Անտառաշատ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անտառաշատ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ԳյուղապետԱրսեն Դավթյան
Առաջին հիշատակում13-րդ դար
Այլ անվանումներՏորթնի, Տորթն
Մակերես16.48 կմ²
ԲԾՄ1280 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն179 մարդ (209)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանտառաշատցի
Ժամային գոտիUTC+4
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Անտառաշատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջին, լեռնաշղթայի կենտրոնական մասում գտնվող Աճանան (բարձրությունը՝ 2393 մետր) լեռնագագաթի հարևանությամբ, ծովի մակերևույթից 1300 մետր բարձրության վրա։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապանից 27 կմ հյուսիս-արևմուտք։

Անտառաշատ է վերանվանվել 1949 թ.-ին։

Անվանում

Ենթադրվում է, որ Անտառաշատի հին՝ Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների հետ։ Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր», «Տեր, աղոթիր», «Տուն օրհնե» բառակապակցություններից կամ տորտ (գինու կարասի տակի նստվածք, դիրտ) բառից։

Պատմություն

Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման հստակ տարեթիվ հայտնի չէ։ Մինչև 1949 թ. գյուղը կոչվում էր Տորթնի։ Տորթնի կամ Տորթն անունով Անտառաշատը հիշատակված է XIII դարից Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, համաձայն որի գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի Վանքին վճարում էր 26 միավոր հարկ՝ ամենաշատը Բաղքի գավառի գյուղերի վճարած հարկերի մեջ։ Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949 թ. հունիսի 29-ի հրամանագրով։

Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում կար կոլտնտեսություն, այնուհետև Անտառաշատն ընդգրկված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհտնտեսության կազմում։ 1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ։ 1991 թ. հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղական խորհուրդը։ 1991-1993 թթ. Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհում, որից օգտվեց 48 տնտեսություն (1.3 հա մեկ հողաբաժնի չափով)։ Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ, Անտառաշատը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ։ 2008 թ. նոյեմբերի 13-ից Անտառաշատի գյուղական համայնքի ղեկավարն է Արսեն Դավթյանը։

Բնակչություն

Անտառաշատի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1914 1919 1931 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 16 327 730 264 208 167 106 131 93

Կրթություն

Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Թ.Խ.Հակոբյան և ուրիշներ, Երևան 1986 թ.) 1932-1980 թթ. Անտառաշատում գործել է դպրոց (տարրական, յոթնամյա)։ Կա դպրոցի տիպային շենք։ Այսօր դպրոցը չի գործում։ Դպրոցական տարիքի երեխաները սովորում են հարևան Օխտար գյուղի միջնակարգ դպրոցում։

Պատմամշակութային կառույցներ

Անտառաշատում կար երկու եկեղեցի, այսօր կանգուն է մեկը՝ X դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին։

Մասնակցությունը պատերազմներին

Գյուղի բնակիչները բոլոր ժամանակներում մասնակցել են Հայաստանի պաշտպանությանը, Հայ-Թուրքական Պատերազմին, 1941-1945 թթ. Հայրենական Մեծ Պատերազմին, 1992-1994 թթ. ազատամարտին։ Տորթնի գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 30 հոգի։ 1973 թ. Անտառաշատում հանդիսավորությամբ բացվեց 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված անտառաշատցիների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Ըստ գյուղում կանգնեցված հուշարձանի վրա փորագրված տվյալների՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զոհվել է 20 անտառաշատցի։ 1992-1994 թթ. Ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված այնպես էլ ծագումով անտառաշատցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը հերոսաբար զոհվել են։ Անտառաշատի Ինչաբելի սարահարթով 1918 թվականի ամռանն անցել է Զորավար Անդրանիկը, այստեղ նաև կռվել է Գարեգին Նժդեհը։

Տես նաև

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.