Մոխրագույն կռունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրագույն կռունկ
Մոխրագույն կռունկ
Մոխրագույն կռունկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Կռունկներ (Gruidae)
Ցեղ Կռունկներ (Grus)
Տեսակ Մոխրագույն կռունկ (G. grus)
Միջազգային անվանում
Grus grus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը
Grus grus

Մոխրագույն կռունկ (լատին․՝ Grus grus), կռունկների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 110-120 սմ է, թևերի բացվածքը՝ 220-245 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5,5 կգ։ Հասուն կռունկի փետրածածկը մոխրագույն է, գլուխը՝ սև՝ սպիտակ շերտով, որը գլխի կողքով տարածվում է մինչև սև վիզը։ Աչքերն ու գագաթի բիծը կարմիր են, ոտքերը՝ երկար և սև, պոչին կա մեծ փետրածփքերի փունջ։ Երիտասարդ կռունկի գլուխը և վզի վերին մասը նարնջադարչնագույն են։ Թռչում է թևերի հզոր թափահարումներով և երկարատև սավառնումներով, գլուխը, վիզը և ոտքերը ձգած, որոնք թռիչքի ընթացքում մարմնի համեմատ թվում են ներքև խոնարհված։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուի ընթացքում սավառնում և թռչում է սեպաձև երամ կազմած։ Բնակվում է լեռնատափաստաններում, փոքր խոնավ տարածքներում, ցանքադաշտերի կամ մարգագետինների հարևանությամբ։ Հայաստանում մոխրագույն կռունկի բնադրատեղիներում հանդիպում է մարտի վերջ ապրիլի սկզբին։ Յուրօրինակ հարսանեկան խաղերը տեղի են ունենում գարնանը։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է բույսերով, որդերով, միջատներով, մանր ողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է ճահճուտներում։ Բույնը սաղր է, գավաթաձև և նման է բույսերի կույտի։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին տասնօրյակին։ Դնում է 94 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն կամ ձիթապտղագույն, կարմրադարչնագույն պտերով 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 4 %-ը)։ Թխսակալում են էգը և արուն՝ 28-30 օր։ 2 ամսական ձագերը կարողանում են լիարժեք թռչել, սակայն մինչև ձմեռանոցներ չվելը հետևում են ծնողներին։ Ձագերի կորուստը ծնող-թռչունները ծանր են տանում։ Նրանք սուր ողբալի ճչում ու անհանգիստ շրջանաձև թռիչքներ են կատարում բնի սահմաններում։ Հայ մատենագրության էջերում, ավանդապատումներում, գեղարվեստական գրականության մեջ և այլն, կռունկը համարվում է հույսի ու հավատի խորհրդանիշ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայից մինչև Միջին Ասիա։

Հայաստանում մշտապես բնադրել է Սևանա լճի ջրավազանում, գլխավորապես՝ Գիլլի լճի եղեգնուտներում։ Վերջին տարիներին բնադրավայրերը հայտնաբերվել են Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի համար քիչ տարածված տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։ Տեսակը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Աշոցքի շրջանում ամեն տարի բնադրում են 2-3, Տավուշի շրջանում` 4-5, Ստեփանավանի շրջանում` 2 զույգ։ Հայաստանում բնադրում են, հավանաբար, մոխրագույն կռունկի մոտ 10 զույգ։

Թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողնում ճահճացած տարածքների չորացումը և մարգագետինների ինտենսիվ օգտագործումը որպես արոտավայրեր։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։