Հիպերգեն պրոցեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպերգեն պրոցեսներ (< հիպեր... և γένεσις-ծագում), միներալային նյութի քիմիական և ֆիզիկական վերափոխման պրոցեսներ երկրակեղևի վերին հորիզոններում և մակերևույթում մթնոլորտի, ջրոլորտի ու կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ ցածր ջերմաստիճանների դեպքում։ Հիպերգեն պրոցեսներն ընդգրկում են՝ քիմական քայքայումն ու տարրալուծումը, հիդրոլիզը, հիդրատացումը, օքսիդացումը, կարբոնատացումը և այլն։ Հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ տեղի են ունենում հանքավայրերի հողմահարման կեղևի և օքսիդացման զոնայի առաջացումը, ստորերկրյա, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսի ջրերի բաղադրության ձևավորումը, քեմոգեն և բիոգեն նստվածքագոյացումը, նստվածքների դիագենեզը և վաղ էպիգենեզը։ Եթե ներքին պրոցեսների համար կարևոր ազդակներ են ծառայում ջերմաստիճանը և ճնշումը, ապա հիպերգեն պրոցեսների առաջատար գործոններն են միջավայրի ալկալիականությունը կամ թթվայնությունը և օքսիդացման-վերականգնման պոտենցիալը։ Մեծ դեր են խաղում նաև կենսաերկրաքիմիական պրոցեսները։ Հիպերգեն պրոցեսների հետևանքով առաջանում են մի շարք արժեքավոր օգտակար հանածոների (նիկել, երկաթ, մագնեզիտ, բոքսիտ, կաոլին, ոսկու և պլատինի ցրոնային) հանքավայրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 416