Սովորական քառթակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական քառթակ
Սովորական քառթակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Ծածանաձկներ
Ցեղ Սովորական քառթակներ
Տեսակ Սովորական քառթակ
Լատիներեն անվանում
Gobio gobio
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սովորական քառթակ (լատին․՝ Gobio gobio), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանի ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել է 1998 թվականին։ Հանդիպում է Արաքս, Ախուրյան, Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում։ Մանր ձուկ է։ Մարմինը լայնակի կտրվածքում գրեթե կլոր է, երկարությունը՝ 12 (երբեմն՝ մինչև 15) սմ, զանգվածը՝ 50 գ և ավելի։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը բավական խոշոր է, կազմում է մարմնի երկարության 1/4-ը։ Բերանը գտնվում է գլխի երկարության կեսը կազմող դնչի ստորին մասում։ Վերին ծնոտի աջ և ձախ կողմերում կա մեկական կարճ բեղիկ։ Թեփուկները միջին մեծության են, կողագծում՝ 37-43 հատ։ Կլանային ատամները երկշարք են, եզակի դեպքերում՝ միաշարք։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է, վերին բլթակը ստորինից մի փոքր երկար է։ Մեջքը և կողքերի վերին մասը մոխրականաչավուն են՝ մետաղ, երկնագույն նրբերանգով, կողքերն արծաթագույն են, փորիկը՝ դեղնասպիտակավուն։ Մեջքի և կողքերի թեփուկներն ունեն մուգ եզրագիծ, մարմնի վրա, կողագծի երկայնքով, կան 6-11 կլորավուն պտեր։ Կրծքային, մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, վերջինների վրա կան գորշավուն, մանր, անկանոն դասավորված պտեր, իսկ փորային լողակներն ու հետնալողակն անգույն են։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ տարում։ Բազմանում է գարնանը։ Յուրաքանչյուր առանձնյակ տարեկան ձվադրում է մի քանի անգամ (որոշակի ընդմիջումներով)։ Բեղունությունը հասնում է մինչև 10 հազար ձկնկիթի։ Այն դեղնավուն է, դնում է քարերի կամ ստորջրյա բույսերի վրա։

Բնակվում է վտառներով՝ գետերի և ջրանցքների դանդաղահոս տեղամասերում։ Վարում է մերձհատակային կենսակերպ, սնվում բենթոսային անողնաշարավորներով (միջատների թրթուրներ, խեցգետնակերպներ, փափկամարմիններ, օղակավոր որդեր, դետրիտ), երբեմն՝ բույսերի մնացորդներով։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Որոշակի վնաս է հասցնում՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաշամ, ճանար) ձկնկիթով ու թրթուրներով։ Կարող է ծառայել որպես սիրող, ձկնորսության օբյեկտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական քառթակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական քառթակ» հոդվածին։