Գայլուկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլուկ սովորական
Գայլուկ սովորական
Գայլուկ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Կանեփազգիներ (Cannabaceae)
Ցեղ Գայլուկ (Humulus)
Տեսակ Գայլուկ սովորական (H. lupulus)
Միջազգային անվանում
Humulus lupulus

Գայլուկ սովորական (լատին․՝ Humuls Lupulus), հայկական տարանունները՝ դրոժի թուփ, հմուլ, հյուսիսայգի, հումել, ջղլաբատ։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա լիան է։ Տերևները ամբողջական կամ բլթակավոր են։ Ձմռանը բույսի վերգետնյա մասը մահանում է, իսկ գարնանը կենսունակ կոճղարմատից աճում են մագլցող նոր շիվեր, որոնք ձախից աջ հյուսվելով մերձակա ծառերին ստեղծում են անանցանելի բուսուտներ։ Մշակվում և օգտագործվում է հիմնականում իգական բուսատեսակը։ Կոներն ունեն մեծ թվով թեփուկներ, որոնք ներսի կողմից ունեն լուպուլին արտադրող դեղին գեղձեր։ Գայլուկը ծաղկում է ամռանը, իսկ պտղակալում՝ սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին։ Բավականաչափ զգայուն է ցրտի նկատմամբ, պտղակալում է կանոնավոր։ Բույսի արմատը խորանում է հողի մեջ մինչև 3 մետր։ Կոճղարմատը, որ ունի սպիտակ գույն, ապրում է 15-20 տարի։ Այն շատ պահանջկոտ է ազոտական աղերի նկատմամբ և բավական մեզոֆիլ է։ Բազմանում է տնկաշիվերով, որոնք առաջին տարում աճեցվում են տնկարանում, իսկ հաջորդ տարում տեղաձոխվում հիմնական բուսուտ։ Բույսը կանոնավոր աճի համար պահանջում է հենարան և առատ բերք է տալիս միայն տնկման երկրորդ տարվանից[1]։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուպուլինը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հումուլինային թթուներով, ալկալոիդներով։ Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, տրիմեթիլամին, ասպարագին, խեժ (մինչև 16%), տանին (մինչև 4%), կիտրոնաթթվական աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունի մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին[2]։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոները հավաքվում են կոթուններով, պարզ եղանակին՝ մինչև լրիվ հասունանալը և չորացնում ստվերում, բարակ շերտով, մինչև կոթունները ծալելիս բեկվեն։ Դրանից հետո հումքը ծխահարում են ծծմբով և մամլած շերտերով պահում տուփերի մեջ։ Չորացած հումքը ունի հաճելի հոտ, խեժի «դուրեկան դառնություն։ Հասուն և չոր կոների թափահարումից անջատվում է լուպուլինը, որը դեղատներում հայտնի է «գայլուկի ալյուր» անվամբ։ Լուպուլինը կազմում է չոր հումքի 7-16 %֊ը։ Գայլուկը լայն կիրառում ունի աշխարհի տարբեր երկրների ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ։ Ֆրանսիայում այն անվանում են «հյուսիսային խաղող» և օգտագործում են որպես տոնուսավորող և քնաբեր միջոց։ Լեհաստանում դեղաբույսը օգտագործում են ընդհանուր թուլության, նևրասթենիայի, կլիմակտերիկ նևրոզի, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների բուժման նպատակով։ Բուլղարիայում սեռական գրգռվածության, հատկապես ցավոտ էրեկցիայի, սերմնահոսության, անքնության, ախորժակի բացակայության, գեղձախտի, դեղնուկի, միզուղիների բորբոքման և քարերի, դաշտանային ցավերի ու գլխացավերի ժամանակ։ Ավստրիայում և Գերմանիայում գայլուկը հանրաճանաչ միջոց է նևրոզների և անքնության ժամանակ (կոները լցնում են բարձի մեջ և քնում վրան)։ Հունգարիայում և Չեխոսլովակիայում գայլուկի չոր մզվածքը կազմում է «խովալետտին» և «վալոսեդան» հանգստացնող բնույթի դեղամիջոցների բաղադրիչ մասերից մեկը։ Գայլուկը քսուքի ձևով Բելառուսիայում օգտագործվում է թարախային վերքերը, հին խոցերը և խուղակները բուժելու համար։ Ռուսական ժողովրդական բժշության մեջ գայլուկը լայն կիրառում է գտել գաստրիտների, ճճվակրության, լնդախտի, մազաթափության, նևրասթենիայի, ռադիկուլիտի, չիբանի և մկանատամի բուժման գործում։ Աբխազական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը արտաքին ձևով օգտագործվում է մաշկի թարախային վերքերի և սալջարդի բուժման, իսկ ներքին ընդունման ձևով՝ մարսողությունը լավացնելու համար և որպես ընդհանուր հանգստացնող միջոց։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը հայտնի է եղել որպես միզամուղ և ցավազրկող միջոց։ Ըստ Գաբրիել Մենևիշյանի, գայլուկի կոներն ունեն նյարդերը հանգստացնող, սրտանոթային համակարգը տոնուսավորող, վերքերը հականեխող, քնաբեր հատկություններ։ Գիտական բժշկության մեջ գայլուկը դեռևս վերջնականապես չի արմատավորվաշ։ Սակայն այն մտնում է հանգստացնող համար 1 թեյի բաղադրության մեջ։ Որպես ախորժակը լավացնող միջոց բույսի ջրաթուրմը կարելի է օգտագործել բոլոր այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են ախորժակի վատացումով։

