Աշոտավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աշոտավան
Աշոտավան գյուղը և Հացավանի բերդը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԱրմեն Բեգլարյան (2007)
Մակերես17.16 կմ²
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն700 մարդ (2011)
Խտություն38 մարդ/կմ²
Տեղաբնականունաշոտավանցի
Ժամային գոտիUTC+4
Աշոտավան (Հայաստան)##
Աշոտավան (Հայաստան)

Աշոտավան, գյուղ Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 109 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա։

Անվանում

Նախկինում կոչվել է Հին Կիրակոսիկ, իսկ թուրք հովիվները այն կոչել են Աղքենդ (Սպիտակ բնակավայր)՝ սպիտակ տանիքների պատճառով։ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ 1948 թվականին գնդապետ Աշոտ Սարգսյանի հիշատակին վերանվանվել է Աշոտավան։

Պատմություն

Դարեր շարունակ գոյություն ունեցող հին գյուղը մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, որը կառուցվել է 1971-1972 թվականներին։ Ջրի մակարդակի տատանումների հետևանքով ժամանակ առ ժամանակ գյուղի որոշ շինություններ, մասնավորապես՝ եկեղեցին, սկսում են երևալ։ Նոր Աշոտավանը կառուցվել է 1970-1971 թվականներին՝ հին գյուղից վերև, այդ իսկ պատճառով ժողովուրդը այն անվանում է Քաշի (ներքևի, ցած գտնվող) գյուղ։ Նոր Աշոտավանի եկեղեցին կառուցվել է բնակիչների ջանքերով 21-րդ դարում։

Բնակչություն

1828-1829 թվականներին Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ հայկական գավառներից Աշոտավան են եկել մի քանի հայկական ընտանիքներ, որոնց սերունդները կազմում են գյուղի հիմնական բնակչությունը։ 2011 թվականի տվյալներով գյուղն ունի մոտ 700 բնակիչ։ Աշոտավանցիները զբաղվում են անասնաբուծությամբ, հացահատիկային բույսերի ու բանջարաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ և թռչնաբուծությամբ։

Աշոտավանի բնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1873 1908 1919 1931 1959 1970 1979 2001 2004 2011
Բնակիչ 18 293 390 803 557 497 455 448 623 604 700

Շինություններ

Գյուղն ունի 1903 թվականին կառուցված եկեղեցի, որի ավերակները կանգուն են Տոլորսի ջրամբարի ջրերում։ Քիչ հեռու Հացավանի բերդն է։ Ծայրամասերում նշմարվում են հին «Կիրակոսիկի» և «Խնոքի» ավերակները։ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 500 մ հեռու։

Գյուղն ունի 120 բնակելի տուն, դպրոց, մանկապարտեզ։ Ապահովված է ջրամատակարարմամբ և գազաֆիկացմամբ։

Տես նաև

Պատկերասրահ

Տոլորսի ջրամբար Աշոտավանի նոր եկեղեցին Աշոտավանի հին եկեղեցին Սիսիանի քաղաքապետարան

Աղբյուրներ

  • «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 22» (PDF).