Հողմահարում և տեղատարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողմահարում և տեղատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքի մարմինը կազմող կարծր ապարները մթնոլորտային, կենսոլորտային գործոնների ազդեցության տակ կերպարանափոխվում են։ Այս երևույթն անվանում են հողմահարում։ Խորքային (աբիսալ) պայմաններում առաջացած ապարները հիպերգեն (վերնածին) միջավայրում (երկրի մակերևույթի վրա) անկայուն են։ Այս ապարների բյուրեղային ցանցի ձևավորման ժամանակ շրջապատում եղել են բարձր ճնշում (մի քանի հազար մթնոլորտ) և բարձր ջերմաստիճան։ Վերնածին ոլորտում ճնշումը կտրուկ իջել է մինչև 1 մթնոլորտ (իսկ լեռներում ավելի պակաս), ջերմաստիճանը՝ նույնպես։ Այս պայմաններում մայր ապարը ներքուստ վերակառուցվելու հակում ունի, ձգտում է ստեղծել տվյալ ջերմադինամիկական պայմաններում կայուն բյուրեղային ցանց։ Արտաքին ազդակները՝ Արեգակի ջերմությունը, ջերմաստիճանային տատանումները, ապարի ծակոտիներում ջրի սառչելը, մանր օրգանիզմների մեխանիկական ներգործությունը, ջրի լուծիչ հատկությունը, այն ուժերն են, որոնց միջոցով մայր ապարը կերպարանափոխվում է։ Տեղի է ունենում ապարի մանրացում, քայքայում, այն լուծվում է ջրի մեջ, ու մի շարք քիմիական տարրեր հեռանում են, միջավայրում մանր օրգանիզմների ակտիվ մասնակցությամբ սինթեզվում են երկրորդական միներալներ։

Հողմնահարման պրոցեսը համամոլորակային է, ու այն կախված է տվյալ ֆիզիկաաշխարհագրական պայմաններում գերակշռում են այս կամ այն գործոններից։ Անապատում օրական ջերմասիճանների մեծ տատանումների հետևանքով գերակշռում է մեխանիկական հողմահարումը։

Տեղատարումը (դենուդացիա) մանրացված նյութի տեղափոխման երևույթն է, որը կատարվում է օդի, ջրի, սառցադաշտերի, կենդանի օրգանիզմների միջոցով, ծանրության ուժի ներգործությամբ։ Տեղատարման պրոցեսի էներգետիկ աղբյուրը Արեգակն է։ Պետք է նշել, որ հողմահարման ու տեղատարման սահմանը բավականին անորոշ է, այս երկուսը միասին են հանդես գալիս։ Օրինակ՝ ջուրը, մտնելով ժայռի ժեղքի մեջ, սառչելով լայնացնում է ճեղքը և բեկորը պոկվում է, տեղաշարժվում։ Հենց այս շարժումը նշանակում է տեղատարում։ Քամին գետնից բարձրացնելով ավազի հատիկները հարվածում է ժայռին, մաշում է, ժամանակի ընթացքում ժայռերը սնկի տեսք են ստանում։ Սրանք այսպես կոչված էոլային (հողմային) երևույթներն են։

Հողմահաված նյութերի օդային տեղաշարժը (միգրացիան) Երկրագնդի վրա շատ տարածված երևույթ է, օդի միջոցով նյութերը տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր։ Քամիների միջոցով հողադաշտը տարվում է (հողմային էրոզիա) և նստելով դաշտերում ու այգիներում առաջացնում են անկառուցվածք (անստրուկտուր) հողի շերտ, որը նույնպես վնաս է հասցնում դաշտավարությանը։

