Դիլիջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիլիջան (այլ կիրառումներ)
Քաղաք
Դիլիջան
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀանրապետությունՀայաստան
ՄարզՍյունիք
Առաջին հիշատակում1670
Մակերես13 կմ²
ԲԾՄ1500±1 մետր
Կլիմայի տեսակմեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառ, արևաշատ տաք ձմեռ, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն23.700[1] մարդ (2015)
Խտություն1400 մարդ/կմ²
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդիլիջանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (268)
Փոստային ինդեքս3901-3906
Փոստային դասիչ3901-3906
Ավտոմոբիլային կոդ57
Պաշտոնական կայքdilijan.am
Դիլիջան (Հայաստան)##
Դիլիջան (Հայաստան)

Դիլիջան՝ քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դիլիջանի մշտական բնակչությունը կազմում է 23.8 հազար մարդ[2]։

Պատմությունը

Քաղաքի հիմնադրման թվականը անհայտ է։ Մինչ XX դարի սկիզբը քաղաքը հայտնի էր Դելիջան անունով, ինչի մասին վկայում են բազմաթիվ ժամանակի քարտեզներ։ Նույնանուն բնակավայր գոյություն ունի նաև Իրանի տարածքում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հավանաբար բնակավայրը իր անունը ստացել է Իրանի նույնանուն բնակավայրից գաղթաց մարդկանց շնորհիվ։

Մոսկվայի կայսերական հնագիտության ընկերության անդամ՝ պատմաբան Մ. Սմբատյանը իր «Տեղեկագիր Գեղարքունիքի ծովազարդ գավառի» աշխատությունում գրել է[3].

«Հովհաննեսի թոռ, Տեր-Մաթևոսի որդի Դիլիջանը իր որդիներ Աբրահամի, Սարգսի, Փիրհամզի և իր կին Սիրմայ խաթունի հետ տեղափոխվել է Գավառից Ղշլաղ,  ուր և  1544 թ-ին կապել է կամուրջ»:

Այս վկայությունից հետո պատմաբանը շարադրում է Մելիք Դիլիջանի ուղիղ խոսքը[3].

«Ես՝ Դիլիջանս, շինեցի Արծվաքարս /Ղշլաղ/, գնեցի  ըստակ /դրամով/ մուլքս /անշարժ գույք/ պարոն Սաղաթելի որդի Շահլուղից ղամայ սուլթանից»:

Մելիք Դիլիջանի անունը նշվում է Տաթևի վանքի հարկատուների ցուցակում մելիք Մանուչարի, Շահնազարի, Մելիքջանի և 41-րդ համարի տակ նշվում է Մելիք Դիլիջանի անունները[3]: Հնագետ Սեդրակ Բարխուդարյանը նշում է[3].

«Արժե հիշատակել երևան եկած մի նոր անուն՝ Դիլիջան յուր կին Սիրմայ խաթունի հետ…: Սրանց սերնդի մի քանի անդամներ իրենց մասին գրում են Դիլիջանի որդի կամ թոռ…»

Սերո Խանզադյանի մոտ մեջբերված է շիրմաքրից արտագրված հետևյալ վկայությունը. «Ես՝ Սարգսի որդի, Դիլիջանի թոռ…»։ Այնուհետև  փորագրությունը խաթարված է եղել[3]:

Առաջին անգամ Դիլիջանի մասին հիշատակություն է թողել 1666 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը՝ Հայաստանի կատարած այցելության ընթացքում։[փա՞ստ]

Դիլիջանը 1905 թվականին

1826 թվականին Դելիջան անվան տակ հիշատակվում է որպես Ղազախի «դիստանցիայի» 72 գյուղերից մեկը, որն ուներ 60 տուն։ Այդ թվականին գեներալ Մադաթովը գրում է Ղազախի կառավարիչ Օրբելիանիին Դիլիջանի բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտոթյան մասին։ Քաղաքը հիշատակում է Ալեքսանդր Գրիբոեդովը, ով 1829 թվականի փետրվարի 2-ին Երևանի ճանապարհին գիշերել է Դիլիջանում։[4]

