Բղենո-Նորավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բղենո-Նորավանք
Բղենո-Նորավանք
Բղենո-Նորավանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունիքի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԳավիթ և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբX դար
Կառուցման ավարտ1062 թ.
Հիմնադրված11-րդ դար
9.5 մետր
Երկարություն9.5 մետր
Լայնություն9.5 մետր
Գմբեթ0
Քարտեզ
Քարտեզ
 Bgheno-Noravank Վիքիպահեստում

Բղենո Նորավանքը Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է։ Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ[1]` անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդին։ Այս վայրում, ըստ Ստ. Օրբելյանի, X-XI դդ հիմնական կառուցումները երկու անգամ են կատարվել. առաջինը՝ ոմն Ստեփանոս քահանան 936 թվականին սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ՝ բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից (ըստ երևույթին պահպանված հուշարձանից հյուսիս ընկած, դեռևս չպեղված ավերակներն են)։ Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062 թ։

Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել են բազմաթիվ հիվանդների։ Ստեփանոս եպիսկոպոսը 970 թվականին վախճանվել է և թաղվել եկեղեցու մոտ։ Բղենո Նորավանքում է 989 թվականին արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»։ Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դարում արդեն խարխլված էր, և 1062 թվականին Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով։ Բղենո Նորավանքը մեզ է հասել բազմիցս ձևափոխված և կիսավեր։ Կապտավուն բազալտից եկեղեցին՝ 3.04մx5.1մx5.5մ ներքին առանցքային չափերով, մեծ լուսամուտ և չորս խորշ ունեցող աբսիդով, հյուսիսային և հարավային պատերին կամարակապ զույգ մեծ բացվածքներով, պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, որին հյուսիսից, արևմուտքից, հարավից հետագայոււմ կցվել են «սրահակներ» ու երկու ուղղանկյուն սենյակներ և բոլորը ամփոփվել ընդհանուր երկլանջ կղմինդրյա տանիքի տակ։ Արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը քանդակազարդ շքամուտքն է։ Յուրօրինակ են գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները։ Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ։ Պահպանված ութ քարե տախտակներից երկուսն են իրենց տեղում՝ «Ավետումն» ու «Համբարձումը», մնացածը վայր են ընկած։ Ախթամարից հետո Բղենո Նորավանքը այդքան հարուստ ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է։ Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են։

Ճարտարապետություն

Եկեղեցի

Արևմտյան ճակատը, որը բացվում է գավթի մեջ, պարզ է, առանց ավելորդ զարդաքանդակների և քանդակների խճողման։ Պատի ճակատին եղել են շինարարական արձանագրություններ։ Այդ պատի երկու անկյունները, գավթից դեպի սրահները տանող անցքերի կողմից, զարդարված են պարզ և ճաշակով փորված, վերից վար ջգվող ակոսներով, իսկ դրանց մեջտեղում, ճիշտ պատի անկյունում, կան երեք-քառորդով դուրս ընկած բարակ որմնասյուներ, որոնք զուտ զարդարանքի բնույթ ունեն։

Արևմտյան պատի կենտրոնում բացվում է եկեղեցու գլխավոր մուտքը, միջին չափի բացվածքով (2․05 մետր x 1․15 մետր)։ Դռան շրջանակը բաղկացած է հինգ կտոր խոշոր քարերից, կողքերից երկուական, իսկ վերնասյամը՝ մեկ կտորից։ Վերնասյամը և դռան կողքերի վերին քարերն իրար միացած են 45°-ի տակ շեղ կտրվածքով։ Մուտքն ունի լայն քանդակազարդ շրջանակ։ Քանդակները, մուտքի կողմից հաշված, դասավորված են՝ սկզբում երկու շարք խոշոր հատիկներ ունեցող ուլունքներ, իրարից բաժանված բարակ կիսագլանով, այնուհետև մի լայն շերտ, որի մեջ իրար հատող զույգ երկերիզ շերտերի հանգույցներն իրարից բաժանված եննույն չափի՝ իրար չնմանվող՝ ծաղկենակր քանդակներով։ Այնուհետև գալիս են երկու շարք մարգարտանման քանդակների շերտեր, իսկ դրանցից հետո՝ հակադիր ծալքեր ունեցող զույգ երկերիզ ժապավենների մի շերտ․ վերից և վարից եկող ժապավենների ծայրերը միացման տեղում իրար հատող զիգզագներ են կազմում։ Մուտքի քանդակազարդ գոտին վերջանում է մի ավելի հաստ կիսագլանի շրջանակով։

Մուտքի քանդակազարդ շրջանակը ցածում կորնթարդ դուրս է ընկնում՝ կազմելով այդ շրջանակի ոտքը, իսկ պատի ցածում նրա երկարությամբ ձգվում է գլանից, գոգավոր ակոսից և անկյունավոր կտրվածքներից բաղկացած մի բավական լայն գոտի։

