Մեծ Պարնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեծ Պարնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Մակերես66.35 կմ²
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2313[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մեծ Պարնի (Հայաստան)##
Մեծ Պարնի (Հայաստան)

Մեծ Պարնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 33 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա։

Գյուղի ներկայիս բնակչության նախնիները եկել են Արցախից, Մուշից և Իրանից։

Գյուղում է գտնվում Սբ. Սարգիս (19 դ.) և Մեծ Պարնու եկեղեցիները (13-14 դդ.)։

Բնակչություն

Մեծ Պարնիի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 505 2420 2760 2686 2313 2511 2153 785 2171 2313

Տնտեսություն

Գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը։ Նախքան 1988-ի երկրաշարժը գյուղում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական 2 արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակյա գործարանի մասնաճյուղը և կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան։ Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ։ Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ։ Գյուղի հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով։ Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ։ Կազմակերպված են ֆերմերային սերմնաբուծական 2 տնտեսություններ, որոնց շնորհիվ արտադրվում է բարձրորակ կարտոֆիլ և հացահատիկ սերմացուներ ու բավարարվում է ինչպես գյուղի, այնպես էլ հանրապետության շատ բնակիչների պահանջը։ Եթե բնական աղետներ չլինեն, ապա համայնքի բնակիչները կարողանում են բավարարել իրենց պահանջները և մի մասն էլ դուրս է գալիս շուկա։ Երկրաշարժից հետո ժամանակավոր վագոն-տնակում շարունակվեց նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցականների դաստիարակության և ուսման գործը։ Սակայն ֆինանսական միջոցների սղության և ժամանակավոր կացարանի շարքից դուրս գալուց հետո փակվեց մանկապարտեզը, իսկ դպրոցական ուսուցումը շարունակվում է նոր կառուցված 450 տեղանոց միջնակարգ դպրոցում։ Գյուղում գործում է մեկ բուժկետ 15 մահճակալով և մեկ ամբուլատորիա։ Առողջապահական կենտրոնը ապահովված է մասնագետներով՝ մանկաբույժ, թերապեվտ, ատամնաբույժ։ Գործում է ծննդատունը, բուժ. սպասարկման գործը բավարար է։

Անվան ծագում

Պարնին հին հայկական բնակավայր է, դա երևում է նրա ՆԻ վերջածանցից։ Ինչպես Արմենի անվան կազմությունը ցույց է տալիս, որ այն՝ իբրև ցեղային երկիր, գոյություն է ունեցել հայկական լեռնաշխարհում Ուրարտական պետության անկումից շատ առաջ, այնպես էլ Պարնի անունը հին հայկական անուն է։ ՆԻ նշանը հոգնակիի նշան է։ Այդ նշանը կա հին հայկական և նույնիսկ նախահայկական տեղանունների մեջ։ Օրինակ՝ Գառնի, Պտղնի, Բջնի, Արմանի, Բագրատունի, Արածանի, Գնունի, Արծրունի, Սյունի, Սահառունի, Ռշտունի, և այլն։ Հավանական է՝ Պարնին իր անունը ստացել է Փամբակի գետահովտի տարածքի անվանումից, որը շրջապատված է մի քանի լեռնապարերով։ Նրա հյուսիս-արևմուտքից ձգվում են Բազումի, իսկ հարավ արևելքից՝ Փամբակի լեռները, որոնք երեք պատով շրջապատում են Փամբակի գետահովիտը։ Քանի որ Պարնին Փամբակի գետահովտի ամենահին բնակավայրն է, հավանական է, որ լեռնապարերից էլ ստացել է իր անունը։ Գ. Ղափանցյանն իր մի աշխատության մեջ(Г. Капанцян - "Историко лингвистические работы") նշում է, որ ՊԱՐՆԻ նշանակում է լեռնապարերով պատած։ Փամբակի կամ Բազումի լեռների ցանկացած գագաթից դիտելիս երևում է լեռների պարերով շրջապատված մի հովիտ։ Հայտնի է նաև մեկ այլ վարկած, ըստ որի, առաջին անգամ գյուղում եկել և հաստատվել է մի մարդ, ով գյուղում կառուցել է տներ և աջակցել, որ մի քանի ընտանիքներ գան և հաստատվեն գյուղում։ Այդ մարդուն իր մեծ արարքի համար կոչել են Մեծ Պարոն, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Մեծ Պարնի: Մեծ Պարնին՝ որպես բնակավայր, գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, որի մասին են վկայում Ծաղկաբեր գյուղից եկող գետի հունի մեջ և գյուղում շինարարության ժամանակ հայտնաբերված գերեզմաններն ու նյութական մշակույթի նմուշները։ Հավանական է՝ մի քանի անգամ քանդվել ու նորից է վերաշինվել։ Մինչև 18-րդ դարի վերջը և 19-րդ դարի սկիզբը Փամբակի գետահովտի հարթավայրում Մեծ Պարնիից բացի, հայկական բնակավայրեր եղել են, որոնց բնակիչները հավանաբար թշնամիների ասպատակություններից ոչնչացել կամ տեղափոխվել են ուրիշ բնակավայրեր։ Մասնավորապես՝ գյուղի արևելյան կողմում գտնվում է բարձր բլուր, որ հաճախ պաշտպանել է բնակիչներին թշնամիներից։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.