Հայաստանում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան գետերում։ Հանդիպում է նաև Ախուրյանի ջրամբարում, Արարատյան դաշտի ջրանցքներում։ Մարմինը գլանաձև է, մեջքը (ծոծրակից մինչև մեջքային լողակը)՝ կողքերից սեղմված։ Խոշոր է։ Երկարությունը 40-50 (երբեմն՝ 90 և ավելի) սմ է, զանգվածը՝ 10 կգ և ավելի։ Բերանը ստորին է կամ կիսաստորին։ Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Պոչային լողակը մկրատաձև է՝ սրացած բլթերով։ Կողագծում թեփուկները 58-64 հատ են։ Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և ունի դեպի ներքև կորացած մանր ատամիկներ։ Խոշոր առանձնյակների մոտ այդ ատամիկներն արտահայտված չեն։ Կլանային ատամները եռաշարք են, հազվադեպ՝ երկշարք։ Մեջքը և կողքերի վերին մասը մոխրագույն են, մոխրականաչավուն կամ պողպատագույն՝ կապտավուն կամ ոսկեգույն նրբերանգով։ Կողագծից ներքև կողքերը դեղնաոսկեգույն են, փորիկը՝ արծաթասպիտակ։ Կողքերի թեփուկներից յուրաքանչյուրն իր արտաքին մասում ունի սև եզրաշերտ։ Մեջքային, կրծքային և պոչային լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն, փորային լողակները և հետնալողակը՝ նարնջագույն կամ դեղնավուն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղին։
Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում։ Բազմանում է ապրիլ-հունիսին։ Այդ ընթացքում արուների դնչի վրա հայտնվում են մաշկային բշտիկներ։ Բեղունությունը կարող է հասնել մի քանի տասնյակ հազար ձկնկիթի։ Ձվադրումը կատարվում է գետի խոշոր ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին, երբեմն՝ բույսերի մեջ՝ ջրի արագ հոսքի պայմաններում։
Հիմնականում բնակվում է դանդաղահոս ջրերում։ Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված խմբերով։ Վարում է մերձհատակային կենսակերպ։ Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, մանրաձկներով, երբեմն՝ ջրային բույսերով։ Չնայած համային բարձր արժանիքներին և խոշոր չափերին՝ փոքրաթվության պատճառով արդ․ նշանակություն չունի։ Սիրող, ձկնորսության ցանկալի օբյեկտ է։
Eschmeyer, William N., ed. 1998. Catalog of Fishes. Special Publication of the Center for Biodiversity Research and Information, núm. 1, vol. 1-3. California Academy of Sciences. San Francisco (Califòrnia), Estats Units. 2905. ISBN 0-940228-47-5.
Helfman, G., B. Collette i D. Facey: The diversity of fishes. Blackwell Science, Malden, Massachusetts (Estats Units), 1997.
McAllister, D.E., 1990. A working list of fishes of the world. Copies available from D.E. McAllister, Canadian Museum of Nature, P.O. Box 3443, Ottawa, Ontàrio K1P 6P4, Canadà. 2661 p. plus 1270 p. Index
Moyle, P. i J. Cech.: Fishes: An Introduction to Ichthyology, 4a. edició, Upper Saddle River, Nova Jersey, Estats Units: Prentice-Hall. Any 2000.
Nelson, J.: Fishes of the World, 3a. edició. Nova York, Estats Units: John Wiley and Sons. Any 1994.
Wheeler, A.: The World Encyclopedia of Fishes, 2a. edició, Londres: Macdonald. Any 1985.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։