Բուն եկեղեցիններսից, առանց աբսիդի մի քառակուսի թաղակապ փոքրիկ սրահ է, որի չափերն են՝ երկարությունը 3.4 մետր, իսկ լայնությունը 3.04 մետր: Աբսիդի առանցքն է 1.7 մետր, որով եկեղեցին ամբողջ երկարությունը ներսից կազմում է 5.1 մետր: Բարձրությունը՝ 5.5 մետր է: Թաղը պայտաձև է և հենվում է մոտ 3.5 մետր բարձրությամբ՝ պատերի երկայնքով ձգվող՝ լայն թաղակալ գոտում(ինպոստի) վրա: Այդ գոտին շարունակվում է նաև աբսիդի մեջ, կրելով նրա գոգավոր, երկկենտրոն աղեղներ ունեցող առաստաղը: Եկեղեցու արևմտյան պատից 0.7 մետր հեռավորությամբ, հյուսիսային և հարավային պատերի մեջ, դեպի սրահներն են բացվում զույգ կամարակապ անցքեր, որոնք իրարից անջատված են 0.4 մետր լայնությամբ միջնորմով: Այդ միջնորմների ճակատին, ներսից քանդակված են հատակից բարձրացող, իրար ոլորված նռան երկու թփեր, իրար հաջորդող պտուղների և տերևների քանդակներով: Այդ զույգ անցքերի կամարները կիսաշրջանաձև են և ճակատներից, եկեղեցու ներսից և սրահների կողմից՝ ծածկված են բուսական, գեղեցիկ, իրարից տարբեր քանդակներով: Միջնորմերի չորս անկյուններում կան երեք-քառորդով դուրս ընկած բարակ և կարճ որմնասյունիկներ: Աբսիդի եզրերից բարձրանում են ավելի հաստ և ավելի երկար որմնասյուներ, որոնք կրում են աբսիդի ճակատի կամարը: Աբսիդը կիսաշրջանաձև է՝ 1.25 մետր շառավիղով: Այդ կիսաշրջանի ծայրերը, մոտ կես մետր տարածությամբ, երկու կողմից, իրար զուգահեռ, ձգվում են դեպի դուրս՝ խորություն տալով բեմին: Աբսիդի արևելյան ճակատին, բեմի հատակից մոտ մի մետր բարձրությամբ, կամարակապ, ներսից 0.85 մետր բացվածքով և դեպի դուրս թեթևակի նեղացող, մեծ լուսամուտ է: Լուսամուտի երկու կողմից, դեպի աբսիդի եզրերը, պատի մեջ տեղավորված են երկուական գոգավոր կամարակապ խորշեր: Խորշերն իրարից և լուսամուտից բաժանվում են երեքական բարակ կիսասյուներով, որոնցից կենտրոնինը թեթևակի դեպի դուրս է դրված: Խորշերի և լուսամուտի տակից, աբսիդի պատերին, հորիզոնական գծով, ձգվում է երկու շերտից բաղկացած մի գոտի. այդ շերտերից ցածինը հաստ կիսագլան է:

Եկեղեցու արևմտյան պատի մեջ, գլխավոր մուտքից վերև, կա ևս մի ավելի փոքր լուսամուտ, որը բացվում է գավթի մեջ, մոտավորապես 0.4 x 0.8 մետր բացվածքով: Այդ բացվածքը դեպի ներս կողքերից լայնանում է:

Չնայած համեստ չափերին, տաճարը ներսից ընդարձակ, լայն և բարձր շենքի տպավորություն է թողնում, որտեղ առատ օդ և լույս կա:

Արտաքուստ արևելյան պատն ընդհանուր է եկեղեցու և սրահների համար, բացառությամբ երկու խոր, եռանկյուն խորշերի, որոնք տեղավորված են եկեղեցու ընդերկայնական պատերի ուղղությամբ, այլ զարդարանք չի ունեցել:

Եկեղեցու հյուսիսային և հարավային պատերը բացվում են դեպի սրահները: Պատերի արևմտյան անկյունները ձևավորված են բարակ կիսասյուններով. դեպի եկեղեցի տանող երկու զույգ անցքերի կամարների ճակատները և անցքերի միջնորմի ճակատը զարդարված են բուսական քանդակներով: Եկեղեցու չորս ճակատներն էլ ձևավորված են և գավիթն ու սրահները ներկայացնում են հուշարձանի այդ կենտրոնական մասի շրջանակը, որը հյուսիսից, արևմուտքից և հարավից օղակում են եկեղեցին:

Ծանոթագրություններ

  1. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 537 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։

Գրականություն

  • Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960․
  • Դիվան հայ վիմագրության, կազմ․ Ս․ Բարխուդարյան, գիրք 2, Երևան, 1960։