Կլիմայավարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլիմայավարժում, կլիմայահարմարում, ակլիմատիզացիա, գոյության նոր պայմաններին օրգանիզմների հարմարվելը։ Չնայած «կլիմայավարժում» տառացիորեն նշանակում է կլիմային վարժվել (հարմարվել), սակայն վաղուց այն գործածվում է լայն իմաստով, որտեղ բացի կլիմայից, որոշիչ նշանակություն ունեն նաև էկոլոգիական մյուս բոլոր գործոնները (հողայինը, բիոցենոզները և այլն)։ Կլիմայավարժում կարող է ընթանալ երկու ուղիով՝

  1. օրգանիզմների նյութափոխանակության փոփոխմամբ, նման փոփոխությունները (մոդիֆիկացում) ժառանգական չեն և որոշվում են օրգանիզմի ռեակցիայի նորմայով։ Այս դեպքում պոպուլյացիաների (տեդախմբերի) կամ տվյալ տեսակի գենետիկական կառուցվածքը մնում է անփոփոխ։
  2. Տեսակի գենետիկական կառուցվածքի փոփոխմամբ, որը դիտվում է որպես իսկական կլիմայավարժում։ Տեսակի գենետիկական կառուցվածքը որոշող և կլիմայավարժումը պայմանավորող գործոնը բնական ընտրությունն է։

Օնտոգենեզում կլիմայավարժումը որոշվում է պոպուլյացիայի կամ տեսակի գենոֆոնդի հարստությամբ։ Որոշ դեր են կատարում նաև ինքնածին մուտացիաները, սակայն դրանց հաճախականությունը մեծ չէ։ Կլիմայավարժումը կարող է տեղի ունենալ ապրելակերպի պայմանների փոփոխման պատճառով, օրինակ, անտառահատման կամ անտառատնկման, անապատների ոռոգման կամ ճահիճների չորացման դեպքերում որոշ օրգանիզմներ ոչնչանում կամ հեռանում են, մյուսները՝ հարմարվում։ Բույսերի և կենդանիների կուլտուրական տեսակների ներմուծման դեպքում մարդու անմիջական մասնակցությամբ և նպատակադրմամբ կլիմայավարժումը կրում է արհեստական բնույթ (արհեստական կլիմայավարժում), իսկ բնության մեջ վայրի տեսակների տարաբնակեցումը քամու միգրացիաների, մարդու պատահական մասնակցությամբ բույսերի և կենդանիների տեղափոխման, կենդանիների քոչի միջոցով դիտվում է որպես բնական կլիմայավարժում։

Բուսական և կենդանանան տարրեր տեսակների տարաբնակեցմանը հնում նպաստել են քոչվոր ցեղերը, իսկ հետագայում՝ առևտրի և տրանսպորտի միջոցների զարգացումը։ Կլիմայավարժումը բավարար ճանաչում ունեցավ XVIII դ., երբ Տ. Հումբոչտը առաջինը տվեց աստիճանական կլիմայավարժման գաղափարը։ Հետագայում կլիմայավարժման գործնական հարցերի լուծմամբ զբաղվեցին հայր և որդի՝ 0. Դեկանդոլը և Ա. Դեկանդոլը։ Կլիմայավարժման տեսության և գործնականի զարգացման համար հիմնարար դեր խաղացին Չ. Դարվինի աշխատությունները։ Ռուս գիտնականներ Կ. Ֆ. Ռուլեի և Ա. Պ. Բոգդանովի նախաձեռնությամբ 1860-ին սկսեց հրատարակվել «Ակլիմատիզացիա» («Аклимитизация») հանդեսը։ Կլիմայավարժման վերաբերյալ հայտնի են ռուս գիտնականներ է. Լ. Ռեգելի և Ա. Ի. Բեկետովի աշխատությունները։ Բույսերի կլիմայավարժման գործում խոշոր ներդրում ունի Ն. Ի. Վավիչովը։ ԽՍՀՄ-ում կլիմայավարժման տեսական և կիրառական զարգացմանը նպաստեցին Ի. Վ. Միչուրինի և Մ. Ֆ. Իվանովի առաջարկած օրգանիզմների տարաբնակեցման իրագործելի մեթոդները։ ՀԽՍՀ-ում բույսերի և կենդանիների կլիմայավարժման տեսությամբ և գործնական հարցերով զբաղվում են ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության և կենդանաբանության համալսարանները, ինչպես նաև գյուղատնտեսական և կենսաբանական գիտությունների հիմնարկներն ու նրանց մասնաճյուղերը, այդ թվում նաև բուսաբանական այգիները և արգելանոցները։

