Բերդավանք վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերդավանք վանք
Վանքի եկեղեցու ավերակներ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերակ է
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Առաջին հիշատակում13-րդ դար
Գմբեթ1

Բերդավանք, հայ քաղկեդոնական միջնադարյան վանական համալիր, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք, Ոսկեպար գետի ձախակողմյան հարավարևելահայաց անտառածածկ լեռնաճյուղին՝ ծովի մակերևույթից 1054 մետր բարձրության վրա[1]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում վանքի մասին տեղեկատվություն չի պահպանվել։ Տեղացիները այն անվանում են Բերդավանք։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը բաղկացած է արևմտյան ճակատի ողջ լայնությամբ կից սրահով կենտրոնագմբեթ հորինվածքով մեկ եկեղեցուց՝ շրջափակված եկեղեցամերձ տարածքը պարձակված ամրակուռ բազմանկյուն պարսպապատով։

Պարիսպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսպի առավել լավ պահպանված արևելյան հատվածը (երկարությունը՝ 73․5 մետր) հզորացված է կիսաբոլորակ երեք աշտարակներով։ Վանքն ունեցել է նաև կրկնապարիսպ, որից պահպանվել է միայն հարավ-արևելյան հատվածը՝ անկյունային կիսաշտարակով հանդերձ։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան կողմում կրկնհարկ զույգ ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցին իր հորինվածքով և կառուցողական առանձնահատկություններով նման է Կիրանցի վանքի եկեղեցուն (չափերը՝ 18․2 մետր x 12․81 մետր), սակայն գերազանցում է վերջինիս իր արտաքին չափերով (25․4 մետր x 16․82 մետր)։

Եկեղեցին գլխավորապես 25․27 x 26 x 4․5-4․8 սմ փափի թրծված աղյուսով, որոնց մեջ հանդիպում են նաև ջնարակվածները (մասնավորապես կապույտ գույնի)։ Ինչպես եկեղեցու, այնպես էլ սրահի քիվերը քարակերտ են և պատված են շքեղ զարդաքանդակներով։ Վանքի քիվաքարերից մեկը խորհրդային տարիներին փոխադրվել է և գործածվել է Գրիգորյանների (նախկինում՝ Թալանի) աղբյուրի շինարարության մեջ։

Կառույցը ներքուստ սվաղված է եղել և պատված հարուստ որմնանկարներով, որոնք ներկայումս սվաղի շերտի պահպանված հատվածներում ներկայանում են միայն առանձին դրվագների տեսքով։

Ներկայումս եկեղեցուց պահպանվել են հյուսիսային կրկնհարկի ավանդատունը, նրան հարող խորանի կորության մի մասը (մինչև խորանից բացված երեք լուսամուտներից հյուսիսային կողապատը) և արևմտյան որմի հյուսիսային անկյանը հարող հատվածը։

Եկեղեցուն արևմուտքից կից սրահից էլ քայքայված դրության մեջ դեռևս հարատևում է կառույցի հյուսիսային թևը։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդավանքը մինչև 1950-ական թվականներին որպես աղյուսի հանքավայր է ծառայել մերձաբնակ ադրբեջանցիների համար, որոնք թոնիրներ կառուցելու նպատակով անվերջ քանդել են աղյուսակերտ եկեղեցին և այդ կեչպ մեծապես չքնաղագեղ եզակի կառույցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 28