Jump to content

Կեչի ելունդավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեչի ելունդավոր
Կեչի ելունդավոր
Կեչի ելունդավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Կեչայիններ (Betuloideae)
Ցեղ Կեչի (Betula)
Տեսակ Կեչի ելունդավոր (B. pendula)
Միջազգային անվանում
Betula pendula
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կեչի ելունդավոր (լատին․՝ Betulaceae verrucosa Ehrh), կեչազգիների ընտանիքի կեչի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեչի ելունդավորը մինչև 20 մ բարձրությամբ և 20-ից 30 սմ բնի տրամագծով ծառ է։ Սաղարթը անկանոն-ձվաձև է, թափանցիկ, դեպի ցած հակված ճյուղերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Ծեր ծառերի բնի հիմքում կեղևը խիստ ճաքճքված է, ամուր, սևավուն։ Տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, երիտասարդները մերկ, ծածկված ելունդանման խեժագեղձերով։ Տերևները ձվաձև-շեղանկյունաձև են կամ եռանկյուն ձվաձև, 3,5-ից 7 սմ երկարությամբ և 2,5-ից 5,5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթը սրածայր, կրկնակի սուրարմատաեզր, երկու կողմերից հարթ, նոր բացված ժամանակ կպչուն։ Կոթունը մերկ է, 2-ից 3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները գլանաձև են, 2,5-ից 3 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով։ Թեփուկները կանաչավուն են, 5 մմ երկարությամբ ու լայնությամբ։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկները 2-ից 3 անգամ ավելի լայն են ընկուզիկից։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Արևմտյան Սիբիրում։

Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարանի, Հրազդանի, Գեղարդի, Վայքի, Մեղրիի և այլ տարածքներում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում՝ ամենուրեք առաջացնելով կեչուտներ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելունդավոր կեչին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք լայնորեն ենմշակվում կանաչապատման բնագավառում։ Դրանք տարբերվում են սաղարթի և տերևների ձևերով, սաղարթի գույնով։ Ամենատարածված կեչիներից մեկն է, որը առաջացնում է մաքուր և խառը տնկարկներ։ Լավ է վերականգնվում ինքնացանով և մացառներով։ Սերմերը հեշտությամբ են տարածվում քամու միջոցով։ Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Արագ է աճում։ Մեծ տարիքում վերատնկումը վատ է տանում։ Բնափայտը օգտագործվում է կահույք, ֆաներա պատրաստելու համար։ Լավ փայտածուխ է տալիս։ Օգտագործվում է նաև որպես վառելիք։ Վերնակեղևը օգտագործում են ամանեղեն, տուփեր, պատրաստելու, տները ծածկելու համար։ Դրանից խեժ են ստանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 196։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի ելունդավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի ելունդավոր» հոդվածին։