Եղիշե առաքյալի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եղիշե Առաքյալի վանքից)
Եղիշե առաքյալի վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՏոնաշեն, Մարտակերտի շրջան,
ԴավանանքՀայ առաքելական
ԹեմԱրցախի թեմ
Օծման թվական5-րդ դար
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակԿիսավեր
Ժառանգության կարգավիճակԱյո (պետական հուշարձան)
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված5-րդ դար
ՇինանյութԱնմշակ քար
Քարտեզ
Քարտեզ
 Yeghishe Arakyal Monastery Վիքիպահեստում

Եղիշե առաքյալի վանք (նաև՝ Ջրվշտիկ), հայկական առաքելական վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղից հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին։ Հիմնադրվել է 5-րդ դարում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրի տեղում նախաքրիստոնեական ժամանակաշրջանում գործել է հեթանոսական սրբավայր, որը կրել է Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա անուններով[1][2][3]։

Եղիշե առաքյալի վանքը հիմնադրվել է 5-րդ դարում Արևելից կողմանք Հայոց պետության արքա Վաչագանի կողմից։ Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։ Վանքի տարածքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը[2]։

Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարևոր դեմքերից մեկի՝ Եղիշե առաքյալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խոր ձորի համանուն ջրվեժից[1][2]։

Ճարտարապետություն և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրի հատակագիծը

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, յոթ մատուռներից, գերեզմանատնից և օժանդակ այլ շինություններից[2]։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին 10x5,8 մ մակերեսով կառույց է։ Իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճի հորինվածքով կառույց, հարավային և արևմտյան կողմերում ունի դռներ։ Տարբեր դարերում ենթարկվել է վերանորոգումների[2]։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավիթը իր ճարտարապետական կառուցվածքով ներդաշնակ է եկեղեցուն և ունի գրեթե քառակուսի հատակագիծ։ Դահլիճի երկու սյուներն իրենց վրա պահում են կամարակապ ծածկը։ Գավիթի դռան բարավորի վրայի արձանագրության համաձայն այն կառուցվել է 1284 թվականին[2]։

Մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու երկու կողմերում միմյանցից հավասար հեռավորության վրա գտնվում է անտաշ, տեղական քարով կառուցված 7 մատուռ։ Հյուսիսային կողմում կառուցված է 3, հարավային կողմում՝ 4 մատուռ։ Տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգվել են։ Իրենցից հիմնականում ներկայացնում են դամբարաններ, որտեղ ամփոփված են Վաչագան Բարեպաշտ թագավորը, Ջրաբերդի մելիք Ադամը, Մելիքսեթ եպիսկոպոսը[2]։

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինավուրց գերեզմանատունը տարածված է եկեղեցու և գավիթի շուրջը[2]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը հարուստ է վիմական արձանագրություններով[4]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Աղուանից աշխարհի պատմութիւն», Մովսես Կաղանկատվացի։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985 թվական, էջ 67-68։
  3. Թամարա Մինասյան, Արցախի Ջրաբերդի գավառի ձեռագրական ժառանգությունը Արխիվացված 2021-02-25 Wayback Machine, «Բանբեր Մատենադարանի», Երևան 2015։
  4. Դիվան հայ վիմագրության, Պ. 5. Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 506