կարևոր է մշակութային միջավայրի վավերականությունը պահպանելու համար։

Երկրորդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում են արգելոցի գիտնականները երկու ցեղային մեղվանոցներում։ Արդյունքում ստացված բուծման նյութը տարածվում է տեղական մեղվաբույծների շրջանում, որի շնորհիվ բաշկիրական մեղվաբուծության օջախը մաքրվում է ոչ բնիկ ցեղատեսակներից, և բուրզյան մեղուների տեսականին աստիճանաբար ընդլայնվում է։

Երրորդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում են արգելոցի մեղվաբույծները չորս արդյունավետ մեղվանոցներում, որոնցից արդյունահանված մեղրը հիմնականում վաճառում են զբոսաշրջիկներին։ Ընդհանուր առմամբ, արգելոցում ապրում է 350-550 մեղվաընտանիքներ, որից տարեկան ստանում են մինչև 5 տոննա մեղր[21]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելայա և Նուգուշ ջրբաժանում
Շուլգան-Տաշ լեռնազանգված
Տեսարան Կապովի քարանձավից Զբոսաշրջություն Կապովի քարանձավում Կապովի քարանձավի ժայռապատկերներ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաշկորտոստանի տարածում բուրզյան ցեղը բաշկիրցիների մեջ ամենամեծաթիվը և հնագույններից է եղել[9], ինչով էլ պայմանավորված է տեղանքի և մեղրի բուրզյան անվանումը։
  2. Պրիբել անունը պայմանավորված է Բելայա գետի երկայնքով գտնվելու վայրի հետ։
  3. Իկի կամ Էյեկի արգելոց (ռուս.՝ Икский заказник)[12] կամ Էյեկ արգելոց (բաշկիրերեն՝ Эйек заказнигы)[13], Բաշկորտոստանի հատուկ արգելոց, որը գտնվում է Կուգարչինսկի շրջանի Մեծ Էյեկ (բաշկիրերեն՝ Оло Эйек) և Փոքր Էյեկ (բաշկիրերեն՝ Кесе Эйек) գետերի ավազանում։
  4. Մուրադիմի կիրճը գտնվում է Մրակովո - Մուրադիմ գյուղերի միջև 22 կմ ճանապարհի վրա[14]։
  5. Էլյուվիալ են հողմահարված մակերևութային լեռնային ապարների այն արգասիքները, որոնք մթնոլորտային տեղումներով ու ջրերով տարրալվացումից և նստվածքազտումից հետո մնում են իրենց սկզբնական դիրքում։
  6. Տամղան ընտանեկան նշան, հավաստագրման կնիք որն օգտագործվում է մեղուների ընտանիքի սեփականության իրավունքը նշելու համար[26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Шульган-Таш». oopt.aari.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Pyatakov, Sergey (2015 թ․ հունիսի 15). «Shulgan-Tash state biosphere reserve in Bashkiria». Sputnik Mediabank (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Wildhive beekeeping in Bashkortostan». APIMONDIA (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Флора и растительность». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Фауна и животный мир». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Шульган-Таш». floranimal.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Реестр особо охраняемых природных территорий Республики Башкортостан / отв. ред. А. А. Мулдашев. — Уфа: Издательский центр «МедиаПринт», 2010. — С. 413.(ռուսերեն)
  8. 8,0 8,1 8,2 «История заповедника». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «История Бурзянского района». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. «Башкирский заповедник. История заповедника». web.archive.org. 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 Заповедники СССР: в 11 т. / под ред. В. Е. Соколова, Е. Е. Сыроечковского. — М.: Мысль, 1989. — Т. Заповедники европейской части РСФСР. — С. 234—263. (ռուսերեն)
  12. «ИКСКИЙ", заказник». bashenc.online. Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
  13. «ЭЙЕК ЗАКАЗНИГЫ». bashenc.online. Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
  14. «Мурадымовское ущелье - Главная страница». muradym.ru. Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
  15. Centre, UNESCO World Heritage. «Bashkir Ural». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Н. Рундквист, О. Задорина «Шульганташ» / Урал. Иллюстрированная краеведческая энциклопедия. — Издательство «Квист», 2013.(ռուսերեն)
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Государственный природный заповедник Шульган-Таш». zapovedniki-mira.com ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Соколов Ю. В. Капова пещера Արխիվացված 2019-04-10 Wayback Machine // Башкирская энциклопедия: в 7 т. — Уфа: ГАУН РБ «Башкирская энциклопедия».(ռուսերեն)
  19. Н. Рундквист, О. Задорина Шульганташ / Урал. Иллюстрированная краеведческая энциклопедия. — Издательство «Квист», 2013.(ռուսերեն)
  20. 20,0 20,1 «Пещера Шульган-Таш (Капова) — объект историко-культурного наследия федерального значения». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 21,0 21,1 21,2 «Вам нужен настоящий бортевой мёд? Приезжайте лично на бортевой тур!». shulgan-tash.ru ((ռուս.)). Արխիվացված է օրիգինալից 2 травня 2019-ին. Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «ЛЕТОПИСЬ ПРИРОДЫ Луганского природного заповедника». web.archive.org. 2012 թ․ հունիսի 15. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  23. DAVID OSTERGREN AND STEVE HOLLENHORST. «The Russian Chronicles of Nature (Letopis prirody). Is This a Model for a Chronicle of Wilderness?» (PDF). web.archive.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  24. «О региональном подходе к Летописи природы» (PDF). web.archive.org. Луговой А. Е. и др. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  25. «Научно-исследовательская деятельность». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Pyatakov, Sergey (2015 թ․ հունիսի 15). «Shulgan-Tash state biosphere reserve in Bashkiria». Sputnik Mediabank (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուլգան Տաշ (արգելոց)» հոդվածին։