Jump to content

Արմենական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենական կուսակցություն
Արմենական կուսակցութիւն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԱռաջնորդՄկրտիչ Ավետիսյան
ՀիմնադիրՄկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան)
Հիմնադրված1885 թվական
Լուծարված1921 թվականի հոկտեմբերի 1 / 2019 թվականից՝ վերահիմնադրման գործընթացում
ԳաղափարախոսությունՀայ ազգայնականություն
Լիբերալիզմ
Քաղաքական հայացքաջակենտրոն ուժեր
Պաշտոնական գույն(եր)կապույտ
ՇտաբՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Թերթ«Արմենիա»
ՀաջորդՀայաստանի Արմենական կուսակցություն

Արմենական կուսակցություն (արմտ. հայ.՝ Արմենական կուսակցութիւն), նաև հայտնի է սակայն «Արմենականներ», առաջին հայկական կուսակցությունը։ Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը։

Հասարակական-քաղաքական հոսանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-70-ական թվականներին հայ հասարակական-քաղաքական վերնախավը, որը կրթություն էր ստացել Եվրոպայի և Ռուսական կայսրության տարբեր համալսարաններում, հատուկ ուշադրություն է դարձրել երեք կայսրությունների բաժանված հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացմանը։ Ազգային-հասարակական գործունեությունն ու զարթոնքը պատմության այդ շրջանում բնորոշ էր Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդների։ Հայերի գոյատևման ու հետագա զարգացման ուղիները հայ մտավորականները պատկերացնում էին երկու տարբերակով՝ խաղաղ վերափոխումների՝ բարենորոգումների միջոցով կամ զինված ազատագրական պայքարի կազմակերպմամբ[2]։

Մկրտիչ Խրիմյան

1877-78 թվականներին Հարավային Կովկասում ու Բալկանյան թերակղզում բռնկվում է ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Դրա հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցնում է զգալի տարածքներ։ Տարածաշրջանում թուլացած արևելյան երկրի փոխարեն չցանկանալով տեսնել հզորացող Ռուսական կայսրության ազդեցությունը՝ եվրոպական տերությունները Անգլիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ 1878 թվականի հունիսի 1-ին հրավիրում են Բեռլինի վեհաժողովը։ Դրա արդյունքներից հետո հայության մեջ հասունանում էր հայրենիքը ազատագրելու գաղափարը։ Մկրտիչ Խրիմյանը դեռևս 1876 և 1877 թվականներերին գրած աշխատություններում ժողովրդին պատրաստում էր պայքարի։ Նա գտնում էր, որ «ցանկալի ազատությունը» նվաճելու համար անհրաժեշտ է «արյուն թափել»։ Բեռլինի վեհաժողովից հետո նա 1879 թվականին մեկնեց Վան, ուր ավելի ուժգին սկսեց քարոզել զինված պայքարի գաղափարը[3]։

Վանում Խրիմյանին միանում են վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և տեղի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը։ Նրանց հովանավորությամբ 1879 թվականի վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները։ «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ թուրքական կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր[4]։ Որոշ ժամանակ անց Մկրտիչ Փորթուգալյանը բացում է հայկական առաջին կուսակցությունը[5]։

Կուսակցության հիմնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տարբեր քաղաքներում ստեղծվել էին գաղտնի կազմակերպություններ (Վան՝ «Միություն ի փրկություն» և «Սև խաչ», Ալեքսանդրապոլ՝ «Բարենպատակ ընկերություն», Ղարաքիլիսա՝ «Հայրենիքի սիրո գրասենյակ», Էրզրում՝ «Պաշտպան հայրենյաց» և այլն)։ Աստիճանաբար հայ իրականության մեջ պետք է ստեղծվեր առաջին կուսակցությունը։ «Սև Խաչի» ղեկավարներից Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և 1885 թվականի հուլիսի 20-ին սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը[5]։

«Սև խաչի» նախկին անդամները սկսում են նորից հանդիպումներ ունենալ։ Սկզբնական շրջանում գաղտնի հանդիպումները նախաձեռնում էին Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները։ 1885 թվականի աշնանը խիստ գաղտնիության պայմաններում ստեղծեցին առաջին կուսակցությունը։ Ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին «Արմենական»։ Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, ով հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան[6]։

