Սովորական իժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական իժ
Սովորական իժ
Սովորական իժ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ինֆրակարգ Alethinophidia
Ընտանիք Իժեր (Viperidae)
Ենթաընտանիք Viperinae
Ցեղ Իսկական իժեր (Vipera)
Տեսակ Սովորական իժ (V. berus)
Միջազգային անվանում
Vipera berus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սովորական իժ (լատին․՝ Vipera berus), իժերի ընտանիքին, իսկական իժերի ցեղին պատկանող թունավոր օձի տեսակ, որը հաճախ հանդիպում է Եվրոպայում և Ասիայում։ Ի տարբերություն ընտանիքի այլ ներկայացուցիչների՝ նախընտրում է ավելի ցածր ջերմաստիճաններ, որոնք հանդիպում են ավելի բարձր լայնություններում (մինչև բևեռային շրջան և նույնիսկ դրանից հյուսիս) կամ ծովի մակարդակից մինչև 2600 մետր բարձրությամբ լեռներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի վահանակները․
1. գագաթային, 2. ճակատային
3. վերհոնքային 4. միջքթային
5. միջծնոտային 6. վերշրթունքային
7. քթային 8. կզակային
9. ապիկալ

Համեմատաբար փոքր օձ է, որի երկարությունը պոչի հետ սովորաբար չի գերազանցում 65 սանտիմետրը[1]։ Առավել խոշոր օրինակները հանդիպում են տարածման տերիտորիայի հյուսիսային մասում։ Սկանդինավյան թերակղզում գրանցվել են ավելի քան 90 սանտիմետր երկարությամբ օձեր։ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում ամենամեծ առանձնյակները հասել են 80-87 սանտիմետր երկարության[2]։ Էգերը արուներից փոքր-ինչ խոշոր են[3]։ Մեծահասակ իժի քաշը տատանվում է 50-180 գրամի սահմաններում[4][5]։

Կլոր մռութով մեծ գլուխը նկատելիորեն կտրված է իրանից՝ կարճ վզային անցումով։ Գլխի վերին մասում առանձնանում են երեք խոշոր վահանակներ, որոնցից մեկը՝ ճակատայինը, ունի գրեթե ուղղանկյուն, մարմնի երկայնքով ձգված ձև և գտնվում է աչքերի միջև տարածության մեջ, իսկ մնացած երկուսը՝ գագաթայինները, գտնվում են անմիջապես նրանց հետևում։ Երբեմն ճակատային և գագաթային վահանակների միջև ևս մեկ փոքրիկ վահանակ է զարգացած լինում։ Քթի փոսիկը կտրված է քթային վահանակի ներքևի մասում[6]։

Իժ-մելանիստը առանց զիգզագաձև զոլի

Ուղղահայաց բիբը՝ կախ ընկած վերհոնքային վահանակի հետ միասին, օձին չար տեսք են հաղորդում, թեպետ զգացմունքների արտահայտման հետ ոչ մի կապ չունեն։ Ապիկալային վահանակը բաժանված չէ։ Իրանի կենտրոնում սովորաբար լինում է 21 պաճուկ[7], հազվադեպ՝ 19, 20, 22 կամ 23։ Արուների որովայնային թեփուկները 132-150 հատ են, իսկ էգերինը՝ 132-158-ը։ Արուների պոչային թեփուկները 32-40 հատ են, էգերինը՝ 23-38[2]։

