Ցախակեռաս սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախակեռաս սովորական
Ցախակեռաս սովորական
Ցախակեռաս սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս սովորական (L. xylosteum)
Միջազգային անվանում
Lonicera xylosteum

Ցախակեռաս սովորական, ցախակեռաս անտառային[1] (լատ.՝ Lonicera xylosteum), ցախակեռասազգիների ընտանիքի, ցախակեռասների ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 1 —3 մ բարձրությամբ, ուղղաձիգ ճյուղերով, որոնց միջուկը գորշավուն է։ Հաճախ ճյուղերը սնամեջ են։ Միամյա շիվերը գորշամոխրավուն են կամ մոխրագորշավուն, երկարավուն ակոսներով, մերկ կամ մազմզուկապատ, որոնք ավարտվում են 1 կամ 2—3 բողբոջներով։ Վերջիններս իլիկաձև են, 0,5—1 սմ երկարությամբ, ծածկված բազմաթիվ սպիտակ, մոխրավուն և դեղնամոխրավուն աղվամազապատ թեփուկներով։ Տերևները լայն էլիպսաձև են կամ էլիպսաձև ձվաձևից մինչև հակառակ ձվաձև, սրածայր կամ բութ գագաթով, կլորավուն, լայն սեպաձև կամ թույլ սրտաձև հիմքով, 3—6 սմ երկարությամբ և 2—4 սմ լայնությամբ, վերևի կողմից անփայլ գորշականաչ կամ մոխրականաչավուն, մանուշակագույն միջին ջղով, նոսր մազմզուկապատ կամ մերկ, ներքևի կողմից ավելի բաց գույնի և խիտ մազմզուկապատ։ Ծաղիկները զույ¬ գերով են, ծոցային, երկշուրթ, բաց դեղնավուն։ Պսակը դեղնասպիտակ է, հաճախ կարմրավուն խավով, ծաղկաթափի ժամանակ դեղին, 1,1 —1,3 սմ երկարությամբ։ Սերմնարանը ազատ է, պսակված եռանկյունի, գեղձաթարթիչավոր ատամնավոր բաժակով։ Ծաղկակիցիկները լայն են, ծաղկակիցները մախաթաձև, մազմզուկապատ։ Առէջները ամրացած են ծռվածքի հիմքին։ Հատապտուղները զույգերով են, սերտաճած միայն հիմքում կամ ազատ, գնդաձև, մուգ կարմիր։ Սերմերը կարմրամանուշակավարդագույն են։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է հուլիս-սեպտեմբերին։ Լավ է տանում խուզումը։ Բազմանում է ամառային կտրոններով, սերմերով, անդալիսով։ Ամենուրեք առատորեն ծաղկում և պտղաբերում է, բարձր լեռնային շրջաններում չի ցրտահարվում։

Էկոլոգիական խումբը՝ XII : Մշակության հավանական շրջանները՝ 1 — 32[2]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ռուսաստանի Եվրոպական մասի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, Մերձբալթիկայում, Օնեգա լճի շրջակայքում, Արխանգելսկի, Վոլոգդայի, Պերմի մարզերում, արևելքում՝ մինչև Ալթայի երկրամաս, տարածման հարավային սահմանը համընկնում է անտառի և տափաստանի սահմանի հետ։ Արևմուտքում հանդիպում է Լեհաստանում, Հյուսիսային Գերմանիայում, Դանիայում, Անգլիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, անտառներում, թփուտներում, ձորակների և բլուրների լանջերին, անտառեզրերում։ Հայաստանի հանրապետության տարածքում հաճախ է հանդիպում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստվերատար է, լավ է աճում սննդանյութերով հարուստ կրային հողերում։ Արմատային համակարգը մեծ մասամբ մակերեսային է։ Բնափայտը շատ ամուր է («քսիլոսթեում» նշանակում է ոսկրափայտ)։ Օգտագործվում է ձեռնափայտեր, գործվածքային ասեղներ և իլիկներ, ծխամորճեր պատրաստելու համար և այլն։ Հատապտուղներն ունեն փսխեցնող և լուծողական ազդեցություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-06-26 
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 290։