Կիրառման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ժաշի գդալ մանրացրած կոն, խառնում 1 բաժակ եռման ջրին, հովանալուց հետո քամում և ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 15-20 րոպե առաջ։ Անքնության դեպքում 2 թեյի գդալ մանրացրած կոները 1 բաժակ եռման ջրում 4 ժամ թրմելուց հետո ըմպում են 1-2 ժաշի գդալ՝ քնելուց առաջ։ Ջրաթուրմի դոզան կարելի է փոփոխել։

Բույսի այլ հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլուկը թունավոր բույս է։ Երբեմն առաջ է բերում «գայլուկ հավաքողների հիվանդություն», որը բնորոշ է քնկոտությամբ, քրտնարտադրությամբ, ընդհանուր գրգռվածությամբ, ջերմության բարձրացումով, սրտի շրջանի ցավերով, իսկ որոշ դեպքերում էլ առաջ է բերում խրոնիկական էկզեմա։ 1-2 գրամ լուպուլինը թունավորում է առաջացնում։ Անասնաբուժության մեջ գայլուկն օգտագործում են նաև ընդհանուր սուր թուլության և ջրգողության ժամանակ։ Բացի բուժական նպատակներից գայլուկը անհիշելի ժամանակներից օգտագործվում է հացաթխման և գարեջրի պատրաստման պրոցեսներում։ Հացաթխման մեջ կոները օգտագործում են թթխմոր պատրաստելու համար, որոնք հացին տալիս են հաճելի համ ու հոտ։ Գարեջրի մշակման պրոցեսում գայլուկի դաբաղանյութերը կարգավորում են հումքի խմորումը և կանխում գարեջրի թթվեցումը։ Եթերայուղը, խեժը և լուպուլինը գարեջրին տալիս են յուրահատուկ համ ու բուրմունք, փրփրություն, ուստի գարեջրի որակը հիմնականում պայմանավորված է գայլուկի մեջ մտնող դաբաղանյութերի և եթերայուղի քանակներով։ Գայլուկի երկար ցողունները պիտանի են տեխնիկական նպատակով՝ մանվածք, մանրաթել, թուղթ, պարան, բրեզենտ, պարկ պատրաստելու համար։ Ծաղիկներից ստացվում է դեղին գույնի ներկ։ Որպես դեկորատիվ բույս, օգտագործվում է նաև կանաչապատման մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրահոս՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պ․Ա․ Ղանդիլյան
  2. Թորոսյան Ա, Ա․, Հայաստանի դեղաբույսերը․֊Երևան; Հայաստան, 1983,«Հայաստան» Հրատարակչություն 1983
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլուկ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլուկ սովորական» հոդվածին։