Հաշամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաշամ
Հաշամ
Հաշամ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Aspius
Տեսակ Հաշամ (A. aspius)
Միջազգային անվանում
Aspius aspius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Հաշամ (լատ.՝ Aspius aspius), ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ, որը գրանցված է Հայաստանի Հանարապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում ՝ Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան, Ախուրյան գետերում և դրանց ջրերով սնվող ջրանցքներում, ջրամբարներում տարածված է կարմրաշուրթ հաշամ ենթատեսակը (Aspius aspius taeniatus)։ Մանրաձկներն ապրում են փոքրիկ վտառներով, հասունները վարում են մենակյաց կենսաձև։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ձուկ է։ Մարմինը կողքերից թեթևակի սեղմված է, երկարությունը 40-50 (երբեմն՝ մինչև 100) սմ է։ Բերանը մեծ է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով, գտնվում է դնչի ծայրին։ Ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից, ունի փոքրիկ ցցվածք, որը բերանը փակելիս մտնում է վերին ծնոտի վրա գտնվող փոսիկի մեջ։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 67-90 հատ։ Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 14-17։ Գլանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները (6-11) կարճ, կոշտ ու սրածայր են։ Մեջքը մոխրագույն է՝ կապտավուն նրբերանգով։ Կողքերը և փորիկն արծաթափայլ են։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են՝ կարմրավուն հիմքով։ Փորային, կրծքային լողակները և հետնալողակը նարնջագույն են կամ դեղնամոխրագույն։ Աչքի ծիածանաթաղանթը արծաթագույն է կամ ոսկեգույն։ Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում, երբ մարմնի երկարությունը 45 սմ է, զանգվածը՝ 2,5 կգ։ Սեռական երկծնությունը թույլ է արտահայտված։ Արուներն էգերից փոքր են և ավելի երկար լողակներով։ Բազմացման շրջանում արուների գլխի վրա հայտնվում է մանր ալրագույն ցան։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է ապրիլին ջրի 12-14 °C ջերմաստիճանում։ Բեղունությունը հասնում է 80 հազարից մինչև մի քանի հարյուր հազար ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնանարնջագույն՝ 1,3 մմ տրամագծով։ Դնում է ջրակալների արագահոս տեղամասերի խճապատ հատակին։ Կենդանակեր տեսակ է, երիտասարդները սնվում են տարբեր անողնաշարավորներով՝ ջրի վրա թափվող միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով, այլ ջրային անողնաշարավորներով, հասունները՝ մանր ձկներով, գորտերով, նաև մանր կաթնասուններով ու ջրլող թռչուններով։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունավետ նշանակություն չունի փոքրաթվության պատճառով։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։ Անհետացող ձկնատեսակ է. պաշարները նվազում են գերորսի և կենսամիջավայրի էկոլոգիական փոփոխությունների պատճառով։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում հազվադեպ, կրճատվող թվաքանակով և արեալով տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախկինում եղել է բավականին տարածված տեսակ: Հիմնական ջրառատ գետերի վրա հիդրոտեխնիկական կառույցների կառուցման հետևանքով թվաքանակը և արեալը խիստ կրճատվել են: Ներկայումս հազվադեպ հանդիպում է գարնանը Արաքս գետի վտակների գետաբերանների ստորին մասերում:

Վտանգման հիմնական գործոններն են գետերի ջրային ռեժիմի փոփոխումը գետերի ջրի չկարգավորվող օգտագործման հետևանքով, աղտոտումը, բնական վերարտադրության պայմանների վատթարացումը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումներ իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png