Առնջո վանք
Առնջո վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Առինջ գյուղ, Կոտայքի մարզ |
Դավանանք | քրիստոնեություն |
Թեմ | Կոտայքի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չի գործում |
Հիմնադրված | ԺԵ (15-րդ) դար |
Առնջո կամ Առնջուց վանք, բերդավանք Առինջ գյուղի հյուսիսային եզրի բլրին, ծովի մակերևույթից 1345 մ բարձրության վրա։
Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվի առնելով մինչև 2 մ բարձրությամբ պարիսպների հիմնային հատվածների կառուցողական առանձնահատկությունները՝ բերդակը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Այն կառուցվել է կառուցվել է ոչ թե իբրև վանքի շրջապարիսպ, այլ որպես ապահով ու ամրացված պատրաստի վայր՝ հիմնել են վանքն արդեն իսկ գոյություն ունեցող բերդակի ներսում․
![]() |
«Առինջի բերդը հին է, պարսպի ներքեւի սեւ քարերի խոշորութիւնից դատելով, հաւանօրէն, Ուրարտական վերջին շրջանների գործ, բայց վերեւի քարերը յետոյ են շարուած[1]»
|
Ինչպես վիմագրական այնպես էլ մատենագրական վկայությունները փաստում են որ պատմության ընթացքում Առնջուց վանքի համար առավել արգասաբեր է եղել 13-րդ դարը։ Համենայն դեպս հենց այս դարաշրջանին են վերաբերում վանքում ստեղծված ձեռագրերից մի քանիսը, որոնցից 1476 թվականին Մաշտոցի հիշատակարանում նշվել է․
![]() |
«Նկարեցաւ․․․ ձեռամբ Ստեփանոս եպիսկոպոսի Յառնջեցո, ի վանքս Յառնջուց ի դուռս սուրբ Աստուածածնիս․․․»
|
1606 թվականին առնջուց վանքը հիշվում է Հակոբ վարդապետի գործունեության առնչությամբ․
![]() |
«Ընդ առաջին աշխատաւորացն յիշեսջիք զվերջին ստացող կտակիս զՄեսրոբ Կաֆայեցի, որ ստացա զսա ինձ ի յիշատակ բարի։ Զի զսա ընկալեալ էր Յակոբ վարդապետն Առնչեցի ի Պօղոս վարդապետէ, և իմ գնացեալ ՌԾԵ (1606) թվին ի Սբ․ Էջմիածինն, ի Վաղարշապատ և անտի Երևան և անտի Առինչք․ և այդ շնորհեաց ին պակասաւորիս՝ վերոյ ասացեալ՝ յակոբ վարդապետն և ճգնազգեաց Ձագ վարդապետի աշակերտն՝ Պօղոս վարդապետն․․․[2]»
|
Թեև գրավոր աղբյուրները վկայություն չեն թողել, սակայն, ամենայն հավանականությամբ, մոտակա Ձագավանքի և այլ կառույցների նման վանքն էլ փլուզվել է 1679 թ․ երկրաշարժից և ընդհուպ մինչև 2000թ․ այլևս չի վերականգնվել։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի բավականաչափ կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (արտաքին չափերն են՝ 43,63×36,27 մ)։ Միակ մուտքը բացված է արևելյան ճակատից։ Ներսում՝ արևելյան ու հյուսիսային պարսպապատերին կից կան բնակելի ու տնտեսական նշանակության մեծ ու փոքր մի քանի սենյակներ։ Պարսպափակ մակերեսի գրեթե կենտրոնում հիմնված է թերևս ավելի հին սրբատեղիի հիմքերի վրա 15-րդ դարում հիմնովին վերակառուցված Առնջուց Սբ․ Աստվածածին վանքը, որով և հուշարձանախումբը ներկայանում է որպես պարսպապատ վանք։
Կենտրոնական կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնջուց վանքի կենտրոնական կառույցը հիշատակարաններում բազմիցս վկայված Սբ․ Աստվածածին եկեղեցին է։ Սա հորինվածքով թաղածածկ պարզ բազիլիկ է (արտաքին չափերն են՝ 8,07×6,26), սակայն աչքի է ընկնում կիսաբոլորակ խորանը նաև արտաքուստ նույն կերպ շեշտված սակավադեպ լուծումով։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Նույն կողմից մեկական մուտք ունեն նաև եկեղեցուն հարավից և հյուսիսից կցված ավանդատները։ Վերականգնված եկեղեցու որմերում առկա են մի քանի խաչքարեր, իսկ արևելյան ճակատին՝ արծվի տեսքով Հովհաննես ավետարանչի՝ երկատված և մասամբ քայքայված բարձրաքանդակը։ Ինչպես պարզում է ելնդագիր քառատող շքեղ արձանագրությունը՝ վերջինիս հեղինակն է ԺԵ (15-րդ) դարում վանքում ստեղծված մի քանի ձեռագրերի ծաղկող-նկարիչ Ստեփանոս եպիսկոպոսը․ «Ստեփանոս եպ(ի)ս(կոպոս) նկարող յիշեցեք ի․․․ ․․․Յոհանէս աւե(տարանիչ)՝ արծիւ»։
