Սվարանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սվարանց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքՏաթև (համայնք)
Այլ անվանումներՍվարանց
Մակերես16,28 կմ²
ԲԾՄ1780 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն270 մարդ (2010)
Խտություն17 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսվարանցեցի
Ժամային գոտիUTC+4
Սվարանց (Հայաստան)##
Սվարանց (Հայաստան)

Սվարանց գյուղ Սյունիքի մարզում, Տաթև համայնքում, մարզկենտրոնից՝ 48 կմ հյուսիս, Գորիսի շրջանում՝ Գորիս քաղաքից 42 կիլոմետր հեռավորության վրա, Տաթև գյուղի հարևանությամբ, 3 կիլոմետր հեռավորության վրա, Աղանձուգետի մոտ, Արամազդ լեռան հյուսիսային փեշին, ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա, լեռնատափաստանային գոտում:

2016թ. գյուղը միավորվել է հարակից 7 գյուղերի (Տաթև, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս) հետ, Տաթև անվամբ և Շինուհայր կենտրոնով: Այժմ Սվարանցը ստացել է ՀՀ Սյունիքի մարզ Տաթև համայնք գյուղ Սվարանց անվանումը:

Համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 1621,20 հա, որից՝ գյուղ նշանակության հողերը կազմում են 1562,95 հա: Ըստ գործառնական նշանակության գյուղատնտեսական նշանակության հողերը բաղկացած են՝ վարելահող 191,24հա, խոտհարքներ 42,16հա, արոտավայրեր 799,38 հա և այլ հողատեսքեր 527 հա:

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» այն գտնվում էր Հաբանդ գավառում։

Բնակչություն

Սվարանցի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1873 1897 1926 1989 2001 2004 2008 2010
Բնակիչ 181 350 387 358 360 368 286 270

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705 թ.-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։

Ավանդություն

Պատմում են, էր երբ Լենկ Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է.
— Ուր ուզում ես գնա, միայն Սյունիք չգնաս։
— Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ Թեմուրը։
— Այնտեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը,- նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից էլ բարձր։ Ամպերը ցածր են նրանց օջախներից։ Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր։
— Լա՜վ,- ասում է Լենկ Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ։

Եվ հարձակվում է Սյունիքի վրա։ Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Սյունեցիները չեն հանձնվում։ Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները։ Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում… Սյունեցիները չեն հանձնվում։ Միայն մի գյուղի մարդիկ են ուզում հանձնվել։ Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել։ Գյուղի վարդապետը իր համագյուղացիներին չի թողնում հանձնվել։ Ինչ անում է, չի անում, չեն լսում։ Հանձնվում են։ Լենկ Թեմուրը նրանց քշում է մի դաշտ ու ասում.
— Ես խոստացա ձեզ սրի չքաշել։ Ես խոսքիս տերն եմ։ Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել։

Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել, բոլորին կենդանի թողել։ Այդպես էլ անում են։ Վարդապետը լսում է այդ մասին, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում է, տեղը գրում Սև արանց շեն, այսինքն սև մարդկանց, սևերես արարածների գյուղ։ Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սև արանց, որը հետագայում դառնում է Սվարանց[2][3][4][5]։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 183» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 25-ին.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Տես նաև