Հիմնադիր ժողովին մասնակցում էին Ղևոնդ Խանջյանը, Գրիգոր Աճեմյանը, Գրիգորիս և Մկրտիչ Թերլեմեզյանները, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Պյոզիկյանը (Շիկահեր), Գևորգ Օտյանը, Մաքնոս Բարութչյանը և Գարեգին Բաղեշցյանը։ Հետագայում կուսակցությանն անդամագրվեցին Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հայրապետ Ջանիկյանը, Արմեն Շիտանյանը, Արտակ Դարբինյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ[4]։

«Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը[7]։

«Առաջին ու միակ երկրածին Արմենական կուսակցության գաղափարախոսության սերմնացաններ ու հոգևոր հայրեր Խրիմյան, Փորթուգալյան և անմիջական առաջնորդ Ավետիսյան Մկրտիչների[8] «շունչին տակ» հասակ առավ մի սերունդ, որը հանուն բաղձալի ազատության պատրաստ էր զոհաբերելու ամեն ինչ, նունիսկ՝ կյանքը։ Նվիրյալների այդ փաղանգը հանուն պայծառ գալիքի անում էր ամեն ինչ, կրթում լուսավորում էր ժողովրդին, զինավարժում երիտասարդությանը, բազում զրկանքների գնով զենք կուտակում, տարբեր վայրերում մասնաճյուղեր հիմնում։ Սակայն հենց կազմակերպական այդ վերելքի շրջանում վրա հասավ, պարզապես պարտադրվեց, ծանր մի փորձություն՝ Վանի 1896թ. ինքնապաշտպանությունը, որը հայտնի է «Մեծ Դեպք» անունով։ Արմենականներն իրենց պանծալի առաջնորդ Մ. Ավետիսյան-Թերլեմեզյանի ղեկավարությամբ և ՀՅԴ ու Հնչակյան կուսակցությունների ամենագործուն աջակցությամբ կարողացան փրկել Վան-Վասպուրականի հայությանը կոտորածներից՝ որպես փոխհատուցում իրենք նահատակվելով հայ ազատագրության զոհասեղանին»[9]։

Ծրագիր և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ[10] մասից։

Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ
- Արմենական կուսակցության ծրագրից հատված
Արմենակ Եկարյան

Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։

1890-ականներին Արևմտահայության զանգվածային կոտորածների ժամանակ Մկրտիչ Ավետիսյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Նա իր շուրջը կարողացավ համախմբել նաև դաշնակցականներին ու հնչակյաններին։ Երբ մի խումբ երիտասարդների հետ նա անցնում էր Պարսկաստան, ճանապարհին զոհվեց։ Կուսակցությունը մեծ մասնակցություն ունեցավ նաև 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։

«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝

հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ
- «Զարթոնք» Բեյրութ 1962 էջ 69

Արմենական կուսակցության ներքին կառուցվածքը հնարավորինս հարմարեցված էր օսմանյան իրականությանը. նրանք բաժանվում էին գործուն և օժանդակ անդամների։ Առաջիններն ընդունում էին կուսակցության կանոնները, ենթարկվում կուսակցական կարգապահությանը, վճարում անդամատուրքը։ Երկրորդները կազմակերպությանը ցուցաբերում էին բարոյական և ֆինանսական աջակցություն։ Կուսակցության ղեկավարությունն իրականացնում էին կենտրոնական մարմինը, շրջաններում՝ տեղական կոմիտեները։ Վասպուրականից դուրս գործող կոմիտեները շուրջ երեք անգամ քիչ անդամատուրք էին վճարում՝ երկրի ինքնապաշտպանության կազմակերպման գործին շատ միջոցներ հատկացնելու համար։ Նրանք զբաղվում էին ժողովրդին զինելու, ինքնապաշտպանական խմբեր կազմելու, լրացուցիչ մարտական անդամատուրքեր հավաքելու և այլ աշխատանքներով։ Արմենականները ընդունում էին «Արմենիա» թերթի խմբագրության գաղափարները, սակայն այն չէին ճանաչում որպես պաշտոնաթերթ[11]։