Գունավորումը չափազանց փոփոխական է. հիմնական ֆոնը կարող է լինել մոխրագույն, դեղնաշագանակագույն, մուգ դարչնագույն կամ կարմիր՝ պղնձագույնի երանգով։ Իժերի մեծ մասի մեջքին՝ ողնաշարի երկայնքով, կա զիգզագաձև պատկեր։ Առանձին շրջաններում պոպուլյացիայի մինչև 50 %-ը կազմում են մելանոս իժերը։ Որովայնը մոխրագույն է, դարչնագույն կամ սև, երբեմն սպիտակ բծերով։ Պոչի ծայրը դեղին է, նարնջագույն կամ կարմիր[1]։ Երիտասարդ առանձնյակների մեջքը հաճախ ներկված է պղնձագույն և շագանակագույն, պատված է զիգզագաձև զոլով[8]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական իժը տարածված է Եվրասիայից դեպի արևմուտք՝ մինչև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և հյուսիսային Իտալիայի, ինչպես նաև դեպի արևելք՝ մինչև Սախալինի և Կորեական թերակղզու անտառները։ Ֆրանսիայում բնակեցման հիմնական շրջանը գտնվում է կենտրոնական զանգվածներում։ Եվրոպայում տարածման տերիտորիայի հարավային շրջանը անցնում է հյուսիսային Իտալիայի, հյուսիսային Ալբանիայի, հյուսիսային Հունաստանի և Թուրքիայի եվրոպական մասի տարածքով[1]։ Արևելյան Եվրոպայում իժերը հաճախ թափանցում են հյուսիսային բևեռային շրջան՝ օրինակ՝ նրանք բնակվում են Լապլանդյան արգելոցում և Բարենցի ծովի ափերում։ Արևելյան շրջաններում՝ Սիբիրում և Հեռավոր Արևելքում, նրանց թիվը սահմանափակ է, քանի որ բացակայում են ձմեռելու համար անհրաժեշտ բները։ Իժերը հյուսիսում հանդիպում են Լենա գետի մոտից մինչև 64-րդ զուգահեռականը, Արևմտյան Սիբիրից մինչև 64-րդ զուգահեռականը, իսկ արևմուտքում՝ մինչև Անդրբայկալյան երկրամասը։ Հարավում արեալը սահմանափակվում է տափաստանային շրջաններով։ Տարածման շրջանի հարավ-արևելյան ծայրամասերը գտնվում են Մոնղոլիայում (Մոնղոլական Ալթայ, հյուսիսարևմտյան և հյուսիսաաևելյան Չինաստանում (Սինծիան) և Գիրին պրովինցիայում[9]։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգ առանձնյակ

Կյանքի տևողությունը կարող է կազմել մինչև 15, իսկ առանձին տվյալներով՝ 30 տարի[9]։ Այնուամենայնիվ, Շվեդիայում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ օձերը վերարտադրվելուց հետո հազվադեպ են գոյատևում 2-3 տարի՝ հաշվի առնելով այն, որ սեռահասուն տարիքը կազմում է 5-7-ը։ Իժերը արագ հարմարվում են ցանկացած ռելիեֆի, շվեյցարական Ալպերում հասնում են ծովի մակարդակից մինչև 2006 մետր բարձրության[10]։ Բնակավայրերն առավել բազմազան են արեալի հյուսիսային և արևելյան հատվածներում, որտեղ իժերը հաճախ յուրացնում են տորֆային ճահիճները, հավամրգային անմշակ հողատարածությունները, լուսավոր անտառները, տարբեր քաղցրահամ ջրամբարների ափերը, դաշտերի եզրամասերը, խոնավ մարգագետինները, դաշտապաշտպան անտառաշերտերը, դյուները և այլն։ Եվրոպայի հարավային լեռնային տեղանքներում բիոտոպները հիմնականում սահմանափակված են խոնավ նվազեցումներով[10]։ Տեղաբաշխումը անհավասարաչափ է՝ կախված տեղանքում ձմեռելու համար հարկավոր վայրերից։ Բնակատեղին, որպես կանոն, 60-100 մետրից ավելի չի տեղաշարժվում։ Բացառություն է կազմում դեպի ձմեռելու վայր հարկադրված գաղթը․ օձերն այս դեպքում կարող են հեռանալ 2-5 կիլոմետր[11]։ Ձմեռումը սկսվում է հոկտեմբեր-նոյեմբեր և ավարտվում՝ մարտ-ապրիլ ամիսներին (կախված է կլիմայից), արեալի հյուսիսում տևում է 9 ամիս, և այդ պատճառով օձն ընտրում է մինչև 2 մետր խորություն ունեցող փոսեր (որջեր, բներ, ճեղքեր և այլն), որտեղ ջերմաստիճանը 2 °C-ից չի նվազում։ Նման վայրերի պակասության դեպքում մեկ վայրում կարող են հավաքվել մինչև մի քանի հարյուր առանձնյակներ, որոնք գարնանը դուրս են գալիս մակերևույթ, և ստեղծվում է մեծ կուտակվածության տպավորություն։ Արդյունքում օձերը տարածվում են[11]։