Բույսերի կլիմայավարժում[խմբագրել]

Բույսերի կլիմայավարժման համար առավել որոշիչ են՝ օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումների քանակն ու բաշխվածությունը, ձյան և սառցի ծածկույթի բնույթը, օդի շարժումը, լույսի ռեժիմը, հողի տիպը և դրա միկրոֆլորայի կազմը, բիոգեոցենոզի բնույթը, ինչպես նաև տվյալ բույսի կենսաբանական առանձնահատկությունները։ ժող. տնտեսության համար բույսերի կլիմայավարժումը կարևոր խնդիր է։ Աշխարհագրական և կարգաբանական հեռավոր տեսակների տարաբնակեցման նպատակով Ի. Վ. Միչուրինը հաջողությամբ օգտագործեց հիբրիդացման մեթոդը։ Կլիմայավարժման ագրոտեխնիկական ձևերից են՝ պատվաստումը, պարարտացումը, ոռոգումը, աճի խթանիչների օգտագործումը և այլն։ Հայաստանում կլիմայավարժվել են բույսերի ավելի քան 1200 ներկայացուցիչ։ Մեծ քանակի ծառատեսակներ են բերվել Ամերիկայից՝ եռափուշ գլեդիչիան, արծաթափայլ եղևնին, սև ընկուզենին ևն, Հիմալայներից՝ հիմալայան մայրին, հիմալայան սոճին ևն, Հեռավոր Արևելքից՝ ամուրյան խցանածառը, մաակի բալենին, մանջուրական ընկա զենին, սիբիրյան խնձորենին ևն։ 1937-ին հաջողությամբ կլիմայավարժվել է խորղենին։

Կենդանիների կլիմայավարժում[խմբագրել]

Կենդանիների կլիմայավարժում, կենդանիները հեշտ են կլիմայավարժվում մրցակիցներ չունեցող պայմաններում, օրինակ, Ավստրալիայի կենդանական աշխարհի ավելի քան 50%-ը տարաբնակեցվել են Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Տարբեր երկրների մոտ 160 տեսակ վայրի կաթնասունների արհեստական տարաբնակեցման փորձեր են կատարվել։ ԽՍՀՄ-ում տարաբնակեցվել են 32 տեսակ՝ մշկամուկ, ամերիկյան ջրաքիս, կուղբ և այլն։ Թռչուններից տարաբնակեցվել և կլիմայավարժվել են կաքավը, փասիանը, ձկներից՝ ծածանը, բրամը, սիգը, մանրաձուկը և այլն։ Հաճախ կլիմայավարժվում են նաև ոչ ցանկալի տեսակներ, օրինակ, տարբեր երկրներից ԱՄՆ են թափանցել 180 տեսակ վնասատուներ, իսկ ԱՄՆ-ից Եվրոպա է բերվել կարտոֆիլի վնասատու կոչորադյան բզեզը։ ՀԽՍՀ-ում կլիմայավարժվել են ուսուրական բծավոր եղջերուն, վայրի խոզը, սիգը, ծածանը ևն։ Գյուղատնտեսական կենդանիների կլիմայավարժման համար բնական գործոնների հետ միասին որոշիչ են նաև տնտեսական պայմանները՝ կերակրման մակարդակը, կերի քիմիական կազմը, կենդանու պահվածքը և խնամքը, տոհմային աշխատանքը, հիվանդությունները կանխարգելող միջոցառումները ևն։ Կլիմայավարժման լավագույն ձևերից են միջցեղային տրամախաչումը և միջտեսակային հիբրիդացումը։ ՀԽՍՀ-ում կլիմայավարժվել են տավարի, ոչխարի, խոզի, այծի և թռչունների բազմաթիվ կուլտուրական ցեղեր։ Անասնապահական մթերքների արտադրությունն արդյունաբերական հիմքերի վրա փոխադրելուն զուգընթաց ի հայտ են գալիս նոր գործոններ՝ արդյունաբերական աղմուկ, անբավարար միկրոկլիմա, մկանային հոգնածություն, կենդանիների բարձր խտություն և այլն, որոնք բացասաբար են անդրադառնում կլիմայավարժման վրա։ Հարմարվելու ընթացքում կենդանու օրգանիզմում առաջանում է ստրեսայինվիճակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png