Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն (Հայաստան)
Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն Партия социалистов-революционеров | |
---|---|
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Արշամ Խոնդկարյան |
Հիմնադիր | Լևոն Աթաբեկյան, Արսեն Ամիրյան |
Հիմնադրված | 1907 թվական[1] |
Լուծարված | 1921 թվականի փետրվար[1] |
Գաղափարախոսություն | Ագրարային սոցիալիզմ Դեմոկրատական սոցիալիզմ Նարոդնիկություն |
Քաղաքական հայացք | ձախակողմյան ուժեր |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Թերթ | «Տրուդովոյե զնամյա», «Սոցիալիստ-հեղափոխական»[2] |
Միջազգային պատկանելություն | Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն |
Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը Հայաստանում (ռուս.՝ Партия социалистов-революционеров в Армении), պաշտոնական անունը՝ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության հայկական կազմակերպություն[1] (ռուս.՝ Армянская организация партии социалистов-революционеров), քաղաքական կուսակցություն Հայաստանի Առաջին Հանրապետությունում, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության Հայաստանի մասնաճյուղը։ Հիմնադրվել է 1907 թվականին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախկին անդամներ Լևոն Աթաբեկյանի և Արսեն Ամիրյանի կողմից։ Մինչև Հայաստանի խորհրդայնացումը հանդիսացել է երկրորդ ամենամեծ կուսակցությունը Դաշնակցությունից հետո։ 1919 թվականից մինչև լուծարումը կուսակցության պաշտոնաթերթն էր Թիֆլիսում հրատարակվող «Տրուդովոյե զնամյա» (ռուս.՝ Трудовое знамия, թարգմ. Աշխատանքային դրոշակ) թերթը։
1918 թվայանին կուսակցությունը մաս է կազմել նորանկախ Հայաստանի Ազգային Ժողովին՝ ստանալով 6 պատգամավորական մանդատ։ Սոցիալ-հեղափոխականները հրաժարվում են միանալ Հայ Յեղափոխական Դաշնակցություն-Հայ ժողովրդական կուսակցություն կոալիցիային, որը հիմնվեց նոյեմբերի 4-ին, ու հռչակում են իրենց ընդդիմություն։
1919 թվականին անցկացված առաջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ հունիսի 4-ին կազմավորված երկրորդ գումարման Ազգային Ժողովի մեջ Սոցիալիստ-հեղափոխականները ստանում են 4 պատգամավորական մանդատ։
1920 թվականի նոյեմբերի 24-ին ներկայացվում է Սիմոն Վրացյանի գլխավորած նոր կառավարությունը, ըստ որի կուսակցության առաջնորդ Արշամ Խոնդկարյանը նշանակվում է հաղորդակցության, իսկ Վահան Մինախորյանը կրթության նախարար։ Չնայած ՀՅԴ-ի հետ մշտական անհամաձայնություններին՝ երկու կուսակցությունները կոալիցիա կազմեցին, որը սակայն տևեց ընդամենը 9 օր և ավարտվեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատմամբ։ 1921 թվականին, կուսակցությունը սատարեց Փետրվարյան ապստամբությունը։ «Հայրենիքի փրկության կոմիտեի» մեջ ընդգրկվեցին կուսակցության առաջնորդներ Արշամ Խոնդկարյանը և Վահան Մինախորյանը[1]։ Ապստամբության պարտությունից հետո նրանք լքեցին Հայաստանը և կուսակցությունը լուծարվեց։ Կուսակցության որոշ անդամներ անդամակցեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մելիքյան Սասունիկ (1984)։ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության հայկական կազմակերպության մասին (1907-1921)։ Երևան, Հայաստան
- ↑ Բաբաջանյան Վանիկ (2017)։ Միջկուսակցական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ.։ Երևան, Հայաստան: ԵՊՀ Հրատարակչություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052