Ամառային օրերին հաճախ տաքանում են արևի տակ, բայց մեծ մասը թաքնվում է հին կոճղերի տակ, ճեղքերում և այլուր։ Օձերը ագրեսիվ չեն, և երբ մարդը մոտենում է, փորձում են օգտագործել իրենց քողարկող գունավորումը կամ սողալով հեռանալ։ Միայն մարդու անսպասելի հայտնվելու կամ նրա կողմից սադրանքների դեպքում իժը կարող է փորձել կծել նրան։ Նման զգուշավոր վարքը բացատրվում է նրանով, որ փոփոխվող ջերմաստիճանի պայմաններում թույնի վերարտադրության համար նրանից շատ էներգիա է պահանջվում։

Հիմնականում սնվում են կրծողներով, երկկենցաղներով, մողեսներով և գետնին կառուցված թռչունների բներով։ Կերերի հարաբերակցությունը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ պահին և տվյալ վայրում դրանց հասանելիությունից։ Նիդեռլանդներում իժերի ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ նրանք նախապատվությունը տալիս են խոտակյաց և սրադունչ գորտերին, ինչպես նաև կենդանածին մողեսներին[12]։ Այլ շրջաններում սննդի մեջ կարող են օգտագործել մոխրագույն և անտառային դաշտամկներ, գետնափորներ, դրախտապաններ և այլն։ Երիտասարդ օձերը որսում են միջատներ՝ մորեխներ, բզեզներ, հազվադեպ՝ մրջյունների, թիթեռների թրթուրներ, անձրևաորդեր և այլն[13]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորման սեզոնը մայիսին է, իսկ ձագերը հայտնվում են օգոստոսին կամ սեպտեմբերին՝ կախված կլիմայից։ Իժը համարվում է կենդանածին՝ ձվերի զարգացումը և ձագերի՝ ձվից դուրս գալը տեղի է ունենում մոր որովայնում։ Սովորաբար հայտնվում են 8-12 երիտասարդ առանձնյակներ՝ կախված էգի երկարությունից։ Պատահում է, որ ծննդաբերության ժամանակ էգը փաթաթվում է ծառի կամ կոճղի վրա, իսկ պոչը թողելով օդում՝ գետնին է գցում նորածին ձագերին, որոնք առաջին իսկ վայրկյաններից սկսում են ինքնուրույն կյանք վարել։ Երիտասարդ առանձնյակները սովորաբար ունենում են 15-20 սանտիմետր երկարություն և արդեն թունավոր են լինում։ Շատերը կարծում են, որ նոր ծնված առանձնյակները առավել թունավոր և ագրեսիվ են, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Նոր ծնված իժերը սովորաբար փոխում են պաճուկը։ Հետագայում երիտասարդների և մեծերի մոտ պաճուկափոխումը կատարվում է ամսական մեկ-երկու անգամ։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ իրենց առաջին երկարատև քնից առաջ, նրանք երբեք չեն սնվում, քանի որ քուն մտնելուց առաջ պետք է ամբողջ կերած սնունդը մարսեն՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով։

Թույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Vipera berus

Ըստ բաղադրիչների ամբողջության՝ սովորական իժի թույնը համանման է իժերի եվրոպական և արևադարձային տեսակների թույնին[14]։ Թույնի կազմը ներառում է պրոտեոլիտիկ ֆերմենտներ, պեպտիդային հիդրոլազներ, հիալուրոնիդազներ, ֆոսֆոլիպազներ, որոնք խայթելու ժամանակ ավշային հանգույցների միջոցով թափանցում են արյունատար համակարգ[15]։