Դիլիջանի հարևանությամբ 1844 թվականին Դիլիջանի հարևանությամբ դեպի տարածաշրջան արտաքսված ռուս հնապաշտների կողմից հիմնադրվում է Գոլովինո ու Պապանինո գյուղերը, որոնք XX դարի ընթացքում միացվում են քաղաքին՝ կազմելով դրա թաղամասերը։ Գոլովինոն Երևանից եկող մայրուղու Դիլիջանի ներկայիս սկզբնամասի հատվածն է, իսկ Պապանինոն Աղստևից դեպի Վանաձոր տանող մայրուղու հատվածը՝ մինչ քաղաքի վերջը։ Բուն Դիլիջանը զբաղեցնում էր Աղստևից դեպի արևելք՝ Երևանի մայրուղուց դեպի ձախ ընկած շրջանը։Որպես առողջարան, քաղաքին 1958 թվականին տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թվականից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։

Գրիգոր Սաղյանը Դիլիջանի առողջարանի իր աշխատասենյակում

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը բժիշկ Գրիգոր Սաղյանի զգալի ներդրուման շնորհիվ հիմնադրվել է Դիլիջանում 1921 թվականին։

Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։

Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։

Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC)[5]:

Ավանդույթները

Անվանումի վերաբերյալ գոյություն ունի ավանդություն՝ համաձայն որի հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում։ Ճանապարհին՝ անտառների միջով անցնելիս, որդին կորչում է։ Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով նա ման է գալիս անտառներում։ Վերջապես, մի տեղ, բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը` ընկնելով որդու դիակի վրա։ Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան[6][7][8][9]։

Բնակչություն

Դիլիջանի ազգաբնակչության փոփոխությունը[1][10].

Տարի 1826 1976 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 60 տուն 24056 30433 30400 16202 16100 23700

Տնտեսություն

Դիլիջանում առավել զարգացած են առողջարաններին սպասարկող արդյունաբերության ճյուղերը։ Իբրև առողջարանային քաղաք Դիլիջանի համար կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսությունը, հատկապես անասնաբուծությունը և բանջարաբուծությունը։

1932 թ.-ին շահագործման է հանձնվել ՀԷԿ-ը։

1949 թ-ից գործում է քաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը[10]:

2010 թ-ին շահագործման է հանձնվել Աղստև-1 ՀԷԿ-ը, որն ունի 2.88ՄՎտ հզորություն[11]։

Առողջարաններ

Դիլիջանը լեռնակլիմայական առողջարան է։ Քաղաքում գործում են տասնյակ հանգստյան տներ և առողջարաններ։ Այստեղ են գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային հանգստյան տունը։

1958 թ.-ին քաղաքի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է հանրապետության արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի արգելանոցը[10]:

Մշակույթ

Ամֆիթատրոն

Ամֆիթատրոն,Դիլիջան

Արդեն 7-րդ տարին է, ինչ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը համախմբում է տարբեր երկրներից Հայաստան ժամանած մնջախաղացներին, անհատ ստեղծագործողներին և թատերախմբերին: Օգոստոսի 13-ին, 2019, VII միջազգային փառատոնի թատերախմբերը ելույթ ունեցան Դիլիջանի ամֆիթատրոնում: Միջազգային փառատոնի մասնակից 7 երկրներից դիլիջանյան բեմում հանդես եկան Ճապոնիայից, Արգենտինայից և Իրանից ժամանած թատերախմբերը և անհատ կատարողները: Ճապոնիայից ժամանած Միյակո Իշիդատեն ներկայացրեց «Փերին գալիս է» բեմականացումը, Պեդրո Լիսերը Արգանտինայից՝ «Երազներ», իսկ «Սոնար» թատերախումբը՝ (Իրան) «Օտարացում» բեմականացումները: [12]

Կիրառական արվեստ

Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։ Ինչպես ողջ Հայաստանում այնպես էլ Դիլիջանում կան բարձրարվեստ խաչքարեր, հատկապես մեծ վարպետությամբ է պատրաստված վարպետ Պողոսի խաչքարը (1291 թ.), որը դրված է Գոշավանքում։