«Արմենական» կազմակերպությունը թեև ներշնչված է ի միջի այլոց և «Արմենիա» թերթի գաղափարներեն, սակայն ինքնուրույն, անկախ, երկրի իսկական պահանջներեն ծնունդ առած և արտասահման ճյուղավորված հեղափոխական մարմին մը եղած է և յուր գոյության փայլուն ապացույցն ալ զանազան առիթներով ընծայած։ Բավական է միայն հիշել Վանի ինքնապաշտպանության կռվի մեջ կատարված յուր առաջնակարգ և պատվաբեր դերը»։ Արված հայտարարությունը ճշմարտություն էր։ Արմենականները «Արմենիայի» հետ կապված էին միայն գաղափարապես, իսկ վարչական, պրակտիկ գործունեության, ինչպես նաև ֆինանսական հարցերում բոլորովին անկախ էին և գործում էին ինքնուրույն։ Մ. Փորթուգալյանն իր «Արմենիայով» ուղղակի «հիմնադիրը չեղավ անդրանիկ հայ հեղափոխական թերթին պես՝ նաև անդրանիկ հայ հեղափոխական կազմակերպությունը եղող «Արմենական» կուսակցության:
- «Ազգ» թերթ, Բոստոն, ԱՄՆ։ 1908 թվական[12]

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվել նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ և Սալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։

«Արմենիա» ամսագրի շապիկը

Վասպուրականի ազատագրությունը կազմակերպելու համար կազմակերպությունը պետք է ներքին ուժ գոյացներ՝ միավորելով միևնույն գաղափարին ծառայող հայ հայրենասերներին, ժողովրդին արթնացներ հեղափոխական գրականությամբ, կազմակերպեր և զենքի ու կարգապահության վարժեցներ, նախապատրաստեր ինքնապաշտպանության, զենք հայթայթեր, զինված խմբեր ստեղծեր և ընդհանուր շարժում առաջ բերեր, մանավանդ, երբ արտաքին հանգամանքները նպաստավոր կհամարվեին։ Արմենակյանները որդեգրել էին զուսպ ու շրջահայաց գործելակերպ սուլթանական Թուրքիայի քաղաքականության դեմ[13]։

1896 թվականին՝ Վանի ինքնապաշտպանությունից հետո, կուսակցությունը աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը։ Այդ ժամանակում Մկրտիչ Ավետիսյանին փոխարինեց Եղիշե Կոնդակչյանը, ում հետ համագործակցում էին 1897 թվականին բանտերից ազատված Արմենակ Եկարյանը, Գրիգոր Պեռզիկյանը (Շիկահեր), Ղևոնդ Խանջյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ[14]։

Սեպուհը (Երվանդ Քեոսյան 1882-1908) ծանոթանալով արմենականների ծրագրին ու կանոնագրին, դառնում է համոզված արմենական։ Կապեր է հաստատում Սալմաստի արմենական գործիչների հետ։ Գնահատելով Սեպուհի մեծ առաքինությունները, Սալմաստի արմենական վարիչ մարմինը անսալով նշանավոր արմենականներ Գր. Պեոզիկյանի և Ա. Եկարյանի հորդորներին, Սեպուհին որպես գործիչ ուղարկում է Վան։

Սակայն 1908-ին հայտնի դավաճանությունից հետո (դաշնակ Դավոյի) դավադրաբար սպանվում է արմենական ականավոր գործիչ, երիտասարդ Սեպուհը։ Սեպուհի սպանությունից հետո կուսակցության դեմ պայքարը ավելի է ընդլայնվում, հետապնդումի առարկա դառնալով ու տկարանալով Վանի մեջ։

1908 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կուսակցության նախկին անդամների մի մասը միավորվելով Վերակազմյալ Հնչակյան կուսակցության նախկին անդամների հետ, կազմել են Սահմանադրական Ռամկավար կուսակցությունը։

