Տերարիում

Տերարիում, (լատ․՝ terra - ցամաք, հող), ցամաքային ոչ մեծ կենդանիների, հիմնականում սողունների և երկկենցաղների պահպանության տեղ։ Տերարիումի պատրաստման համար օգտագործում են արկղեր, որոնց պատերը մասամբ ապակեպատ են կամ ցանցապատ։ Հատակին փռում են ավազ, հող, մանր քարեր, մամուռ, ճիմ և բույսեր աճեցնում։ Տերարիումի հատակին ամրացված է ոչ խորը անոթ՝ ջրի համար։ Տերարիումը լուսավորվում և տաքացվում է էլեկտրական լամպով, անհրաժեշտ է նաև բնական ցերեկային (ցանկալի է արևի) լույսը։ Տերարիումներում ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց կենդանիները հարմարվել են բնության մեջ։ Այն կենդանիները, որոնց զետեղում են տերարիումներում, մարմնի կայուն ջերմաստիճան չունեն, իսկ շատերն առհասարակ ի վիճակի են ապրելու միայն տաք միջավայրում։ Ուստի տերարիումներում միշտ պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճան։ Լինում են շատ մեծ տերարիումներ, որտեղ ապրում են, օրինակ, վիշապօձեր կամ վարաններ (հսկա մողեսներ) ։ Փոքր տերարիումները հարմար են գորտերի կամ մողեսների համար։ Ամպոտ ու ցուրտ օրերին տերարիումի բնակիչները կարող են դառնալ դանդաղաշարժ կամ առհաարակ «քնել» ։ Այդպիսի օրերին տերարիումները հիմնականում տաքացվում են լամպով և ստեղծվում է անհրաժեշտ ջերմաստիճանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական Սովետական հանրագիտարան։ Երևան։ 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 663)։ ![]() |