Նոր ժամանակներում բնակավայրում զարգացած են եղել գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, ձեռարվեստը և այլ ժողովրդական արհեստներ։ Հայտնի է Դիլիջանյան կարպետ տեսակը։ Ինչպես այդ, այնպես էլ գորգագործության և կարպետագործության շատ հետաքրքիր նմուշներ են պահպանվում Դիլիջանի թանգարանների հավաքածուներում։ Փայտագործ վարպետ Գառնիկ Ալիխանյանի ստեղծագործությունները լայն ճանաչում են ունեցել հանրապետության սահմաններից դուրս։ Առանձնապես մեծ արվեստով է պատրաստված տարբեր ծառատեսակների փայտի փոքրիկ կտորներից ստեղծված գորգը։ Այդ եզակի ստեղծագործությունը ցուցադրվում է Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Փայտագործ վարպետ Ռևիկ Հովսեփյանի պատրաստած նախշազարդ օրորոցները, ջահերը, փայտե կենցաղային իրերը մեծ արժեք են ներկայացնում։ Երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանի ստեղծագործություններում ուրույն տեղ են գրավում հայկական ավանադական փայտե աղամանները և խաչքարերը։

Դիլիջանի արհեստական լիճը

Զարգացած է նաև ձեռարվեստը, որի գործում մեծ ներդրում են ունեցել արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանը հետագայում ժողովրդական վարպետ Նուշիկ Մալխասյանը։ Ձեռարվեստի ճանաչված վարպետներից են Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա և Նազիկ Պարանյանները, Հրեղեն Գասպարյանը, Թամարա Դավթյանը, Մարիցա Հայրապետյանը և ուրիշներ։ Գորգագործության մեջ լուրջ ավանդ ունեն Զիրավարդ և Թագուհի Ղուլյանները։ Կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ են պահպանվում Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում և «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանում[13]։

Ճարտարապետություն

Պատմական Շարամբեյան փողոցը

Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Հարավային Կովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների և XIX դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ։ Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման «Դիլիջանյան ոճը»։

Քաղաքի վարչական կենտրոնը ձևավորվել է 1960-1980 թթ. 1961 թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան։ Այստեղ են գտնվում մշակույթի պալատը (հեղինակներ՝ Ռ. Գևորգյան, Խ. Վաթինյան, Ս. Ավետիսյան) ՀԿԿ քաղկոմի շենքը (ներկայումս՝ քաղաքապետարան, հեղինակներ՝ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան), քաղխորհրդի նախկին շենքը (հեղինակներ Ս. Գյուլզատյան, Կ. Մատինյան), կապի հանգույցի շենքը (հեղինակ՝ Գ. Աչյան), կինոթատրոնը (հեղինակներ՝ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան), քաղաքային գրադարանը (հեղինակ Գ. Առաքելյան), կենտրոնական հանրախանութը (հեղինակներ՝ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան), հյուրանոցը (հեղինակ՝ Գ. Աչյան)։ Քաղաքի կենտրոնական հրապարակը վերակառուցվել է 2005 թվականին։

1983 թ.-ին շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, (հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան) Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից և 12 առանձնատներից (ճարտարապետ՝ Է. Ալթունյան)։ 1984 թ.-ին շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը։

Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984 թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից և մենատներից[14]։ Քաղաքի կենտրոնական մասում պահպանվում են XX դարի սկզբին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս։

Եկեղեցիները

Դիլիջանի համայնապատկերը։ Կենտրոնում 1930-ականներին ավերված եկեղեցին է։
Դիլիջանի համայնապատկերը, 1910։ Կենտրոնում 1930-ականներին ավերված եկեղեցին է։

Դիլիջանից արևմուտք են գտնվում «Ջուխտակ» վանքը և «Մաթոսավանքը»[10]: Քաղաքն ունեցել է նաև 2 եկեղեցի, որոնք ներկայումս չեն պահպանվել։ Դրանցից մեկը ըստ երևույթին կանգնած է եղել ներկայիս Ավտոկայանի տեղում ու օծված է եղել որպես Սուրբ Աստվածածին։ Այն կիսավեր է եղել դեռևս 1842 թվականին՝ ըստ Սարգիս Հասան-Ջալալյանի հիշատակությունների։ Եվս մեկ եկեղեցի եղել է ներկայիս փոստատան հարևանությամբ, որը վերջնականապես խարխլվել է 1870-ականներին։ Դրա հարևանությամբ՝ ներկայիս «Դիլիջան» կինոթատրոնի տեղում կառուցվել է ևս մեկը, որը իր հերթին ավերվել է 1935-1936 թվականներին։

