Վարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարան

Վարաններ, (լատ.՝ varanidae), մողեսների ենթակարգի սողունների ընտանիք։ Հայտնի է վարանների 1 սեռ, 24 տեսակ՝ տարածված Աֆրիկայում (Մադագասկարում չկան), Հարավային Ասիայում, Ավստրալիայում, Մալայան արշիպելագում։ Մարմինը բարեկազմ է, 0, 2-ից մինչև 4 մետր երկարությամբ, ծածկված կլոր կամ օվալաձև թեփուկներով։ Ոտքերը լավ են զարգացած, պոչը երկար է, շարժուն։ Վազում են արագ։ Վարում են հիմնականում ցամաքային, մանր տեսակները՝ երբեմն նաև ծառաբնակ կենսաձև։ Շատ տեսակներ ապրում են գետերի և այլ քաղցրահամ ջրամբարների շրջակայքում, լավ լողում և սուզվում են։ Գիշատիչ են, սնվում են մողեսներով, օձերով, մանր անողնաշարավորներով, թռչուններով, միջատներով, ջրամերձ տեսակները՝ գորտերով, ձկներով, փափկամորթներով և այլն։ Միջին Ասիայում, հանդիպում է անապատային կամ մոխրագույն վարանը, այս տարածքի ամենախոշոր մողեսը, երկարությունը՝ մինչև 1, 5 մետր, քաշը՝ 3, 5 կիլոգրամ։ Ապրում է սովորաբար այլ կենդանիների գետնափոր բներում, երբեմն ինքն է բուն փորում։ էգը դնում է 10—20 ձու և թաղում ավազի մեջ։ Խաղաղ օվկիանոսի Կոմոդո և երեք շրջակա կղզիներում հանդիպում է հսկա կամ կոմոդյան վարանը, ժամանակակից ամենա խոշոր մողեսը (մարմնի երկարությունը՝ մինչև 3, 7 մետր, քաշը՝ մինչև 100 կիլոգրամ)։ Սնվում է թռչուններով, վայրի խոզերով, այծյամներով, կապիկներով և այլն։ Վարանների մաշկն օգտագործվում է տարբեր արտադրանքներ պատրաստելու համար, միսը որոշ երկրներում օգտագործվում է սննդի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png