Ջրարծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջրարծիվ
Ջրարծիվ
Ջրարծիվ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ջրարծիվներ (Pandionidae)
Ցեղ Pandion
Տեսակ Ջրարծիվ (P. haliaetus)
Միջազգային անվանում
Pandion haliaetus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ջրածիվ (լատ.՝ Pandion haliaetus), բազեանմանների կարգի ջրարծիվների ընտանիքի թռչուն։ Հայտնի է 1 տեսակ։ Բնադրող–չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 55-58 սմ է, թևերի բացվածքը՝ 145-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,3-1,9 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Թևերը համեմատաբար նեղ են, պոչը՝ կարճ։ Հասունի կրծքի վերին մասի լայնակի բաց մոխրագույն շերտը փոփոխական է։ Երիտասարդը վերևից ավելի բաց գույնի է, ներքևից՝ քիչ խայտերով, կրծքի շերտը նեղ է։ Թռչում է՝ թևերը կախ գցած։ Սնվում է ձկներով, հազվադեպ՝ գորտերով։ Երկար, հզոր մատների ու մագիլների շնորհիվ կարողանում է անվրեպ ձուկ որսալ ջրի խորքերում։ Փետրածածկը շատ խիտ է, սուզվելիս այն չի թրջվում։ ճանկում է 200-400, որոշ դեպքերում՝ 800-900 գ ձկներ. ողջ բնադրման շրջանում օգտագործում է մոտ 150 կգ ձուկ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուկ որսալիս հաճախ մի պահ կանգ է առնում օղում, ապա թևերի արագ ու կարճ թափահարումներով, ոտքերն առաջ պարզած, նետվում է ջուրը։ Նստում է սյուներին, ծառերի անթաքույց ճյուղերին։ Բնակվում է ափամերձ անտառների կամ ժայռերի առկայությամբ գետերում, լճերում, լճակներում (Հայաստանի Հանրապետությունում՝ Սևանա լճում, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում)։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ամենաբարձր ծառերին կամ ժայռաքիվերին, նախընտրում է բարձր սյուների վրա հարմարեցված արհեստական բնադրահարթակները։ Դնում է 62 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն վրձնախազերով 2-3 ձու։ Թխսակալում է հիմնականում էգը՝ 35-38 օր։ Աշխարհի մի շարք երկրներում թունաքիմիկատների օգտագործման հետևանքով ջրածիվի թվաքանակը նվազել է։ Արհեստական բնադրահարթակների տեղադրումը նպաստում է ջրածիվի բազմացմանը։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png