Վալերիան Մադաթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիան Մադաթով
Madatov.jpg
Ծնվել է մայիսի 18 (29), 1782
Ծննդավայր Ավետարանոց, Ադրբեջան
Մահացել է սեպտեմբերի 4 (16), 1829 (47 տարեկանում)
Մահվան վայր Շումեն, Շումենի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Վալերիան Մադաթով (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան) (1782, գ. Ավետարանոց (այժմ՝ գ. Չանախչի, ԼՂՀ Ասկերանի շրջանում) - 1829, Շումլա, Բուլղարիա), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ (29 սեպտեմբերի, 1826)։

1799 թվականին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը։ Մասնակցել է 1806-12 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810)։ 1812 թվականի Հայրենական պատերազմում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար։ Պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում։ Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է։ Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

1816 թվականին Մադաթովը նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817 թվականից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ։ Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին: Մադաթովի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826 թվականի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկական 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին։ Նրա զորքերը 1826 թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկական նվաճողներից։ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մադաթովը կռվել է Դանուբյան բանակում։ Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղարական Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները։ Այստեղ Մադաթովը հիվանդացավ ու վախճանվեց։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյանք գեներալ-լեյտենանտ Մատաթովին, Շուշի, 1870:
  • Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894:
  • Թերզիբաշյան Վ., Գեներալ-մայոր Վ. Գ. Մադաթով, Ե., 1942:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png