Մամուլ

Քաղաքը ապրել է հարուստ գրական կյանքով։ Դիլիջանում է ծնվել և իր մանկությունը անցկացրել հայտնի գրող Վախթանգ Անանյանը։ Քաղաքի սիրված բանաստեղծներից էր Գևորգ Զարենցը (Ղազարյանը), որը ունի նաև մանկական հիանալի ստեղծագործություններ։ Մի քանի հրատարակված բանաստեղծությունների հեղինակ է Մկրտիչ Գրիգորյանը։ Քաղաքի ճանաչված բանաստեղծներից է Միքայել Սերունցը (Անանյանը)։ Հանրապետական գրական մամուլում բազմաթիվ անգամ տպագրվել են բանաստեղծ Արծրուն Հովսեփյանի ստեղծագործությունները։

1958 թ.-ից հրատարակվում է «Դիլիջան» թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ.), վերահրատարակվել է 1965 թ. մայիսի 5-ին։ Այժմ այն երկշաբաթաթերթ է, ուր զետեղվում են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ։ 2006 թ. մայիսից հրատարակվում է «Երիտասարդական գործունեության ակումբ» հասարակական կազմակերպության «Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթը։ 1993 թ. օգոստոսին հիմնադրվել է տեղական RT-V հեռուստաընկերությունը, որն ամենօրյա հաղորդումներով լուսաբանում է քաղաքային կյանքը[14]:

2016 թվականի դեկտեմբերից հրապարակվում է «Կորիզ» թերթը, որի խմբագիրներն են Դիլիջանի պատանիները: «Կորիզը» Դիլիջանի միակ գունավոր թերթն է: Թերթի համարները կարող եք գտնել այստեղ Http://dcc.am/:

Գեղանկարչություն

Գեղանկարչության զարգացման գործում մեծ ներդրում ունի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է կերպարվեստի դպրոց, որի սաներից շատերը շարունակելով կրթությունը դարձել են շնորհալի նկարիչներ։ Դիլիջանցի նկարիչների ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ են գրավում «Հին Դիլիջան» թեմայով գործերը և այժմ Դիլիջանի թանգարանային հավաքածուներում կան հիշյալ թեմային վերաբերվող նկարիչներ Հովհաննես Շարամբեյանի, Ղազարոս Ղազարյանի, Վարազդատ Ամյանի, Համլետ Ասատրյանի, Սերժիկ Դավթյանի, Գևորգ և Համլետ Մակվեցյանների, Էդիկ Հարությունյանի, Սամվել Ֆրանգուլյանի և այլոց շուրջ 100 ստեղծագործություններ։[14]

Կրթական հաստատություններ

Դիլիջան քաղաքում գործում են 1 միջնակարգ՝ Վախթանգ Անանյանի անվան թ.5 դպրոց, 3 հիմնական՝ թ.2, թ.4, թ.6, և 1 ավագ դպրոց՝թ.1[15]։ 2013-ից գործում են նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցը և Թումոյի մասնաճյուղը[16], 2014 թվականի սեպտեմբերից՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, իսկ վերջերս բացվեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը։

Քույր-քաղաքներ

Գրականություն

Պատկերասրահ

Դիլիջանի համայնապատկեր
Դիլիջանի համայնապատկեր


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. http://www.armstat.am/file/article/bnakch_01.01.2015.pdf ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015 թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Դիլիջան տեղանունն առաջացել է անձնանունից». Դիլիջանյան պատմություններ. 2014-08-15. Վերցված է 2018-07-08-ին.
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ․ 3. Երևան. էջեր 385–386.
  5. «Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում». panarmenian.net. Վերցված է 11 Հոկտեմբեր 2016-ին.
  6. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  7. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  8. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 68» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 13-ին.
  11. Ecolur. ««Աղստև 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». ecolur.org (անգլերեն). Վերցված է 2018-07-08-ին.
  12. http://www.dilijancity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1461#.XVfIUuMzbIU
  13. Դիլիջանի մշակույթ
  14. 14,0 14,1 14,2 www.dilijan.am Դիլիջանի մշակույթ
  15. Տավուշի մարզպետարանի կայք Դիլիջան համայնքի մասին
  16. Թումոյի չորս կենտրոնները

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիջան» հոդվածին։