Սովորական իժի խայթոցը մարդու համար համարվում է պոտենցիալ վտանգավոր, սակայն չափազանց հազվադեպ է հանգեցնում մահվան[11]։ Օրինակ Մեծ Բրիտանիայում 1876-2005 թվականների ընթացքում գրանցվել է մահվան ընդամենը 14 դեպք, որոնցից վերջինը տեղի է ունեցել 1975 թվականին․ խայթոցից մահացել է հնգամյա երեխա[16]։ Խայթվածների գրեթե 70 %-ը ոչ մի ախտանիշ չի նկատում կամ այրող ցավ է զգում անմիջապես խայթոցի շրջանում։ Հաճախ խայթոցի շուրջը առաջանում է կարմրություն և այտուց՝ արյունազեղում։ Առավել ծանր աստիճանի թունավորման ժամանակ 15-30 րոպեի ընթացքում հնարավոր է գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, լուծ, մաշկի գունատություն, քրտնարտադրության բարձրացում, սարսուռ և հաճախասրտություն։ Չափազանց զգայունակության դեպքում հնարավոր է ուշագնացություն, դեմքի ուռածություն, արյան ճնշման զգալի նվազեցում, առատ արյունահոսություն՝ԴՆՄ-ի համախտանիշ, երիկամային անբավարարություն, սպազմ կամ կոմային վիճակ[17][18]։ Դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ խայթոցի հետևանքները վերանում են 2-4 օրվա ընթացքում[8], բայց հնարավոր է երկարաձգվել անգամ մինչև մեկ տարի[2]։ Խայթոցը կարող է բարդություններ առաջացնել ինքնաբուժության դեպքում[11][8]։

Խայթոցից հետո՝ որպես նախաբժշկական օգնություն, խորհուրդ է տրվում հանգստանալ, վրան ճնշող վիրակապ դնել (բայց ոչ քուղ), նվազեցնել վերջույթների բեռնվածությունը, մինչև անգամ անշարժացնել, շատ հեղուկ խմել։

Թույնը արտածծելու մասին կարծիքները բաժանվում են. մասնագետների մի մասը ենթադրում է, որ այս պրոցեդուրայի ժամանակ 10-15 րոպեի ընթացքում հնարավոր է հեռացնել թույնի ընդամենը 30-50 %-ը, մյուսները կարծում են, որ այս եղանակը վտանգավոր է, քանի որ արյան մեջ թքի հետ միասին կարող է թափանցել նաև թարախային բորբոքում առաջացնող բակտերիաների ամբողջություն։ Ոչ ճիշտ և թյուր, սակայն դեռևս հանդիպող եղանակներից են նաև խայթված վայրի այրումը, քուղ դնելը, վրան ձյուն դնելը և այլն[18]։

