Լեռնապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լեռնապատ
Լեռնապատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Մակերես52,31 կմ²
ԲԾՄ1520 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1661 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնապատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (322)
Փոստային դասիչ2033
Ավտոմոբիլային կոդ36
Լեռնապատ (Հայաստան)##
Լեռնապատ (Հայաստան)
Լեռնապատ (Լոռու մարզ)##
Լեռնապատ (Լոռու մարզ)

Լեռնապատ (նախկին անվանումները՝ Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թ. հոկտեմբերի 26-ին), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա։

Աշխարհագրություն

Լեռնապատի տարածքով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչակապ, Դարպաս, Հալավար գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։

Կլիմա

Կլիման ձմռանը խիստ է՝ մինչև -28 °C, իսկ ամռանը զով՝ +30 °C։

Պատմություն

Գյուղն ունի հին պատմություն։ Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։

17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Ղարաբաղից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918 թվականին գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին: Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 1950-ական թվականների վերջին՝ Լեռնապատ։

1988 թ. երկրաշարժից գյուղը ամբողջովին ավերվել է և ունեցել 130 զոհ։

Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը (2014)

Բնակչություն

Լեռնապատի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1978 2001 2004 2011
Բնակիչ 143 1253 1457 1680 1462 1748 1727 2030 1789 1661

Տնտեսություն

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղում կա 1862 թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում։ Կան նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Հայոց ցեղասպանության, Ղարաքիլիսայի ճակատամարտի և 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր։ Կա Կիկլոպյան դարաշրջանի բերդի մնացորդներ, մ.թ.ա բերդի մնացորդներ, դամբարանդաշտ[2], ինչպես նաև ստորգետնյա անցուղի, նաև ժայռափոր խաչքարեր։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի փոստ, ակումբ, բուժկետ։ Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին:

Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոց

1993 թվականի հուլիսի 29-ին Գուգարքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Լեռնապատի միջնակարգ դպրոցն անվանվել է մանկավարժ Երվանդ Մեխակի Դալլաքյանի (1928-1978) անվամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի անվանակոչության հանդիսավոր արարողությունը։

Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին։

Հայտնի անձինք

  • Վլադիմիր Ներկարարյան (1914-1994), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[3],
  • Զարմայր Աշրաֆյան (1898-1936), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929),
  • Միսակ Տեր-Գևորգյան (1882-1968), Հարավային Կովկասում խորհրդային հեղափոխական շարժումների մասնակից[4]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  2. «Հայաստան» հանրագիտարան
  3. Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 8, Երևան, 1982, էջ 248:
  4. Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 11, Երևան, 1985, էջ 665: