Էկոլոգիական հավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկոլոգիական հավասարակշռությունը խորհրդանշող հուշարձանը Վիսախապատնամում

Էկոլոգիական հավասարակշռություն, էկոհամակարգի բաղադրիչների՝ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության, վերարտադրության, ինչպես նաև բնական միջավայրի ժամանակային փոփոխությունների, բնական համակեցություններում նյութերի կենսահարույց շրջապտույտի և այլ կենսաբանական շարժընթացների հարաբերական կայունությունը։ Էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության հիմքում ընկած են նյութերի կենսահարույց շրջապտույտի հաստատունությունն ու փակ լինելը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ էկոհամակարգում ունի իր առանձնահատկությունները։ Այս դեպքում վճռական նշանակություն ունի ինքնասուն (ավտոտրոֆ՝ լուսասինթեզի կամ քեմոսինթեզի միջոցով անօրգանական նյութերն օրգանականի փոխարկող) և տարասուն (հետերոտրոֆ՝ այլ օրգանիզմների ստեղծած օրգանական նյութերով սնվող) օրգանիզմների հարաբերակցությունը, ինչպես նաև միմյանց և բնակմիջավայրին նրանց յուրահատուկ հարմարումը։ Այս գործոնների ամբողջությունը, ձևավորվելով էվոլյուցիայի ընթացքում, ապահովում է էկոհամակարգի կայունությունը կամ նրա հոմեոստազը։ Որպես էկոհամակարգերի կայունության չափանիշ՝ հաճախ ընդունում են նրանց տեսակային բազմազանությունը, և որքան շատ է այն, այնքան հուսալի է էկոլոգիական հավասարակշռության պահպանումը։ Տվյալ էկոհամակարգի համար միջավայրի պայմանների սովորականից ավելի տատանումների դեպքում տեղի է ունենում էկոլոգիական հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մի տեսակի թվաքանակի նվազման և մյուսների կտրուկ աճման։ Օրգանիզմների բնական համակեցությունները կարող են դիմադրել տարբեր վնասակար ազդեցությունների և բնականոն պայմանների վերականգնման դեպքում վերադառնալ նախկինին մոտ վիճակի (այսինքն՝ ունեն որոշակի կայունություն)։ Անբարենպաստ պայմաններում այս կամ այն տեսակի խտությունը նվազում է, իսկ բարենպաստ պայմաններում աճում է բազմացման, աճի և զարգացման արագությունը, և տեսակի խտությունը վերականգնվում է։

Էկոլոգիական հավասարակշռության գոյությունը չի նշանակում ժամանակի ընթացքում օրինաչափ փոփոխությունների բացակայություն, ընդհակառակը, այն սերտորեն կապված է տվյալ էկոհամակարգի լինելիության և զարգացման շարժընթացների հետ։ Հաճախ, էկոլոգիական հավասարակշռության խախտում ասելով՝ հասկանում են ոչ միայն տարբեր կենսահարույց գործոնների փոփոխությունները, այլև մթնոլորտի գազային բաղադրության, ջրաբանական ռեժիմի, շրջակա միջավայրի խոշորաչափ աղտոտման նշանակալի տատանումները, այսինքն՝ բնական շարժընթացների բոլոր էական շեղումները։ Առանց էկոլոգիական հավասարակշռության բարդ ու փոխկապակցված մեխանիզմների իմացության՝ հնարավոր չէ իրականացնել արդյունավետ բնօգտագործուվ կանխատեսել տնտեսական գործունեության ճիշտ կազմակերպում և պահպանել բնական միջավայրը կյանքի համար պիտանի վիճակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png