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական իժերի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում մարդը, առաջին հերթին նրա տնտեսական գործունեությունը՝ ուղղված անտառների հատմանը և բնական լանդշաֆտների փոփոխություններին։ Եվրոպայում քիչ չեն իժերի գիտակցաբար բնաջնջման և որսալու դեպքերը՝ մասնավոր տերարիումներում պահելու համար։ Ռումինիայում թույնի հավաքման նպատակով օձերի ապօրինի որս է իրականացվում[19]։ Անտառային բնակիչների շրջանում իժերի գլխավոր թշնամիները օձի թույնի նկատմամբ իմունիտետ ունեցող ոզնիներն են։ Ոզնին օգտագործում է հարձակման հետևյալ մարտավարությունը. կծում է օձի մարմինը և անմիջապես կծկվում՝ հակահարվածի համար դեմ տալով փշասեղները։ Գործողությունը կրկնվում է այնքան ժամանակ, քանի դեռ իժը չի թուլանում և չի մահանում[20]։ Օձեր են որսում նաև սովորական աղվեսները, գորշուկները, կզաքիսները, օձակեր արծիվները, բվերը, հազվադեպ՝ արագիլները[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Arnold, 2003, էջ 230
  2. 2,0 2,1 2,2 Mallow et al., 2010
  3. Банников, 1985, էջ 329
  4. Olsson, M.; Madsen, T.; Shine, R. Is sperm really so cheap? Costs of reproduction in male adders,Vipera berus // Proceedings of the Royal Society B: Biological Sciences. — 1997. — Т. 264. — № 1380. — С. 455—459. — doi:10.1098/rspb.1997.0065
  5. Strugariu, Alexandru; Zamfirescu, Ştefan R.; Gherghel, Iulian First record of the adder (Vipera berus berus) in Argeş County (Southern Romania) // Biharean Biologist. — 2009. — Т. 3. — № 4. — С. 164.
  6. Банников и др., 1971, էջ 274
  7. Մաշկափոխ կենդանիների դուրս նետած մաշկը, շապիկը
  8. 8,0 8,1 8,2 Дунаев, 1999, էջ 79
  9. 9,0 9,1 «Vipera berus (Linnaeus, 1758)— Гадюка обыкновенная». Позвоночные животные России. Институт проблем экологии и эволюции имени А. Н. Северцова РАН. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 Arnold, 2003, էջ 231
  11. 11,0 11,1 11,2 11,3 Банников и др., 1971, էջ 276
  12. Dorenbosch, M.; van Hoof, P.H. De adder in het Meinweggebied, een morfologische vergelijking met twee andere Nederlandse populaties // RAVON. — Stichting Natuurpublicaties Limburg, Maastricht, 2000. — Т. 3. — № 4.
  13. Банников, 1985, էջ 330
  14. Barceloux, 2008, էջ 1015
  15. Campbell & Chapman, 2000, էջեր 254—255
  16. Warrell, D. A. Treatment of bites by adders and exotic venomous snakes // British Medical Journal. — 2005. — Т. 331. — № 7527. — С. 1244—1247. — doi:10.1136/bmj.331.7527.1244
  17. Murphy, 2010, էջեր 119—120
  18. 18,0 18,1 Лужников, 2012, էջ 686—687
  19. «Vipera berus». IUCN Red List of Threatened Species. Международный союз охраны природы. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. Burton & Burton, 2002, էջ 27
  21. Банников, 1985, էջ 331

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ананьева Н.Б., Мунхбаяр Х., Орлов Н.Л., Орлова В.Ф., Семенов Д.В., Тэрбиш Х. Земноводные и пресмыкающиеся Монголии. — КМК Лтд., 1997. — ISBN 5873170401
  • Банников, А. Г. (Ред.) Жизнь животных в 7 т.. — 2-е изд., перераб.. — М.: Просвещение, 1985. — Т. 5. Земноводные и пресмыкающиеся. — 399 с.
  • Банников, А. Г.; Даревский, И. С.; Рустамов, А. К. Земноводные и пресмыкающиеся СССР. — М.: Мысль, 1971. — 303 с.
  • Дунаев, Е. А. Земноводные и пресмыкающиеся Подмосковья. — М.: МосгорСЮН, 1999. — 84 с.
  • Лужников, Е. А. (Ред.) Медицинская токсикология: национальное руководство. — ГЭОТАР-Медиа, 2012. — ISBN 5970422266
  • Arnold, E. Nicholas Reptiles and Amphibians of Europe. — Princeton University Press, 2003. — 388 p. — ISBN 0691114137
  • Barceloux, Donald G. Medical Toxicology of Natural Substances: Foods, Fungi, Medicinal Herbs, Plants, and Venomous Animals. — Wiley, 2008. — 1200 p. — ISBN 047172761X
  • Burton, Maurice; Burton, Robert International Wildlife Encyclopedia. — Marshall Cavendish Corporation, 2002. — 3168 p. — ISBN 0761472665
  • Campbell, Alexander; Chapman, Michael Handbook of Poisoning in Dogs and Cats. — Wiley-Blackwell, 2000. — 284 p. — ISBN 0632050292
  • Murphy, John C. Secrets of the Snake Charmer: Snakes in the 21st Century. — iUniverse, 2010. — 420 p. — ISBN 1450221262
  • Mallow, David; Ludwig, David; Nilson, Goran. True Vipers: Natural History and Toxinology of Old World Vipers. — Krieger Publishing Company, 2010. — 410 p. — ISBN 0894648772

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական իժ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական իժ» հոդվածին։