1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում արմենականների մի մասը, վերակազմյալ հնչակյանների, սահմանադրական ռամկավարների և Հայ ժողովրդական կուսակցության միավորման արդյունքում ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը[15]։

Արմենականությունն այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Արմենական կուսակցությունն հիմնադրվել է 1999թ․, որը խարսխված է Արմենական գաղափարների վրա։ Կուսակցության նպատակը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է ապագայում հանգի միացյալ Հայաստանի ձևավորմանը։ Արցախի Արմենական կուսակցության նախագահը Բորիս Առուշանյանն[16] է։

2019 թվականի մայիսին Արա Պողոսյանի[17] գլխավորությամբ Արմենական կուսակցության վերահիմնադրման[18] աշխատանքներ սկսվեցին։ Առաջին համագումարը չկայացավ[19], իսկ հաջորդիվ՝ կուսակցության վերահիմնադրման ուղղությամբ աշխատանքները թերի մնացին 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսված 44-օրյա պատերազմի պատճառով։ Արմենական կուսակցության գաղափարակիրները մասնակցեցին պատերազմին, տալով 12 զոհ։ Զոհերի թվում էր նաև Արմենական կուսակցության Արխիվացված 2022-12-24 Wayback Machine հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Պողոսյանի հարազատ եղբայրը՝ կապիտան Արման Պողոսյանը[20]։

Արմենական կուսակցությունն իբրև գաղափար շարունակում է ապրել, և Հայաստանում ձևավորված Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը՝ Արցախի Արմենական կուսակցության[21] հետ համագործակցաբար, շարունակում է Արմենական կուսակցության գաղափարների ու նպատակների[22] այժմեականության հիմնավորման ուղղությամբ, պատրաստվելով հանրահռչակել Արմենական կուսակցության արդի առաքելությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 176 — 487 էջ։
  3. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 177 — 487 էջ։
  4. 4,0 4,1 «Արմենական կուսակցություն։ Ձևավորումը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 178 — 487 էջ։
  6. Պողոսյան Ս. և ուրիշներ, Հայոց պատմություն, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 82 — 160 էջ։
  7. «Հայ ազգային կուսակցությունները». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  8. «Արմենական Կուսակցութեան Հիմնադիրը' Մկրտիչ Աւետիսեան - Արմենական կուսակցություն». 2022 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ (2011). «ՌԱՄԿԱՎԱՐ-ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ» (PDF). ijevanlib.ysu.am.
  10. «ԾՐԱԳԻՐ - Արմենական կուսակցություն». 2022 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. «Արմենական կուսակցություն։ Ծրագիրը և կառուցվածքը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  12. Սուրեն Սարգսյան «Արմենիա» թերթ – Արմենական կուսակցություն (130-ամյակների առթիվ). — Էջ  152-163. [ Արխիվացված] է 5 փետրվարի 2016 սկզբնաղբյուրից:
  13. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 181-183 — 487 էջ։
  14. «Արմենական կուսակցություն։ Գործունեությունը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  15. «Հայ ազգային կուսակցություններ». Հայկական հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանի ինքնակենսագրությունը - Արմենական կուսակցություն». 2022 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. «Հարցազրույց Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Արա Պողոսյանի հետ․ Մամուլ.am - Արմենական կուսակցություն». 2022 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  18. «Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարի անցկացման տեղի և ժամի, կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթների մասին հայտարարություն - Հայտարարություններ - Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  19. «Տեղի ունեցավ Արմենական կուսակցության համագումարը, բայց ոչ հիմնադիր. անհրաժեշտ 60 հրավիրյալները չէին կարողացել ներկայանալ». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  20. «Անմահացած հերոս կապիտան Արման Պողոսյան». yelaket.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  21. «Արմենականները շնորհավորում են Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանին - Արմենական կուսակցություն». 2022 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  22. «ԹՌՈՒՑԻԿ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՅԱՆՈՒՆ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԻՆ - Արմենական կուսակցություն». 2022 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  • Լ. Ա. Խուրշուդյան, «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում», Երևան 1964
  • Հ. Գ. Վարդանյան, «Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական-քաղաքական հոսանքները XIX դարի վերջին քառորդում» Երևան 1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 93