Հիդրատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրատացում, ջրամիացում, ջրակցում, քիմիական նյութերին ջրի միացման պրոցես։ Տարբերում են Հիդրատացման մի քանի տեսակ։ Օքսիդների Հիդրատացմամբ առաջանում են հիդրօքսիդներ, որոնք կարող են լինել հիմքեր, թթուներ և ամֆոտեր միացություններ, օրինակ, կալցիումի օքսիդին ջուր միացնելիս ստացվում է կալցիումի հիդրօքսիդ (տեխնիկայում այդ պրոցեսը կոչվում է «կրի մարում»)։ Արդյունաբերության մեջ ծծմբական անհիդրիդի Հիդրատացմամբ ստանում են ծծմբական թթու, իսկ ազոտի օքսիդներից (օրինակ, NO2-ից)՝ ազոտական թթու։ Արսենի եռօքսիդի Հիդրատացմամբ առաջանում է թույլ, ամֆոտեր արսենային թթու՝ As203+3H20 = 2H3As03։ Օրգանական միացությունների Հիդրատացում տեղի է ունենում բազմակի կապերի, իսկ ցիկլիկ միացությունների Հիդրատացում՝ ցիկլերի բացման հաշվին։ Սովորաբար այդ ռեակցիաներն ընթանում են հիմքերի, թթուների կամ տարասեռ կատալիզատորների առկայությամբ (կատալիտիկ Հիդրատացում) և ունեն գործնական մեծ նշանակություն օրգանական քիմիայում և օրգանական սինթեզի արտադրության մեջ։ Այսպես, օլեֆինների ուղղակի Հիդրատացմամբ ստանում են սպիրտներ, օրինակ, էթիլենի Հիդրատացմամբ առաջանում է էթիլալկոհոլ։ Ացետիլենի և ացետիլենային միացությունների Հիդրատացմամբ (Կուչերովի ռեակցիա) ստացվում են, համապատասխանաբար՝ քացախալդեհիդ և կետոններ։ Անօրգանական շատ և օրգանական որոշ նյութեր ջրի հետ առաջացնում են հաստատուն բաղադրությամբ պինդ բյուրեղահիդրատներ, որոնք հանդես են գալիս որպես քիմիական առանձին միացություններ։ էլեկտրոլիտները լուծելիս տեղի է ունենում իոնների Հիդրատացում, որը դժվարացնում է դրանց ասոցումը։ Ջրային լուծույթներում իոնների Հիդրատացում էլեկտրոլիտային դիսոցման գլխավոր պատճառներից է։ Լուծույթներում բյուրեղահիդրատների առաջացումը և մոլեկուլների ու իոնների Հիդրատացում սոլվատացման մասնավոր դեպքերն են։ Կենսաբանական համակարգում Հիդրատացման ժամանակ ջուրը միանում է (կապվում) օրգանիզմի տարբեր սուբստրատներին։ Հիդրատացման հետ են կապված կենսաբանական շատ պրոցեսներ։ Այսպես, իոնների Հիդրատացումը ազդում է դրանց բջիջներ թափանցելու վրա, կենսաբանական թաղանթների Հիդրատացումը՝ նրանց ֆիզիոլոգիական հատկությունների վրա, իսկ սպիտակուցների Հիդրատացումը փոփոխում է դրանց որոշ հատկությունները, մասնավորապես ֆերմենտային ակտիվությունը։ Մի շարք ֆիզիկա-քիմիական հատկություններով կապված ջուրը տարբերվում է ազատ, ծավալային ջրից։ Հիդրատացման հակադարձ պրոցեսը, այսինքն՝ նյութերից ջրի պոկումը, կոչվում է դեհիդրաաացում (ջրապոկում)։ Հիդրատացումը և դեհիդրատացումը մշտապես ընթանում են նյութափոխանակության, մասնավորապես օրգանիզմի ջրափոխանակության պրոցեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png