Տեղատարման պրոցեսում շատ մեծ է ջրի դերը։ Շարժունակության տեսակետից ջուրը երկրորդն է օդից հետո և էրոզիոն վիթխարի աշխատանք է կատարում։ Ջրի կողմից կատարած էրոզիան տեղատարման ոլորտներից մեկն է, այն հիմնականում բաժանվում է երկու տարատեսակի՝ մակերևութային էրոզիա (հողային էրոզիա) և հունային էրոզիա (գետային էրոզիա)։ Հունային էրոզիան անընդհատ պրոցես է, հոսող ջուրը քայքայիչ աշխատանք է կատարում գետի ակունքից մինչև գետաբերան։

Տեղատարման պրոցեսում զգալի աշխատանք են կատարում սառցադաշտերը։ Սառցադաշտը նստած է երկրի մակերևույթին և իր շարժման ընթացքում հունը մաշում է, սառույցը չի կարող անմիջականորեն ապարները քայքայել։

Սառցադաշտերի բերվածքները՝ սառցաբերուկները կոչվում են մորեններ, իսկ սառցադաշտի հալոցքային ջրերի բերվածքները ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլացիալ) նստվածքներ։ Նյութի համաշխարհային շրջապտույտի օղակներից մեկը նստվածքագոյացումն է։ Նստվածքները գոյանում են օվկիանոսում ու ծովերում, լճերում, ցամաքի գոգավոր մասերում, լանջերի ստորոտին։ Օվկիանոսներում նստվածքները առաջանում են գետերի բերվածքներից, ափաքերումից, հրաբխային արտավիժումների նյութերից, տիեզերական փոշուց, օվկիանոսում ապրող օրգանիզմների մնացորդներից։ Օվկիանոսի հատակին ամենամեծ տարածումը ունեն պալեգիալ նստվածքները, ցամաքներին մոտ զոնայում՝ Հեմիպելագիալ, իսկ ցամաքային ծանծաղուտում՝ ցամաքածին (տերրիգեն) նստվածքները։ Օվկիանոսներում հանդիպում են նստվածքների ծագումնաբանական բոլոր խմբերը՝ ցամաքածին, կենսածին, հրաբխածին, քիմիածին (քեմոգեն), բազմածին (պոլիգեն)։ Սակայն տիրապետող են պալեգիալ ծագման կենսածին ու բազմածին նստվածքները։

Դիագենեզ ապարների առաջացման առաջին փուլն է, երբ օվկիանոսի հատակում տիղմը աստիճանաբար կերպարանափոխվում է, որոշ բաղադրիչներ լուծվում են, տեղի է ունենում իոնների փոխանակություն։ Դիագենեզին հաջորդում է կատագենեզը, երբ նստվածքներն սկսում են խտանալ, վերածվել քարային նյութի, ավելի ուշ՝ մետագենեզի փուլում ապարների մեջ խոր փոփոխություններ են կատարվում և սկսվում է մետամորֆիզմի երևույթը։

Ցամաքային նստվածքներն առաջանում են թե՜ քամու աշխատանքների և թե՜ ծանրահակ ուժի հետևանքով։ Այս նստվածքները շատ բազմազան են, կուտակվում են լեռնալանջերին կամ ստորոտներին և կոչվում են լանջակուտակ (դելյուվյալ)։

Սրանք տեսակավորված չեն, լեռնալանջերից իջնում են ջրի շիթերի կամ ծանրահակ ուժի ազդեցության տակ։ Բոլոր լեռնային երկրներում թույլ թեքության լանջերին ու ստորոտներին կհանդիպենք լանջակուտակ նստվածքներ։ Լանջակուտակ նստվածքներ գոյանում են նաև լանջասահքի (դեֆլյուկցիա) միջոցով։

Ցամաքային նստվածքներից են գետաբերուկային (ալյուվիալ) և հեղեղաբերուկ (պրոլյուվիալ) նստվածքները։ Ցամաքային ծագման նստվածքների շարքին են դասվում նաև տորֆը, ճահճային տիղմն ու օրգանական այլ նստվածքներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ.Կ. Գաբրիելյան «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը», Երևան, 1983