Բարդի սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի սև
Բարդի սև
Բարդի սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի սև (P. nigra)
Միջազգային անվանում
Populus nigra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բարդի սև (լատին․՝ Populus nigra), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, խոշոր ծառ է ՝ մինչև 30 մ բարձրությամբ և 2-4 մ բնի տրամագծով։ Սաղարթը հզոր է, վրանաձև, հաստ ճյուղերով։ Հին բնի կեղևը գորշամոխրագույն է, ծածկված ճաքերով։ Ճյուղերի վրա կեղևը հարթ է, մոխրագույն։ Միամյա շիվերը գլանաձև են, մերկ, փայլուն, դեղնավուն կամ դեղնամոխրավուն։ Բողբոջները մերկ են, գորշականաչ, խեժային խավով ծածկված, բացվելիս կպչուն են, սոսնձապատ, ուժեղ բուրմունքով։ Տերևները լայն դելտայաձև են կամ լայն ձվաձև, եռանկյունաձև, 4-12 սմ երկարությամբ և 4-15 սմ լայնությամբ, հիմքում լայն սեպաձև կամ հարթ կտրվածքով, երկու կողմից էլ մերկ, մուգ կանաչավուն, ներքևի կողմից բաց կանաչ, կոշտ, գագաթում կարճ սրածայր, մանր սղոցաեզր, գեղձիկաատամնաեզր։ Տերևակոթունը մերկ է, գրեթե հավասար տերևաթիթեղի երկարությանը, վերևի մասում սեղմված, առանց գեղձիկների։ Ծաղկակիցները գորշավուն են, մինչև 5 մմ երկարությամբ, լայն, համարյա կլորավուն, եզրերում խոր գանգրակտրվածքավոր ատամնաեզր։ Կատվիկները բացվում են տերևներից առաջ։ Ծաղկի սկավառակը կանաչասպիտակավուն է, 8-45 առէջներով, որոնց փոշանոթները ծիրանագույն են։ Վարսանդը ունի լայն-ձվաձև սերմնարան, որի սպին դեղնավուն է։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են մայիս-հունիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում, Սիբիրում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտու անտառներում (Գեղարդ), Զանգեզուրում, երկրորդային ծագում ունեցող հովտային անտառներում, գետակների ափերին, ծովի մակերևույթից 800-2100 մ բարձրության վրա։ Մեծ մասամբ վայրիացած է, հանդես է գալիս որպես արխեոֆիտ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատային համակարգը մակերեսային է, առատ արմատային մացառներ է տալիս։ Այս հանգամանքի շնորհիվ սև բարդին լայնորեն է օգտագործվում փլվածքների, ձորակների, հողալիցքերի, սողքերի, ավազների ամրացման համար։ Սակայն այդ նույն պատճառներով քաղաքների փողոցների կանաչապատման համար խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ արմատային մացառները քանդում են ասֆալտի ծածկոցը։ Բազմանում է սերմերով և կտրոնների միջոցով, ինչպես նաև ձողերով։ Ապրում է 100-120 տարի։

Բնափայտը օգտագործվում է որպես շինանյութ, տարաների պատրաստման համար, ցելյուլոզայի արտադրության բնագավառում։ Խոնավասեր է, լուսասեր, հողի նկատմամբ պահանջկոտ է, ցրտադիմացկուն։ Բավականին արագ է աճում։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 263։