Եեղեցու վերջին հիմնավոր վերաշինությունը պետք է որ տեղի ունեցած լինի ԺԷ (17-րդ) դարի 50-60-ական թվականներին, քանի որ այն իրականացրել է առինջեցի հայտնի ճարտարապետ Նավասարդը։ Եկեղեցու խորանի վեմքարի ոտքի արևմտահայաց ճակատին ագուցվել են ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների ԺԶ (16-րդ) դարով թվագրվող և վերջին վերաշինության ժամանակ էլ իրենց նախկին տեղում պահված և ցարդ ամբողջական զույգ խաչքարերը։ Վերջիններիցս զատ՝ վերականգնման ժամանակ եկեղեցու որմերում ագուցվել են նաև ժամանակի ընթացքում կոտրատված առանձին խաչքարերի արձանագիր բեկորներ։
Վիմագրերով հատկապես հարուստ են վանքի շրջապարիսպը և առանձնապես վերջինիս արևելյան որմն ամբողջ երարությամբ թե՛ արտաքուստ և թե՛ ներքուստ։ Ահա դրանք․
Շրջապարսպի արևեյան ճակատի հյուսիսարևելյան անկյունաքարին՝ 1 տող․ | Հիմն(արկեցաւ) ՋԼէ (1488) թվին" | Հրատ․ Սաղումյան Ս․, փակագրությունը հայ վիմագրության մեջ, «ԼՀԳ», 1980, №3, էջ 78։ |
Նույն քարի հյուսիսահայաց երեսին՝ 1 տող․ | Թվ(ին) ՋԽԱ (1492)։ | |
Այլ քարին՝ փակագիր 5 տող․ | Թվ(ին) ՋԽ|Ը (1499), | Ավան | վիճ(ա)կ|(ա)ց․․․։ | Ծանոթ արձանագրություն թերևս կիսատ է մնացել, կամ շարունակությունը եղել է մեկ այլ քարի վրա, որը տեղում չէ։ Փակագիրը Ս․ Սաղումյանը թեականորեն վերծանել է Անանիա կաթողիկոս (Սաղումյան Ս․, նշվ․ հդվ․, էջ 79)։ |
Մեկ այլ քարի հյուսիսահայաց երեսին՝ 1 տող․ | Զվա(ր)պ(ե)տ | Խաչատուր | յիշեցէք ի Ք(րիստո)ս։ | Հրատ․ Սաղումյան Ս․, Փակագրությունը վիմագրության հայ մեջ, «ԼՀԳ», 1980, №3, էջ 78։ |
Դարպասի անկյունաքարին՝ ներքուստ 3 տող․ | Տ(է)ր Սանվէլ քարգործ, որ|դի տ(է)ր Յոհանէսին յի|շեցէք ի Ք(րիստո)ս, ի թվ(ին) ՋԾ (1501)։ | Հրատ․ Յովսէփեան Գ․, Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մեջ, Անթիլաս, 1969, էջ 87։Սաղումյան Ս․, նշվ․ հդվ․, էջ 79։ |
Մեկ այլ քարին՝ ներքուստ 3 տող | Խաչատու|ր միայնակեաց | յիշեցէք ի Ք(րիստո)ս։ | Հրատ․ Սաղումյան Ս․, նշվ․ հդվ․, էջ 79 |
Մեկ այլ քարին՝ ներքուստ 3 տող | Մսըր աղ|էն յիշեց|էք ի Ք(րիստո)ս։ | Հրատ․ Սաղումյան Ս․, փակագրությունը հայ վիմագրության մեջ, «ԼՀԳ», 1980, №3, էջ 78։ |
Մեկ այլ քարին՝ ներքուստ 3 տող | զՔրիստոս(ա)տուր | աղա նորագաւի|թո յիշեցէք ի Ք(րիստո)ս։ | [4] |
Դարպասից ոչ հեռու ընկած առյուծի բեկորված բարձրաքանդակին՝ 2 տող․ | Տ(է)ր Ստ(ե)փ(անոս) վ(արպետ կամ վարդապետ) | կուքեց(ի)․․․։ | [5] |
Այն հանգամանքը, որ նույնիմաստ քանդակները բազմաթիվ այլ հուշարձաններում հանդիպում են բացառապես մուտքերի արտաքին ճակատներում, կարծել է տալիս, որ շրջապարսպի այս հատվածը հավանաբար վերակառուցվել է ԺԵ դարի վերջին[6], որի ժամանակ էլ բարավորը տեղադրվել է հակառակ դիրքով։ Սրա հետևանքով էլ մուտքի պահապանները, որոնք ի սկզբանե երևացել են արտաքուստ, արդեն շատ վաղուց ու նաև ներկայումս երևում են ներքուստ։ Ինչ վերաբերում է բարավորի կերտման ժամանակաշրջանին, ապա թերևս այն կարելի է թվագրել ԺԲ–ԺԳ դարերով (պատկերագրական առումով համանման պահապան վիշապներ ունեն քաղաքամայր անիի աշտարակներից երկուսը)։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առինջ գյուղի պատմություն Archived 2021-07-18 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Յովսէփեան Գ․, նշվ․ աշխ․, էջ 87։
- ↑ Հայերեն ձերագրերի ԺԷ դարի հիշատակարաններ հ․ Ա, Երևան, 1974, էջ 237
- ↑ Գ․ հովսեփյանը Սանվել անձնանունը սխալմամբ ընթերցել է Մանուէլ։
- ↑ Նորագավիթ գյուղը ներկայումս Երևանի շրջագծի մեջ է։
- ↑ Կուրքին գյուղ է Նախիջևանի Շահապոնք գավառում։
- ↑ Ի դեպ, դարպասի վերակառուցված լինելու մասինէ վկայում նաև բարավորի կամարի բացվածքի ավելի լայն, իսկ մուտքն ավելի նեղ լինելու իրողությունը։