Իսկական մողեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճարպիկ մողես (Lacerta agilis)

Իսկական մողեսներ (լատ.՝ Lacertidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 31 ցեղի 279 տեսակ։

Բնորոշվում են լավ զարգացած վերջույթներով, երկարավուն մարմնով և ինքնահատվող պոչով։ Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր, համաչափ վահանիկներով։ Մարմնի մեջքային մակերեսը ծածկված է մանր ոսպանման թեփուկներով, իսկ որովայնայինը՝ հարթ ու համեմատաբար խոշոր վահանիկներով։ Կոպերը կարող են լինել բաժանված ու շարժուն կամ միաձուլված։ Ունեն արտաքին ականջային անցք։ Ընտանիքում կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։

Հայաստանում տարածված են (տարբեր գիտնականների կողմից տարբեր կերպ ընդունվող) այդ ընտանիքի 4-5 ցեղերի 15-16 տեսակ՝ նրբագեղ օձաչք մողես, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ,անդրկովկասյան անապատային մողեսիկ, Շտրաուխի անապատային մողեսիկ, Դալի ժայռային մողես, հայկական ժայռային մողես, Ռադդեի ժայռային մողես (ներառյալ Նաիրյանը), Ռոստոմբեկովի ժայռային մողես, Պորչինսկու ժայռային մողես, միասեռ ժայռային մողես, Վալենտինի ժայռային մողես, մարգագետնային մողես, զոլավոր մողես, միջին մողես, ճարպիկ մողես և փոքրասիական մողես։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png